Նամակներ Հայաստանի բանտից. «Զոհեր և դահիճներ»
Սա Յուրի Սարգսյանի տասնմեկերորդ նամակն է:
Նախորդ նամակները.
Նամակ առաջին. ազատությունն, անազատությունն ու բոլոր մեղսակիցները
Նամակ երկրորդ. վայր, որտեղ երազը նախընտրելի է իրականությունից
Նամակ երրորդ. ապագան հիասքանչ է, եթե այն կա
Նամակ չորրորդ. վերջին նախազգուշացում
Նամակ հինգերորդ. մարդը միշտ ուղեբաժանի առջև է
Նամակ վեցերորդ. քաղցր երազանքի դառնությունը
Նամակ յոթերորդ. ազատություն և ճմռթված կյանք
Նամակ ութերորդ. վտանգավոր հարևանություն
Նամակ իններորդ. «Դժոխքի տռուբեն»
Նամակ տասներորդ. «Ո՞րն էր իմ սխալը»
Ց անկացած իրավիճակ քեզ ստուգելու համար է: Ուզես, թե չուզես: Կցված հանգամանքները քո հավասարման մեջ անհայտների բազմությունն են կազմում միայն: Եվ քննությունն անխուսափելի է: Մի անգամ ես իմ թեստը ձախողեցի: Այդ օրվանից ամեն օր լսում եմ 15-ամյա տղայի խոսքերը, որ լի են ցավով. «Տակա՛նք, գիտե՞ս արդյոք, թե ում հորն ես սպանել: Ես Սերգեյն եմ»: Դա կարծես իմ խղճի ձայնը լիներ՝ ամեն օր: Եվ ահա այն անհետացավ:
Նոյեմբերի 6-ին ինձ մերժեցին պայմանական վաղաժամ ազատ արձակել: Նիստը կրկին վերածվեց հերթական դատի մի հանցագործության համար, որը կատարվել է մեկ քառորդ դար առաջ: Ֆեմիդայի կապած աչքերը բնավ անաչառություն չէին խորհրդանշում: Հիշողություններից կուրացած մարդիկ դատում էին իրենց դժբախտությունների մեղավորին: Տուժածներին իրավունք էին տվել պատժելու: Եվ նրանք օգտվեցին դրանից:
Տասնհինգամյա դեռահասը մեծացել էր: Նա խոսում էր իր ապրումների, անքուն գիշերների և անհանգիստ մտքերի, ինձ և հարազատներիս վրեժխնդիր լինելու ցանկության մասին: Նա ասաց, որ պոտենցիալ մարդասպան է դարձել: Եվ որ ուզում է ներել, իր հոգին ազատել ապագա կյանքի համար: Սակայն նրան դուր չի գալիս, որ իմ հոդվածներում նրա հայրը բացասական լույսի ներքո է ներկայացվում: Հետևաբար, ես չեմ ուղղվել և արժանի չեմ ազատության:
Զոհված Հարություն Ջուլֆայանի որդին ներկայացավ՝ Սարգիս: Իսկ իմ խղճի ձայնն այլ անուն ուներ: Չգիտեմ, թե ինչու էր հիշողությանս մեջ նրա անունը Սերգեյ ֆիքսվել:
Զոհված Խաչիկ Հայրապետյանի այրին ավելի գթասիրտ գտնվեց: Նա գիտեր, որ ինձ սպասում են կինս ու երեխաներս: Գիտեր բաժանման տանջանքների մասին ամեն ինչ: Եվ չցանկացավ ինձ ու իմ ընտանիքին զրկել վերամիավորման իրավունքից: Բայց և չկարողացավ համաձայնել, որ իր ամուսնու մարդասպանն ազատ արձակվի. «Ես չեմ կարող մարդուն մահվան դատապարտել: Թող դատարանը որոշի»:
Եվ դատարանը վճռեց: Հանուն սոցիալական արդարության:
Բայց ինչո՞ւմ է կայանում այդ արդարությունը:
Հասցված վնասն իմ պատժով փոխհատուցելու հնարավորությունը, նաև տուժածի ցավի և այդ պատժի համաչափությունը:
Ոչ մի տեղ չեն հիշատակվում ողբերգության երրորդ մասնակցի՝ հանցագործի ընտանիքի իրավունքները: Կարծես, նրանք չկան էլ:
Բայց նրանք կան: Կենդանի են և տառապում են: 94 թ-ի մարտի այն ճակատագրական օրը նախախնամության հարված զգացի խլացուցիչ ուժգնությամբ: Ես կորցրի ամեն ինչ: Ընտանիք, ազատություն, բարի համբավ, կյանքի իմաստ… Ամեն ինչ՝ բացառությամբ հոգու և սրտի: Եվ ես ցավ եմ ապրում կորուստների համար: Ուրիշներին՝ և իմ ամենահարազատ, և բացարձակ օտար մարդկանց հասցված վշտի համար: Ցավ եմ ապրում, որ ոչինչ չեմ կարող փոխել: Բանտի պատճառով: Համընդհանուր անտարբերության պատճառով, որը ցանկացած բանտից ավելի վատ է: Սակայն ես չեմ կարող ինձնից զատ ոչ ոքի մեղադրել:
Սպանությունը միշտ ինքնասպանություն է:
Դժբախությունն իմ ընտանիքի դուռն էլ է չոքել: Եվ ուրիշների ցավը ես հասկանում եմ նաև այն պատճառով, որ ինքս էլ պակաս ցավ չեմ ապրում: Ապրումների մեջ եմ մշտապես, քնած, թե արթուն, ամեն անգամ՝ յուրովի, երկուսուկես տասնյակ տարի:
Եթե ես կարողանայի վերադարձնել նրանց կյանքերն, ումից դրանք խլել եմ, կանեի: Բայց չեմ կարող: Միայն փորձեցի կյանքը վերադարձնել սեփական ընտանիքիս: Ինչի համար էլ դիմել էի Դատարանին և տուժածներին:
Ինձ չլսեցին: Եվ չտեսան: Նրանց համար հանցագործն անհոգի և դիմազուրկ էակ է: Նրա զգացմունքները կարելի է հաշվի չառնել: Նրա արցունքները կոկորդիլոսի արցունքներ են: Հետևաբար՝ նրա ընտանիքը նույն ճակատագրին է արժանի: Հանուն սոցիալական արդարության:
Օրենքի, բարոյականության և էթիկայի տեսանկյունից նպատակը, որին անիրավ մեթոդներով ես հասնում, դրա արդյունքն էլ անիրավ է դարձնում: Դա վերաբերում է նաև ագրեսիայի միտումնավոր արտահայտմանը (անգամ բարի մտադրություններով):
Դատարանի դահլիճում ոչ միայն 25 տարի առաջ սպանության համար դատապարտված մեկն էր, այլ մարդ, որը զղջացել է և գիտակցել իր սխալը: Նրա ազատմանն էին սպասում կինը, առանց հոր մեծացած որդիները, 13-ամյա դուստրը: Այդ նրանց բոլորին դատարանն ու տուժածները մերժեցին կյանքի իրավունքի հարցում: Կենդանի մնացածներին թաղում են՝ ի հիշատակ զոհվածների: Սա է սոցիալական արդարությունը:
Սպանությունը հնարավոր չէ քավել: Ինչպես հնարավոր չէ բացատրել: Կամ արդարացնել: Այս մասին եմ ես գրում իմ հոդվածներում: Ուրիշի կյանքի՝ որպես սեփականի հանդեպ վերաբերմունքի: Կարևոր են ոչ թե սպանության հանգամանքներն, այլ փաստն ինքնին՝ որպես բացարձակապես անընդունելի: Մանրամասները նշվում են՝ ընդգծելու համար հանցանքի անընդունելիությունը: Միշտ կա ուրիշ, ավելի լավ, ավելի ճիշտ ճանապարհ:
Ես սպանվածներին չէի ճանաչում այդ սարսափելի օրվանից առաջ:
Դրանից մի քանի ամիս առաջ՝ 93թ-ի վերջին ես Վրաստանի ծանոթներիս տարել էի Երևանի՝ տարադրամի սև շուկա, որը համանուն կինոթատրոնի մոտ էր: Եվ վերադարձել էի իմ հոգսերին: Եվ միայն 94թ-ի գարնանը պարզվեց, որ հոգսերս ավելացել են:
Վրաստանի ծանոթներիս հսկայական խմբաքանակ կեղծ ռուբլի էին վաճառել: Եվ նրանք ուզում էին փոխհատուցում ստանալ: Ես հանձն առա պայմանավորվել, որ փողը վերադարձվի, և առանց դժվարության գտա նրան, ով վաճառել էր կեղծ գումարը: Հարություն Ջուլֆայանն ինձ վստահեցրեց, որ ոչնչից տեղյակ չէ, իբր միայն միջնորդի դեր է կատարել: Նա ինչ-որ մեկին զանգահարեց, ինչ-որ բան պայմանավորվեց, խոստացավ հարթել թյուրիմացությունը: Եվ իր տուն հրավիրեց:
Հարությունի կնոջը՝ Թամարային, մենք ասացինք, որ ես Ռուսաստանից եմ եկել՝ բնակարան գնելու, ինչի համար համապատասխան գումար է պետք դոլարով: Հարությունը չէր ցանկանում կնոջը հայտնել իր ոչ այնքան օրինական գործերի մասին: Համենայնդեպս, ես հենց այդպես մտածեցի: Մենք խոհանոցում սուրճ էինք խմում և թղթադրամների դետեկտորով ստուգում Հարությունի հավաքած փողերը:
Մեկ ժամ անց հայտնվեց Խաչիկ Հայրապետյանը: Եվ մենք երեքով Հարությունի մեքենայով գնացինք հիմնական գումարի հետևից: Քաղաքի մի հատվածում մեզ ևս երկու հոգի միացավ: Մի քանի տեղ մտանք, հետո հասանք այն չարաբաստիկ շենքի մոտ: Ես, թեև զենք ունեի, բայց, այնուամենայնիվ, անհանգստանում էի:
Ցերեկը ժամը երեքին մոտ էր, մենք գրեթե կենտրոնում էինք՝ միլիցիայի բաժանմունքի մոտ, շուրջը շատ մարդ կար… Սակայն տագնապը չէր լքում ինձ: Կանգ առանք հինգհարկանի մի շենքի մոտ: Ես, Հարությունն ու Խաչիկը դուրս եկանք մեքենայից, իսկ այն երկուսը նստած մնացին: Ինձ առաջ գցեցին՝ դեպի մուտքի խավարը: Եվ բոլորս միասին վերջին ուղին բռնեցինք: Դեպի հինգերորդ հարկ: Բայց տեղ չհասանք:
Շշուկ լսելով՝ ես դադարեցի կասկածել: Կռացա, իբր ուզում եմ տաբատս ուղղեմ: Նրանք առաջ անցան: Դա երրորդ և չորրորդ հարկերի արանքում էր: Գլուխս բարձրացնելն ու աչքերիս առջև ատրճանակը տեսնելը մեկ եղավ, ես ակնթարթորեն արձագանքեցի: Եվ ավելի արագ գործեցի: Երկու անմիտ կրակոց…
Հնարավոր է, որ ինձ ցանկանում էին պարզապես վախեցնել, զգուշացնել, սպառնալ: Սակայն դա էլ ոչ ոք չի իմանա:
Եթե ես մտածելու ժամանակ ունենայի, մահվանից կհաջողվեր խուսափել: Դատավորն ու տուժածները բավականաչափ ժամանակ ունեին: Սակայն ինձ ու ընտանիքիս տանջանքների դատապարտեցին: Տարիների տանջանքների: Կամ ընդմիշտ:
Հրապարակման հեղինակի օգտագործած եզրերը, տեղանունները, կարծիքներն ու գաղափարները պատկանում են միայն նրան, և պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրեն իրավունք է վերապահում հեռացնել հրապարակման այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալից, կհնչեն որպես բռնության կոչեր կամ էթիկապես անընդունելի կլինեն այլ պատճառներով: