Ադրբեջանցի լրագրողներն ազգային մամուլի օրվա առիթով դիմել են Եվրոպայի խորհրդին
«Մեդիայի մասին» օրենքն Ադրբեջանում
Հուլիսի 22-ին՝ Ադրբեջանի ազգային մամուլի օրը, մի խումբ անկախ լրագրողներ դիմել են Եվրոպայի խորհրդին։ Հայտարարել են, որ Ադրբեջանը «վերածվում է մի երկրի, որտեղ խոսքի և լրատվամիջոցների ազատության փխրուն մնացորդները սպառնալիքի տակ են» անցյալ տարեսկզբին «Մեդիայի մասին» օրենքի ուժի մեջ մտնելու արդյունքում: Լրագրողները խնդրել են «Ադրբեջանի կառավարությանը խստորեն հիշեցնել Եվրոպայի խորհրդին անդամակցության հետ կապված իր պարտավորությունների մասին, փոխել «Մեդիայի մասին» օրենքը՝ անբուժելի վերքեր չպատճառելով խոսքի և մեդիայի ազատությանը, հակառակ դեպքում՝ մինչ այդ խնդիրների լուծումը քննարկման դնել Ադրբեջանի անդամակցության սառեցման հարցը:
- «ԼՂ-ում Ադրբեջանը գետտո է ստեղծում»՝ և այլ հայտարարություններ Փաշինյանի հարցազրույցից
- «Հայաստանի բուհերի տված գիտելիքը հնացած է»․ կրթության փորձագետ
- Վրաստանում հունվար-մայիս ամիսներին սեռական բռնության զոհ է ճանաչվել 75 անչափահաս
«Եվրոպայի խորհրդին կոչ ենք անում աջակցել ռեակցիոն կանոնների դեմ ուղղված նախաձեռնությանը»
Դիմումում, որը ստորագրել են նաև JAMnews-ի աշխատակիցները, ասվում է, որ փաստաթուղթը ստորագրած ադրբեջանցի լրագրողները մտահոգություն են հայտնում 2022 թվականի փետրվարին Ադրբեջանում ուժի մեջ մտած «Մեդիայի մասին» օրենքի կիրարկման առնչությամբ, բովանդակությամբ, որը սահմանափակում է մամուլի և խոսքի ազատությունը և կոչ է անում Եվրոպայի խորհրդի ընտանիքի անդամներին ընդդիմանալ նման ռեակցիոն որոշումներին։
Լրագրողները հիշեցրել են, որ տեղական փորձագետների դիրքորոշումը «Մեդիայի մասին» օրենքի՝ Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրությանը և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթներին անհամապատասխանության վերաբերյալ, Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի կողմից հաստատվել է դեռևս 2022 թ.-ի հունիսին:
«Հանձնաժողովի եզրակացության համաձայն՝ օրենքը չի համապատասխանում ԵԽ չափանիշներին, անընդունելի է նման օրենքի կիրառումը ԵԽ անդամ որևէ երկրում։
Հանձնաժողովը գտնում է, որ օրենքը չպետք է կիրառվի ներկայիս տեսքով, իսկ եթե նման բան տեղի ունենա, ապա դրա շատ դրույթներ պետք է փոփոխվեն։
Այն գնահատականը, որ «Մեդիայի մասին» օրենքը չի համապատասխանում Եվրոպայի խորհրդի չափանիշներին, կրկնվում է 2023 թվականի հունիսին Ադրբեջան այցելած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողներ Յան Լիդել-Գրեյնգերի և Լիզ Քրիստոֆերսենի հայտարարություններում և զեկույցում։
Դրանից հետո ԵԽ Նախարարների կոմիտեն 2022 թվականի դեկտեմբերին ընդունած իր բանաձևում պահանջել է առանց հապաղելու օրենքում փոփոխություններ մտցնել»,- ասված է փաստաթղթում։
«Բացասական գնահատականները մինչ այժմ հաշվի չեն առնվել»
Լրագրողները ցավով արձանագրել են նաև, որ խոսքի և լրատվամիջոցների ազատությանը սպառնացող օրենքի ռեակցիոն բովանդակության վերաբերյալ արտահայտած դիրքորոշումներն ու կարծիքները մինչ օրս հաշվի չեն առնվել, և օրենքը սկսել է կիրառվել ամբողջ ուժով։
«Մասնավորապես, օրենքի այն դրույթների կիրառումը, որոնք լրագրողական գործունեությունը գործնականում վերածում են գործունեության լիցենզավորված տեսակի, այն է՝ պետության կողմից ԶԼՄ-ների և լրագրողների միասնական ռեեստրի ստեղծումը, միասնական վկայականների տրամադրումը, ռեեստրում ընդգրկված գործունեությունը որպես օրինական լրագրողական գործունեություն ճանաչելը, չափազանց բացասական ազդեցություն են ունենում անկախ մամուլի և ազատ լրագրության վրա։
Փաստաթղթում նշվում է, որ ռեեստրին վերաբերող տեղեկատվությունը փակ է, սակայն առկա թերի տեղեկատվությունից հայտնի է դարձել, որ առնվազն 50 լրատվամիջոցի մուտքը ռեեստր մերժվել է։ Մյուս կողմից, դատավորները արդարացի որոշումներ չեն կայացնում ԶԼՄ սուբյեկտների նկատմամբ, ովքեր փորձում են պաշտպանել իրենց իրավունքները դատարաններում։
Հաղորդվում է նաև, որ չեն քննարկվել ԶԼՄ-ների ղեկավարների և լրագրողների դիմումները Սահմանադրական դատարան՝ Ադրբեջանի Սահմանադրությանը օրենքի համապատասխանությունը ստուգելու վերաբերյալ։
«Ցավոք, նման կանոնների իրականացումը Ադրբեջանին չի մոտեցնում եվրոպական ընտանիքին, որտեղ գերակայում են հիմնարար իրավունքներն ու ազատությունները, այլ այն վերածում է մի երկրի, որտեղ սպառնալիքի տակ են նույնիսկ խոսքի և լրատվամիջոցների ազատության փխրուն մնացորդները։
Ափսոս, որ այս ամենը տեղի է ունենում Եվրոպաի խորհրդի աչքի առաջ։ Եվրոպայի խորհուրդը շատ դեպքերում լուրջ քայլեր չի ձեռնարկել անդամ երկրներում ազատությունների սահմանափակման դեմ։ Ընդհակառակը, շատ դեպքերում անտեսվել է այն, ինչ կատարվել է դիտարկման տակ գտնվող երկրում։ Դա անվստահության մթնոլորտ է առաջացրել ադրբեջանական հասարակության և ԶԼՄ-ների մոտ այնպիսի ինստիտուտի գործունեության նկատմամբ, ինչպիսին Եվրոպայի խորհուրդն է»,- ասված է հայտարարության մեջ։
Լրագրողները ԵԽ ինստիտուտների ուշադրությունը հրավիրում են այն փաստի վրա, որ այս օրենքի ընդունումն ու կիրարկումն ավելի կբարդացնի Ադրբեջանում մեդիա միջավայրը և այն կվերածի լրագրողների համար լուրջ խնդրի։ Ադրբեջանում խոսքի ազատության և ինքնարտահայտման վրա ճնշումը հիմա էլ շարունակում է աճել, իսկ լրագրողները դեռ բանտերում են»։
Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո լրագրողների առջև ծառացած խնդիրները
Փաստաթուղթը ստորագրած լրագրողներն ուշադրություն են հրավիրել նշված օրենքի ներդրումից հետո իրենց գործունեության մեջ առաջացած խնդիրների վրա։ Ըստ նրանց՝ անկախ լրագրողներին թույլ չեն տվել նկարահանել տեղի բնակիչների ցույցերը, մասնավորապես՝ 2023 թվականի մարտի 14-ին Սաաթլի շրջանում ջրի պահանջով, ինչպես նաև հունիսի 20-ին Գադաբայի շրջանի Սոյուդլու գյուղում ոսկու հանքավայրի պատճառով առաջացած բնապահպանական խնդրի հետ կապված ակցիաները: Մի շարք պետական կառույցներ հրաժարվում են պատասխանել ռեեստրում չգրանցված լրագրողների և ԶԼՄ սուբյեկտների հարցումներին։
«Մենք՝ լրատվամիջոցների ներկայացուցիչներս, ովքեր ստորագրել են այս դիմումը, խնդրում ենք համառորեն հիշեցնել Ադրբեջանի կառավարությանը Եվրոպայի խորհրդին անդամակցության հետ կապված իր պարտավորությունների մասին, փոխել «Մեդիայի մասին» օրենքը՝ չպատճառելով անբուժելի վերքեր խոսքի և լրատվամիջոցների ազատությանը, հակառակ դեպքում օրակարգ բերել Ադրբեջանի անդամակցության սառեցման հարցը՝ մինչև այդ խնդիրները լուծվեն»։
«Ջանքերն ավելի կարևոր են, քան արդյունքը»
Եվրոպայի խորհրդին ուղղված դիմումի նախաձեռնող, Arqument.az կայքի գլխավոր խմբագիր Շամշադ Աղան պատասխանել է JAMnews-ի հարցին, թե արդյոք այդ քայլից ակնկալում է դրական արդյունք.
«Արդյունքի մասին այս պահին ոչինչ չեմ կարող ասել, բայց կարևոր է իրավիճակը հասցնել Եվրոպայի ինստիտուտներին: Ի դեպ, ադրբեջանական իշխանությունների հետ մեկտեղ նրանք նույնպես պետք է քննադատության ենթարկվեն, քանի որ անհասկանալի է, թե ինչու չեն կատարվում այն խնդիրները, որոնք նրանք դրել են Ադրբեջանի իշխանությունների առաջ, և ինչու դրան որևէ արձագանք չկա։
Եթե այս օրենքը չփոխվի, Ադրբեջանում մի քանի անկախ լրագրողների համար իրավիճակը կվերածվի նրան, ինչ տեսնում ենք Թուրքմենստանում, թեև հիմա էլ մեծ տարբերություն չկա»,- ասաց նա։
«ԶԼՄ լուրջ սուբյեկտների գրանցումը ռեեստրում ավարտվել է»
Հուլիսի 22-ին Բաքվում ազգային մամուլի 148-ամյակին նվիրված համաժողովում ունեցած ելույթի ժամանակ ԶԼՄ-ների զարգացման գործակալության (MEDİA) ղեկավար Նաթիգ Մամեդլին հայտնել էր, որ ավարտվել է ինֆորմացիայի մուտքագրման գործընթացը մեդիայի ռեեստր։
«Ադրբեջանի բոլոր լուրջ լրատվական սուբյեկտներն արդեն իրենց տվյալները մուտքագրել են լրատվամիջոցների ռեեստր։ Այդ գործընթացն ավարտվել է»,- նշել էր նա։
MEDİA-ի ներկայացուցչի այս հայտարարությանն ի պատասխան Շամշադ Աղան ասաց հետևյալը.
«Եթե, ըստ Նաթիգ Մամեդլիի, ԶԼՄ սուբյեկտները, որոնք թանկացման մասին լուրերը ներկայացնում են որպես վերևների հրամանով «գնի փոփոխություն», լուրջ են, ուրեմն թող այդպես լինի։ Վաղը նա կարող է անամոթաբար ասել, որ «մածունը սև է» և փորձել դա ապացուցել։ Ինչպես դա արել է մինչ այժմ։
Հասարակությունը, սակայն, չի վստահում այն լրատվամիջոցներին, որոնց Նաթիգ Մամեդլին լուրջ է համարում, անհրաժեշտ լուրերն ու տեղեկատվությունն այդ «լուրջ կայքերից» չի ստանում։ Այդ «լուրջ» լրատվամիջոցները պետք են իշխանությանը՝ լրագրողներին լռեցնելու և փողեր լվանալու համար։ Հասարակությունը, խորաթափանց ընթերցողը ամեն բան նկատում է։ Եթե մեդիայի ռեեստր անցնելով են ստանում լրատվամիջոցի սուբյեկտի կարգավիճակ, ինչպե՞ս կարելի է դրանք լուրջ համարել։ Դա պետք է գնահատի ընթերցողը, ոչ թե ռեեստրում տվյալներ գրանցողը»:
«17 տարի է, ինչ գլոբալ ազատություններն անկում են ապրում»
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության մամուլի ազատության վարկանիշում Ադրբեջանը 180 երկրների մեջ 154-րդն է։
Freedom House-ի «Ազատությունն աշխարհում 2023» տարեկան զեկույցում նշվում է, որ 17-րդ տարի է, ինչ Ադրբեջանում գլոբալ ազատությունները շարունակաբար նվազում են։
Զեկույցում ներկայացված 57 երկրներից Ադրբեջանն այն 16 երկրների շարքում է, որոնք քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների գծով ամենավատ ընդհանուր ցուցանիշներն ունեն: Այսպիսով, Հարավային Սուդանը, Թուրքմենստանը, Սիրիան այս վարկանիշում հավաքել են 1 միավոր, Տաջիկստանը՝ 7, Աֆղանստանը և Բելառուսը՝ 8-ական միավոր, իսկ Ադրբեջանը 9 միավորով նույն շարքում է այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Չինաստանը, Մյանմարն ու Եմենը։