Յուրաքանչյուր կյանք կարևոր է․ ինչպես են մարդիկ ու կենդանիները փրկում միմյանց Հայաստանում
«Կենտավրը» Հայաստանում գործող կենդանիների միակ ապաստարանն է, որի լքված և հալածված բնակիչները վարժեցվում և անվճար թերապիաներ են անցկացնում հաշմանդամություն ունեցող մարդկանց համար, այդ թվում՝ մանկատներում հայտնված կամ առողջական խնդիրներ ունեցող երեխաների։
2008 թ․–ից «Կենտավրում» հիպոթերապիա (ձիերով թերապիա) է իրականացվում մանկական ուղեղային կաթված և այլ հաշմանդամություն ունեցող երեխաների և մեծահասակների համար: Մի քանի տարի առաջ կենտրոնում սկսեցին նաև թերապիաներ իրականացնել շների օգնությամբ, հիմնականում՝ աուտիզմ ունեցող երեխաների համար։
Կենտրոնի ու իր դեռ չիրականացած երազանքի մասին պատմում է դրա հիմնադիր Հասմիկ Հովհաննիսյանը։
- «Քաղցկեղը դատավճիռ չէ: Ես այն հաղթահարել եմ»։ Տեսապատմություն Երևանից
- Կյանք կյանքի դիմաց. երեխա ունենալու հնարավորություն պատերազմում որդի կորցրած հայ ծնողներին
- 90 վայրկյան․ Հայաստանի մանկատների սաների կյանքը չափահաս դառնալուց հետո
Ամեն ինչ սկսվեց ժպիտից
«Հիմա դժվար է պատկերացնել, բայց մինչև 24 տարեկանը անտանելի վախենում էի շներից։ Երբ սովորում էի Անգլիայում, մտքովս անգամ չէին անցնում հաշմանդամություն ունեցող մարդիկ, անտուն կենդանիները։ Ամեն ինչ սկսվեց լրագրողական մի նյութից։ Որոշեցի մասնակցել մի մրցույթի, որն անցկացվում էր այնտեղ։ Պետք էր էսսե պատրաստել ձիերի և պատանեկան ձիասպորտի մասին։ Նյութս մի տղայի մասին էր, որը ձիու հետ ընկել էր վարժանքի ժամանակ, ձին կոտրել էր ոտքը, ինչից հետո նրան քնեցրել էին, իսկ տղան հայտնվել էր անվասայլակին։ Նյութը երկրորդ մրցանակ ստացավ։
Այդ ժամանակ կարող էի նաև կամավորական աշխատանք կատարել, և դիմեցի ձիապանի օգնականի հաստիքի համար։ Չընդունեցին, աշխատանքային փորձ չունեի», – հիշում է Հասմիկ Հովհաննիսյանը ու կատակում՝ ի՞նչ իմանար, որ իրականություն չդարձած այդ երազանքը փոխելու է ողջ կյանքը։
Հայաստան վերադարձը Հասմիկի համար անսպասելի էր․ հանկարծամահ եղավ հայրը։ Չարտահայտվող էմոցիաները, «ուժեղ լինելու» մասին անտեղի ասվող մխիթարական խոսքերը Հասմիկին ստիպում էին «կծկված ապրել»։ Ընկճվածությունը հաղթահարելու համար ընկերներից մեկը խորհուրդ տվեց ձիարշավարան գնալ։
«Այդպես սկսեցի ձիավարությամբ զբաղվել։ Եվ գրեթե մեկ տարի անց, ձիու վրա նստած, առաջին անգամ ծիծաղեցի։ Ես մոռացել էի անգամ մկաններիս լարումը՝ ժպտալիս։ Այդ ժամանակ հասկացա՝ այս կենդանիները կարող են օգնել ոչ միայն ինձ։ Արդեն աշխատում էի որպես լրագրող, կամավոր էի Խարբերդի մասնագիտացված մանկատանը, որտեղ ապրում են ծանր հաշմանդամություն ունեցող երեխաներ։ Եվ, իհարկե, սկսեցի աշխատավարձս ծախսել մանկատան երեխաներին ձիերի մոտ բերելու վրա», – հիշում է Հասմիկը։
Այդ ժամանակ հիպոթերապիայի մասին գրեթե ոչինչ չգիտեր, միայն զգում էր՝ ձիերի հետ շփումից հետո երեխաների վիճակը նկատելիորեն լավանում է։ Սկսեց մասնագետներ ու հնարավորություններ փնտրել բոլոր ձիարշավարաններում։ Պարզվեց՝ Հայաստանում այդպիսիք չկան։ Որոշեց՝ հենց ինքն էլ կլինի առաջինը․
«Այդ ժամանակ լրագրողական ճգնաժամ էր մոտս, ոչինչ չէի կարողանում գրել։ Որոշեցի առժամանակ թողնել լրագրությունը։ Գնացի Վրաստան, սովորեցի Դմիտրի Ձվերավայի մոտ, որն առաջինն էր Խորհրդային Միություն բերել հիպոթերապիան»։
Սալմա․ առաջինը փրկվածներից
Մի օր Հասմիկը այցելեց Ուշի, որտեղ մարզիչ գործընկերներից մեկը վաղուց աշխատել էր մասնավոր մի ձիարանում։ Ձիերն անխնամ էին, իսկ տերն ուրախ, որ նրանց մասին, ի վերջո, ինչ–որ մեկը հոգ կտանի․
«Այդպես 5 տարի առանց որևէ թղթի խնամեցինք նրանց Ուշիում, հետո տերը որոշեց վաճառել ձիերին։ Դրամահավաքներով կարողացանք գնել կենդանիներին, իսկ հետո, բոլորովին անսպասելի, ամերիկահայ մի բարերար ուղղակի 50 հազար դոլար նվիրեց՝ մեր սեփական տարածքը գնելու և կենդանիների ապաստարան հիմնելու համար։ Այդ ժամանակ ես հասկացա՝ ամբողջ տիեզերքն ուզում է, որ դա իրականություն դառնա», – ասում է Հասմիկը։
Առաջին ձին, որին փրկեց 13 տարի առաջ, Սալման էր։ Ինչպես Հասմիկն է ասում, բառացիորեն՝ մսավաճառի դանակի տակից։ Տերը նրա համար մսավաճառից 60.000 դրամ էր ուզում, Հասմիկից՝ 100.000․
«Սալման կյանքումս տեսած ամենատգեղ ձին էր։ Ատում էր տղամարդկանց ու դդում։ Մինչև հիմա էլ դդում տեսնելիս վեր է թռնում։ Մինչև մսավաճառին վաճառելը, նրան 2 ամիս միայն դդումով էին կերակրել։ Երկու անգամ քուռակ էր ունեցել․ մեկին գայլն էր տարել ճիշտ իր առջևից, մյուսին տերն էր մորթել, կրկին իր աչքի առաջ։
13 տարի առաջ ես կանգնել էի իմ առաջին սեփական ձիու առաջ ու հարցնում էի՝ իսկ հետո ի՞նչ ենք անելու։ Սալման էլ գլուխը կախում ու հոգոց էր հանում, կարծես հասկանալով, որ որևէ մեկի երազանքների ձին չէ։ Այդ ժամանակ ես դեռ չգիտեի, որ նա օգնելու է հարյուրավոր երեխաների, կարծես նրանց փոխանցելով իր չիրացված մայրական սերը, սովորեցնելու է նրանց նստել, կանգնել, քայլել, խոսել ու ծիծաղել»։
Թափառական կենդանիները սկսեցին բուժել
Սալման առաջինն էր ապաստարանում հայտնված հարյուրավոր կենդանիներից։ Երկու տարվա ընթացքում Հասմիկը շուրջ 300 լքված ու խոշտանգված շների է ապաստանել, բուժել և որդեգրման տվել։ Հաշմանդամ դարձած կենդանիներին Հայաստանում հազվադեպ են որդեգրում։ Հենց նրանք էլ մնում են ապաստարանում ու կանիսթերապիա (շներով թերապիա) իրականացնում․
«Փողոցային շների օգնությամբ թերապիա գրեթե ոչ մի երկրում չեն իրականացնում։ Երբ վերապատրաստվում էի Լեհաստանում, պրոֆեսորներից մեկն անգամ առաջարկեց իր վարժեցված լաբրադորին բերել, նրա միջոցով սովորեցնել մյուս կենդանիներին, քանի որ վստահ էր՝ փողոցային, թափառական կենդանիները վարժեցման չեն տրվում, առավել ևս՝ թերապիա չեն անում։
Բայց ինձ համար սկզբունքային նշանակություն ուներ, որ հենց այս կենդանիները սովորեն անել դա, որովհետև նրանց պահելու, խնամելու համար մենք ստիպված էինք պարբերաբար դրամահավաքներ անել։ Մարդիկ երբեմն չեն հասկանում, թե ինչո՞ւ դրամ փոխանցել փողոցային կենդանիների համար, բայց, եթե նրանք սկսեն մարդկանց օգնել, ծախսված գումարն արդարացված կլինի», – բացատրում է Հասմիկը։
Երեք տարի անց պրոֆեսորը այցելեց Հայաստան։ «Կենտավրի» «թափառական թերապիստներին» տեսնելով՝ խոստովանեց՝ Հայաստանի փողոցային շներն ուրիշ են։ Հասմիկը, սակայն, վստահ է՝ գաղտնիքը համբերատարության ու սիրո մեջ է․
«Ես կարծում եմ՝ ամեն ինչ սիրո մասին է։ Շատ դեպքերում ինքս էլ զարմանում եմ, թե այսօր, երբ կյանքը չափազանց բարդ է, ինչպե՞ս են մարդիկ դեռ վստահում մեզ, աջակցում, դրամ փոխանցում կերի կամ բուժումների համար։ Բայց, կարծում եմ, մարդիկ հասկանում են՝ մեզ համար կենդանիները մարդկանցից թանկ ու կարևոր չեն։
Ես չեմ կարող սիրել կենդանիներին, չսիրելով մարդկանց։ Ես չեմ հասկանում կենդանապաշտպաններին, որոնք կենդանիների նկատմամբ սերը հակադարձում են մարդկանց նկատմամբ սիրուն։
Ես սիրում եմ կյանքը՝ իր բոլոր դրսևորումներով, և համարում եմ, որ յուրաքանչյուր կյանք կարևոր է, յուրաքանչյուր կյանքի համար արժե պայքարել»։
Այսօր «Կենտավրում» ապրում է 4 ձի, 42 շուն, 8 կատու և 1 կրիա։
Մինչև կորոնավիրուսի համաճարակը, կենդանիները շրջում էին Հայաստանի մանկատներով ու կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների համար նախատեսված ճգնաժամային կենտրոններով։ Համաճարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով փակ հաստատություններ այլևս չեն կարողանում այցելել։ Փոխարենն անցյալ ամառն անցկացրել են Մարտունիում ու Եղեգնաձորում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների համար թերապիաներ կազմակերպելով։
«Չկա ավելի կարևոր բան, քան այն, թե ինչպես են փոխվում մարդկանց կյանքերը։ Ինչ–որ գյուղում, որտեղ բազմոցի անկյունում նստած ապրում է մանկական ուղեղային կաթվածով երեխան, որին անգամ տնից երբեք դուրս չեն հանել, որովհետև ամաչում են նրա հաշմանդամությունից, որին թերապիաների բերում են միայն առավոտյան ժամը 7–ին, որ ոչ ոք նրան չտեսնի, ընդամենը ամիսներ անց անում է իր առաջին քայլերը։ Եվ որքան էլ բարդ լինի այս աշխատանքը, երբեք ոչինչի հետ այն չեմ փոխի», – ասում է Հասմիկը։
Մերժում էին բոլորը
Սկզբնական շրջանում հիպոթերապիա իրականացնելու համար ձիարաններ էին պետք համապատասխան տարածքով՝ մանեժով։ Հասմիկը դիմել էր բոլորին և բոլորից մերժում ստացել․
«Ձիարշավարանների տերերը համոզված էին, որ խնդիր ունեցող երեխաները վատ էներգետիկա ունեն և հիվանդացնում են կենդանիներին։ Այդ պատճառով էլ հրաժարվում էին օգնել մեզ։ Իրականում, ձիերն, իրոք, շատ են հոգնում թերապիաներից հետո, դրա համար էլ մենք մեր ձիերին չենք պայտում, որպեսզի հողի հետ անմիջական շփումով կենդանիները կարողանան վերականգնել կորցրած էներգիան»։
Բոլոր թերապիաները Հասմիկը նախ իր վրա է փորձարկում։ Եթե խոսքը կույր մարդկանց մասին է, կապում է աչքերն ու նստում ձիու վրա, ժամերով, շաբաթներով՝ փորձելով զգալ այն, ինչ զգալու է չտեսնող մարդը։ Որոշ ժամանակ անց թերապիա անցած կույր մարդը մանեժով շրջում է ձիու հետ, որի վրա նստած է մեկ այլ չտեսնող մարդ։
Ժամանակի ընթացքում, երբ «Կենտավրի» մասին սկսեցին խոսել նաև լրատվամիջոցները, ձիարշավարանները, որոնք մերժել էին Հասմիկին, հասկացան, որ սա հավելյալ հայտնիություն և գումար կարող է բերել։ Հիմա արդեն հիպոթերապիա առաջարկում են նաև նրանք։
Երբ կենդանիները սովորեցնում են հավատալ
Հասմիկն ասում է՝ մանկատներում աշխատանքն ամենաբարդն է, որովհետև գործ ունես համակարգի ու համակարգային կարծրատիպերի հետ։ Բայց այստեղ նաև ամենակարևոր գործերն են արվում․ կենդանիները սովորեցնում են երեխաներին հավատալ սեփական ուժերին ու հոգ տանել միմյանց մասին․
«Չգիտես ինչու, մանկատներում մի կարծրատիպ կա, որ եթե երեխան մաքուր և կուշտ է, ուրեմն այլ կարիք չունի։ Բայց դա այդպես չէ։ Մանկատներից մեկում մի աղջիկ կար՝ անվասայլակով։ Շներին շատ էր սիրում, բայց համոզված էր, որ չի կարող շանը ման տալ։ Երբ առաջին անգամ առաջարկեցի բռնել շան վզկապից ու շրջել հետը, շատ ագրեսիվ պատասխանեց, որ չի կարող միաժամանակ և՛ անվասայլակը վարել, և՛ շան վզկապը բռնել։ Այդ ժամանակ առաջարկեցի մյուս երեխաներին օգնել նրան։ Եվ երեխաները, որ սովոր չեն հոգ տանել միմյանց նկատմամբ, սկսեցին անել դա։
Այսպես, քայլ առ քայլ, երեխաները սկսում են հավատալ, որ իրենք կարող են անել այն, ինչ անում են մյուսները, և իրենց էլ օգնող կլինի։
Մեկ այլ մանկատանը կույր աղջիկ կար, որ երազում էր լուսանկարիչ դառնալ։ Հիշում եմ՝ երբ դուրս եկավ շենքից, կոշիկները տարբեր գույների քուղերով էին կապած։ Ամուսինս էլ է սիրում տարբեր գույների քուղեր, բայց դա իր ընտրությունն է, իսկ այդ երեխան կույր էր։ Երբ պատմեց իր երազանքի մասին, մանկատան դայակները միանգամից ասացին, որ դա անհնար է․ ինչպե՞ս կարող է կույր լուսանկարիչ լինել։ Իսկ ամուսինս, որ ազգությամբ ռուս է, որոշեց սովորեցնել նրան։ Այնքան հրաշալի էր տեսնել նրանց շփումը, երբ այդ երեխան փորձում էր հայերեն հնարավորինս պարզ բառեր գործածել, որպեսզի ամուսինս հասկանա իրեն, իսկ ամուսինս փորձում էր սովորեցնել նրան նկարել երբեք չտեսած բաներ»։
Հասմիկը հիշում է, որ տարիներ առաջ Խարբերդի մանկատան երեխաներից մեկին խոստացել էր ձիավարության պարապմունքներ։ Եվ երբ ինչ–ինչ պատճառներով այլևս հնարավոր չէր երեխաներին կենտրոն բերել թերապիաների, դրամաշնորհի ծրագիր գրեց, որը հնարավորություն կտար ձիարան ունենալ հենց մանկատան տարածքում։ Տնօրենի աջակցության և երկու տարի տևած պայքարի շնորհիվ Խարբերդի մանկատանը հայտնվեցին առաջին ձիերը։
Շները՝ զինվորների համար․ երազանքի ճանապարհին
44–օրյա պատերազմից հետո Հասմիկը նոր երազանք ունի․ ուզում է, որ շներն աշխատեն ռազմական գործողություններին մասնակցած զինվորականների հետ։
«Եղբայրս սպա է, անցել է ողջ պատերազմը։ Երբեք պատերազմի մասին չի խոսում։ Սովորաբար ասում է, որ առանձնապես սթրեսներ չունի, որովհետև իր հրամանատարությամբ ոչ մի զինվորի կորուստ չի ունեցել։ Բայց ես զգում էի, որ ինչ–որ բան այն չէ։ Պատերազմից հետո եղբորս երբեք ժպտալիս չէի տեսել, անգամ իր երեխայի հետ խաղալիս։ Մենք մի շուն ունենք, 15 տարեկան։ Կյանքի 13 տարին ապրել է դրսում, բոլորովին չի տրվում վարժեցման, բայց շատ սիրում է գնդակ խաղալ։
Մի օր, ծնողներիս տուն գնալիս, որոշեցի շանը հետս տանել։ Տարա, զարմիկս սկսեց հետը գնդակ խաղալ, իսկ ես գնացի խոհանոց՝ ինչ–որ գործեր անելու։ Հանկարծ մի այնպիսի անկեղծ ծիծաղ լսեցի, քրքիջ, հասկացա, որ սա չի կարող երեխան լինել։ Դուրս եկա ու տեսա, որ եղբայրս է՝ շան հետ խաղալիս։ Այդ օրվանից երազում եմ, որ մի օր հնարավոր կլինի զինվորների համար թերապիա կազմակերպել», – ասում է Հասմիկը։