Վրացի լրագրող Մզիա Ամաղլոբելին դատապարտվել է երկու տարվա ազատազրկման
Մզիա Ամաղլոբելիի դատավճիռը
Բաթումիի քաղաքային դատարանի դատավոր Նինո Սախելաշվիլին վերաորակավորել է Batumelebi և Netgazeti պարբերականների հիմնադիր, լրագրող Մզիա Ամաղլոբելիի մեղադրանքը և նրան դատապարտել երկու տարվա ազատազրկման:
Մզիա Ամաղլոբելին մեղադրվում էր ոստիկանության աշխատակցի վրա հարձակվելու մեջ, լրագրողը նրան ապտակել էր այն բանից հետո, երբ ոստիկանը նրան վիրավորել էր: Նախ Մզիային մեղադրանք էին առաջադրել Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածով, որը նախատեսում է 4-7 տարվա ազատազրկում: Դատավճռի հրապարակման օրը դատավորը վերաորակավորել է մեղադրանքը Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասով, որը որպես պատիժ նախատեսում է տուգանք, մինչև երկու տարվա տնային կալանք կամ 2-6 տարվա բանտարկություն:
Արևմտյան պատժամիջոցների ցուցակներում ներառված դատավոր Նինո Սախելաշվիլին որոշումը հրապարակել է ընդամենը մի քանի րոպեում: Անմիջապես դատավճիռը կարդալուց հետո նա լքել է դատարանի դահլիճը:
«Մզիա Ամաղլոբելիին մեղավոր ճանաչել Վրաստանի Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ և սահմանել հիմնական պատիժ՝ երկու տարվա ազատազրկում:
Մզիա Ամաղլոբելիի նկատմամբ ընտրված կալանքի միջոց ազատազրկումը չեղարկել, Ամաղլոբելիի պատժի կրման ժամկետը հաշվարկել սկսած նրա ձերբակալության օրվանից՝ 2025 թվականի հունվարի 12-ից, իսկ դատավճիռը ուղարկել համապատասխան քրեակատարողական հաստատություն՝ կատարման», — հայտարարել է դատավորը:
Մզիա Ամաղլոբելիի պաշտպան Մայա Մցարիաշվիլիի կարծիքով՝ այս դատավճռով կառավարությունը փորձում է «փրկել իր դեմքը»․
«Սա իրենց և իրենց հեղինակության փրկելու փորձ է, որը ոչ մի կապ չունի արդարադատության հետ: Սա ոչ թե դատավճիռ է, այլ ցուցադրական պատժամիջոց:
Նիստից նիստ ամբողջ կառավարությունը ներքաշվել է Մզիայի դեմ զրպարտչական արշավի մեջ, [այս դատավճիռը] պարզապես դեմքը փրկելու փորձ է: Նա ոչ մի կապ չունի 353-րդ հոդվածի որակման հետ: Հասկանալի է՝ սա նաև պաշտպանների և կողմնակիցների պայքարի արդյունքն է, բայց արդարադատություն չէ»:
Բաթումիի քաղաքային դատարանը, ինչպես Ամաղլոբելիի գործով բոլոր դատական նիստերի ժամանակ, բազմամարդ էր: Դահլիճ մտնել ցանկացողները մուտքի մոտ հերթ էին կանգնել գործընթացի մեկնարկից մեկ ժամ առաջ, բայց չնայած դրան՝ ոչ բոլորին հաջողվեց ներս մտնել:
Նիստերի դահլիճում կրկին ներկա էր Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Նա առաջիններից էր, որոնց թույլ տվեցինք մտնել դահլիճ:
Մզիա Ամաղլոբելիին դատարանի դահլիճ ուղեկցեցին գործընթացի մեկնարկից մոտ 40 րոպե առաջ: Լրագրող Մինդիա Գաբաիձեին հաջողվել է ֆիքսել Ամաղլոբելիի տրամադրությունը, տեսանյութում նա եռանդուն է երևում և ժպտում է:
Մզիա Ամաղլոբելիի կողմնակիցները դատարանի շենքի մոտ էին հավաքվել դեռ առավոտից: Գործընկերներն ու ընկերները նրան ողջունել էին ցնծությամբ:
Դատարանի շենքի մոտ վաղ առավոտից բարձրախոսներով հնչեցնում էին Մզիա Ամաղլոբելիի եզրափակիչ ելույթի հատվածները, ելույթ, որը լրագրողն ունեցել էր դատարանում օգոստոսի 4-ին․
«Այս դատավճիռը կլինի ոչ միայն իմ պատիժը, այլև ձերը, պարոնայք դատախազներ: Սա կլինի մասնագիտական պատիժ բոլոր նրանց համար, ովքեր մասնակցել են այս գործին պետության անունից»:
Դատավճռի հրապարակմանը զուգահեռ կողմնակիցները դատարանի բակում անցկացրել են հանրահավաք՝ ի աջակցություն Մզիա Ամաղլոբելիի:
«Ազատությո՛ւն Մզիային», «Մզիան բանտում է անցկացրել յոթ ամիս», «թագավորը մերկ է», «վերջ տվե՛ք անօրինությանը». դատարանի շենքի մոտ մարդիկ նման գրառումներով պաստառներ էին պարզել:
Դատավճռի հրապարակումից հետո Մզիա Ամաղլոբելիին ծափահարությունների և բացականչությունների ներքո ուղեկցել են դեպի Ռուսթավիի բանտ:
«Ապտակ ռեժիմին». այսպիսի գրառումով պաստառ է կողմնակիցներին ցույց տվել Մզիա Ամաղլոբելին:
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Մզիա Ամաղլոբելիի դատավճիռը