Ադրբեջանի տնտեսությունը համավարակից առաջ և հետո․ ի՞նչ սպասել և ինչի՞ց վախենալ։ Հարցազրույց փորձագետի հետ
Ադրբեջանի մի քանի խոշոր քաղաքներում մինչև հուլիսի 5–ը խիստ կարանտինային ռեժիմ է գործում։ Կառավարությունը դա բացատրում է կորոնավիրուսով վարակվածների և մահացածների թվի աճով։ Ամեն օր երկրում վարակման մոտ 500 նոր դեպք է գրանցվում, մահանում է 6-7 մարդ։
Ադրբեջանի բնակիչներին ամենից շատ հուզող հարցերից մեկը տնտեսական և սոցիալական ոլորտների վրա համավարակի ազդեցությունն է։ Այս թեմայով մենք զրուցել ենք ընդդիմադիր «Հանրապետական այլընտրանք» կուսակցության գործադիր քարտուղար, տնտեսագետ Նաթիկ Ջաֆալիի հետ։
Տնտեսության վրա համավարակի ազդեցության երկու տեսակ
Ըստ Նաթիկ Ջաֆարլիի՝ համավարակը վնասում է տնտեսությանը հիմնականում երկու «ճակատով»։
Նախևառաջ, դա նավթի գների անկումն է։ Մայիսի վերջին ադրբեջանական նավթի միջին գինը կազմում էր մոտ $40 մեկ բարելի դիմաց։ Իսկ բյուջեով նախատեսված գումարը $55 էր։ Եվ սա բացասաբար է անդրադառնում երկիր արտարժույթի մուտքերի և միկրոտնտեսության ցուցանիշների վրա։
«Պաշտոնական տվյանլերը վկայում են 1.8%–ով տնտեսության սղման մասին։ Սակայն, ըստ իս, այդ տոկոսը շատ ավելի բարձր է»։
Երկրորդ հերթին՝ տնտեսությունն ամբողջությամբ արգելակված է։
«Քաղաքներում, որտեղ կարանտին է հայտարարվել, ապրում է երկրի բնակչության 70%–ը։ Եվ հիմնական տնտեսական ակտիվությունը նույնպես այդ շրջաններին է բաժին ընկնում։ Բաքուն ու Ապշերոնի շրջանն ադրբեջանական տնտեսության լոկոմոտիվներն են»։
Երբ առաջին անգամ խիստ կարանտին հայտարարվեց, էկոնոմիկայի նախարարն ասաց, որ երկիրն օրական 150 մլն մանաթ է կորցնում։
«Երբ մեծ քաղաքներում առաջին անգամ կարանտին հայտարարվեց, հայտարարվեց նաև բնակչությանն ու բիզնեսին հատկացվող օգնության փաթեթների մասին։ Դրանք նախատեսված էին մինչև հունիսի մեկը։ Այդ ժամանակահատվածում տարբեր ուղիներով աշխատավարձ է վճարվել 308 հազար մարդու և որոշակի հարկային զիջումներ են արվել։ Իսկ 600 հազար մարդ 190–ական մանաթ սոցիալական օգնություն է ստացել։ Եվ թեև հունիսի առաջին երկու շաբաթում խիստ կարանտին էր հայտարարվել՝ երկու օրով երկու անգամ, ոչ քաղաքացիներին, ոչ բիզնեսին ոչ մի օգնություն չի առաջարկվել»։
Քաղաքներում, որտեղ կարանտին է սահմանվել մինչև հուլիսի 5–ը, կարիքավոր քաղաքացիներին կրկին 190–ական մանաթ կվճարվի։ Եվ, թեև կարանտինը մի քանի քաղաքներում է հայտարարվել, որոշ ոլորտների գործունեությունը սահմանափակվել է և կասեցվել ողջ երկրում։ Բացի այդ, եթե մարդն անապահով է, և օրենքով նրան սոցիալական օգնություն է հասնում, սակայն նա մի շրջանում է գրանցված, որտեղ կարանտին չկա, նա չի կարող ստանալ այդ 190 մանաթը։
Ջաֆարլին կարծում է, որ որպես հիմք պետք է վերցնել ոչ թե գրանցման վայրն, այլ բնակության փաստացի վայրը։ Օրինակ՝ եթե մարդը գրանցված է շրջանում, բայց այս պահին ապրում է Բաքվում, նա պետք է սոցիալական օգնություն ստանա։
«Իմ հաշվարկներով՝ այս անգամ օգնություն կստանա 350 հազար մարդ»
Ջաֆարլին հավելում է, որ բիզնեսին աջակցելու մասին մինչև հիմա ոչինչ չի հայտարարվել։
«Դեռևս հաշվարկված չէ տնտեսությանն ու բիզնեսին հասցված վնասը։ Վրաստանում և նույնիսկ Ռուսաստանում երկու զուգահեռ փաթեթ է ընդունվել․ մեկը՝ կարանտինի հետևանքների հաղթահարման, երկրորդը՝ հետկարանտինային փուլում բիզնեսի զարգացման համար»։
Հարկային արտոնություններ զրոյական շահույթո՞վ
«Կառավարության կողմից առաջնահերթ հայտարարված զբոսաշրջային հատվածն ամբողջությամբ զրոյացվել է: Հետևաբար, զրոյացել է նաև այդ ոլորտի աշխատակիցների շահույթը։ Իսկ պետությունը հարկային զիջումների է գնում զրոյական շահույթ ունեցող ընկերությունների հարցում։ Սակայն դա անտրամաբանական է՝ հաշվի առնելով, որ հարկը ձևավորվում է շահույթից»։
Տնտեսագետը կարծում է, որ ադրբեջանական տնտեսությունը պատրաստ չէ հետհամավարակային փուլին։ Քանի որ դրա հետ կապված ծրագրեր ընդունված չեն, քննարկումներ անցկացված չեն։ Համաշխարհային պրակտիկայում տնտեսության անիվները կրկին գործարկելու համար բարձրացնում են պահանջարկն ու բիզնեսին երկարաժամկետ վարկեր տրամադրում շատ ցածր վարկային տոկոսադրույքով։
Ջաֆարլին ասում է, որ անցած չորս ամսում կայուն եկամուտ չունեցող և իրենց բոլոր խնայողությունները ծախսած անձինք դիմում են բանկ։ Դրա հետևանքով ադրբեջանական բանկերի դեպոզիտները կրճատվել են։ Եվ սա նույնպես հետհամավարակային փուլի լուրջ խնդիր է, քանի որ, եթե մարդիկ փող չունեն, սպառում չի լինելու։ Իսկ դա բացասաբար է անդրադառնալու ապրանքաշրջանառության վրա, և երկիր ներկրվող ապրանքի ծավալը պակասելու է։
Տնտեսագետը հավելում է, որ վարկերի հետ կապված ընդհանրապես ոչ մի քայլ չի ձեռնարկվել։
«Եվ քաղաքացիների, և բիզնեսի դեպքում շարունակում են վարկերի տոկոսադրույքներ հաշվարկվել։ Շուտով ականատես ենք լինելու խնդրահարույց վարկերի քանակի լուրջ աճի, իսկ սեպտեմբեր–հոկտեմբերին բանկային հատվածը կընկնի ճգնաժամի հերթական ալիքի տակ։ Կառավարության միակ հույսն այն է, որ նավթի գինը կրկին կաճի»։
Սակայն Ջաֆարլին պնդում է, որ նավթի գնի վրա հույս դնել չի կարելի, քանի որ համավարակի «երկրորդ ալիքի» դեպքում նավթի պահանջարկը կարող է նվազել, և նավթի համաշխարհային գները կարող են հասնել $20-30–ի։