Յոթ ժամ գերության մեջ
Երկու տասնամյակ անընդմեջ Բարսեղյան ամուսինները տարվա յոթ ամիսը անցկացնում են բարձրադիր լեռներում, զբաղվելով անասնապահությամբ։ Ապրում են ինքնաշեն գյուղական տնակում, կտրված արտաքին աշխարհից։
«Հենա մի պրիյոմնիկ ունենք ու վերջ, ոչ հեռուստացույց, ոչ լույս, նավթի լամպ ենք երեկոները վառում։ Էս աշխատանքով օգնում ենք երեխեքին։ Կարագ, յուղ, թթվասեր, տղաները շաբաթը մեկ գյուղից վերև են բարձրանում, մեր արտադրանքը տանում վաճառքի։ Սեյրանի գերի ընկնելուց հետո, գյուղի մեր արոտավայրում հրաժարվեցինք անասուն պահել՝ դիրքերին մոտ է ու շատ վտանգավոր»,— պատմում է Սիրուշ Բարսեղյանը։
67-ամյա Սիրուշ Բարսեղյանի այտերը սարերի այրող արևից ու քամուց կարմրել են, գյուղատնտեսական ծանր աշխատանքից ձեռքերը ճաքճքել։ Ամուսնու ձեռքով կառուցած ինքնաշեն տնակում բոլոր հարմարությունները ստեղծված են ժամանակավոր ապրելու համար` խոհանոց, ննջարան, հյուրասենյակ։ Խոհանոցի մի անկյունում էլ ամուսինների ձեռքով պատրաստած բարիքներն են։
«12 կով ունենք, Սեյրանը հետս հավասար կթում է կովերը։ Շաբաթ-կիրակի էլ տղաներս են գալիս գյուղից վերև, էս ապրանքը տանում վաճառելու»,- ասում է Սիրուշը։
5 երեխա և 12 թոռներ ունեցող Բարսեղյանները ապրում են Երևանից 180 կմ հեռավորության վրա գտնվող Տավուշի մարզի սահմամամերձ Ոսկեվան գյուղում, նախկին անունը՝ Ղոշղոթա, որն ադրբեջաներենից թարգամանաբար նշանակում է կոշտ գութան։ 1400 բնակչություն ունեցող գեղատեսիլ Ոսկեվանը 12 կմ սահման է պահում Ադրբեջանի հետ։
1993 թվականի, օգոստոսի 18-ին ոսկեվանցիներ Սեյրան Բարսեղյանը և Արտո Գրիգորյանը գերևարվում են ադրբեջանցի զինվորների կողմից։ Արտո Գրիգորյանը մահացել է 2008 թվականին։
Իր առևանգման մասին խոսելիս Սեյրանի ձայնը փոխվում է, փոխվում է նաև հայացքը։
Ձիթահանքը հրաշալի արոտավայրեր ունի անասունների համար
Սիրուշի ձեռքերով պատրաստած սուրճը սարերում ամենահամեղն է։
Բարսեղյանների հյուրընկալ տան դուռը բաց է բոլորի առջև։
Չնայած Սիրուշը սիրով է ապրում սարերում, բայց կարոտում է գյուղում ապրող տղաներին ու թոռներին
Ձիթահանք սարի զմրուխտյա կանաչը
«Գնում էի անասունի հետևից։ Մեկ էլ չորս հոգի միանգամից վրաս հարձակվեցին, ձեռքերս պինդ կապեցին, ընկերոջս էլ ինձնից կապեցին, նա լավ չէր տեսնում։ Գլուխս մտցրեցին բրնձի պարկի մեջ ու տարան։ Որ գնացինք դեպի մեր ու թուրքի սահմանը, ես ամեն ինչ մոռացա, հասկացա, որ իմ կյանքի վերջն է, ինձ տանում են, որ սպանեն։ Աչքերս կապած, ձեռքերս կապած, ես ոչինչ չէի տեսնում, տարան իրենց շտաբը»,— պատմում է Սեյրան Բարսեղյանը փորձելով վերհիշել դեպքի ամեն մի ակնթարթը։
Հիշում է գլխին ուղղված ավոտմատի հարվածները, ծեծը, ստորացումը։
«Արյունը հոսում էր գլխիցս։ Ես էլ էի ոտքով հարվածում, հասկանում էի, որ կյանքիս վերջին ժամերն են։ Մոռացել էի ընտանիքիս, կնոջս։ Հետո մեզ տարան ոչխարների գոմ։ Ինձ թվաց հենց այնտեղ են մեզ սպանելու։ Մի հսկա շուն էր կապված գոմի դռանը, անգամ իմ կողմը չնայեց, ինչը զայրացրեց ադրբեջանցի զինվորականին։ Ասում էր, այ մարդ շունն էլ սրա վրա չի հաչում»,— հիշում է Սեյրանը։
Գերության մեջ հայտնված գյուղացիներին գոմում նորից են ծեծում։ Ավելի ուշ, երբ նրանց գոմից դուրս են հանում, ադրբեջանցի զինվորականներից մեկը մոտենում է Սեյրանին ու հարցնում. «Սեյրան, դո՞ւ ես»։
Սեյրանը նույնպես ճանաչում է ադրբեջանցի զինվորականին, միանգամից հիշում հին ընկերոջը՝ Ամրխանին, ով ապրում էր հարևան Ղազախի շրջանի Փարաքլու գյուղում։
«Գրկախառնվեցինք, հուզվել էինք… Ամրխանին հիմա էլ որտեղ տեսնեմ, գրկելու եմ ու մի հատ լավ պաչեմ, ինքը որ չլիներ, մենք էսօր չէինք լինի։ Իրար ճանաչել ենք, դեռ էն սովետի լավ վախտերից։ Մեր միջև եղած հացը չմոռացավ։ Հարևան Ոսկեպար գյուղում մեքենաների վերանորոգման սերվիս կար, էնտեղի էի աշխատում։ Էդ սերվիսի կողքին մի հատ լավ ճաշարան կար, էն ժամանակ էս խառը պատմությունները չկային, հայերն էլ, ադրբեջանցիներն էլ օգտվում էին ճաշարանիցր։ Հենց այդ նույն ճաշարանում միասին շատ էինք հաց կերել»,- տարիների հեռվից հիշում է 72-ամյա Սեյրան Բարսեղյանը։
Ամուսինները երջանկություն են համարում այն հանգամանքը, որ տղան` Մերուժան Բարսեղյանը, որն այդ օրը հոր հետ էր, գերի չի ընկնում։
«Մերուժանը այդ ժամանակ 17 տարեկան էր, հետս տարել էի հանդը`ոչխար, կով պահելու։ Մարտիկը`ավագ որդիս նոր էր վերադարձել բանակից ու Մերուժանը հագել էր Մարտիկի զինվորական համազգեստը։ Այդ օրը, ես Մերուժանին ասացի, որ մնա ոչխարի մոտ, իսկ կովերին ես ավելի վերև բարձրացրի, որտեղից էլ ինձ տարել էին ադրբեջանցիները։ Եթե Մերուժանս տարած լիներ կովերին, ես մնայի ոչխարի մոտ, Մերուժանին կտանեին իմ փոխարեն, կսպանեին, երեխին հետ չէին տա, էտ ինձ ճանաչեցին՝ հետ տվեցին»,- պատմում է Սեյրան Բարսեղյանը։
Սիրուշ Բարսեղյանը, ում ամուսինը Ղուշիկ է կոչում, հուզված ասում է, որ լուրը լսելուն պես ավելի շատ որդու մասին է մտածել։
«Մտածում էի, եթե նա էլ է հոր հետ, գոնե տղաս փրկվի, բայց փառք աստծո… Մեր զգացածը ահավոր էր, բառեր չկան, հույս չունեի։ Հրաշք տեղի ունեցավ, ու Սեյրանն էլ հետ եկավ։ Ամբողջ գյուղը հավաքվել էր մեր տանը, որպեսզի դիմավորեին մահից փրկված Սեյրանին, ողջ գիշեր ուրախություն էր»,— պատմում է Սիրուշ Բարսեղյանը։
Ամուսինը վերհիշում է. երբ հայ-ադրբեջանական սահմանին հրաժեշտ է տալիս Ամրխանին, նրան խնդրում է, որպեսզի հաջորդ օրը երեկոյան նորից հանդիպեն սահմանին, որպեսզի հատուկ շնորհակալություն հայտնի Ամրխանին իր կյանքը փրկելու համար։
«Ասեցի, որ գաս մի հատ կկրակես, ես կիմանամ որ դու ես, մի հատ գառ եմ բերելու, օղիով, գինիով մեր աղբյուրի մոտ հաց ուտենք, ու մեր հարաբերությունները լավացնենք ավելի։ Ես հավատում էի, որ դա հնարավոր է։ Ամրխանը եկել էր, ու մի հատ կրակել։ Հենց այդ նույն ժամին թարսի նման գյուղում տագնապի ազդանշան են տալիս, ու սկսվում են կրակոցները երկու կողմերի միջև։ Ինձ արգելեցին գնալ, ես պատրաստված գնում էի Ամրխանին տեսնելու, ու էդպես մենք չհանդիպենք, բայց ես նրան մինչև կյանքիս վերջ շնորհակալ եմ»,— ասում է Սեյրան Բարսեղյանը։