Նամակներ բանտից. Վայր, որտեղ երազը նախընտրելի է իրականությունից
Նկարը՝ Անաստասիա Լոգվինենկոյի
Յուրի Սարգսյանի երկրորդ նամակը
Գնդակահարություն: Այդպես որոշեց սև պատմուճանով պաշտոնյան. տողերի վրայով վազող անխռով, բայց ոչ անաչառ հայացք, մահ ազդարարող բերան… Դաստակներիս պողպատե «ապարանջանները» ավարտին հասցրին ներկայացումը: Արդարադատության վանդակը բացվեց խորունկ անդունդի նման: Մարդիկ կանգնած ծափահարում էին. նրանք սպանություն էին պահանջում, և նրանք դա ստացան: Ես ոչ մի անգամ չշրջվեցի դեպի դահլիճը, դեպի վրիժառության ծամածռություններով աղավաղված դեմքերը: Հետո բանտ` հարթեցված անկյուններով հնգանիստի տեսքով: Չնայած այնտեղ ամեն ինչ չէ, որ հարթ է…
23 տարվա ընթացքում յուրաքանչյուր օր ինձ հարցնում եմ՝ ինչպես հայտնվեցի այս «կյանքում», որն այդպես է կոչվում միայն պայմանականորեն: Ո՛չ արևածագ, ո՛չ մայրամուտ, ոչ զգացմունքային մակընթացություններ ու տեղատվություններ, ոչ բաժանում տարիների, օրերի, ժամերի. ոչինչ չկա այս վայրում, որտեղ երազը նախընտրելի է արթնացումից…
Հորիցս փրկագին էին պահանջել միակ որդու համար: Բայց ճակատագրի քամահրանքով հավաքված գումարը գողացան այլ հանցագործներ՝ կողոպտելով ծերունուն: Իսկ ինձ ողջ-ողջ զմռսեցին գերեզմանում:
Երկաթե դարպասների առաջ վերջին անգամ նայեցի սիրելիիս աչքերում արտացոլված արևին: Երևակայության խա՞ղ էր, թե՞ նա իսկապես ինձ էր նայում: Կարևոր չէ: Կարևորն այն է, որ ես հավատացի: Դա օգնեց ապրել և գիտակցել ոչ միայն սեփական կյանքի և ազատության արժեքը, այլև ցանկացած հանգամանքում անդառնալիից զերծ մնալու անհրաժեշտությունը: Իսկ իրավիճակները տարբեր են լինում…
Իսկ ե՞րբ սկսվեց ամեն ինչ: Զորացրվելուց ու հաշվառվելուց հետո ինձ ուղարկեցին երկրաշարժի գոտի: [1988թ. Հայաստանում տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ: Ըստ պաշտոնական տվյալների՝ զոհվել է 25 հազար մարդ, կես միլիոն մարդ մնացել է անօթևան:] Առաքելության ավարտից հետո ընդունվեցի Նովոսիբիրկի ջրային տրանսպորտի ինժեներների ինստիտուտ, միաժամանակ զբաղվում էի միջնորդական բիզնեսով Անդրկովկասում, Մոսկվայի և Սիբիրի շրջաններում:
Բայց առաջին փորձն անհաջող ստացվեց. մի անգամ բախում ռեկետով զբաղվողների հետ, հետո մյուսը… Աշխարհը խաղաղ ճանապարհով գրավելու գաղափարը ստիպված էի թողնել: Հակառեկետի պես մի բան կազմակերպեցի՝ օգնելով ձեռնարկատերերին խուսափել հնարավոր կորուստներից: Շուտով մենք սկսեցինք վայելել հեղինակություն և հաճախորդների վստահությունը:
Ինչ-որ պահի ես կորցրի զգոնությունս և հայտնվեցի խոշոր բորսային խաղացողների ցանցում՝ կորցնելով զգալի գումարներ ընդհանուր խնայողություններից: Գործընկերների կողմից ոչ մի կշտամբանք, բայց ընկերությանը վերջ դրվեց:
Ես ժամանակավորապես տեղափոխվեցի Երևան: Իսկ հետո անսպասելի հեռախոսազանգ ստացա Ուֆայից: Հին ընկերներիս «քցել էին» , այն էլ ինչպես. երևանցի դրամափոխները կեղծ դրամ էին նրանց փոխանցել: Հաշիվ մաքրելու հոտ էր գալիս՝ իր բոլոր հետևանքներով, ինչը ես թույլ տալ չէի կարող: Հանդիպեցի դրամափոխների հետ, նրանք էլ համաձայնեցին խնդրի խաղաղ ճանապարհով լուծմանը: Սկզբում ամեն ինչ այդպես էլ ընթանում էր՝ ընդհուպ մինչև այն բնակարանը, որտեղ, նրանց հավաստիացմամբ, գտնվում էր վերադարձի ենթակա գումարը: Հետո ամեն ինչ ավելի վատացավ: Հայտնվելով ատրճանակի նշանակետում՝ ես էլ չմտորեցի. երկու հարձակվողներին էլ կրակեցի: Ստիպված էի փախչել և կես տարի թաքնվել:
Սրանք փաստեր են. դրանք չի կարելի բացատրել կամ արդարացնել: Ինչպես և մեր կյանքում ուրիշներին վնասող ամեն բան: Այդ ժամանակ դահլիճից լսվում էին այրիացած կանանց, որբացած երեխաների ձայներ…
[pullquote align=”right”]Ես չհամարձակվեցի ապացուցել, որ ստիպված էի պաշտպանվել: [/pullquote]
Ինչպես ստացվեց, որ սովորական տղան, որը համապատասխանում էր օրինակելի խորհրդային քաղաքացու պահանջներին, այդքան ցածր գլորվեց: Չգիտեմ: Երբեք գայթակղություն չի եղել պատասխանատվությունը բարդել արտաքին հանգամանքների վրա, որ, իբր, «անխախտելիի միությունից» մնացել էին միայն փլատակներ, և այլն, և այլն:
Խորտակվել էր ոչ թե Միությունը, երկատվել էր ինքը՝ մարդը. անցյալի ու ապագայի միջև, պատրանքի ու իրականության: Առաջին ու միակ խորհրդային նախագահը հայտարարեց վերակառուցում [перестройка], որը, գլխավորապես, տեղի էր ունենում մեր ուղեղներում: Ոմանք կարողացան, մյուսները չհասցրին: Ազգային հակամարտությունները, փախուստը Աֆղանստանից, Արևելյան Գերմանիայի կորուստը… մեկնաբանվում էին որպես աշխարհի վերջը:
Մեծամասնության համար Կոմունիստական կուսակցությունը դեռ ֆորպոստ էր, չնայած ԽՍՀՄ Սահմանադրության 6-րդ հոդվածի (ԽՄԿԿ ղեկավար դերի մասին) չեղարկմանը: Իհարկե, իրականությունն ավելի պարզորոշ չէր դարձել. երաժշտությունը մնացել էր նույնը, փոխվել էին բառերը: Պարզապես ժողովուրդը դադարել էր վախվխել մեռած կուռքերից: Փոխարենը, սկսել էր հորինել նոր կուռքեր…
Հատելով Հայաստանի սահմանն արդեն որպես կալանավոր՝ ես դարձյալ տեսա ողբերգությունից այլանդակված նախալեռները: Կարծես զգում էի՝ ինչպես են սարերը սասանվում սարսափի ձայներով՝ հողը փախցնելով ոտքերի տակից: Մեկ վայրկյանում տեղավորվեցին հազարավոր կյանքեր, արցունքի գետեր թափվեցին և բազմաթիվ տապանաքարերով ծածկվեցին…
1988թ. երկու տարի ծառայելուց հետո ընկերոջս հետ տուն էինք վերադառնում: Դեկտեմբերի 7-ին դեռ ճանապարհին էինք: 10-ին՝ Թբիլիսիում: Մայրաքաղաքը սգի մեջ էր: Եվ ոչ միայն հարևանների պատճառով: Ցնցումների մասշտաբը երևակայությունից դուրս էր: Կարծրատիպերը, հավատը, շենքերը կորած էին փոշու մեջ: Ավերվել էր ամեն ինչ, որ կառուցվել էր եռանդով: Եթե դրան չէր հետևում ըմբռնումը, գալիս էր խաբկանքը:
Մարդը կործանվում էր, բառացիորեն աչքի առաջ՝ խաբված իր սպասումներում: Ուղեղը հրաժարվում էր ընկալել «պայթող պղպջակները»: Քաղաքական փոթորիկն անողոք էր, ավերում էր քաղաքներ, բնակավայրեր, ճակատագրեր և շարունակում անցնել ժամանակի միջով՝ կործանելով կայսրությունը, կարգը, գաղափարները:
Կարճ ժամանակում մոլորակը կտրուկ վերաձևավորվեց: Սարսափելի ջարդվածքները պատել էին ոչ միայն երկիրը: Նրանք սավառնում էին օդում՝ երբեմնի հսկայական երկրի մարդկանց հոգիներում, սրտերում և մտքերում: Մեծ ընտանիքը բաժանվել էր ժողովրդի բարեկամների ու թշնամիների… Մենք տեսնում էինք միայն անելանելիություն և ինքներս մեզ չկորցնելու համար գնում էինք Սպիտակ՝ փլատակների տակից մարդ գտնելու:
Հետագա իրադարձությունները ծավալվում էին ինչպես մղձավանջային երազում: Ոմանք փրկում էին, ոմանք՝ հարստանում: Ոչ ոք չէր պատրաստվում փոխհատուցել ողջ մնացածների կրած վնասը: Որոշ դեպքերում դա պարզապես անհնար էր: 1988թ. դեկտեմբերի 7-ին հայկական հողը խորունկ անդունդով բացած ստորգետնյա ցնցումները շարունակում էին կործանել նրա բնակիչների հավատը, սրտերը և մտքերը:
Այլևս ոչինչ չէր կարող համոզել հայերին, որ ոտքերի տակի հողն ամուր է: Մեզ՝ բանակից վերադարձածներիս, դիմավորում էր ոչ այն աշխարհը, որը մեզ ճանապարհել էր: Հետո եղան էլի ավերակներ, այլ մարդիկ, տարբեր ճակատագրեր: Պետք էր ինչ-որ կերպ ապրել՝ չխանգարելով մյուսներին և պահպանելով գլխավերևում երկնքի իմ պատառիկը: Դե, չստացվեց, ներողություն…
Շարունակելի
Հրապարակման հեղինակի կողմից օգտագործված եզրերը, անվանումները, կարծիքներն ու գաղափարները պատկանում են նրան և, հնարավոր է, չհամընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների գաղափարների և կարծիքների հետ: JAMnews-ն իրեն իրավունք է վերապահում հեռացնել հրապարակմանը կից այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալից, կոչ կանեն բռնության և էթիկապես անթույլատրելի կլինեն այլ պատճառներով: