Մոլդովան որպես առաջամարտիկ
Մոլդովային Հանրապետությունը արդեն կիսամոռացված ԱՊՀ երկրներից առաջինն է դարձել Եվրամիության երկրների հետ առանց վիզայի ռեժիմի մասնակից: Եվրաինտեգրման գործում հետխորհրդային տարածքում դեռևս վաղուց առաջին եռյակ են կազմել Բալթյան երկրները: իսկ Մոլդովան դարձել է ԵՄ հետ «առանց վիզայի» չորրորդ հետխորհրդային երկիրը: Ի՞նչ է դա տվել երկրի քաղաքացիներին: Եվ ի՞նչ է խլել:
Փորձ
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևն անհավանական մաքուր և կանաչ քաղաք է, որի գլխավոր տեսարժան երևույթը գեղեցիկ աղջիկների զարմանալի կուտակումներն են, որոնք այստեղ այնքան շատ են, որքան նավթը՝ Սաուդյան Արաբիայում:
Կարող է այնպիսի տպավորություն ստեղծվել, որ այն դեռևս խորհրդային քաղաք է. այն ժամանակների ճարտարապետությունն աչքի է զարնում:
Սակայն տպավորությունը խաբուսիկ կլինի: Այդ քաղաքը եվրոպացի է ամենագլխավորում՝ մարդկանց պահվածքում: Դա և շփվելու ձևն է, որը շատ բաց ու բարյացակամ է, հետիոտնի հանդեպ վարորդների վերաբերմունը (ահա թե ումից պետք է վրացի վարորդները վարպետաց դասեր ստանան), սահմանափակ կարողություններով մարդկանց հանդեպ ուշադրությունը (ամենուր թեքահարթակներ են), բազմալեզվությունը (ռուսերենը, ռումիներենը, անգլերենը հիանալի համատեղվում են այս փողոցներում), նույնիսկ հակաֆաշիստական գրաֆիտիները կենտրոնական այգում (ուրեմն սեփական նացիստներ էլ ունեն, սակայն նրանց թույլ չեն տալիս գլուխ բարձրացնել):
Այն, իհարկե, Փարիզ չէ և ոչ էլ Բարսելոն, սակայն արդեն նաև ոչ խորհրդային ծայրամաս: Ավելի շուտ՝ քսանամյա վաղեմության եվրոպական արվարձան, որի ապագան դեռ առջևում է՝ և Շենգենյան գոտին, և միասնական արժույթը, և Եվրամիությունն իր ներկայիս տեսքով:
Դա իր պատճառներն ունի:
Մոլդովայի ուղին դեպի Եվրոպա սկսվել է ոչ թե երեք տարի առաջ, այլ ավելի վաղ: Մերձեցման առաջամարտիկները հարևան երկու երկրներն էին՝ Ռումինիան և Բուլղարիան: 90-ականների սկզբին նրանք սկսել են քաղաքացիություն տրամադրել Մոլդովայի բնակիչներին: Բուլղարիան՝ էթնիկ բուլղարացիներին, որոնք մոտ 10 հազար էին, Ռումինիան՝ ԽՍՀՄ կողմից 1940թ-ին օկուպացված տարածքներում ծնվածներին և նրանց ժառանգներին:
Եվ միայն հետո՝ շատ տարիներ անց, առանց վիզայի ռեժիմ հաստատվեց բոլորի համար:
Բնականաբար, այդ ժամանակ շատերն, ում անհրաժեշտ էր արտասահման մեկնել, արդեն ստացել էին պահանջվող անձնագրերը: Որպես կանոն՝ ռումինական: (Ինչ-որ պահի Մոլդովայի Սահմանադրական դատարանն ամբողջությամբ կազմված էր ռումինական քաղաքացիություն ունեցողներից, իսկ դատավորներից մեկն անգամ հարևան երկրում սենատոր դարձավ): Հիմնականում՝ առանց առանձնահատուկ հիմքերի, սակայն դրա վրա բոլորն աչք էին փակում, և դա խնդիր չդարձավ:
Լիլիա Տեսլյան ծնվել և մեծացել է Քիշնևում: Սովորել է Մոսկվայում: Ապրել և աշխատել է Բաքվում, Հավանայում, Մոսկվայում, Քիշնևում և Լոնդոնում: Նրա երկու տղաներն այժմ ապրում են Լոնդոնում: Որպես ո՞վ է նա իրեն զգում:
Ըստ երևույթին, երբ Եվրամիությունը Մոլդովային առանց վիզայի ռեժիմ տրամադրելու որոշում էր կայացնում, նա մեծ մասամբ իր խնդիրներն էլ էր լուծում: Այդ պահի դրությամբ ԵՄ տարածում Մոլդովայի քաղաքացիների կեսից ավելին այնտեղ անօրինական էր գտնվում: Նրանց թիվը կազմում էր հարյուրավոր հազարներ: Ձգողության գլխավոր կետը շնորհիվ լեզուների նմանությանը, դարձավ Իտալիան: Այնուհետև գալիս էր Իսպանիան, Պորտուգալիան և Անգլիան:
Վիզային ռեժիմի ազատականացումը Եվրամիության համար դրական արդյունք տվեց: Մոլդովայից եկած և ապօրինի բնակություն հաստատածների թիվը, հետևաբար նաև նրանց հետ կապված խնդիրների քանակն արմատապես նվազեց: Այդ մասին մեզ պատմեց Մոլդովայի միգրացիայի միջազգային կազմակերպությանը կից «Միգրացիա և զարգացում» ծրագրի համակարգող Գենադի Կրեցուն:
Մոլդովայի համար հետևանքները զգացվում են ոչ այդքան արագ, ավելի շատ զգացվում է մարդկանց արտահոսքը: Իրենց ուժերն արտասահմանում շատերն են փորձել: Նրանց թվում է Քաուշանիի բնակիչ Նիկոլայը: Նա տուն է վերադարձել, որտեղ տաքսու վարորդ է աշխատում: «Երկրի կեսը մեկնել է, — համարում է նա: -Մնացել են միայն ծերերն ու երիտասարդությունը, որոնք սովորում են արտասահմանում ծնողների վաստակած փողով: Տեսնում եմ, թե ինչպես են սովորում. հարբում են, ամեն հիմարություն ծխում …»
Միաբանություն
Սակայն ահա, թե ինչ է աչքի ընկնում Մոլդովայում ամենատարբեր մարդկանց հետ զրուցելիս, որոնք կրթված դասի ներկայացուցիչ են (փորձագետներ, քաղաքական գործիչներ, լրագրողներ). դա Եվրոպայի հետ հարաբերությունների մասին երկրի համար սկզբունքային հարցերում արտահայտվող միաբանությունն է: Այսինքն՝ նման հարց չկա:
Գործող իշխանությունն ու ընդդիմությունը միմյանց հանդեպ համակրանք չունեն, ինչպես և հարկն է ժողովրդավարական երկրում: Եվ պատրաստ են միմյանց ինչի համար ասես մեղադրել: Օրինակ, վերջին նախագահական ընտրություններում ընդդիմության թեկնածու Մայա Սանդուի հակառակորդները պնդում էին, որ նա պայմանավորվածություն ունի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ և պատրաստ է Մոլդովան բացել սիրիացի փախստականների համար, որոնց իբր պետք է բնակեցնեն դատարկ տներում:
Սակայն երբ խոսքը գնում է Մոլդովայի զարգացման եվրոպական ուղղվածության և նրա քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի մասին, և ընդդիմադիրները, և իշխանությունը խոսում են բառացի նույն արտահայտություններով: «Վերջին երեք տարվա ընթացքում մարդկանց մտածողության, հայացքների և արժեքների մեջ փոփոխություններ են նկատվում… Մոլդովացիները զգում են, որ եվրոպացի են, և երկրի ապագան Եվրամիությունում է», — ասում է իշխող կոալիցիայի մաս կազմող Դեմոկրատական կուսակցության պատգամավոր Իգոր Վրեմյան: «Գործողություն և համերաշխություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Մայա Սանդուն խոսում է քաղաքացիների որոշակի հիասթափության մասին, սակայն հույս է հայտնում, որ մոլդովացիները չեն հրաժարվի դեպի Եվրոպա քաղաքական կուրսից:
Քննարկման թեժ պահին ինչ-որ մեկը կարող է պնդել, որ նորընտիր նախագահ Իգոր Դոդոնը մտադիր է հրաժարվել եվրոպական ընտրությունից և Մոլդովան տանել դեպի Ռուսաստան և Մաքսային միություն: Որպես օրինակ այդ դեպքում հաճախ բերում են այն, որ Դոդոնն այս տարի եղել է միակ արտասահմանյան ղեկավարը, որը կանգնած է եղել Վլադիմիր Պուտինի հետ Կարմիր հրապարակում մայիսի 9-ին նվիրված շքերթին:
Սակայն փորձագետները նման պնդումներն անվանում են «մոլդովական քաղաքական լոխոտրոնի մաս»: Երևի կարելի է վստահել երկրի ամենահարգված քաղագետ Օազու Նանտոյայի խոսքերին, որը հետևում է այդ «լոխոտրոնին» արդեն քսանհինգ տարի: Սակայն նա պատմեց նաև շատ անհանգստացնող միտման մասին. երիտասարդների մոտ 40 տոկոսը երազում է երկրից ընդմիշտ հեռանալ:
Մոլդովային գործող նախագահ Իգոր Դոդոնն ընտրվել է 2016թ-ի նոյեմբերին՝ ստանալով ձայների 52.27%-ը: Նախընտրական քարոզարշավի ժամանակ Դոդոնը կողմ էր արտահայտվում Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացմանը: Իրեն նա անվանում էր «ոչ թե ռուսամետ, արևմտամետ, այլ մոլդովամետ քաղաքական գործիչ»: Երդմնակալությունից հետո նախագահի վարչակազմի շենքից վրայից հանվեց Եվրամիության դրոշը:
Իր առաջին պաշտոնական այցը Իգոր Դոդոնը կատարեց Մոսկվա 2017թ-ի հունվարի 16-18-ը: Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Դոդոնը չբացառեց ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի չեղարկումը Մոլդովայում կայանալիք հաջորդ խորհրդարանական ընտրություններից հետո:
Միաժամանակ Մոլդովայի արտաքին քաղաքականությունը որոշում է խորհրդարանի կողմից հաստատված կոալիցիոն կառավարությունը, որը ԵՄ հետ մերձեցման քաղաքականություն է վարում: Երկրում նախագահի իրավասությունները սահմանափակ են:
Մոլդովայի երիտասարդ բնակիչները պատասխանում են այն հարցին, թե ինչպես են նրանք գնահատում առանց վիզայի ռեժիմի ներմուծման հետևանքները, նույնիսկ որոշ տարակուսանքով, այն այդքան ակնհայտ է նրանց համար: Տեղական հեռուստատեսության լրագրող Ալիսան փորձում է երկար նկարագրել իր վերաբերմունքն առանց վիզայի ռեժիմին և հանկարծ հակիրճ ձևակերպում է գտնում. «Զիլ է»: Սակայն այդ «առանձնահատուկ արտոնությունը» հակված չէ նաև գերագնահատելու:
Եվ տարիքով ավելի մեծերն են ունակ գնահատելու առանց վիզայի ռեժիմի շահեկան կողմերը: Անգամ եթե ճակատագիրը ձեզ ստիպել է առևտրով զբաղվել Քիշնևի լվի շուկայում: «Իմ բիզնեսից ավելի փքր բիզնես չի լինում», — հաղորդեց մեր զրուցակիցը աշխարհաքաղաքական հարցերի քննարկմանն անցնելուց առաջ:
Խորհրդային փորձը, անգամ խորհրդային բանակում բազմամյա ծառայությունը, պարզվում է, բնավ խոչընդոտ չէ քեզ եվրոպացի զգալու և դրանից հաճույք ստանալու համար:
Ինչպես պնդում են փորձագետները, ամենախնդրահարույց կետը գյուղական շրջաններն են: Այնտեղ կենսաչափական տվյալներով անձնագրեր ստացած, այլ երկրներում եղած և նրանց կյանքին հաղորդակից դարձած մարդկանց թիվը կարող է կազմել ընդամենը 3-4%:
Գլխավոր փաստարկը
Գլխավոր փաստարկն, ինչպես միշտ, տնտեսությունն է: Եվրոպական շուկաներ մոլդովական ապրանքի մատակարարման մասնաբաժինը (դա առաջին հերթին գյուղատնտեսական արտադրանքն է) աճել է մինչև 65%: Ռուսական շուկա արտահանումն, ընդհակառակը, կրճատվել է:
Բացի այդ, Եվրոպայի հետ առևտուրը նաև սեփական ապրանքի մրցունակությունը բարձրացնելու միջոց է: Այդ շուկայի մուտքի գինը որակի հանդեպ խիստ պահանջներին հետևելն է: Տնտեսագետ Վիորել Կվիրիգան կարծում է, որ առանց վիզայի ռեժիմի անցնելու համար երկրում անցկացված բարեփոխումները շատ կարևոր են Մոլդովայի համար:
Գլխավոր խնդիրը
Մոլդովայի գլխավոր խնդիրը տարիներ շարունակ չճանաչված Մերձդնեստրյան Մոլդովական հանրապետությունն է, որն իրեն պաշտոնապես ներկայացնում է որպես այդ տարածաշրջանում Ռուսաստանի ֆորպոստ:
Սակայն վիճակագրությունը պաշտոնական հայտարարություններից ավելի համոզիչ է լինում: Վերջին երեք տարիների ընթացքում Մերձդնեստրի 110 հազար բնակիչ (բնակչությունը մոտ 350 հազար մարդ է) մոլդովական քաղաքացիություն է ձևակերպել, որպեսզի հնարավորություն ունենա առանց վիզայի Եվրոպայում տեղաշարժվելու:
Կարծես, գլխավոր խնդիրը աչքի առաջ դադարում է այդպիսին լինել: Սակայն առաջանում է մեկ ուրիշը:
Հիմա Քիշնևում քննարկման ամենատարածված թեման Մերձդնեստրի հետ միավորումն է: «Մի օր պետք է, չէ՞, անել դա, — ասաց մեր զրուցակիցներից մեկը: Ժամանակն է արդեն մոռանալ այդ պատմությունը և միասին ապրել: Մենք նրանց կօգնեինք, ինչպես Արևմտյան Գերմանիան էր օգնում Արևելյանին»: Հետո մտածեց և ինքնաքննադատաբար ավելացրեց. «Ոչ, չափազանցրի: Մենք բոլորս այստեղ Արևելյան Գերմանիա ենք, պարզապես նրանք հետ մնացած մասն են»:
2017թ-ի ապրիլի 28-ի դրությամբ՝ ԵՄ հետ առանց վիզայի ռեժիմի ներմուծումից ուղիղ երեք տարի անց, սահմանը հատելու վիճակագրության համաձայն, դրանից օգտվել է երկրի 982 հազար քաղաքացի: Նրանցից ետ է վերադարձել 86,4%-ը: Այդ ընթացքում ավելի քան 9 հազար մոլդովացու՝ սահմանը հատածների ընդհանուր թվի մոտ 1%-ին, չի թույլատրվել մուտք գործել ԵՄ անդամ երկրներ:
Վիզային ռեժիմի ազատականացման շնորհիվ աճել է Շենգենյան գոտի Մոլդովայի քաղաքացիների այցելությունների հաճախականությունը: Այսպես, 2015թ-ին Շենգենի երկրներ է այցելել մոտ 20 հազարով ավելի շատ քաղաքացի, քան 2013թ-ին: Հիմնական ուղղությունները Բուլղարիան և Ռումինիան են: Գրանցվել է դեպի Հունաստան այցելությունների քանակի աճ: Առաջատարների թվում են Իտալիան, Ավստրիան, Ֆրանսիան և Գերմանիան:
Սակայն, FRONTEX-ի տվյալներով (գործակալություն, որը պատասխանատու է ԵՄ հետ սահմանների կառավարման համար), Մոլդովայի քաղաքացվիները դեռևս հաճախ են խախտում ԵՄ դրույթն ապօրինի միգրացիայի մասին:
2016թ-ի տվյալներով՝ Մոլդովան Ուկրաինայից և Վիետնամից հետո երրորդ տեղն է զբաղեցնում այն քաղաքացիների թվով, որոնք փորձել են ապօրինի հատել Եվրամիության սահմանը, և երրորդ տեղն է զբաղեցնում Ուկրաինայից և Ռուսաստանից հետո ապօրինի ռեզիդենտների թվով:
Մոլդովան այն երկրների առաջին հնգյակում է, որոնց քաղաքացիներին հաճախ են արգելում ԵՄ մուտք գործել:
Եվ վերջապես, Մոլդովայի քաղաքացիները հաճախ են կեղծ փաստաթղթեր օգտագործում: Այդ ցուցանիշով նրանք զիջում են միայն Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիներին:
Առաջին քայլեր
Այդ ընթացքում Վրաստանի քաղաքացիները սկսում են հարմարվել, որ Շենգենյան երկրներում օդանավակայանում նրանցից արդեն վիզա չեն պահանջում:
Նաթիա Կուպրաշվիլին պատմում է, որ շատ էր ուզում Եվրոպա ճամփորդության մեկնել առանց վիզայի ռեժիմի հենց առաջին օրը: Սակայն տոմսեր հնարավոր չէր գնել հսկայական պահանջարկի պատճառով: Արդյունքում իր առաջին առանց վիզայի ճամփորդության նա մեկնեց ավելի ուշ:
«Մենք գիտեինք, որ մեր փաստաթղթերը կարգին են, սակայն այնուամենայնիվ անհանգստանում էին, քանի որ սովոր էինք, որ մեզնից վիզա էին պահանջում: Ես ու երկու ընկերուհիներս Փարիզ հասանք և ամենաշատն ուրախացանք, որ հերթ կանգնեցինք այն շարքում, որտեղ մարդկանց վիզա պետք չէր: Անձամբ ես այդ ժամանակ զգացի, որ ես այստեղ օտար չեմ: Սահմանապահը նայեց իմ փաստաթղթերը, ինչ-որ բան ստուգեց և ասաց՝ բարի գալուստ: Եվ վերջ»:
Սակայն այլ վրացի զբոսաշրջիկների հետ ոչ ստանդարտ իրավիճակներ եղել են:
«Ես Գերմանիա էի թռչում: Փաստաթղթերս կարգին էին, սակայն ես անձնագիրս ցույց տվեցի սահմանապահին, և նա ինձնից վիզա պահանջեց: Ես բացատրեցի, որ ինձ այլևս վիզա պետք չէ, բայց դա նրա համար այնքան անհավանական էր, որ նա կտրականապես հրաժարվեց ինձ թողնել, սկսեց ինչ-որ տեղ զանգահարել: Երբ նրան ասացին, որ Վրաստանի քաղաքացիներին վիզա պետք չէ, նա ներողություն խնդրեց և ասաց, որ արձակուրդում էր և չգիտեր այդ մասին: Չմոռացավ շնորհավորել ինձ և ասաց, որ այժմ մենք օտար չենք», — պատմում է Լաշա Իմեդաշվիլին, որը Գերմանիա էր մեկնել առանց վիզայի ռեժիմի ուժի մեջ մտնելուց մի քանի օր անց:
Սակայն այդպիսի դեպքեր հազվադեպ են լինում: Առանց վիզայի ռեժիմի ուժի մեջ մտնելուց հետո Եվրոպա այցելած Վրաստանի քաղաքացիների մեծ մասն ասում է, որ սահմանին ոչ մի խնդիր չեն ունեցել:
Շենգենյան գոտու երկրների հետ Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմն ուժի մեջ է մտել 2017թ-ի մարտի 28-ին: ՆԳՆ տվյալներով՝ 2017թ-ի ապրիլին արտասահման է մեկնել 294 841 քաղաքացի, ինչը 60 հազարով ավելի շատ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Ճիշտ է, հստակ տվյալներ, թե որ երկրներ են մեկնել քաղաքացիները, ՆԳՆ-ն չի հրապարակում:
Եվրաինետգրման հարցերով խորհրդարանական կոմիտեի ղեկավար Թամար Խուլորդավան տվյալներ է նշում, որոնց համաձայն՝ մարտի 27-ից մինչև ապրիլի 27-ը Շենգենյան գոտու երկրներ է մեկնել Վրաստանի 11 700 քաղաքացի: Նրանցից ԵՄ թույլ չեն տվել մտնել ընդամենը 26 հոգու: Մերժման պատճառն, ըստ Խուլորդավայի, հիմնականում օբյեկտիվ հանգամանքներ են եղել՝ հիմնականում համապատասխան փաստաթղթերի բացակայությունը: Համեմատության համար. «Եվրոպական նախաձեռնություն – լիբերալ ակադեմիա» ոչ կառավարական կազմակերպության 2012թ-ին անցկացրած հետազոտության համաձայն՝ վրաստանի քաղաքացիներին վիզայի հարցում մերժումների ցուցանիշը 2007-2011թթ-ին կազմել է 9-11%: Այն դեպքում, երբ Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի քաղաքացիներինը՝ ընդամենը 1%:
Մանրամասն այն մասին, թե ինչպես են վերաբերվում ԵՄ հետ առանց վիզայի ռեժիմին չճանաչված Մերձդնեստրի Մոլդովական հանրապետությունում՝ շուտով JAMnews-ի ռպորտաժում: