Միասնական արժույթ՝ մեդալի երկու կողմերը
Եվրասիական տնտեսական միության անդամ-պետություններում (ԵՏՄ) տևական ժամանակ է քննարկվում է միասնական արժույթ ունենալ-չունենալու նպատակահարմարությունը: Տնտեսագետների մի մասը կարծում է, որ միասնական արժույթը դրական ազդեցություն կունենա անդամ-երկրների տնտեսությունների զարգացման վրա, իսկ մյուս մասը վստահեցնում է, որ շտապողականությունն այս հարցում վնաս կհասցնի կառույցի անդամներին:
Այսպիսով, պետք է հասկանալ, թե որ հայտարարության փաստարկներն են առավել ծանրակշիռ:
Միասնական արժույթով ՝ վերադարձ «սովետ միություն»
Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի գնահատմամբ, միասնական արժույթ ստեղծելու հարցը ամենևին էլ տնտեսական զարգացման նպատակներ չի հետապնդում, սա քաղաքական հարց է` ԵՏՄ-ն Խորհրդային միության վերածելու պուտինյան գաղափար.
«Եվրասիական տնտեսական միություն կոչվածը ընդամենը շղարշ է, որի հետևում Ռուսաստանը վարում է՝ հետխորհրդային պետությունները կլանելու և պետականությունները լիկվիդացնելու քաղաքականություն»:
Որքանով է դա իրատեսական
Եվրամիությունում, որը միասնական արժույթ ունեցող միակ տարածքն է, այդ համակարգը ներդրվել է ավելի քան կես դարի ընթացքում: ԵՏՄ-ին ևս միասնական արժույթին անցնելու համար տարիներ են պետք:
«Եվրոպան ինտեգրացիոն գործըթնացները սկսկել է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, բայց միասնական արժույթը հաջողվեց մտցնել միայն 2000-ականներին, որովհետև սա բավական բարդ գործընթաց է, մանավանդ, երբ գործ ունենք տարբեր մակարդակի տնտեսությունների հետ»,- բացատրում է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:
Նրա խոսքերով, միասնական արժույթ ունենում են այն երկրները, որոնք կարողացել են ձևավորել տնտեսական ինտեգրացիայի բարձրագույն ՝ չորրորդ մակարդակը: Մինչ այդ պետք է ձևավորվեն. 1. ազատ առևտրի գոտին, 2. մաքսային միությունը և 3. ընդանուր շուկան: Քանի դեռ չի միասնականացված տնտեսական, սոցիալական, հարկաբյուջետային քաղաքականությունները, միասնական արժույթի անցնելը հեշտ չի լինի:
ԵՏՄ անդամ ոչ բոլոր պետություններն են կողմ միասնական արժույթի գաղափարին
Ռուսական «Ալֆա-բանկ»-ի գլխավոր տնտեսագետ Նատալյա Օռլովան հայտնեց, որ ԵՏՄ անդամ-պետություններից երկուսը միասնական արժույթի հարցում վերապահումներ ունեն: Իսկ ԵՏՄ-ն չի կարող անցնել միասնական արժույթին, քանի դեռ անդամ բոլոր պետությունները համաձայն չեն դրան:
«Խնդիրը նրանում է, որ Ղազախստանը, օրինակ, համագործակցության սլաքներն ուղղել է դեպի Չինաստանը, իսկ Ռուսաստանը փորձում է պահել համեմատաբար անկախ քաղաքականություն: Այս տեսանկյունից եթե դիտարկենք հարցը, ապա ռուբլու կիրառումը միության տարածքում Ղազախստանի համար կարող է հետաքրքիր չլինել:
Յուրաքանչյուր պետություն ունի իր գեոպոլիտիկ հետաքրքրությունը, որը ԵՏՄ շրջանակներում կարող է չհամընկնել: Միությունը ստեղծվել է՝ ելնելով Խորհրդային միության տնտեսության հիմքերից, իսկ հիմա իրականությունն այլ է: Ուստի այդ պետությունների շահերը կարող են բախվել»,- ասաց Օռլովան:
Այնուամենայնիվ, տնտեսագետը նշեց, որ եթե միության տարածքում կիրառվի միասնական արժույթ, այն կհեշտացնի պետությունների միջև կատարվող առևտրաշրջանառությունը և երկրները կտնտեսեն գումարներ՝ արժույթի փոխարկման հաշվին:
Ի՞նչ կփոխի միասնական արժույթը քաղաքացիների կարծիքով
Հայաստանի բնակիչները, միասնական արժույթի մասին լսելուն պես, անմիջապես Խորհրդային միությունն են հիշում. «Սովետի ժամանակ էլ միասնական արժույթ կար»:
Իսկ 74-ամյա Անժելիկա Գրիգորյանը ասում է, որ Խորհրդային տարիներին, երբ իրենց ձեռքին ռուբլի էր, ամեն ինչ ավելի հեշտ էր, քան այսօր. «Ամբողջ աշխարհը ռուբլիով ման եմ եկել, ռուբլիով գնացել եմ Մոսկվա, Լենինգրադ, Պրիբալտիկա, աշխարհը պտտվել եմ: Հիմա՝ որ մի տեղ պիտի գնաս, էդ փողը պիտի փոխես, մեջը լիքը փող ես կորցնում, հետո հետ ես գալիս, նորից դրամ ես սարքում, կեսը կորում է»:
Միասնական արժույթը ներդնելու կամ չներդնելու դեպքում, ըստ Գայանե Մանուկյանի, իր կյանքում ոչինչ չի փոխվելու: 52-ամյա պարուսույցն այն կարծիքին է, որ մթերքները ռուբլիով կամ դրամով գնելու մեջ էական տարբերություն չկա, եթե դրանից մթերքի գինը չի փոխվում:
«Սովորական մարդու համար տարբերություն չկա՝ ռուբլիով կվճարի, դրամով, թե… Դա մեծ ազդեցություն կունենա նրանց վրա, ովքեր դիզած հարստություն ունեն, մեծ կապիտալ են կուտակել: Թե չէ ես այսօր մի հատ հացը ռուբլիով կգնեմ, թե դրամով, ինձ համար ի՞նչ տարբերություն: Եթե հացի գինը դրանից չի փոխվելու՝ կապ ունի՞ թե թղթի վրա ինչ է նկարված կամ ինչ անուն է գրած»,- ասաց Գայանեն:
Միասնական արժույթ` ինքնիշխանության կորստի հաշվին
Միասնական արժույթին անցնելու հարցն, ըստ տնտեսագետ, Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Մելքումյանի, քննարկման շատ ավելի խորը մակարդակ պետք է ունենա, որովհետև ազգային դրամից հրաժարվելը հավասարազոր է պետության ինքիշանությունից հրաժարվելուն, ամեն ազգային արժույթ՝ երկրի ինքնիշխանության կարևոր ատրիբուտներից է.
«Միասնական արժույթին անցնելու համար քաղաքական լուրջ վերաձևավորումներ պետք է անես պետության ապագայի տեսլականի մեջ, իսկ դրան այս պահին որևէ մեկը, այդ թվում՝ Ռուսաստանը, պատրաստ չեն»,- նկատեց Մելքումյանը` հորդորելով խորհել, արդյոք մենք պատրա՞ստ ենք զիջել ինքնիշխանությունը:
Պաշտոնական մեկնաբանություն
Ազգային ժողովի տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող Հանրապետական խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը նշեց, որ այս պահին անդամ-պետությունները միասնական արժույթ ներդնելուն պատրաստ չեն, բայց չբացառեց, որ առաջիկայում այն իրականություն կդառնա: Այվազյանը շեշտեց, որ միասնական արժույթին անցնելու համար նախ անհրաժեշտ է ԵՏՄ անդամ-պետությունների միջև մշակել փոխադարձ հաշվարկի մեթոդիկա` հաշվարկային արժույթ:
Մեր մյւոս պաշտոնական աղբյուրը ՀՀ կենտրոնական բանկի նախագահն է: Արթուր Ջավադյանը հայտարարեց, որ ԵՏՄ-ում միասնական արժույթին անցնելու հարցը դեռևս չի քննարկվում, այս պահին խոսք է գնում միայն միասնական հաշվարկային միավորի ստեղծման մասին:
Ինչ է միասնական հաշվարկային միավորը. միմյանց հետ տնտեսապես համագործակցող պետություններն ընտրում են մեկ արժույթ (ԱՄՆ դոլար, ռուբլի, դրամ, եվրո կամ ցանկացած այլ արժույթ) և միջպետական հաշվարկները կատարում են հենց այս արժույթով, որպեսզի փոխադարձ գործարքների` ներկրման կամ արտահանման ժամանակ, արժույթի պարբերաբար փոխակերպումները (կոնվերտացիան) վնաս չհասցնեն: