Մարիխուանա ծխելը քրեական հանցագործություն չէ
Այս օրենսդրական փոփոխությունը հիմնականում 30-ամյա Բեքա Ցիկարիշվիլիի շնորհիվ է ընդունվել:
Հնեց նա Սահմանադրական դատարան հայց ներկայացրեց՝ պահանջելով ոչ սահմանադրական ճանաչել նորմերը, ըստ որոնց մարիխուանա ծխելու համար ազատազրկում է սպասվում:
Համացանցի օգտատերերը վաղուց են ճանաչում Բեքա Ցիկարիշվիլիին: ‘Բեքան հանցագործ չէ’ – վերջին երկու տարիներին հենց այս գրառումը կարելի էր տեսնել Թբիլիսիի փողոցներում անցկացվող բողոքի ակցիաներին պարզած պաստառների վրա: Այն կարելի է տեսնել սոցցանցերում, հենց այդ կարգախոսի ներքո է անցկացվել համացանցային աժշավը, որի հիմնական պահանջը Բեքա Ցիկարիշվիլիին աջակցելուց զատ նաև մարիխուանայի օգտագործման ապաքրեականացումն էր ու գործող օրենսդրության փոփոխությունը:
Մարիխուանայի օգտագործման ապաքրեականացման պահանջով ակցիաներ Թբիլսիում
2 տարի առաջ հանրությունը ցնցեց 28-ամյա երաժիշտ Բեքա Ցիկարիշվիլիի պատմությունը, ով 2013թ. հունիսին ձերբակալվել էր, և նրան 7-11 տարվա ազատազրկում էր սպառնում մարիխուանայի օգտագործման ու ձեռքբերման/պահպանման համար:
Բեքա Ցիկարիշվիլին
Բեքա Ցիկարիշվիլին բանտում 18 օր անցկացրեց, հետո գրավով ազատ արձակվեց և մեկ տարուց ավել սպասում էր դատարանի որոշմանը: ‘Գործող օրենսդրության պատճառով պետությունն անմեղ մարդուն մեղավոր է համարում: Ահա արդեն մի տարի է, ինչ ես փորձում եմ ապացուցել, որ հանցագործ չեմ ու հանրության համար վտանգ չեմ ներկայացնում’ – հայտարարում է նա:
Ի պաշտպանություն Ցիկարիշվիլիի անցկացվող ակցիաներին զուգընթաց մի ամբողջ արշավ էր ընթանում սոցցանցերում: Օգտատերերը հատուկ լոլւսանկարներ ու տեսանյութեր էին տարածում, որոնցում Ցիկարիշվիլիի կողմնակիցները կոչ էին անում իրավապահ մարմիններին դադարեցնել հետապնդումը նրա նկատմամբ:
Այժմ, երբ նա Սահմանադրական դատարանում շահել է գործը, Ցիկարիշվիլիի քրեական հետապնդումը դադարեցված է:
«Բեքա Ցիկարիշվիլին Վրաստանի խորհրդարանի դեմ’ գործով որոշումը դատարանը կայացրել է հոկտեմբերի 24-ին:
Ինչպես ասված է դատարանի եզրակացության մեջ, չնայած, որ դատարանը գիտակցում է մարիխուանայի՝ մարդու օրգանիզմին հասցրած վնասը, անձնական օգտագործման նպատակով 70 գրամ մարիխուանայի ձեռքբերման ու պահպանման համար ձերբակալությունը որպես խափանման միջոց կիրառելը ոչ սահմանադրական է:
Սահմանադրական դատարանի որոշումից հետո Բեքա Ցիկարիշվիլին Ֆեյսբուքում ուղերձ հրապարակեց՝ բոլոր իր կողմնակիցներին շնորհակալություն հայտնելով օգնության համար:
Բեքա Ցիկարիշվիլին շնորհակալություն է հայտնում իր կողմնակիցներին և հայտարարում, որ Վրաստանում հաղթել է քաղաքացիական ակտիվությունը:
Իր հայտարարությունում Սահմանադրական դատարանը նշում է, որ այս որոշումը չի նշանակում մարիխուանայի օգտագործման ապաքրեականացում և կապված չէ այն դեպքերի հետ, երբ թմրանյութը վաճառելու նպատակն “ակնհայտ ու հաստատված է (անկախ դրա քանակից) կամ պահվող (ձեռքբերվող) մարիխուանայի քանակն այնքան մեծ է, որ սպառման նպատակի առկայության մեծ հավանականություն կամ ինքն իրենով սպառման իրական վտանգ է ներկայացնում’:
__________________________________________________________________
Վրաստանի հասարակության մի մասը վաղուց է պահանջում մարիխուանայի օգտագործման ապաքրեականացում:
Հաճախակի ակցիաներ են անցկացվում, որոնց հիմնական պահանջը ‘մարդու իրավունքները ոտնահարող նարկոքաղաքականության փոփոխությունն’ է:
- Ըստ գործող օրենսդրության՝ 500 լարի (մոտ 250 $) տուգանք է սահմանվում մարիխուանայի փոքր չափաբաժնի ձեռքբերման ու օգտագործման համար: Եթե այդ գործողությունները կրկնվում են, օրինազանցին քրեական պատիժ է սպասվում: Սահմանադրական դատարանի որոշմամբ՝ ձերբակալումը հետագայում որպես խափանման միջոց չի կիրառվելու:
Ապաքրեականացմանը կողմ ու դեմ արտահայտվողներն իրենց փաստարկներն ունեն:
Կողմ փաստարկներ
1. Ներքին գործերի նախարարությունն ավանդաբար վերահսկողության տակ է պահում մարդկանց մի մեծ խմբի, ովքեր կարող են այդ հոդվածի տակ ընկնել: Այս ոլորտում կատարվելիք փոփոխությունները կարող են ընդհանուր առմամբ հանգեցնել ոստիկանության ժողովրդականացմանը:
2. Մարիխուանա օգտագործողների հանդեպ իշխանության կողմից կիրառվող պատժամիջոցներն անարդյունք են մնում. թմրամոլների քանակը դրանից չի պակասում:
3. Վրաստանում շատ են տան պայմաններում պատրաստված վտանգավոր թմրանյութերը, և ավելի լավ է մարիխուանա ծխել, քան դրանք օգտագործել:
4. Մարիխուանայի օգտագործումը, նույնիսկ հաճախակի, հասարակաության համար վտանգ չի ներկայացնում, այդ պատճառով էլ քրեական պատասխանատվությունը անհամարժեք խիստ պատասխան է էությամբ անմեղ խախտման համար:
5. Մի գլանակի համար մարդկանց անմտորեն բանտեր նետելու փոխարեն պետությունը, ավելի լավ է՝ թմրանյութերի դեմ կանխարգելիչ պայքար մղի՝ առողջ ապրելակերպ քարոզելով, գնային առումով մատչելի սպորտային կենտրոններ հիմնելով և այլն:
Դեմ փաստարկներ
1. Սովորաբար մարիխուանայի օգտագործումը թմրամոլ դառնալու
ճանապարհին ընդամենը առաջին քայլն է, հետո կլինեն ավելի լուրջ թմրամիջոցներ:
2. Ազատականացումը կբերի օգտագործողների թվի աճին, իսկ նրանք
արդեն քիչ չեն. ճշգրիտ վիճակագրություն չկա, բայց 100 հազարից ոչ պակաս մարդ է օգտագործում մարիխուանա:
3. Հնարավոր է՝ ստեղծված իրավիճակն իր բացասական կողմերն ունի,
բայց քրեական պատասխանատվությունն անհերքելի հզոր զսպող գործոն է շատ մարդկանց համար: Եթե դա չլինի, մարիխուանայի հաճախակի օգտագործումը սովորական բան կդառնա:
4. Դրա հաճախակի օգտագործումը շատ վնասակար է առողջությանը:
Խնդիրները, որոնք այն առաջացնում է երիտասարդ օրգանիզմում, պակաս վտանգավոր չեն մարդու կյանքի և ճակատագրի համար, քան բանտարկությունը:
5. Ապաքրեականացումը չպետք է հանպատրաստից կատարվի:
Ազատականացման մասին մտածելուց առաջ պետք է մանրակրկիտ ձևով հիմք նախապատրաստել, մասնավորապես՝ թմրամոլության կանխարգելիչ համակարգը կարգավորել և բուժման արդյունավետ ծրագիր մշակել:
Աղբյուր՝ Մարդու իրավունքների հետազոտության ու մշտադիտարկման կենտրոն, “Թմրանյութերի, հոգեմետ դեղերի և նարկոլոգիական օգնության մասին’ օրենք, “Վրաստանում թմրանյութերի օգտագործում/նարկոքաղաքականության օրենսդրական վերլուծություն“օրենք