Մաքսատուրքեր իրանական բեռնատարների համար․ ի՞նչ է կատարվում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին
Ադրբեջանը ոստիկանական և մաքսային անցակետեր է տեղադրել Գորիս և Կապան հայկական քաղաքները կապող ճանապարհահատվածում։ Այստեղ մայրուղու մի մասը հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ Արցախյան երկրորդ պատերազմից հետո։
Մաքսակետերն, ըստ Ադրբեջանի պաշտոնական հաղորդագրության, հայտնվել են այն պատճառով, որ «բազում փաստեր են գրանցվել, երբ իրանական բեռնատարները հայտնվել են Ղարաբաղի այն հատվածում, որը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ է»։
Ադրբեջանական մաքսակետերն իրանցի վարորդներից վճար են գանձում։
Հայաստանում անհանգստացած են ինչպես Գորիս-Կապան մայրուղու՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի հատվածում (հայկական Որոտան գյուղի հարևանությամբ) ոստիկանական և մաքսային անցակետերի տեղադրման, այնպես էլ իրանական բեռնատարներից վճար գանձելու փաստերով։
Հայաստանի ընդդիմությունն իշխանությունից պահանջում է անհապաղ և գործուն քայլեր գործադրել, քանի որ կարծում է, որ այս իրավիճակը հարցեր է առաջացնում, որոնք վերաբերում են ոչ միայն անվտանգությանը։ Ընդդիմադիրները խոսում են նաև Հայաստանի համար հնարավոր տնտեսական հետևանքների մասին՝ հիշեցնելով, որ երկրի ապրանքաշրջանառության 40%-ն իրականացվում է Իրանի միջոցով։
Տեղեկություններ երկու կողմից․ պաշտոնական հայտարարություններ, ինչպես նաև փորձագիտական կարծիք Հայաստանից։
- Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքները․ թե ինչպես Ադրբեջանն արգելափակեց Հայաստանի հարավը
- Նոր հին սահման․ ինչո՞ւ են հայկական գյուղերը հայտնվել Ադրբեջանի տարածքում
- Ռուս խաղաղապահներն Արցախում առանց մանդատի՞։ Ադրբեջանը դժգոհում է
Տեղեկություններ Ադրբեջանից
Պաշտոնական նոտա Իրանին
2021 օգոստոսի 11-ին Բաքվում Իրանի դեսպան Սեյեդ Աբաս Մուսավին հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ նրան բողոքի նոտա է ներկայացվել։ Փաստաթղթում ասվում է իրանական բեռնատարներով ապօրինի բեռնափոխադրումների մասին Արցախի այն հատվածը, որտեղ 2020 թ-ի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ ռուս խաղաղապահներ են տեղակայվել։
«Նոտայում դժգոհություն է արտահայտվել բարեկամական Իրանի Իսլամական Հանրապետությանը պատկանող տարբեր տրանսպորտային միջոցների կողմից առանց պաշտոնական Բաքվի թույլտվության Ադրբեջանի Ղարաբաղի շրջան մշտական մուտքի առնչությամբ։ Մեր դժգոհությունը, որը որոշ ժամանակ առաջ բանավոր կերպով փոխանցվել էր իրանական կողմին, կրկին բարձրաձայնվել է դեսպանի հետ հանդիպման ժամանակ», — ասված է Ադրբեջանի ԱԳն մամուլի ծառայության հաղորդագրությունում։
Ի՞նչ է տեղի ունեցել հաջորդիվ
Ադրբեջանական իշխանամետ caliber.az տեղեկատվական պորտալը 2021 թ-ի սեպտեմբերի 11-ին մի նյութ է հրապարակել, որում փաստեր են նշվել Իրանից Արցախ մատկարարումների շարունակման մասին։
Նյութում նշվում է, որ «օգոստոսի 11-ից սեպտեմբերի 10-ը Խանքենդի [Ստեփանակերտ] մուտք է գործել տարբեր նշանակության 58 բեռնատար, մասնավորապես՝ վառելիքաքսուքային նյութերով, դրանցից 55-ը հետագայում մեկնել է տարածքից։
Մեր ունեցած տվյալներով՝ նաև իրացիներն ու հայերը տարբեր հնարքների են դիմում։ Այսպես, օրինակ, ռուս խաղաղապահների ժամանակավոր պատասխանատվության գոտուն մոտենալիս իրանական բեռնատարները հայկական պետհամարանիշներ են տեղադրում, որպեսզի թաքցնեն իրանական բեռնատարների իսկական քանակը, որոնք ուղևորվում են Խանքենդի։ Նրանց թվում էր, թե այդ հնարքի միջոցով նրանք կարող են որևէ մեկին խաբել։ Սակայն իրանցիներն իրենց մատնել են նրանով, որ այդ համարանիշները կրկնվում են՝ բեռնատարից բեռնատարի անցնելով, և մենք հստակ ֆոտոապացույցներ ունենք»։
Ադրբեջանական կողմը հայտարարել է, որ վերահսկում է Լաչինի միջանցքը, որը Հայաստանը կապում է Ստեփանակերտին, տեղադրված տեսահսկման սարքերի միջոցով։
Ադրբեջանի իշխանության պաշտոնական հայտարարությունները
Նույն օրը՝ սեպտեմբերի 11-ին, Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը պաշտոնապես հաղորդել է Կապան-Գորիս ճանապարհահատվածում, որն անցնում է Ադրբեջանի տարածքով, հսկիչ անցակետի տեղադրման մասին։
«Ներքին գործերի մարմինների աշխատակիցներն արժանապատվորեն կատարում են իրենց ծառայողական պարտականությունները բոլոր քաղաքների և շրջանների տարածքում, որոնք ազատագրվել են օկուպացիայից։
Համապատասխան վայրերում ծառայության առավել արդյունավետ կազմակերպման համար ոստիկանական անցակետեր են տեղադրվում», — նշել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը։
Մեկ օր անց՝ սեպտեմբերի 12-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նամակներ է ուղարկել ռուսական պաշտպանական գերատեսչությանն ու խաղաղապահ զորակազմի հրամանատարությանն այն առչնությամբ, որ այլ երկրների տրանսպորտային միջոցներ են ապօրինի կերպով մուտք գործում Արցախ։
«Նման դեպքերը հակասում են Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությանը, ու հորդորվում էր դադարեցնել դրանք։ Այլ երկրների իրավաբանական և ֆիզիկական անձինք ու նրանց տրանսպորտային միջոցները չեն կարող մուտք գործել Ադրբեջանի տարածք առանց Բաքվի համաձայնության, քանի որ դա երկրի օրենքների խախտում է», — ասված է Ադրբեջանի ՊՆ պաշտոնական նամակներում։
Արդեն սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի մաքսային պետական կոմիտեն մեկնաբանել է երկրի վերահսկողության տակ գտնվող տարածքով տրանսպորտային միջոցներից ճանապարհային հարկերի և այլ մաքսատուրքերի գանձման փաստը․
«Այլ պետությունների ավտոտրանսպորտային միջոցները, որոնք պետք է հարկվեն երկիր մուտք գործելիս և մեկնելիս, ճանապարհային հարկով հարկման օբյեկտներ են։ Տրանսպորտային միջոցներից ճանապարհային հարկ է գանձվում, ինչպես նաև պետական տուրք՝ թույլտվության համար, որը կարգավորում է միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումներն Ադրբեջանի տարածքում։
Ներկա պահին մաքսային մարմիններն ապահովում են այս ուղղությամբ օրենսդրության դրույթների կատարումը ողջ երկրի տարածքում»։
Տեղեկություններ Հայաստանից
Սեպտեմբերի 10-ին համացանցում տարածվեցին լուսանկարներ, որոնցում երևում էր, որ Սյունիքի մարզի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանը ոստիկանական կետ է տեղակայել։
Միայն երկու օր անց Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն տարածեց՝ տեղեկացնելով, որ սեպտեմբերի 12-ի կեսօրից Որոտանի մոտ Ադրբեջանի ոստիկանությունը իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում է իրականացնում։
Հաղորդվել է նաև, որ ԱԱԾ սահմանապահ զորքերն ու ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության զինծառայողները համատեղ աշխատանքներ են իրականացնում։ Այլ պաշտոնական տեղեկատվության դեռևս չկա։
Իսկ ընդդիմությունը սեպտեմբերի 13-ին խորհրդարանում հարց բարձրացրեց այն մասին, որ ադրբեջանցի սահմանապահները գումար են գանձում իրանական բեռնատարների վարորդներից, նոր միայն թողնում շարունակել ճանապարհը։
Նրանք առաջարկեցին թեմային նվիրված առանձին քննարկում կազմակերպել։ Իշխող ուժը չառարկեց, սակայն մինչ այժմ չի որոշված քննարկման ձևաչափը և ժամկետները։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Որոտանի շուրջ ստեղծված իրավիճակը կարող է նաև տնտեսական հետևանքներ ունենալ Հայաստանի համար․
«Այո, դա երկրորդ հարցն է անվտանգությունից հետո, բայց ոչ պակաս կարևոր։ Ինչպես գիտեք՝ 40 տոկոսից ավելի ապրանքաշրջանառությունը մեզ մոտ կատարվում է Պարսկաստանի կողմից։ Սա վաղը, մյուս օրը կարող է վտանգվել»։
Իսկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հույս հայտնեց, որ իրավիճակը հնարավորինս շուտ կկարգավորվի․
«Որևէ մեկը չի կարող հերքել, որ Ադրբեջանի կողմից իրանական բեռնատարների ստուգումը և պետտուրքի գանձումը լուրջ խնդիր է։ Այդ խոչընդոտը անհարմարություն, անորոշություն և ռիսկեր է պարունակում»։
Թունյանը ևս կարծում է, որ հետևանքը կարող է լինել Հայաստանի տարածքով ապրանքներ ներմուծելուց խուսափելը։
Փորձագիտական կարծիք
Քաղաքական վերլուծաբան, Հայկական ուսումնասիրությունների «Անի» կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ Ադրբեջանը պարբերաբար բողոքի ձայն է բարձրացրել իրանական բեռնատարների՝ ԼՂ մուտք գործելու հետ կապված, սա նոր երևույթ չէ․
«Այս քայլն ուղղված է ոչ թե Իրանի, այլ ՀՀ դեմ։ Եթե իրանական մեքենաները չմտնեն Հայաստան և Լեռնային Ղարաբաղ, դրանից, առաջին հերթին, մենք ենք տուժելու՝ հաշվի առնելով այն, որ Իրանի համար մենք փոքր շուկա են»։
Փորձագետի կարծիքով, այս քայլերով Ադրբեջանը նպատակ ունի նաև վարկաբեկել ռուսական ներկայությունն ու խաղաղապահ առաքելությունը․
«Ադրբեջանն ատամ է ցույց տալիս, ժամանակը ցույց կտա՝ ինչքան կկարողանա։ […] Կարծում եմ՝ Ադրբեջանը սրանով չի բավարարվելու։ Կսկսեն անցակետ դնել, ստուգել հատ-հատ։ Չեմ բացառում, որ նաև մարդ գերեվարեն՝ համարելով, թե՝ ինչ-որ գործողություն է կատարել այդ մարդը Ադրբեջանի դեմ այսինչ թթ․-ներին։
Թաթուլ Հակոբյանը կարծում է, որ Ադրբեջանը փորձում է ճնշում գործադրել, ահաբեկել Հայաստանին, որպեսզի հասնի իր նվազագույնին՝ ստանա միջանցք՝ Նախիջևանի հետ կապ հաստատելու համար․
«Իհարկե, Սյունիքի վրա աչք ունեն, բայց կան կարմիր գծեր, որոնք անցնելու համար Ադրբեջանը հազար անգամ պիտի մտածի, ու կան գործոններ, որոնք այս պահի դրությամբ Ադրբեջանին թույլ չեն տալիս մտածել այդ ուղղությամբ»։