«Բաքուն փորձում է լեգիտիմացնել Լաչինի միջանցքի նոր ռեժիմը»․ կարծիք Երևանից
Մեկնաբանություն Լաչինի միջանցքի փակման մասին
«Ռազմական բաղադրիչ չունի, բայց բնույթով պատերազմական քայլ է։ Արցախի ժողովուրդը կտրվել է մնացյալ աշխարհից, ենթարկվում է շրջափակման, մարդասիրական ճգնաժամի»,- Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակումն այսպես է բնորոշում քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։
Ասում է՝ Ալիևը նման քայլի է դիմել, քանի որ հարմար պահ է նկատել, հիմա էլ փորձում է ստանալ առավելագույնը։ Բադալյանի խոսքով՝ հայկական կողմը պետք է խնդրի կարգավորման ուղղությամբ ինտենսիվ աշխատանք տանի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ արևմտյան խաղացողների հետ։
«Եթե որևէ խոշոր դերակատար ստանձնում է խաղաղությանը նպաստելու հանձնառություն, ապա հենց հիմա դրա, այսպես ասած, քննության հնարավորությունը կա՝ Ադրբեջանին պատասխանատվության առաջ դնել մարդասիրական նման խնդիրների և նոյեմբերի 9-ի փաստաթուղթը խախտելու համար»,- ընդգծել է վերլուծաբանը։
JAMnews-ի հետ զրույցում Բադալյանը խոսել է Բաքվի իրական նպատակների, Լաչինի միջանցքի փակման, օդային հաղորդակցության հաստատման մասին և ոչ միայն։
- Գազ կա, ճանապարհ՝ դեռ ոչ․ իրավիճակը ԼՂ-ի շուրջ
- «Բարեկամ երկրների լռությունը տարօրինակ է»․ Փաշինյանը՝ Լաչինի միջանցքի փակման մասին
- «Երեք օր է, ինչ ԼՂ-ի հայերը պատանդի կարգավիճակում են»․ Հայաստանի խորհրդարան
Ութերորդ օրն է, ինչ ադրբեջանցիները բնապահպանական պատճառաբանությամբ փակ են պահում Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Արցախի շուրջ 120 հազարանոց հայ բնակչությունը շրջափակման մեջ է և հումանիտար ճգնաժամի առաջ․ մի քանի օրվա սնունդ և դեղորայք ունեն։
Արցախում կան ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտներ, այդ թվում՝ երեխաներ։ Այսօր կեսօրին, Կարմիր խաչի միջնորդությամբ, սրտի վիրահատության կարիք ունեցող պացիենտին հաջողվել է դուրս բերել Արցախից և շտապ օգնության մեքենայով հասցնել Երևան՝ վիրահատության։
Բնակչության բնականոն կենսագործունեությունն ապահովելու և սպառնացող հնարավոր վտանգները կանխելու նպատակով Արցախում ռազմական դրության աշխատանքային ռեժիմ է հաստատվել։
«Եթե պատճառը հանքերն են, ուրեմն խնդիրը Բաքվի դաշտում չէ»
Հակոբ Բադալյանի խոսքով՝ Ադրբեջանի գլխավոր նպատակը Արցախի հարցում գերակա դիրքեր հաստատելն է ինչպես քաղաքական օրակարգի, այնպես էլ անմիջական ազդեցության իմաստով։ Ասում է՝ Բաքուն օգտագործում է ցանկացած հնարավորություն ճնշում բանեցնելու, իր օրակարգը թելադրելու և տարբեր խոշոր դերակատարների հետ «շահավետ սակարկություններ» անելու համար։
Բադալյանի դիտարկմամբ՝ Ալիևը նման քայլի գնալու համար «պարարտ միջավայր» է նկատել և փորձում է քաղել առավելագույնը՝ լինի հանքերի, քաղաքական օրակարգ թելադրելու, թե «Զանգեզուրի միջանցքի» հարցում Հայաստանին զիջումներ պարտադրելու տեսքով․
«Տեսնում ենք միջանցքը բացելու վերաբերյալ Ադրբեջանին ուղղված կոչեր, բայց գործնականում դրանք մնում են անպատասխան կամ անհետևանք։ Միևնույն ժամանակ չենք տեսնում Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու նախաձեռնություններ։ Սա ցույց է տալիս, որ Բաքուն օգտվում է պարարտ իրավիճակից»։
Փորձագետի խոսքով՝ հանքերի հարցը Լաչինի միջանցքի փակման համար առիթ է, ոչ թե բուն պատճառ։ Ասում է՝ կատարված քայլի քաղաքական բնույթն ու հնչեցված պատճառն անհամաչափ են։ Մյուս կողմից նկատում է՝ հանքերի հարցը որպես պատճառ դիտարկելը կնշանակի, որ խնդիրը ոչ թե Բաքվի, այլ «շատ ավելի մեծ շահերի և հավակնությունների դաշտում է»։
«Ադրբեջանը փորձում է միջանցքը վերածել մարդասիրական խողովակի»
Քաղաքական մեկնաբանն ասում է՝ հումանիտար խնդիրների լուծման տարբերակ է, երբ ճանապարհը բացվում է հենց հումանիտար բեռների համար։ Սակայն, ըստ նրա, Ադրբեջանն այս կերպ փորձում է ցույց տալ, թե իրենք «մարդասիրական ճգնաժամ չեն առաջացնում»։ Այս պատասխանատվությունն իր վրայից գցելուց բացի Բաքուն փորձում է Լաչինի միջանցքի նկատմամբ հաստատել «ադրբեջանական, թեկուզ անուղղակի վերահսկողություն»․
«Այսինքն՝ միջանցքը գործում է ոչ թե լիարժեք, այլ որպես մարդասիրական խողովակ։ Սա կարող է լինել Ադրբեջանի նպատակներից մեկը՝ գալ միջանցքի շուրջ ընկալումների և ռեժիմի փոփոխության, աստիճանաբար դա արձանագրել քաղաքական պայմանավորվածությունների ձևով, ստեղծել նախադեպ»։
Ասում է՝ Արցախում հումանիտար աղետից խուսափելու համար այդ մարդասիրական խողովակը պետք է աշխատի, բայց չպետք է թույլ տալ, որ դա ստեղծի «քաղաքական ընկալումներ, թե միջանցքը փակ է, բայց մարդասիրական խողովակն աշխատում է»։
«Պետք է շատ զգույշ լինել։ Կա առնվազն հումանիտար կապն ապահովելու խնդիր, բայց կա նաև այս քաղաքական ծուղակի խնդիրը, երբ կարող է այդ կերպ լեգիտիմացվել Լաչինի միջանցքի «նոր ռեժիմը»,- նշել է Բադալյանը։
Կարծում է՝ սա մարտահրավեր է, որը հայկական կողմը պետք է հաշվի առնի «մարդասիրական խողովակի հարցերը դիտարկելիս»։
«Միջանցքի բացումն ու ստատուս քվոյի որոշակի փոփոխությունը»
Փորձագետի խոսքով՝ Լաչինի միջանցքի հարցի հանգուցալուծումը ենթադրում է իրադրության, ստատուս քվոյի որոշակի փոփոխություն։ Ասում է՝ լայն շրջանակի քաղաքական քննարկումներից է կախված՝ ինչպես, երբ, ինչ պայմաններով, ինչ ստատուս քվոյով կբացվի Լաչինի միջանցքը։ Ըստ նրա՝ Հայաստանից, Արցախից և Ադրբեջանից բացի ներգրավված են նաև «խոշոր աշխարհաքաղաքական խաղի մասնակիցները»։
«Նման հետաքրքրության և մեծ շրջանակի առկայություն տեսնում ենք, օրինակ՝ բրիտանական հետախուզության ղեկավարի այցը Հայաստան»,- նկատում է Բադալյանը։
«Օդային ճանապարհը չի կարող փոխարինել ցամաքային կապին»
Անդրադառնալով օդային միջանցք բացելու վերաբերյալ ակտիվ քննարկումներին՝ հիշեցնում է՝ Ադրբեջանը շատ վաղուց սպառնում է Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման հեռանկարներին։
«Կամ պետք է լինի Ադրբեջանի համաձայնությունը, որն ինքնին արդեն մի ծուղակ կարող է լինել և լեգիտիմացնել Լաչինի միջանցքի փակ վիճակը։ Բացի այդ, հասկանալի է՝ որևէ օդային ճանապարհ չի կարող փոխարինել ցամաքային լիարժեք կապին»,- ընդգծել է փորձագետը։
Մյուս տարբերակը Ադրբեջանին պարտադրելն է։ Ըստ Բադալյանի՝ այդ դեպքում հարց է ծագում՝ եթե Ադրբեջանին կարող են դա պարտադրել, ինչո՞ւ չեն կարող պարտադրել պարզապես բացել Լաչինի միջանցքը։
«Միջնորդներն ունեն քննության հնարավորություն»
Վերլուծաբանի խոսքով՝ հայկական կողմը պետք է անընդհատ շեշտադրի 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որտեղ «շատ պարզ գրված է, որ Ադրբեջանը այդ 5 կմ լայնությամբ միջանցքում որևէ գործ, իրավասություն չունի, այնտեղ ռուս խաղաղապահներն են»։
Բադալյանի գնահատմամբ՝ պատասխանատվությունը պետք է դրվի ինչպես Բաքվի ու Մոսկվայի, այնպես էլ արևմտյան խաղացողների առաջ, որպեսզի վերջիններս իրենց թույլ չտան «ամեն ինչ Ռուսաստանի վրա բարդելու ճոխությունը» և խոսեն նաև խաղաղության և խնդրի կարգավորման հանձնառությունների մասին․
«Եթե որևէ խոշոր դերակատար ստանձնում է խաղաղությանը նպաստելու հանձնառություն, ապա հենց հիմա դրա, այսպես ասած, քննության հնարավորությունը կա՝ Ադրբեջանին պատասխանատվության առաջ դնել մարդասիրական նման խնդիրների և նոյեմբերի 9-ի փաստաթուղթը խախտելու համար»։
Ասում է՝ հայկական կողմն այսօր չի կարող ուժի դիրքերից խոսել, ուստի միակ տարբերակն ինտենսիվ խոսակցություն վարելն է ռուսների, միջնորդ կամ հավակնորդ մյուս դերակատարների հետ այս հարցում «Բաքվի շանտաժը չլեգիտիմացնելու համար»։
«Խնդիրը միայն Երևանի դաշտում չէ»
Բադալյանն ասում է՝ պետք է առաջնորդվել այն տրամաբանությամբ, որ քանի դեռ խնդիրը լուծված չէ, անելիք կա։ Նրա խոսքով՝ տարվող աշխատանքի ինտենսիվությունը պետք է բարձր լինի։
«Մենք խոսում ենք Արցախի սուբյեկտության վերականգնման ռազմավարական խնդրից, մեծ հաշվով առանց դրա գործնականում չենք էլ կարող տեսնել շոշափելի հեռանկար։ Այսպիսի իրավիճակներում առավել ևս իր սուբյեկտային ներուժը պետք է կարողանա դրսևորել պաշտոնական Ստեփանակերտը»,- ամփոփել է քաղաքական մեկնաբանը։
Մեկնաբանություն Լաչինի միջանցքի փակման մասին