«Հայամետ լուծումներ չեն սպասվում»․ հայ քաղաքագետները Միրզոյան-Բայրամով հանդիպման մասին
Միրզոյան-Բայրամով բանակցությունների երկրորդ փուլ
Հունիսի 27-ից Վաշինգտոնում կմեկնարկի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը: Այս մասին հայտարարել է պաշտոնական Երևանը։ Ավելի վաղ վարչապետը նշել էր՝ հայկական կողմի դիրքորոշումը մնում է նույնը՝ գործադրել բոլոր ջանքերը խաղաղության հաստատման և հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքելու համար:
«Պատվիրակությունը Միացյալ Նահանգներ է մեկնում հենց այս տրամադրվածությամբ»,- վստահեցրել էր Նիկոլ Փաշինյանը։
Հայաստանյան վերլուծաբանները, սակայն, կարծում են՝ երկրի վարչապետի հայտարարություններն արվել են դիվանագիտական նկատառումներով, փաստաթղթի ստորագրում այս անգամ էլ չեն ակնկալում։
«Դիրքորոշումները տարամետ են», սակայն հանդիպումները շարունակվում են
Սա ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ Միրզոյան-Բայրամով բանակցությունների երկրորդ փուլն է։ Այն նախատեսված էր հունիսի 12-ին, սակայն Բաքվի խնդրանքով հետաձգվել էր։
Բանակցությունների առաջին փուլը տեղի էր ունեցել մայիսի 1-4-ը։ Հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարություն չէր ստորագրվել, կողմերը սահմանափակվել էին մամուլի հաղորդագրությամբ, որում արձանագրվում էր՝ «մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ»։
Առանցքային հարցերի շուրջ տարաձայնությունների առկայության մասին բազմիցս է բարձրաձայնվել։ Հայ վերլուծաբանների համոզմամբ՝ այդ հարցերը երեքն են․
• սահմանազատման քարտեզներ,
• խաղաղության պայմանագրի միջազգային երաշխիք,
• Բաքու-Ստեփանակերտ երկխոսության մեխանիզմ։
Հայաստանն ու Ադրբեջանը այդ հարցերը քննարկելու հնարավորություն կունենան ինչպես Վաշինգտոնում, այնպես էլ Բրյուսելում։ Նախնական պայմանավորվածության համաձայն՝ հուլիսի 21-ին Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ այնտեղ կհանդիպեն երկրների ղեկավարները։
Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է անցկացնել նաև սահմանագծման հանձնաժողովի նիստ, վարչապետի փոխանցմամբ՝ նիստն անցկացնելու սկզբունքային պայմանավորվածություն կա:
«Հայաստանը պատրաստ է նաև օր առաջ տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական ուղիների ապաշրջափակմանը կողմերի ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների ներքո»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
«Առաջընթաց կարող ենք սպասել»
Լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Բանակցությունները բավականին ինտենսիվ են ընթանում, առաջարկները և քննարկումները երկու կողմից էլ արդյունք են տալիս։ Եվ փոփոխությունները՝ մի տեղ մենք ենք ձևակերպումների հետ համաձայնում, մի տեղ՝ ադրբեջանական կողմը»,- ասել է նա և հավելել, որ այս պահի դրությամբ տեսնում է՝ առաջընթաց կա։
Խորհրդարանի խոսնակը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստվում է խաղաղության և Ադրբեջանին կոչ արել «խոսել և գործել այդ տրամաբանությամբ»․
«Միջազգային բոլոր հնարավոր մեխանիզմներով պետք է հասնենք նրան, որ Հայաստանը և Ադրբեջանը կնքեն երկարատև, վստահելի, միջազգային հեղինակավոր որևիցե երկրի, կառույցի, ֆորմատի ներքո՝ որպես երաշխավոր, պայմանագիր, ապահովեն ԼՂ ապրող հայ ժողվորդի իրավունքների և ազատությունների իրականացումը»։
Նրա դիտարկմամբ՝ Հայաստանը բոլոր միջազգային լծակներն օգտագործելու է և Բաքվին թույլ չի տալու էթնիկ զտումներ իրականացնել Արցախում։
Սիմոնյանը չի հստակեցրել՝ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների հարցը ամրագրվելու է խաղաղության պայմանագրում, թե մեկ այլ փաստաթղթով։ Սակայն վստահեցրել է՝ կարևորագույն հարց է, որը չի կարող «ուղղակի մոռացության մատնվել»․
«Եթե այդ հարցը չքննարկվեց, չներառվեց և հարցի լուծումը չեղավ, նշանակում է՝ առնվազն այդ բանակցությունների մեծ մասն անիմաստ խոսակցություններ կարող են համարվել»։
Նկատել է՝ կնքվելիք խաղաղության պայմանագիրը պետք է երաշխավոր կամ երաշխավորներ ունենա, որպեսզի չկրկնվի 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի փաստաթղթի օրինակը, երբ երաշխավոր հանդիսացող երկիրը «գործողություն չի անում կամ չի կարողանում անել»։
Մեկնաբանություններ
Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արեգ Քոչինյանն ասում է՝ քանի դեռ առանցքային հարցերի վերաբերյալ մոտեցումները հստակեցված չեն, փաստաթղթի ստորագրման մասին խոսք լինել չի կարող․
«Չեմ կարծում, թե վարչապետը կոնկրետ խոսում էր, որ գնում են Վաշինգտոն, էդ թուղթը ստորագրելու, գնում են ամեն ինչ անեն, որպեսզի էդ թուղթը կազմվի»։
Կարծում է՝ իրական խաղաղության հասնելու համար պետք է ոչ թե մեկ, այլ բազմաթիվ բաղադրիչների համադրմամբ ձևավորված լուծում։
Այդ բաղադրիչներն են՝
- խաղաղության պայմանագիրը,
- Հայաստանի ինքնապաշտպանական կարողությունների վերականգնումը,
- Հայաստանի աշխարհաքաղաքական ուղղության փոփոխությունը,
- որոշակի իրավաքաղաքական և միջազգային հարաբերությունների կոնյուկտուրայում Հայաստանի տարածքային ամբողջականության երաշխիքների ստեղծումը։
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքով՝ Փաշինյանի հայտարարությունն ավելի շատ դիվանագիտական, մարտավարական նկատառումներով է արվել։ Ցույց տալու համար, որ հայկական կողմը տրամադրված է կառուցողական բանակցության և խաղաղության համաձայնագրի հարցում առաջընթացի։ Բադալյանի խոսքով՝ առկա հարցերի քննարկմանը զուգահեռ վաշինգտոնյան հանդիպմանը պետք է հստակ գնահատականներ տրվեն նաև Ադրբեջանի գործողություններին, մասնավորապես՝ սահմանային միջադեպերին․
«Եթե այս իրավիճակը չի կառավարվում, այդ թվում՝ խաղաղության հանձնառություն ունեցող դերակատարների կողմից, ապա սա կարող է խանգարել բանակցային գործընթացի որևէ առաջընթացի։ Իսկ եթե այս ամենը տեղավորվում է այդ նույն տրամաբանության մեջ, դա ևս հարցեր է առաջացնում՝ ինչպե՞ս կարող է լոյալություն լինել Ադրբեջանի՝ լարվածության տանող քաղաքականության հանդեպ»։
Ադրբեջանական կողմը շարունակում է տարբեր զինատեսակներից կրակ բացել ոչ միայն հայկական դիրքերի, այլև խաղաղ բնակչության ուղղությամբ։ Վերջին շաբաթներին բազմիցս թիրախավորվել է Նախիջևանի սահմանին գտնվող Երախս գյուղը, մասնավորապես՝ այնտեղ կառուցվող հայ-ամերիկյան գործարանը, վիրավորվել է երկու հնդիկ շինարար։ Բաքուն լարվածություն է պահպանում նաև Գեղարքունիքի և Սյունիքի սահմանամերձ բնակավայրերում, Լեռնային Ղարաբաղում։
Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ, քաղաքագետ Տիգրան Գրիգորյանն ասում է՝ Երևանից և Ստեփանակերտից գրեթե ամենօրյա ռեժիմով հաղորդվող հրադադարի խախտման մասին լուրերը խոսում են այն մասին, որ բանակցություններին զուգահեռ Բաքուն նաև ուժային ճնշմամբ է փորձում զիջումներ կորզել։
«Փորձելու է նաև ռազմական ճնշման միջոցով ստիպել, որպեսզի թե՛ Երևանը և թե՛ Ստեփանակերտը հրաժարվեն ընդհանրապես բոլոր դիրքորոշումներից, որպեսզի դա մեծ հաշվով միակողմանի ինչ-որ փաստաթուղթ լինի, որն ամբողջությամբ կհամապատասխանի ադրբեջանական պատկերացումներին»,— ընդգծել է նա։
Գրիգորյանի կարծիքով՝ այս փուլում «ինչ-որ հայամետ լուծումների մասին» խոսելն անիմաստ է, կան «վատ ու ավելի վատ լուծումներ»։
Նկատել է՝ նույնիսկ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո կողմերի միջև առանցքային տարաձայնությունները պահպանվում են։ Օրինակ է բերել անկլավների, Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման հարցերը։ Ըստ նրա՝ հիմնական խնդիրը շարունակում է մնալ Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը, որն ադրբեջանական կողմը «կտրուկ մերժում է»։
Քաղաքագետը կարծում է՝ միջնորդները պետք է ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա, որպեսզի նա հրաժարվի մաքսիմալիստական դիրքորոշումներից և գնա փոխզիջումների վրա հիմնած լուծումների։ Անդրադառնալով խաղաղության պայմանագրի նախագծին՝ Տիգրան Գրիգորյանը նկատել է՝ ներկա պահին քննարկվում է շրջանակային պայմանագիր, այսինքն՝ ընդհանրական փաստաթուղթ ստորագրելու հնարավորությունը։
Շեշտել է՝ այս դեպքում նույնպես կան որոշակի ռիսկեր․ չկա երաշխիք, որ կնքումից հետո Ադրբեջանը չի շարունակի ուժային գործիքակազմ կիրառել Հայաստանի նկատմամբ։
«Եթե հիմա Ադրբեջանն իր զորքերը չի հանում Հայաստանի տարածքից, ապա հավանականությունը մեծ է, որ նման քայլի չի դիմի պայմանագրի կնքումից հետո»,- ասել է նա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Միրզոյան-Բայրամով բանակցությունների երկրորդ փուլ