Միշայի ուկրաինական ճեղքումը. ի՞նչ է լինելու հետո
Միխայիլ Սահակաշվիլին լեհ-ուկրաինական սահմանին: 10.09.2017 REUTERS/ Վալենտին Օգիրենկո
Երբ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենյոն Ուկրաինայի քաղաքացիությունից զրկեց իր նախկին համակուրսեցուն և քաղաքական դաշնակցին, մինչ նա ԱՄՆ-ում էր, ապա իրականում նրան նոր շանս տվեց: Օդեսայի մարզում մարզպետության անհաջող փորձից հետո Սահակաշվիլիի արժեթղթերն ուկրաինական քաղաքականությունում արժեզկվեցին: Պորոշենկոյի հետ մոտ հարաբերությունների կամ այլ պատճառով նա փչացրեց հարաբերությունները շատ պոտենցիալ դաշնակիցների հետ, և նրա անձնական համբավը նույնպես սկսեց նվազել: Նրա «Նոր ուժերի շարժում» կուսակցությունը չէր կարող պարծենալ բարձր վարկանիշով: Իսկ Ուկրաինայի մասշտաբով ուժեղանալու համար ռեսուրս գրավելը թեթև խնդիր չէր:
Գրեթե հորինված պատճառներով նրան քաղաքացիությունից զրկելը Սահակաշվիլիին բարոյական գերազանցություն տվեց. նա ներկայացավ ոչ միայն որպես հետապնդվող, այլ նաև որպես զգալի ընդդիմադիր ֆիգուր, այլապես ինչո՞ւ պետք է Պորոշենկոն նրանից զգուշանար:
Նրա փոխարեն ցանկացած մեկը քաղաքացիություն ստանալու համար կդիմեր բարեկամական երկրներից մեկի իշխանություններին, կնստեր այնտեղ և կսկսեր տարբեր երկրների լրատվամիջոցներին հարցազրույցներ տալ այնքան ժամանակ, քանի դեռ դրությունն Ուկրաինայում կամ Վրաստանում չէր փոխվի իր օգտին: Սակայն Միշան այլ խառնվածք ունի. նրան անհրաժեշտ է մշտապես ուշադրության կենտրոնում լինել: Այդ պատճառով էլ նա որոշեց Պորոշենկոյից ստացած քաղաքական նվերն այլ կերպ օգտագործել:
Լեհ-ուկրաինական սահմանին սեպտեմբերի 10-ի քաղաքական պերֆորմանսը Սահակաշվիլիի համար հիանալի անցավ, իսկ ուկրաինական կառավարության համար՝ սարսափելի: Սահակաշվիլիի կողքին կանգնեցին ուկրաինական ընդդիմության կարևոր ներկայացուցիչներ, իսկ ավելի հստակ՝ տվյալ պահին Ուկրաինայի ամենավարկանիշային «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն և Լվովի քաղաքապետը և այսօրվա դրությամբ Ուկրաինայի ամենապոպուլյար քաղաքական գործիչներից մեկը՝ Անդրեյ Սադովին: Այսպիսով, ընդդիմության ծանրության կենտրոնը տեղափոխվեց այնտեղ, ուր գտնվում է Սահակաշվիլին: Հավատարիմ համախոհները սպասում էին սահմանի ուկրաինական կողմից: Իսկ երբ իշխանություններն արգելեցին տեղից շարժվել գնացքին, որով Սահակաշվիլին և նրա շրջապատը մտադիր էին հատել սահմանը, դրանով ևս մեկ անգամ ի ցույց դրեցին իրենց վախերը՝ միաժամանակ ապացուցելով Սահակաշվիլիի իրավացիությունը: Իսկ երբ Սահակաշվիլին լքեց գնացքն ու որոշեց սահմանը հատել, նրան ասացին, որ ճանապարհն ականապատված է, ինչը խղճուկ սուտ էր: Կուլմինացիան. այն բանից հետո, երբ Սահակաշվիլին հայտնվեց չեզոք գոտում, նրա համախոհները ճեղքեցին ոստիկանական շարքերն ու, իրենցով պաշտպանելով նրան, տեղափոխեցին Ուկրաինա: Այդ իրավիճակում Պորոշենկոն (և պետությունը, որի առաջնորդն է նա) ներկայացավ որպես թույլ և շփոթված, իսկ Սահակաշվիլին՝ որպես հաղթանակած, իսկական անվախ ժողովրդական առաջնորդ, որն ունակ է ռիսկի դիմել և հաղթել:
Արդյունքում նա ոչ միայն վերադարձավ խաղ, այլ նաև ուկրաինական քաղաքականության կենտրոն: Մյուս կողմից, ոգեշնչում և նոր էներգիա բերեց Վրաստանում իր համախոհներին, որոնք ևս մեկ անգամ տեսան, որ Միշան ուժեղ է և շարունակում է հաղթել: Սակայն Միշան հաղթեց միայն մարտն, այլ ոչ թե պատերազմը: Պորոշենկոն կարող է սահմանին կատարվածն իր օգտին օգտագործել: Եթե այդ դրվագը դիտարկենք նրա տեսանկյունից, ապա օրենքի կոպիտ խախտում է տեղի ունեցել ամբոխի կողմից, որը ոգեշնչվել է էքստրեմիստ առաջնորդի կողմից: Իշխանությունների կողմնակիցներն արդեն սկսել են Սահակաշվիլիի ճեղքումը համեմատել Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների հետ: Այժմ Պորոշենկոն հնարավորություն ունի օրինականորեն հետապնդելու Սահակաշվիլիին և նրա համախոհներին, նրանց, ովքեր, ուժ օգտագործելով, անցկացրին Սահակաշվիլիին ուկրաինական սահմանով: Այս դեպքում Պորոշենկոն իրոք իրավաբանական հիմքեր ունի:
Ավելին, նա կարող է Սահակաշվիլիին Վրաստանին արտահանձնել: Նախկինում այդ սցենարը տեսական բնույթ էր կրում, իսկ այժմ իրականություն է դառնում: Վրացական իշխանությունը կարող է արտահանձնում պահանջել՝ հույս ունենալով, որ այդպիսի բան երբեք տեղի չի ունենա: Դա մենք հասկացանք ներքին գործերի նախարարի հեռախոսազրույցից փրանքերի հետ, որը ներկայացել էր որպես ուկրաինացի գործընկեր, չնայած որ առանց դրա էլ կարելի է կռահել վրացական իշխանությունների տրամադրությունների մասին: Սակայն եթե Պորոշենկոն իրոք որոշի կալանավորել Սահակաշվիլիին և արտահանձնել, ապա վրացական իշխանությունները նահանջելու տեղ չեն ունենա. ստիպված են ընդունել Սահակաշվիլիին և նրան բանտ նստեցնել: Դա կհարուցի նրա կողմնակիցների բողոքն ու կարող է անկարգություններ առաջացնել արդարադատության ընտրական լինելու վերաբերյալ արևմուտքի մեղադրանքներին զուգահեռ:
Սակայն ի՞նչ է ձեռնարկելու Պորոշենկոն: Սահակաշվիլիի և նրա կողմնակիցների հաշվարկներով՝ կառավարությունը դրան չի գնա, քանի որ ուժ կիրառելու իշխանությունների փորձը կարող է հզոր բողոք առաջացնել, իսկ Արևմուտի կողմից՝ ավտորիտարիզմի մեղադրանքներ: Իրավիճակը վերջնականապես կխճճվի: Եթե Սահակաշվիլիի շուրջ լուրջ ընդդիմության կրիստալացում և միավորում տեղի ունենա, ապա դրա հետ պետք է հաշվի նստել:
Երբ Սահակաշվիլին հայտարարեց ուկրաինական սահմանը հատելու մասին, իրավիճակն անկանխատեսելի դարձավ. սակայն այժմ այն ավելի է խճճվում:
Միակ բանը, որը բացարձակապես պարզ է. խաղադրույքներն անասելի կերպով բարձրացել են: Եվ որ երկու կողմերն էլ շատ խոցելի տեղեր ունեն: Պորոշենկան միաժամանակ ներկայանում է և որպես ավտորիտար, և թույլ: Սակայն այն, ինչ արեց Սահակաշվիլին կիրակի, կարելի է դիտարկել որպես հուսահատության ակտ: Ինչպես պոկեր խաղացողի մոտ է լինում, երբ պարտվելիս վա-բանկ է գնում այն դեպքում, երբ իր դիրքերը բավականաչափ ամուր չեն: Նա հույս ունի, որ Պորոշենկոյի կոռումպացված և անարդյունավետ ռեժիմի դեմ ուկրաինացիների բողոքը եռման աստիճանի կհասնի. միայն այդ դեպքում նա համեմատաբար պաշտպանված կլինի, սակայն դեռևս չի երևում, որ ուկրաինացիները նոր Մայդանի տրամադրված են: Հնարավոր է, որ Ուկրաինայի կառավարությունը Սահակաշվիլիի դեմ այն ուղերձն օգտագործի, որը «Վրացական երազանքին» հաջողություն բերեց 2016թ-ին. «Այո, պարոնա՛յք, հնարավոր է, մեր կառավարությունը թույլ է, սակայն Միշան անկարգություններ է բերում: Ձեզ պե՞տք են անկարգություններ ու խառնաշփոթ»: Վրաստանում չուզեցին: Ուկրաինացիների տրամադրվածության մասին չգիտեմ:
Մյուս կողմից, արդյո՞ք Սահակաշվիլին նորմալ ուղի ունի դեպի խորհրդարանական քաղաքականություն: Օդում շատ հարցեր են կախված մնացել:
Գիա Նոդիա, «Խաղաղության, ժողովրդավարության և զարգացման կովկասյան ինստիտուտի» նախագահ
* Տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պատկանում են հրապարակման հեղինակին և պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի