Ներողություն խնդրիր Կովկասից
REUTERS/Maxim Shemetov
Խիստ զայրացած են
«[Ռուսաստանի միակ երկու հանրապետություններն Ինգուշիան և Չեչնիան են, որտեղ աղջիկներով շոգեբաղնիքներ, հասարակաց տներ և ծախու կանայք չկան»
«Ինգուշ առաքինի կանանց հասցեին ասված յուրաքանչյուր բառի համար պատասխան եք տալու»
«Անհապաղ հանրային կերպով ներողություն խնդրեք նրանցից, որոնց անհարկի վիրավորել եք»:
Սա Instagram-ի օգտատերերի մեկնաբանություններն են, որոնք արվել են ռուսական հումորիստական Сomedy Woman շոուի ֆրագմենտի տեսագրության տակ: Վրդովմունքն առաջացրել էր շոուի մանրապատման սյուժեն. էսկորտ-գործակալության տերը նախատում է աշխատակցուհուն, որն ի պատասխան ինգուշերեն ինչ-որ բաներ է ասում:
Բողոքների իմաստն այն է, որ շատ հեռուստադիտողներ ինգուշ աղջկան ընկալել են որպես մարմնավաճառի, թեև, հնարավոր է, դա նկատի չեն ունեցել հաղորդման հեղինակները:
ТНТ հեռուստաալիքի շենքի մոտ մի քանի տասնյակ ագրեսիվ տրամադրված հյուսիսային կովկասցի է հավաքվել, որոնք փորձել են ներխուժել խմբագրություն: Խումբը ցրվել է միայն այն բանից հետո, երբ ТНТ է եկել ՕՄՕՆ-ի մարտիկներով երկու ավտոբուս:
https://youtu.be/OApGnvPsE_8
Նույն օրը Comedy Club Production ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Լևինը գնացել է Մոսկվայում Ինգուշիայի մշտական ներկայացուցչություն և «հանրային կերպով ներողություն խնդրել»: Հեռուստաընկերությունը ներողություն է խնդրել նաև իր կայքում.
«Հայցում ենք ձեր ներողամտությունը և հայտարարում, որ տվյալ համարը ստեղծվել է բացառապես հումորի համար և առանց ազգային խտրականության համատեքստի»:
Այլ նախադեպեր
Սա «ներողություն խնդրելու պարտադրանքի» առաջին դեպքը չէ: Նոյեմբերին ստիպված էր ներողություն խնդրել ռուս ռեփ-կատարող Վյաչեսլավ Մաշնովը, որը հայտնի է Գնոյնի կեղծանունով: Մաշնովի հասցեատերերն էին դարձել չեչեն, չինացի և հայ աղջիկները, որոնց ռեփերը թվարկել է իր երգերից մեկում որպես սեռական զուգընկերների:
Ներողություն խնդրելը չօգնեց Գնոյնիին. յոթ անհայտ անձինք հարձակվեցին նրա վրա համերգից առաջ: Ռեփերի ընկեր Անդրեյ Զամայայի վկայությամբ՝ հարձակվածները «պրոֆեսիոնալ կերպով» էին գործում և «բղավում էին, որ նա պետք է ներողություն խնդրի ստեղծագործության համար»:
2017թ-ի փետրվարին «Ռուսաստանի ազգային անվտանգություն» կուսակցության Ինգուշիայի Հանրապետության տարածաշրջանային բաժանմունքի ղեկավար Վիսիթ Ցորոևը դիմում է գրել իրավապահ մարմիններին բլոգեր Իլյա Դավիդովին (նա ավելի շատ հայտնի է որպես Մեդիսոն) պատասխանատվության ենթարկելու պահանջով:
Մեդիսոնը Ցորոևի վրդովմունքն է առաջացրել իր տեսահոլովակներից մեկով, որում նա Ղուրանը համեմատել է «Մայն կամպֆի» հետ և պահանջել մուսուլմանների համար այդ սուրբ գիրքը մտցնել արգելված գրականության ցանկ:
Հունվարի 21-ին Դավիդովը անսպասելիորեն մեկնեց Ռուսաստանից, իսկ Instagram-ի իր էջում նա գրել է, որ ինքը «երիտասարդ էր և հիմար»:
Վերջերս պահանջել են ներողություն խնդրել նաև Ժողովրդական տնտեսության և պետծառայության ռուսաստանյան ակադեմիայի ուսանող Ալեքսեյ Կնյազևին: «ՎԿոնտակտե» սոցցանցում տեղի ունեցած քննարկման ժամանակ Ալեքսեյ Կնյազևը գրել է, որ ռուս երիտասարդ տղաների հետ կովկասցի աղջիկների հանդիպելու արգելքն ազգականների կողմից հակասում է ՌԴ օրենսդրությանը:
Դրանից հետո նրան փողոցում անհայտ անձինք են մոտեցել, հարվածել և ստիպել ներողություն խնդրել մուսուլմաններից և քրիստոնյաներից: Այդ էկզեկուցիայի տեսագրությունը հրապարակվել է սոցցանցում:
Սա ավանդույթ չէ
Դրանք ավանդույթներ չեն «Մարդուն մյուսների աչքի առջև նվաստացնելը ոչ մի աղերս չունի ավանդույթների հետ», — ասել է Human Rights Watch-ի ռուսաստանյան ծրագրի տնօրեն Տատյանա Լոկշինան:
«Դժվար է նմանություն չտեսնել ներողություն խնդրելու պահանջ ունեցող երիտասարդների վարքի, Չեչնիայի ղեկավարի և նրա ուժայինների պահվածքի միջև, որոնք առաջին տարին չէ, որ պարբերաբար ինչ-որ մարդկանցից պահանջում են տեսախցիկի առջև հանրային կերպով ներողություն խնդրել: Ըստ ամենայնի, այդ պրակտիկան վարակիչ է եղել», — ասել է Լոկշինան: Հենց շոուն մեկնաբանելով՝ Տատյանա Լոկշինան ասել է, որ համարը «տափակ էր և դասական վատ ճաշակի օրինակ»:
«Միգուցե հեռուստաալիքի ղեկավարությունը պե՞տք է մտածի այն մասին, որ կանանց հանդեպ, և կապ չունի ինգուշ, թե սլավոն, այդ տեսակ կատակները այնքան էլ ընդունելի չեն: Թեև մեկ այլ հարց է առաջանում, իսկ ինչո՞ւ էին կովկասցի տղամարդիկ նայում կանանց այդպիսի կատակներով շոուն», — հայտարարել է Տատյանա Լոկշինան:
Լոկշինան նշել է նաև «էթնիկ թեմատիկայով կատակներին դաշնային պաշտոնյաների արձագանքի» անհրաժեշտությունը: «Էթնիկ կատակների թեմայի վերաբերյալ մեկնաբանություններ կցանկանայի լսել դաշնային մակարդակի քաղաքական գործիչներից: Որքանո՞վ է այդպիսի հումորն ընդունելի ինքնաարտահայտման ազատության շրջանակում», — նշել է Լոկշինան: