Միրզոյան-Բայրամով․ ինչո՞ւ ձախողվեց արտգործնախարարների հանդիպումը Ստոկհոլմում
Միրզոյան-Բայրամով հանդիպում Ստոկհոլմում այդպես էլ չկայացավ։ Դեկտեմբերի 2-ին ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունը հայտնել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը բացառված չէ։ Ավելի վաղ տեղեկությունը հաստատել էր նաև ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչ Լյուկ Պիեր Դևինը։
JAMnews-ը ներկայացնում է պաշտոնական Երևանից և Բաքվից հնչած մեկնաբանությունները, համանախագահների տարածած հայտարարությունն ու փորձագիտական կարծիք։
- Կիպրոսում միաձայն ընդունվել է հայերի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձև
- Արցախյան կոնֆլիկտը քննարկել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարները
- «ՌԴ-ն ձևացնում է, թե մրցավար է»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
Դեկտեմբերի 1-3-ը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում էր` մասնակցելու ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովին։ Հենց այս համաժողովի շրջանակում էլ նախատեսվում էր անցկացնել Միրզոյան-Բայրամով հանդիպումը։
«Հայկական կողմը երբեք չի խուսափել հանդիպումներից»
Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ձախողման պատճառներին պաշտոնական Երևանն այդպես էլ չանդրադարձավ։
ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը Միրզոյանի աշխատանքային այցի ավարտից հետո՝ դեկտեմբերի 4-ին տեղեկացրեց, որ Բայրամովի հետ հանդիպում տեղի չի ունեցել։
«Ընդգծեմ, որ հայկական կողմը երբեք չի խուսափել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակներում հանդիպումներից»,- «Արմենպրեսին» ասել էր Հունանյանը։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Արցախյան խնդրի կարգավորման վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը վերահաստատել էր նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ավելի վաղ՝ դեկտեմբերի 1-ին համանախագահների հետ առանձնազրույցում։
Բաքուն մեղադրում է հայկական կողմին
Բաքուն որպես հանդիպման չեղարկման պատճառ նշում է Հայաստանի խորհրդարանական պատվիրակության այցը Ստեփանակերտ՝ այն որակելով որպես «սադրանք»։
«Դեկտեմբերի 3-ին նախատեսված հանդիպումից մի քանի ժամ առաջ Հայաստանը սադրանք է իրականացրել։ Այսպես, տեղեկություններ են հայտնվել Հայաստանի խորհրդարանականների՝ Ադրբեջանի Հանրապետության տարածքներ ապօրինի այցի հետ կապված։ Այսպիսով, ադրբեջանական կողմը, ի պատասխան Հայաստանի այդ սադրանքի, նպատակահարմար չի համարել Ստոկհոլմում երկու երկրների նախարարների հանդիպման անցկացումը»,- նշել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Լեյլա Աբդուլաևան։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-5-ը Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունը Ստեփանակերտ էր գործուղվել համատեղ խորհրդարանական լսումներ անցկացնելու նպատակով։
Համանախագահների արձագանքը
Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ առանձին հանդիպումներից հետո հայտարարությամբ հանդես եկան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), Իգոր Խովաևը (Ռուսաստան) և Բրիս Ռոքֆեյլը (Ֆրանսիա)։
Համանախագահներն իրենց ափսոսանքն էին հայտնում, որ Ստոկհոլմում հնարավոր չի եղել իրենց հովանու ներքո անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հանդիպումը։
«Համանախագահները ցավում են, որ Ստոկհոլմում հնարավոր չի եղել իրենց հովանու ներքո անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հանդիպում։ Նրանք պատրաստակամություն են հայտնում կազմակերպել նման հանդիպում, հենց որ հանգամանքները թույլ տան՝ շարունակելու համար սեպտեմբերին Նյու Յորքում և նոյեմբերին Փարիզում սկսված քննարկումները»,- ասված է հայտարարությունում։
Քաղաքագետի կարծիք
Պատգամավորների այցն Արցախ Ադրբեջանի համար պատրվակ էր։ Քաղաքագետ Բենիամին Պողոսյանի կարծիքն է։
Ասում է՝ Միրզոյան-Բայրամով չկայացած հանդիպումն ավելի շուտ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների անարդյունք և փոխվարչապետների ձախողված հանդիպումների հետևանք էր։
Հայաստանցի պաշտոնյաների Արցախ կատարած այցերին Ադրբեջանն առավել սուր է արձագանքում՝ սկսած Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից։ Պաշտոնական Բաքուն քննադատություններ է հնչեցրել նախկին ԱԳ նախարար Արա Այվազյանի, նախկին ՊՆ նախարար Արշակ Կարապետյանի այցերից հետո՝ դրանք որակելով որպես լարվածություն հրահրելու փորձ։ Վերջին դեպքում հայտարարություններից բացի ադրբեջանական կողմը նաև գործողություններ ձեռնարկեց՝ սրելով իրավիճակը սահմանին։
Բենիամին Պողոսյանի դիտարկմամբ՝ Հայաստանի առջև դրվել է Արցախ չայցելելու պահանջ, և այդ պահանջը բավարարվել է․
«Փաշինյանի առջև դրվել է պահանջ, նա այդ պահանջին համաձայնվել է, կարծում եմ՝ մոտավորապես 13 ամիս առաջ, այսինքն՝ 2020 թվականի նոյեմբերի 8-9-ին», — «Ազատության» հետ զրույցում ասել է Պողոսյանը։
Քաղաքագետի գնահատմամբ՝ Ադրբեջանի նպատակը ռազմական շանտաժի ու ճնշման արդյունքում Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելն է, ինչպես նաև Հայաստանի տարածքով միջանցք ստանալը․
«Այդ ռազմական շանտաժի քաղաքականությունը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ կա՛մ Հայաստանը չի տվել իր համաձայնությունն Ադրբեջանի պահանջներին, կա՛մ քանի դեռ ՀՀ զինված ուժերը ցույց չեն տվել, որ Ադրբեջանի ռազմական շանտաժը չի աշխատում»: