«Գործիք Արևմուտքի ձեռքում». Հարավային Օսիայի արձագանքը Հաագայի դատարանի որոշմանը
Հաագայի միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) Հարավային Օսիայի երեք պաշտոնյաների՝ նախկին օմբուդսմեն Դավիթ Սանակոևին, ՆԳ նախկին նախարար Միխայիլ Մինձաևին և Ցխինվալի բանտի ղեկավար Համլետ Գուչմազովին մեղադրում է «ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների» մեջ, որոնք իրագործվել են 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի ժամանակ։ Հանրապետությունում Հարավային Օսիայի վերաբերյալ ՄՔԴ որոշումը համարում են քաղաքականապես կողմնակալ և պնդում են, որ մեղադրյալներն անմեղ են։
Հարավային Օսիայի տեսանկյունից ՄՔԴ-ի որոշումը լեգիտիմ չէ, քանի որ դատարանը իրավասություն չունի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հարավային Օսիայի տարածքում։ Իսկ միջազգային իրավունքի տեսանկյունից Հարավային Օսիան Վրաստանի տարածքի մի մասն է, և, հետևաբար, ՄՔԴ-ի իրավասությունը տարածվում է նաև նրա վրա։
Ինչպե՞ս անցավ դատավարությունը
2008 թվականին Թբիլիսին Ռուսաստանի դեմ հայց էր ներկայացրել ՄՔԴ։ 2016 թվականի հունվարին հետաքննություն էր սկսվել վրացական, օսական և ռուսական կողմերի կատարած ռազմական և մարդկության դեմ հանցագործությունների վերաբերյալ, որոնք իրականացվել են ռազմական գործողություններից առաջ, ընթացքում և հետո, մասնավորապես՝ 2008 թվականի հուլիսի 1-հոկտեմբերի 10-ը։
2022 թվականի հունիսին Միխայիլ Մինձաևի, Համլետ Գուչմազովի և Դավիթ Սանակոևի վերաբերյալ կալանքի հրաման էր տրվել։ Ի թիվս այլոց նրանց վերագրվող մեղադրանքների շարքում էին ապօրինի բանտարկությունը, խոշտանգումը, դաժան վերաբերմունքը, պատանդառությունն ու հետագայում նրանց կողմից էթնիկ վրացի խաղաղ բնակիչների ապօրինի տեղափոխումը՝ Ռուսաստանի Դաշնության կողմից իրականացվող օկուպացիայի համատեքստում։
Կասկածյալների թվում էր նաև ներկայումս հանգուցյալ, ռուսական բանակի գեներալ-մայոր Վյաչեսլավ Բորիսովը, սակայն հասկանալի պատճառներով նրա վերաբերյալ հրաման չի տրվել։
2022 թվականի դեկտեմբերին ՄՔԴ դատախազ Քարիմ Խանը հայտարարեց այս գործի հետաքննության փուլի ավարտի մասին։
Հայտարարության մեջ Խանն ընդգծում է, որ նրանց վերագրվող մեղադրանքներն իրենցից ներկայացնում են «հանցագործության ավելի լայն մոդել, որը ներառում է վրացական գյուղերի և տների համատարած կողոպուտն ու ավերումը և Ցխինվալի տարածաշրջանի գրեթե ողջ վրաց բնակչության վերադարձի իրավունքի մերժումը»:
«Բանտի շենքն ավելի ապահով հաստատություն էր»
Ցխինվալիում Հարավային Օսիայի վերաբերյալ ՄՔԴ որոշումը որակեցին որպես քաղաքական պատվեր, որը հակասում է անկախ դատական համակարգի անաչառության սկզբունքներին։
Հարավային Օսիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը JAMnews-ին հայտնել է, որ ՄՔԴ-ի մեղադրանքները մտացածին են, և Հարավային Օսիայի պաշտոնյաները, որոնց նկատմամբ դատարանը հետախուզում է հայտարարել, ընդհակառակը, փրկել են տեղի վրացիների կյանքը՝ ապահովելով նրանց անվտանգությունը ռազմական գործողությունների ժամանակ.
«Բանտի շենքն ավելի ապահով վայր էր Ցխինվալիում, որը հրետակոծության էր ենթարկվում Վրաստանի կողմից։ Քաղաքում գտնվող վրացիներից պաշտպանվելու համար, այդ թվում՝ տեղի բնակիչներից, որոնց հարազատները մահացել էին վրացական բանակի գնդակոծությունից, որոշվել է վրացիներին թաքցնել հատուկ հաստատության տարածքում՝ բանտի շենքում։ Այսքանը: Հարավային Օսիայի իշխանությունները փրկել են Վրաստանի քաղաքացիների կյանքը։ Նրանք ապահով տեղում են եղել, իսկ հետո ողջ-առողջ փոխանցվել վրացական կողմին»։
2008 թվականի օգոստոսին Համլետ Գուչմազովը նույնպես հիշատակել էր, որ ռազմական գործողությունների սկսվելուն պես, վրացի բանվորները, որոնք այդ ժամանակ գտնվելիս են եղել Ցխինվալիում, տեղափոխվել են տեղի կալանավայր։
«Հանրապետության իշխանությունները ստիպված են եղել այդ քայլին դիմել վրացի աշխատակիցների անվտանգությունն ապահովելու համար»,— այն ժամանակ ասել էր Գուչմազովը։
- Օգոստոս, 2008. Հարավային Օսիայի շուրջ պատերազմի ժամանակագրությունը փաստերով և լուսանկարներով
- Վրաց-աբխազական պատերազմ, 1992-1993։ Ինչպե՞ս է այն տեղի ունեցել, հայացք Թբիլիսիից և Սուխումից
«Վրաստանի քաղաքացիներին պատասխանատվության չեն ենթարկում 2008 թվականին կատարած վայրագությունների համար»
Ամբաստանյալներից, այժմ ԱԺ պատգամավոր Դավիթ Սանակոևն այսպես է արձագանքել իր ձերբակալման հրամանի վերաբերյալ լուրերին.
«Մենք չենք տեսնում, որ Վրաստանի քաղաքացիները պատասխանատվության ենթարկվեն 2008 թվականին կատարած վայրագությունների համար։ Ինչ վերաբերում է ինձ, ես իրավասու էի զբաղվել վրացական գերությունից մեր երկրի քաղաքացիների վերադարձով։ Զբաղվում էի նաև Վրաստանի հարձակման պահին Հարավային Օսիայում գտնվող քաղաքացիներին վրացական կողմին փոխանցելով։ Մենք համագործակցում էինք Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի հետ։ Չեմ կարծում, որ այդ անձը կարող էր մասնակցել գործողությունների, որոնք ինչ-որ կերպ կապված են մարդկության դեմ հանցագործությունների հետ կամ ներգրավված լինել այլ հանցագործությունների մեջ, որոնցում ես մեղադրվում եմ»։
Սանակոևը մտավախություն ունի, որ իր արտասահման մեկնելը խնդրահարույց կդառնա, քանի որ «ՄՔԴ որոշումը սպառնում է կալանավորմամբ այն երկրներում, որոնց հետ համաձայնագիր է ստորագրվել»։
«ՄՔԴ-ն պետք է Միխեիլ Սաակաշվիլիի ձերբակալության հրաման տա»
«ՄՔԴ-ն պետք է ձերբակալության հրաման տա օսերի մարդասպաններին՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին և վրացի այլ պաշտոնյաների ու զինվորականների, ովքեր զբաղված էին օս ժողովրդի ոչնչացմամբ», — կարծում է Հարավային Օսիայի նախագահի աշխատակազմի աշխատակիցը։
Նրա խոսքով՝ Հարավային Օսիան պետք է դատի տա Վրաստանին, ոչ թե հակառակը։
Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Հարավային Օսիայի վերաբերյալ ՄՔԴ որոշումը գնահատել է որպես «բացարձակ կողմնակալ, արդարադատության հետ որևէ կապ չունեցող»։ Նախարարությունը վրդովված է, որ ոչ մի դատավարական գործողություն չի իրականացվել վրացի զինվորականների և պաշտոնյաների նկատմամբ, ովքեր «մեղավոր են Հարավային Օսիայի խաղաղ բնակչության և միջազգային խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչների դեմ փաստաթղթավորված ռազմական հանցագործություններ կատարելու մեջ»։
Ցխինվալում վստահ են, որ ՄՔԴ-ի գործողությունները լիովին վարկաբեկել են եվրոպական արդարադատությունը, և դատարանի կայացրած որոշումները «ուղղված են առաջին հերթին Ռուսաստանի դեմ, մի երկրի, որը 2008 թվականի օգոստոսին իր գործողություններով դադարեցրեց Սաակաշվիլիի հանցավոր ռեժիմի սանձազերծած պատերազմը»։
Մարդու իրավունքների հանձնակատար Ինալ Տասոևը ՄՔԴ-ն անվանել է «հնազանդ գործիք միակողմանի վրացամետ դիրքորոշում ունեցող Արևմուտքի ձեռքում».
«Հիշեցնենք, որ Հեյդի Տալիավինիի գլխավորած՝ Եվրոպամիության անկախ հանձնաժողովի աշխատանքի համաձայն, որը ստեղծվել էր 2008 թվականի օգոստոսի փաստերը հետաքննելու համար, պարզվել է, որ 2008 թվականի օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը Վրաստանն առաջինն է լայնածավալ զինված ագրեսիա իրականացրել Հարավային Օսիայի բնակչության դեմ՝ օգտագործելով ծանր հրետանի, զրահատեխնիկա և ռազմական ավիացիա»։
Տասոևը նաև հիշեցրել է, որ ՄՔԴ-ն և Մարդու իրավունքների եվրոպական դատարանը անտեսել են 2008 թվականին Հարավային Օսիայի քաղաքացիների կողմից ներկայացված հազարավոր բողոքները:
«Վրացիները հստակ աշխատում են 2008 թվականի օգոստոսի իրադարձությունների վրա»
Հարավային Օսիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Ռոլանդ Կելեխսաևը կարծում է, որ հանրապետությունը բավականաչափ լավ չի պաշտպանում իր ազգային շահերը.
«Վրացիները հստակ աշխատում են 2008 թվականի օգոստոսի իրադարձությունների վրա։ Իսկ մենք մի տեսակ անզգույշ ենք վերաբերվում դրան։ Հարց ունեմ հանրապետության իշխանություններին. «Մենք համաձայն ենք, որ Վրաստանն ամեն ինչ գլխիվայր շուռ է տալիս։ Մենք վրացական ագրեսիայի զոհն ենք, մենք այն կողմն ենք, որը տուժել է Վրաստանից, և միևնույն ժամանակ մեր կարծիքը որևէ դեր չի խաղացել։ Ինչո՞ւ»։
Կելեխսաևը կարծում է, որ Հարավային Օսիայի իշխանությունները չեն կարող կամ չեն ցանկանում ճշմարտությունը հասցնել Արևմուտքին։ Նա հեգնական է համարում այն, որ ՄՔԴ-ն այժմ հետապնդում է Դավիթ Սանակոևին, ով ժամանակին բավականաչափ լավ չէր պաշտպանում Հարավային Օսիայի քաղաքացիների իրավունքները միջազգային հարթակներում: Ներկայիս օմբուդսմեն Ինալ Տասոևը զբաղեցնում է այդ պաշտոնը ավելի քան 10 տարի և հանդիսանում է ժնևյան քննարկումների մշտական մասնակից, սակայն հանրապետության հանրությունը բավարար պատկերացում չունի այն մասին, թե ինչու և հանուն ինչի է Հարավային Օսիայի պատվիրակությունը պետական միջոցների հաշվին մեկնում Ժնև։
«Լավ կլիներ, որ Ալան Գագլոևի գլխավորած նոր կառավարությունը ամենայն պատասխանատվությամբ մոտենար այս հարցին և գործով պաշտպաներ մեր ժողովրդի ու պետության շահերը միջազգային ատյաններում»,— ասում է Կելեխսաևը։
Սակայն իշխող «Նիխաս» կուսակցությունը, որի անդամ էր մինչև վերջերս Դավիթ Սանակոևը, որևէ աջակցություն չի հայտնել նրան։ Նախագահ Ալան Գագլոևը նույնպես չի արձագանքել տեղի ունեցողին։
Հրապարակումների մեջ տեղ գտած տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրեն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ էթիկապես անընդունելի կլինեն այլ պատճառներով: