Մրգերը մրցակցությունից դուրս են
Սամեգրելոյի շրջանում, որի մասին խոսելու ենք այս նյութում, պաշտոնապես աշխատանք ունի աշխատունակ բնակչության 30%-ը: Զարմանալի չէ, որ այդ շրջանը Վրաստանում ռեկորդակիր է արտագաղթող բնակիչների թվով: Շատերը՝ հիմնականում կանայք, գումար վաստակելու համար մեկնում են արտասահման, հաճախ՝ Թուրքիա, հազվադեպ՝ եվրոպական երկրներ: Նրանք աշխատում են որպես հիվանդապահ, դայակ, վարձու աշխատակից գյուղատնտեսական պլանտացիաներում, ընտանիք են պահում, որը տարիներով չեն տեսնում:
Նրանք, ովքեր մնում են, աշխատանք են գտնում և տնտեսապես անկախ են դառնում, շատ չեն: Իսկ իրական մասնավոր գործարարներն, ովքեր փոքր բիզնեսով են զբաղվում Վրաստանում, այնքան քիչ են, որ հաճախ մրցակիցներ չեն ունենում:
Օրինակ, Մայա Շենգելիան մրցակից չունի: Նա 45 տարեկան է և ապրում է Զուգդիդի շրջանի Դարչելի գյուղում, չիր, ցուկատ կամ մրգային պաստեղ է պատրաստում: Մայայի չիրը ոչ միայն համեղ և էկոլոգիապես մաքուր, այլ նաև՝ զարմանալիորեն գեղեցիկ:
Վրաստանում նախկինի պես ոչ բոլորն են ուշադրություն դարձնում սեփական ապրանքի արտաքին տեսքին: Իսկ ոմանք նաև ընդգծում են դրա անշուք լինելը՝ նկատի ունենալով, որ գեղեցիկ լինում է միայն օտարը, ներկրվածը, պեստիցիդնով աճեցվածն ու վնասակար հավելումներով պատրաստավածը:
Մայան այլ ճանապարհով է գնացել: Նա վարդի գլխիկներ է պատրաստում ֆանտաստիկ բարակ և նուրբ տանձի չրից, զարմանահրաշ հատիկավոր պաստեղ և նույնիսկ չիչիլակի՝ վրացական տոնածառ՝ ինչ-որ կերպ այն տաշելով խնձորի չրից:
Սովորական խուրմայի չիրը Սամեգրելոյում կախված է ամեն պատշգամբից, սակայն երբ պետք է լինում հարսանեկան սեղան զարդարել, ինչ-որ տեղ ծանրոց ուղարկել կամ պարզապես մեկին նվեր անել, Մայային են դիմում:
Մայան հումքը՝ խնձոր, տանձ, ցիտրուսային մրգեր, ֆեյխոա և այլ մրգեր է գնում ամբողջ շրջանից և պլաններ է մշակում, թե ինչպես է սեփական մրգային այգին տնկելու և փաթեթավորման համար հատուկ սարքավորումներ գնելու Դրանց բացակայության պատճառով Մայան իր արտադրանքը չի կարող խանութներին հանձնել և միայն մասնավոր պատվերներ է ընդունում:
Մի քանի տարի առաջ Մայան հաղթող է ճանաչվել ԱՄՆ Զարգացման գործակալության (USAID) կազմակերպած մասնավոր գործարարների մրցույթում և նրան 40 հազ. լարի արժողությամբ մրգեր չորացնելու սարք են նվիրել: Մայան այն բակում է տեղադրել: Այժմ մրգերից չիր պատրաստելու համար նրան 3 օրվանից 2 շաբաթ է անհրաժեշտ:
“Ամեն ինչ սկսվեց 90-ականներին, երեխաները դեռ փոքր էին, խանութները՝ դատարկ, պատերազմ էր: Շատ էի ուզում ինչ-որ կերպ ուրախացնել ընտանիքիս և որոշեցի թզի չիր պատրաստել: Մոտավորապես գիտեի, թե դա ինչպես է արվում. Ծնողներս թզի, խուրմայի ու խնձորի չիր էին պատրաստում – հիշում է Մայան:
Աստիճանաբար նա սկսել է փորձարկումներ անել այլ մրգերով նույնպես, և այժմ Վրաստանում աճող գրեթե բոլոր մրգերից պաստեղ և ցուկատ է պատրաստում:
Մայան կարող էր ավելի շատ և արդյունավետ աշխատել, եթե հիվանդությունը չլիներ. այժմ նա պայքարում է կրծքի քաղցկեղի դեմ: Հիվանդությունը նրան խեղճացրել է ոչ միայն բարոյապես, այլ նաև ֆինանսապես. բուժումը շատ գումար է պահանջում, ստիպված է եղել բանկից վարկ վերցնել: Իսկ այն փակելն այնքան էլ հեշտ չէ՝ Մայայի եկամուտը զգալիորեն կրճատվել է: Այժմ նրա չրերն ամսական 500 լարի (205 դոլար) գումար են բերում ընտանիքին: Սակայն սեզոնային թռիչքներ էլ են լինում, օրինակ, Ամանորին եկամուտը սովորաբար կրկնապատկվում է:
Մայան շարունակում է աշխատել, բուժվել և առողջանալու հույսեր փայփայել:
«Ես նախկինում նույնպես ոչ մի քիմիական հավելումներ չեի օգտագործում, իսկ այժմ հասկանում եմ, որ միրգը պետք է էկոլոգիապես մաքուր լինի», — ասում է նա: