Մեկական մզկիթ՝ Թուրքիայի յուրաքանչյուր դպրոցին
Թուրքիայում, ինչպես և ամենուր, սկսվել է նոր ուսումնական տարին, սակայն այն շատ է տարբերվում նախորդներից: Միջնակարգ կրթության ծրագրում զգալի փոփոխություններ են արվել:
Թուրքիայում շատերն են դրանք «գաղափարական փոփոխություններ» անվանում.
- կենսաբանության դպրոցական դասագրքերից հանվել է Դարվինի էվոլյուցիայի տեսությունը;
- Պատմության դասագրքերում կրճատվել է Աթաթուրքի՝ Թուրքական հանրապետության հիմնադրի մասին բաժինները;
- ուսումնական ծրագրում մեծ տեղ են զբաղեցնում կրոնական ուսմունքները:
Դրանով դպրոցական կյանքում կատարված նորարարությունները չեն ավարտվում: Նոր ուսումնական տարվանից սկսած՝ բոլոր միջնակարգ դպրոցներում անպայման պետք է մզկիթներ և նամազից առաջ լվացվելու սենյակներ բացվեն:
Իշխանությունների ներկայացուցիչները հայտարարում են, որ կրթության ծրագրում այդ նորարարությունները կծառայեն ավելի բարոյական, հայրենասեր և իրենց արմատներին ավելի կապված սերնդի դաստիարակմանը: Իսկ քաղաքացիական ակտիվիստներն ու կրթության ոլորտի մասնագետները վստահ են, որ այդ փոփոխությունները կբերեն Թուրքիայում աշխարհիկ և գիտական կրթության ոչնչացմանը:
«Ջիհադ»՝ Աթաթուրքի և Դարվինի փոխարեն
Հետազոտող լրագրող Սայգը Օզթուրքի կարծիքով՝ նոր ծրագրի կարևորագույն փոփոխություններից մեկն այն է, որ «կրոնի և բարոյականության մշակույթ» առարկայի 90%-ը նվիրված է կրոնին, և միայն 10%-ը՝ բարոյականությանը:
[pullquote]«Կրոնի և բարոյականության մշակույթ» նոր դպրոցական առարկայի 90%-ը նվիրված է կրոնին, և միայն 10%-ը՝ բարոյականությանը: [/pullquote]
Լրագրողը ճիշտ չի համարում, որ նման փոփոխություններ անելու որոշումը կայացվել է նեղ շրջանակում, առանց մասնագետների կարծիքը հաշվի առնելու:
Նրա խոսքով՝ նախկինում ուսումնական ծրագրում կրթության ազգային նախարարության կողմից փոփոխություններ մտցնելը դժվար գործընթաց էր ենթադրում: Այդ փոփոխությունների վրա աշխատում էին համալսարանների՝ համապատասխան ոլորտների մասնագետներ, այդ առարկաները դասավանդողներ, կրթության և դաստիարակության վարչության մասնագետներ:
Իսկ այս անգամ նախագիծն ուղարկվել է արդեն պատրաստի տեսքով, և կրթության ու դաստիարակության վարչությանը պահանջ է ներկայացվել հաստատել այն:
Սայգը Օզթուրքը գրում է, որ փոփոխությունների մեծ մասն ուժի մեջ կմտնի այս տարի, իսկ մնացածը՝ հաջորդ: Նրա խոսքով՝ կրթության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, հաջորդ ուսումնական տարվանից «ջիհադ» կդասավանդվի նաև աշխարհիկ դպրոցներում:
«2018-2019 ուսումնական տարում «ջիհադը» կներառվի աշխարհիկ դպրոցների դպրոցական դասագրքերում որպես «Հիմնարար կրոնական գիտելիքներ» առարկա: Իսկ կրոնական վարժարաններում «Ֆիկխ» (վարքի կանոնների մասին մուսուլմանական դոկտրին) առարկան կհայտնվի», — գրում է Սայգը Օզթուրքը:
Պաշտոնյաները երկու նոր դպրոցական առարկաների ստեղծման գաղափարը հետևյալ կերպ բացատրեցին.
«Պետք է մաքրել ԻԼԻՊ և ՖԵՏՕ կազմակերպությունների օգտագործած «ջիհադ» հասկացությունը: Այդ հասկացությունը կմտցվի դասագրքեր դրա իմաստը ճիշտ բացատրելու համար»:
Միջնակարգ դպրոցների ուսումնական պլաններում նույնպես մտադիր են կրճատել այն բաժինների քանակը, որոնցում պատմվում է «աթաթրքության» մասին, և դա հասարակությունում առանձնահատուկ դժգոհություն է առաջացրել:
Դժգոհները նույնիսկ ակցիա են սկսել change.org կայքում՝ «Մենք առանց Աթաթուրքի ուսումնական ծրագիր չենք ուզում»: Սեպտեմբերի 6-ի դրությամբ հանրագիրը ստորագրել է և ակցիային է միացել 11 հազար 711 մարդ:
«Աթաթրքությունը ոչ միայն դպրոցական առարկա է, դա ժամանակակից պայծառ Թուրքիայի խորհրդանիշն է: Նոր ուսումնական պլանը նպատակ ունի ոչնչացնելու աշխարհիկ և գիտական կրթությունը երկրում: Կրթությունը ժամանակակից արժեքներից հեռացնելով՝ իշխանությունները կոչնչացնեն մեր երեխաների ապագան: Այս երկիրը Աթաթուրքի կողմից ստեղծված Թուրքական Հանրապետությունն է, և այդպես կլինի միշտ», — ասված է հանրագրում:
Արդյո՞ք երեխաներին հիպոթեզներ են պետք
Թեժ քննարկումներն այս թեմայի շուրջ սկսվել են դեռևս 2017թ-ի սկզբին:
Հունվարին Թուրքիայի կրթության նախարար Իսմեթ Յըլմազը նիստ է անցկացրել «Նորացված ուսումնական ծրագիր» թեմայով և հրապարակել է նախագիծը: Նիստի ժամանակ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե որն է էվոլյուցիայի տեսությունը ծրագրից հանելու պատճառը, նախարարը նշել է.
«Ի՞նչ է գիտությունը: Դա կամ հիպոթեզ է, կամ տեսություն… Իսկ մանկական գիտակցությունն ունակ չէ ընկալելու հիպոթեզներ»:
Ավելի հստակ այդ առթիվ խոսել է կրթության նախարարության կրթության և դաստիարակության բաժնի ղեկավար Ալփարսլան Դուրմուշը.
«Վիճելի թեմաներն այն փուլերում, երբ դեռ աշակերտները գիտական գիտակցություն չունեն, կհանվեն դպրոցական ծրագրից»:
Դուրմուշը հաղորդել է նաև, որ «Կյանքի սկիզբ և էվոլյուցիա» բաժինն ընդհանրապես կհանվի 9-րդ դասարանի կենսաբանության դասագրքից նույն պատճառով:
Թուրքիայի խորհրդարանի ազգային կրթության հանձնաժողովի փոխնախագահ, «Արդարության և զարգացում» կուսակցության պատգամավոր Բուրհանեդին Ույսալն ավելի առաջ է գնացել. նա հայտարարել է, որ էվոլյուցիայի տեսությունը հակասում է իսլամին, այդ պատճառով էլ այդ տեսության դասավանդումը դպրոցներում աննպատակահարմար է համարում:
[pullquote]«Էվոլյուցիայի տեսությունը հակասում է իսլամին, և այն դպրոցներում դասավանդելը նպատակահարմար չէ»:[/pullquote]
«Բնականաբար, մենք՝ մուսուլմաններս, հավատում ենք, որ ամեն ինչ ստեղծել է ամենակարող Ալլահը: Իսկ էվոլյուցիան ընդամենը տեսություն է: Դա մարդկանց մտքում խառնաշփոթ է առաջացնում… Մենք այդքան ժամանակ չունենք, որ դրա վրա էներգիա ծախսենք», — ասել է պատգամավորը հեռուստահաղորդումներից մեկին մասնակցելիս:
«Փոփոխությունները ոչնչացնում են աշխարհիկ և գիտական կրթությունը»
Կրթության ոլորտի մասնագետները, սակայն, վստահ են, որ այդ բոլոր փոփոխությունները ծանր հարված կհասցնեն աշխարհիկ և գիտական կրթությանը, և մտադիր են վիճարկել այդ որոշումը դատարանում:
Դասախոսների արհեստակցական միության նախագահ Մեհմեթ Բալըքը լրագրողներին հայտարարել է մոտ ժամանակներս այն կառույցներին դատի տալու մտադրության մասին, որոնք պատրաստել և հաստատել են նոր ուսումնական ծրագրի նախագիծը:
«Կրթությունում ռեֆորմներ անցկացնելու նախաձեռնություն» կազմակերպության ներկայացուցիչ Ելիզ Քուշքյունի խոսքով՝ էվոլյուցիայի տեսությունը վիճելի է աշխարհի շատ երկրներում, սակայն այնուամենայնիվ այն դպրոցներում դասավանդում են:
Նա ասում է, որ եթե աշակերտը չի ուսումնասիրել էվոլյուցիայի տեսությունը, նա չի կարող հասկանալ շատ թեմաներ կենսաբանությունում.
«Օրինակ, այնպիսի թեմաներ, որոնք ուսումնասիրում են ութերորդ դասարանում՝ ադապտացիան, մուտացիան, մոդիֆիկացիան. ինչպե՞ս դրանք դասավանդել առանց նախապես էվոլյուցիայի տեսությունն ուսումնասիրելու: Բայց այդ թեմաները մնացել են ծրագրում, իսկ էվոլյուցիայի տեսությունը՝ ոչ»:
«Eğitim — Sen» կազմակերպության ղեկավար Ֆերայ Այթեքին Այդողանն ուշադրություն է դարձնում այն բանին, որ Թուրքիան Սաուդյան Արաբիայից հետո երկրորդ երկիրն է, որն ուսումնական ծրագրից հանել է էվոլյուցիայի տեսությունը: Նա կարծում է, որ կառավարությունը փաստացի փորձում է կրթական ծրագրից հանել ժամանակակից նորմերը:
«5-6 տարի առաջ դպրոցներում կամավոր սկզբունքով սկսեցին մզկիթներ բացել, և մուսուլմանական հոգևորականությունը հնարավորություն ստացավ ազդելու կրթության վրա՝ սկսած հենց տարրական դասարաններից: Իսկ այժմ ոչնչացվում են աշխարհիկ և գիտական կրթության մնացորդներն», — ասում է Այդողանը:
Մենք շարունակելու ենք դասավանդել էվոլյուցիայի տեսություն, հայտարարում է նա. «Դա մեր պարտքն է մեր երեխաների առջև»: