Ադրբեջանը ՄԻԵԴ-ի 7 որոշումներով կվճարի ավելի քան 230 հազար եվրո
ՄԻԵԴ որոշումները Ադրբեջանի վերաբերյալ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է 7 որոշում և վճիռ՝ Ադրբեջանից ուղարկված ավելի քան 30 հայցերի վերաբերյալ։ Քննված գործերի թվում են լրագրող Ֆիքրեթ Իբիշբեյլիի, ընդդիմադիր քաղաքական գործիչ և նախկին քաղբանտարկյալ Յադիգար Սադիգլիի, ինչպես նաև ԼԳԲՏ մի խումբ ներկայացուցիչների բողոքները։ Այս բոլոր գործերով կառավարությունը պարտավորվել է վճարել ընդհանուր առմամբ ավելի քան 230 հազար եվրո։
- Նոր միտում Ադրբեջանում` ձերբակալվում են նաև կին լրագրողներ
- «Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելը խիստ վտանգավոր կլինի»․ կարծիք
- «ԵՄ-ն կարող է օգնել Հայաստանին, բայց ոչ լուծումներ պարտադրել»․ Պետեր Ստանո
Կառավարությունն ընդունել է ԼԳԲՏ անձանց իրավունքների խախտումը, սակայն նրանք դժգոհ են դատարանից
Ապրիլի 11-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է որոշում ԼԳԲՏ համայնքի 24 ներկայացուցիչների բողոքի վերաբերյալ։ Բողոքը կապված էր 2017 թվականի սեպտեմբերին Ադրբեջանում ԼԳԲՏ անձանց զանգվածային ձերբակալությունների և վարչական կալանքների հետ։ Նրանք բողոքում են, որ կալանքի մեջ գտնվելու ընթացքում ենթարկվել են ոտնձգությունների և վատ վերաբերմունքի, ինչպես նաև հարկադիր բժշկական զննումների՝ պայմանավորված իրենց սեռական կողմնորոշմամբ։
Կառավարությունն ընդունել է հայցվորների իրավունքների խախտումները և պատրաստակամություն հայտնել նրանց վճարել 125 հազար եվրո փոխհատուցում և ևս 3000 եվրո՝ դատական ծախսերի համար։
ՄԻԵԴ-ը ցուցակից հանել է հինգ հայցվորների՝ մեկին մահվան պատճառով, մյուսներին՝ անհայտ պատճառներով, և որոշել է ավարտել գործի քննությունը՝ հաշվի առնելով փոխհատուցում վճարելու կառավարության պատրաստակամությունը:
Այնուամենայնիվ, ինչպես Turan-ին հայտնել է հայցվորների շահերը ներկայացնող փաստաբան Սամեդ Ռահիմլին, իր հաճախորդները համաձայն չեն առաջարկվող «հաշտության համաձայնագրի» հետ և որոշում են ակնկալում:
Ռահիմլին բացատրել է, որ կառավարության միակողմանի հայտարարությունը որևէ պարտավորություն չի դնում իշխանությունների վրա՝ կապված ԼԳԲՏ անձանց իրավունքների ոտնահարման մեջ ներգրավված ուժայինների և այլ անձանց անօրինական գործողությունները հետաքննելու հետ:
Որոշման բացակայությունը թույլ չի տալիս նաև նախաձեռնել Ադրբեջանում հակախտրական օրենքի ընդունումը։
Հայցվորների անունները չեն բարձրաձայնվում։ Նրանցից ոմանք, վախենալով հետագա հետապնդումներից, լքել են Ադրբեջանը։
Տուգանք տեղեկատվության համար, ընտրական և հավաքների ազատության իրավունքների ոտնահարում
ՄԻԵԴ-ը նաև որոշում է կայացրել Ադրբեջանից մի շարք այլ գործերի վերաբերյալ, այդ մասին հայտնում է իրավական տեղեկատվական կայքը։
Այսպես, լրագրող Ֆիքրեթ Իբիշբեյլին բողոքել է 500 մանաթի տուգանքից [մոտ 300 դոլար]՝ 2022 թվականին Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի մասին տեղեկատվություն տարածելու համար։ Կառավարությունն ընդունել է նրա իրավունքների խախտումը և համաձայնել է նրան վճարել 2250 եվրո փոխհատուցում։
«Յադիգար Սադիգլին և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործը ներառում է 15 ընդդիմադիրների և քաղհասարակության ակտիվիստների բողոքները 2020 թվականի փետրվարի 9-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրենց իրավունքների ոտնահարման վերաբերյալ։
Իշխանություններն ընդունել են հայցվորների իրավունքների խախտումը և համաձայնել են նրանցից յուրաքանչյուրին վճարել 4500 եվրո փոխհատուցում։
Նույնաբովանդակ բողոք են ներկայացրել ևս 9 հայցվորներ, դրանք միավորվել են «Սաքիտ Մամեդովն ու մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով։ Այս դեպքում ևս կառավարությունը հաշտություն է առաջարկել և համաձայնել է հացվորներին վճարել 4750 եվրո՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում։
Գյունել Սաֆարովայի բողոքը կապված էր ընտրությունների ժամանակ իր իրավունքների ոտնահարման հետ, սակայն այն հանվել է քննվող գործերի ցանկից, քանի որ նա չի շարունակել հաղորդակցությունը Ստրասբուրգի դատարանի հետ։
Եվս 10 հայցվորների կվճարվի 1750-ական եվրո՝ կապված հավաքների ազատության խախտման վերաբերյալ բողոքների հետ։