Ո՞վ և ինչո՞ւ է սրել իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։ Արդյո՞ք դա կարող էր Ռուսաստանը լինել
Արդյո՞ք Ռուսաստանը կարող էր կապ ունենալ հուլիսի 12-15 Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած ակտիվ մարտական գործողությունների հետ։ Արդյո՞ք դա կարող էր չենթարկվող վարչապետին «պատժելու» նպատակ ունենալ։ Արդյո՞ք իր դերն է խաղացել Թուրքիայի և Ռուսաստանի միջև սրացած մրցակցությունն, այդ թվում՝ գազամուղի հետ կապված։
Մանրամասն դիտարկենք այս և այլ վարկածներ։
Հուլիսի 12–ին Հայաստանի Տավուշի մարզի և Ադրբեջանի Թովուզի շրջանի սահմանին համեմատաբար ոչ մեծ միջադեպ է տեղի ունեցել․ ադրբեջանական ԶՈւ ՈւԱԶ մեքենան սկսել է մոտենալ հայկական դիրքերին։
Այդ միջադեպն անսպասելիորեն վերածվել է մասշտաբային բախման՝ երկու կողմերից էլ դրոնների և հրետանու կիրառմամբ։ Բախումները շարունակվել են մինչև հուլիսի 15–ը, երբ համեմատական անդորր է հաստատվել։
Հայկական կողմն ասում է, որ մահացել է չորս զինծառայող։
Ադրբեջանական կողմը խոսում է 12 զոհի մասին, այդ թվում՝ կորպուսի շտաբի պետի, կորպուսի հրետանու պետի և այլ սպաների։
Ըստ Հայաստանի տվյալների՝ ադրբեջանական կողմը նաև մոտ 10 դրոն է կորցրել։
Հայաստանի պաշտպանության նախարարությունն ադրբեջանական «Elbit Hermes 900» անօդաչու թռչող սարքի խոցման տեսանյութ է հրապարակել, որը կրակի կառավարման համակարգ ունի։ Այն արժե մոտ 30 մլն դոլար։
● Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ավելի հանգիստ է փոխհրաձգության չորրորդ օրը
Վարկած․ Ռուսաստանը փորձում է վերահսկել վարչապետ Փաշինյանին
Ռուսաստանի ազդեցության տակ գտնվող տեղեկատվական դաշտում ակտիվորեն քննարկվում է վարկածը, թե հենց այդ երկիրն է կանգնած Տավուշի սադրանքի հետևում։
Եվ դա բացատրվում է նրանով, որ Ռուսաստանը դեմ չէ պատժել անհնազանդ, իրեն չենթարկվող վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Փաստարկներից մեկն այն է, որ Ռուսաստանն ու նրա ստեղծած ՀԱՊԿ ռազմական դաշինքը Հայաստանին բացահայտ աջակցություն չի հայտնել, ինչպես, օրինակ, Թուրքիան է հայտնել Ադրբեջանին։ Եվ սա այն դեպքում, երբ Երևանը համառորեն մեղադրում էր Բաքվին ՀԱՊԿ անդամ երկրի նկատմամբ սադրանքի համար։
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Ռուսաստանին օգնության չէր կանչում։ Սակայն ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ խոսելիս հայտարարել է, որ, խախտելով հրադադարի ռեժիմն՝ Ադրբեջանն, այդ թվում, ոտնձգություն է կատարել Հայաստանի տարածքում գտնվող ԶՈւ հենակետի նկատմամբ։
Սակայն Ռուսաստանը Պուտինի մամուլի քարտուղարի մակարդակով ընդամենն առաջարկել է լարվածության կարգավորման հարցում միջնորդ լինել։ Ինչին Երևանը պատասխանել է, որ հայկական բանակը վերահսկում է իրավիճակն ու օգնության կարիք չի զգում։
Վարկած․ «գազային վեճը» Թուրքիայի և Ռուսաստանի միջև
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Հայկ Գաբրիելյանի կարծիքով՝ սրացումը կարող էր սադրած լինել Թուրքիայի և Ռուսաստանի միջև գազային հակամարտությունը։
Նրա խոսքով՝ Թուրքիային մատակարարվող ռուսական գազի ծավալը նվազել է 40%–ով, դրա փոխարեն շուտով պետք է ավելանա ադրբեջանական գազի մատակարարումը Թուրքիային և Եվրոպային Բաքու–Թբիլիսի–Էրզրում գազատարով, որն անցնում է Ադրբեջանի Թովուզի շրջանով։
Այդ շրջանը սահմանակից է հայկական Տավուշին, որտեղ էլ բախումներ են տեղի ունենում։
Փորձագետը կարծում է, որ Թուրքիան փորձում է Ադրբեջանում տեղակայել իր զինվորականներին՝ ռուսական սադրանքներից գազատարը պաշտպանելու համար։
Գաբրիելյանը չի բացառում նաև, որ «ինչ–որ մեկը մտադրվի պայթեցնել գազատարն ու պատասխանատվությունը գցել Հայաստանի վրա»։
Վարկած․ Լիբիայի և Սիրիայի հետ կապված հարցերով մրցակցություն Թուրքիայի և Ռուսաստանի միջև
Այս վարկածը հետևյալ կերպ է հնչում․ Թուրքիան փորձում է ակտիվությունը տեղափոխել հայ–ադրբեջանական հակամարտության գոտի, որպեսզի Ռուսաստանի հետ սակարկի լիբիական և սիրիական հարցերը։
Ղարաբաղյան հակամարտությանը միջամտելու համար Թուրքիան մանդատ չունի, փոխարենն կարող է միջամտել, եթե խոսքը գնա Նախիջևանի մասին, որի հարցում, ըստ 1921 թ–ի Կարսի պայմանագրի, Ադրբեջանի ներկայացուցիչն է հանդիսանում։
Ի՞նչ է լինելու
Նշված վարկածներից որևէ մեկը դեռ չի հաստատվել։
Ըստ ամենայնի՝ իրադարձություների հետագա զարգացման համար առանձնահատուկ նշանակություն ունի միջազգային արձագանքն իրադարձություններին։
Այն այսպիսի տեսք ունի։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Ռուսաստանն, ԱՄՆ–ն և Ֆրանսիան, որոնք միջնորդում են ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացին, զսպվածության կոչ են արել և ենթադրություն հայտնել, որ, հնարավոր է, դիտորդներին պետք է տարածաշրջան վերադարձնել և շարունակել ԵԱՀԿ մշտադիտարկումները։
Դրանք դադարել են 2020 թ–ի մարտին կորոնավիրուսի համավարակի պատճառով։
ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման նույնպես կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ վերադառնալ հրադադարի ռեժիմին։
Նույնպիսի կոչեր են արել ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշն ու ԱՄՆ պետքարտուղարությունը։
Ամերկայի հայկական համագումարը հաղորդել է, որ «Հայաստանի սահմանների նկատմամբ ագրեսիայի առնչությամբ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հուլիսի 20–ին կքննարկի Ադրբեջանին տրամադրվող ռազմական հատկացումների կասեցման հարցը»։
Հարևան Վրաստանն ու Իրանը չեզոք դիրք են զբաղեցրել, ինչին ըմբռնումով է մոտենում պաշտոնական Երևանը։
Ուկրաինան Ադրբեջանին աջակցություն է հայտնել՝ հայտարարելով տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտության մասին, ինչը վրդովմունք է առաջացրել Հայաստանում։
Ինչպես սպասվում էր, Ադրբեջանին անվերապահ աջակցություն է հայտնել Թուրքիան։ Հայաստանի ԱԳՆ–ն վրդովմունք է հայտնել նաև այս առթիվ, քանի որ Թուրքիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է, որը ստեղծվել է բանակցությունների համար։