Մոսկվայում 130 զոհի պատճառ դարձած ահաբեկչությունից 14 տարի անց
Ռուսաստանում այս օրերին սարսափելի տարելից են նշում՝ 14 տարի առաջ Մոսկվայի Դուբրովկա թաղամասի Թատերական կենտրոնի զավթումն ահաբեկիչնեի կողմից: Ահաբեկչական ակտը, որը հայտնի է որպես «Նորդ-Օստ», տեղի է ունեցել 2002թ-ի հոկտեմբերի 23-26-ին:
«Կավկազսկի ուզելի» տվյալների համաձայն՝ Մովսար Բարաևի գլխավորությամբ մի խումբ զինյալներ այն ժամանակ գերի վերցրին 916 մարդ: Նրանց կյանքի դիմաց խումբը պահանջում էր անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները Չեչնիայում և հանրապետության տարածքից դուրս բերել դաշնային զորքերը:
Զինյալների պահանջները չբվարարվեցին: Գրեթե 3 օր անց ուժային կառույցները պատանդներին ազատելու գործողություն իրականացրին, որի արդյունքում, պաշտոնական տվյալներով, 130 պատանդ զոհվեց, տուժեց ավելի քան 700 մարդ: Գործողության ընթացքում սպանվեց 40 զինյալ:
Դուբրովկայում՝ Թատերական կենտրոնի մոտ, հիշատակման ակցիա անցկացվեց, որը կազմակերպել էր «Նորդ-Օստի» ահաբեկչությունից տուժածների պաշտպանության աջակցման տարածաշրջանային հասարակական կազմակերպությունը: Մոտ 300 մարդ էր հավաքվել: Ակցիան սկսվեց լռության րոպեով: Մետրոնոմի հնչյունների տակ կարդացվեցին բոլոր զոհվածների անունները: Թատերական համալիրի աստիճաններին մոմերով 130 ապակե ջահեր և մահացածների նկարներ տեղադրվեցին: Ռեպորտաժը՝ «Կավկազսկի ուզելի».
Տուժած պատանդների հարազատներն ու մտերիմներն արդեն 14 տարի է իշխանություններից պահանջում են այն հարցի պատասխանը, թե ում հրամանով և ինչ գազ է օգտագործվել պատանդներով լի շենքի գրոհի ժամանակ, ինչու գրագետ տարհանում և տուժածներին բժշկական օգնության ցուցաբերում չէր կազմակերպվել:
Այն մարդկանց թվում, ովքեր այդ սարսափելի օրերը խմբագրությունում անցկացրին՝ հեռուստադիտողին պատմելով կատարվածի մասին, ռուս հեռուստահաղորդավար Օլգա Ռոմանովան էր: Ուկրաինական «Հրոմադսկի Թի-Վի» հեռուստաալիքին տված հարցազրույցում նա պատմել է, թե ինչպես է հիմա հիշում «Նորդ-Օստը»:
«Նոր սերունդն այդ մասին ոչինչ չգիտի»
— Այդպիսի դեպքերը երբեք չեն մոռացվում, քանի որ եթեր ես մտնում և, քեզ թվում է, էլ երբեք դուրս չես գալիս:
Ես ամենասովորական եթերն էի վարում, նորություններ էին: Երբ լուրեր ես հաղորդում, համակարգիչ ունես, որտեղ թարմ լուրերն են: Եվ հանկարծ թատերական կենտրոնը գրավելու մասին կարճ հաղորդագրություն տեսա, այդ պահին դեռ պարզ չէր, թե որ կենտրոնն է: Դրանից հետո կյանքն էլ նախկինը չէ:
Այն ժամանակ ողջ եթերի ընթացքում և դրանից հետո հետևում էինք իրադարձություններին: Երեք օր եթերից դուրս չեկանք: Հաղորդավարները փոխարինում էին միմյանց, երեք օր տանը չէի եղել:
Ամենասարսափելին զոհի մասին առաջին հաղորդագրոթյունն էր: Անունս Օլգա Ռոմանովա է և զոհվածի անունն էլ էր Օլգա Ռոմանովա: Եվ դա միակ դեպքն էր, որ ես օգտվեցի իմ ծառայողական դիրքից և եթերում խնդրեցի զանգահարել մորս, ասել, որ այստեղ եմ: Պատկերացրեք, որ եթերում ինքներդ ձեր անունն եք տալիս զոհերի անունները նշելիս, առաջին զոհերի:
Բոլորդ այդ օրերին բազմաթիվ կադրեր տեսանք՝ գրոհից առաջ և հետո: Կադրեր, որոնք երբեք և ոչ մի տեղ չէին հրապարակվվում, քանի որ դա պարզապես անհնար էր:
Եվ այդ ամենը շատ մեծ հետևանքներ ունեցավ: «Նորդ-Օստի» ուղղակի հետևանք էր ՆՏՎ հեռուստաալիքի վրա հերթական հարձակումը:
ՆՏՎ հեռուստաալիքը շատ հայտնի էր, և իզուր չէր, որ այդպես էր: Այն ժամանակ նա ոչ մի ընդհանուր բան չուներ այն աղբանոցի հետ, որն այժմ է: Այնտեղ էր աշխատում Լեոնիդ Պարֆյոնովը և շատ այլ վառ մարդիկ: Եթերն այն ժամանակ բավականին մարդկային էր, և հիշեցնեմ, որ արդյունքում շատ մեծ եզրակացություններ արվեցին այն մասին, թե ինչ էր տեղի ունենում ՆՏՎ հեռուստաալիքում:
Ամենատարբեր «լրագրողական ղեկավարության» և այն գերատեսչությունների կողմից, որոնք հետագայում մամուլի նախարարություն դարձան, ասվեց, որ ՆՏՎ-ն ուղիղ եթերում ցույց էր տվել գրոհի նախապատրաստական փուլը, սակայն իրականում դա արել էր Առաջին ալիքը: Եվ Առաջին ալիքը ոչ մի կերպ դա չմեկնաբանեց, չասաց. «Կներեք, դա ՆՏՎ-ն չէ, դա մենք ենք ցուցադրել, մեզ պատժեք»:
ՆՏՎ-ն եթերի ձայնագրություններն էր բերում և ցույց տալիս, սակայն ամեն ինչ անօգուտ էր, որոշեցին ոչնչացնել և ոչնչացրին:
Դա առաջին հերթին: Երկրորդ հերթին, այն ժամանակ տեղի ունեցավ մի բան, որը մենք հիմա սովորական ենք համարում: Հիշո՞ւմ եք վերջին կադրերը, երբ արդեն սպանված ահաբեկիչների մարմիններն են ցուցադրվում: Դրանք մահացածների մարմիններ են, և նրանցից մեկի կողքին համերգային դահլիճի բուֆետից վերցված կոնյակի շիշ է հայտնվում: Այն, ականատեսների խոսքով, լրագրող (այն ժամանակ մտածում էին, թե լրագրող) Արկադի Մամոնտովն էր բերել:
Այն ժամանակ դա առաջին ցնցումն էր, որ այս ամենն այսպես էլ արվելու է, և հետևանքներ չեն լինելու:
Եվ իհարկե առաջին անգամ պաշտոնական անձանց զանգվածային սուտը սկսվեց, և անսահման անօգնականությունը, և անպատժելիությունը, ինչ ասելու և ինչը չի կարելի ասել արգելքների փորձը: Չի կարելի ասել, որ նախկինում նման փորձեր չէին եղել, սակայն հետո՝ Բեսլանի ահաբեկչության ժամանակ, ուղղակի արգելքներ էին, ինչը հետո վերածվեց արտակարգ իրավիճակներում լրագրողի աշխատանքի լուրջ սահմանափակումների:
Այնպես ստացվեց, որ վերջին տարիներին ավելի ու ավելի շատ ծանոթներ ու ընկերներ եմ ձեռք բերում այն մարդկանց շրջապատից, ովքեր այնտեղ եղել են: Երեխաները, որոնք այնտեղ են եղել, մեծացել են, նրանց կյանքում ինչ-որ բան է տեղի ունենում, և այդ ողբերգությունը նրանց ողջ կյանքի վրա մեծ հետք է թողել:
Ինչ-որ մեկը մոտ ընկերոջն է կորցրել, մյուսը՝ երեխային: Բոլորովին վերջերս մահացավ Տատյանա Կարպովան, որն այս ամբողջ ընթացքում ղեկավարում էր «Նորդ-Օստ» միությունը, նա պայքարում էր ճշմարտության և այնտեղ տուժած մարդկանց իրավունքների համար:
Իհարկե մենք հիմա այլ կերպ ենք տեսնում, օրինակ, Բորիս Նեմցովի դերը: Բոլորովին վերջերս լրագրողների հետ այդ դերի մասին էինք խոսում, և պարզվեց, որ շատ երիտասարդ լրագրողներ չգիտեն, որ Պուտինը նրան ուղղակիորեն արգելել է դահլիճ մտնել, չնայած որ ահաբեկիչները Նեմցովին էլ էին պահանջում: Բորիս Նեմցովը դա բացատրում էր նրանով, որ Պուտինը մտահոգված էր իր հանրաճանաչության աճով:
Ահա այսպիսի ինչ-որ բաներ այժմ այլ կերպ են երևում:
Ցավոք, այս թեմայի շուրջ հետաքրքրությունը մարում է: Նոր սերունդն ընդհանրապես այդ մասին ոչինչ չգիտի: Դա կարծես պատերազմ լինի. որքան այն հեռանում է, այնքան «լեգենդ» է դառնում, այնքան ավելի քիչ են մարդիկ, որոնք ուզում են ճշմարտությունն իմանալ և շատանում են նրանք, ովքեր հակված են լեգենդ հնարել:
Հրապարակվել է 27.10.2016