Նախագահ Պուտինի գլխավոր թշնամին
Հելսինկիում Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների գագաթնաժողովի ավարտին անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ Վլադիմիր Պուտինն առաջինը նշեց Ուիլյամ Բրաուդերին՝ ի թիվս այն անձանց, որոնց ռուսական հատուկ ծառայությունները կցանկանային հարցաքննել:
Ինչ-որ պահի Պուտինին հարցրին, թե արդյոք ամերիկյան իշխանությունները կարող են հարցաքննել Ռուսաստանի Գլխավոր հետախուզական վարչության 12 աշխատակիցների, որոնց մեղադրում են ԱՄՆ նախագահի ընտրություններին միջամտելու համար: Պուտինը պատասխանեց, որ դա հնարավոր է այն պայմանով, որ ռուսական հատուկ ծառայությունները հնարավորություն ստանան հարցաքննելու Ուիլյամ Բրաուդերին և նրա Hermitage Capital ներդրումային ֆոնդի այլ աշխատակիցներին:
Պուտինը հայտարարել էր, որ Բրաուդերն ու նրա գործընկերները Ռուսաստանում ապօրինի 1,5 մլրդ դոլար են աշխատել:
Ավելի ուշ Բրաուերը Time ամսագրի համար սյունակ էր գրել. «Ես Մեծ Բրիտանիայի քաղաքացի եմ: Եթե նա այդքան ուզում է ինձ իր ձեռքը գցել, ապա պետք է դիմի Թերեզա Մեյին [Մեծ Բրիտանիայի վարչապետ]»:
Ո՞վ է Ուիլյամ Բրաուդերը
ԱՄՆ-ում ծնված, սակայն անգլիական քաղաքացիություն ունեցող Ուիլյամ Բրաուդերը 1996թ-ին ստեղծել է Hermitage Capital Management հիմնադրամը: Նա զբաղվում էր ռուսական տարբեր պետական և մասնավոր ընկերություններում ներդրումներով: Փորձագետները կարծում են, որ 2000-ականների սկզբին Hermitage Capital Management-ը ռուսական շուկայում խոշորագույն ներդրումային հիմնադրամն էր:
Հիմնադրամը նաև մանրազնին ուսումնասիրում էր ռուսական այն ընկերությունները, որոնցում փող էր ներդնում, թե արդյոք կոռուպցիա կա:
2005թ-ին չեղարկվեց Բրաուդերի վիզան Ռուսաստան: Որոշ լրագրողներ դա կապում են այն բանի հետ, որ Hermitage Capital Management-ը սկսեց ուսումնասիրել Ռուսաստանի խոշորագույն նավթային կոնցեռնի՝ «Սուրգուտնեֆտեգազ» ընկերության գործունեությունը: Շատ փորձագետներ կարծում են, որ ընկերության վերջնական շահառուն Վլադիմիր Պուտինն է:
Հետագայում Hermitage Capital Management-ը վտարվեց ռուսական շուկայից: Բրաուդերի դեմ մի քանի քրեական գործ հարուցվեց, իսկ հիմնադրամը ստիպված էր վաճառել իր ռուսաստանյան ակտիվները:
Այսօրվա դրությամբ Բրաուդերը հեռակա կարգով ՌԴ դատարանի կողմից դատապարտվել է 9 տարվա ազատազրկման, սակայն Ինտերպոլն այդ գործը քաղաքականապես մոտիվացված է համարում և հրաժարվում է գործարարին հանձնել Ռուսաստանին:
Մագնիտսկու գործը
2007թ-ին Firestone Duncan ընկերության իրավաբանները, որոնք ներկայացնում էին Բրաուդերի և նրա հիմնադրամի շահերը, հայտնաբերեցին, որ ռուսական բյուջեից մոտ 85 միլիոն դոլար է առևանգվել: Այդ փողերը շահութահարկի գումարներն էին, որոնք Hermitage Capital Management-ը վճարել էր ռուսական պետությանը:
Firestone Duncan-ը բյուջետային միջոցների հափշտակության մասին գործի քննություն էր նախաձեռնել, որի շրջանակում հայտնաբերվել էր, որ հանցագործությանը մասնակից է ավելի քան 60 ռուս պաշտոնյա:
2008թ-ին Firestone Duncan-ի՝ ակտիվորեն այդ գործով զբաղվող իրավաբան Սերգեյ Մագնիտսկուն կալանավորեցին հարկերից խուսափելու համար Բրաուդերին օգնելու մեղադրանքով: Մագնիտսկու ձերբակալման նախաձեռնողներն ու նրա գործով քննիչներն այն նույն անձինք էին, որոնց նա մեղադրում էր պետական բյուջեի միջոցների հափշտակման համար: 11-ամսյա նախնական կալանքից հետո Սերգեյ Մագնիտսկին մահացավ բանտում չափազանց տարօրինակ հանգամանքներում:
«Բժիշկներ՝ հանուն մարդու իրավունքների» միջազգային իրավապաշտպան կազմակերպության կարծիքով՝ ռուսական իշխանությունները միտումնավոր էին թաքցնում Մագնիտսկու մահվան հանգամանքները և ոչնչացնում էին իրավաբանի հանդեպ բռնի հանցագործության հանցնշանները:
«Մագնիտսկու օրենքը»
Մագնիտսկու մահվանից հետո Բրաուդերը նրա մահվան հանգամանքների միջազգային հետաքննություն նախաձեռնեց: 2010թ-ին ամերիկացի սենատոր Բենջամին Կարդինն ԱՄՆ իշխանություններին առաջարկեց պատժամիջոցներ կիրառել «Մագնիտսկու ցուցակում» առկա անձանց հանդեպ, որոնք մասնակից էին ռուսական բյուջեից միջոցների հափշտակման և իրավաբանի մահվան համար:
2012թ-ին ԱՄՆ-ում ընդունվեց «Մագնիտսկու օրենքը»: Այն սահմանափակումներ է մտցնում ԱՄՆ տարածք մուտք գործելու համար և ֆինանսական պատժամիջոցներ է կիրառում արտասահմանյան քաղաքացիների համար, որոնք մեղադրվում են մարդու իրավունքների խախտման և կոռուպցիայի համար: Ի սկզբանե այդ օրենքը տարածվում էր 18 անձանց վրա, ավելի ուշ ցուցակը կրկնակի ընդլայնվեց:
«Մագնիտսկու օրենքի» պես օրենքներ այժմ գործում են Մեծ Բրիտանիայում, Կանադայում, Էստոնիայում, Լատվիայում և Լիտվայում: Ըստ Բրաուդերի՝ «Մագնիտսկու օրենք» է պատրաստվում ընդունել ևս մի քանի երկիր, այդ թվում՝ Ֆրանսիան, Գերմանիան, Նիդերլանդները, Շվեդիան, Դանիան, Ավստրալիան, Հարավային Աֆրիկան և Ուկրաինան: