«Մարդիկ ուզում են ճանաչել միմյանց»․ ի՞նչ են խոսում հայերն ու ադրբեջանցիները
Ֆեյսբուքյան «Կովկասյան խաչմերուկ» խումբը հայերի և ադրբեջանցիների սեփական նախաձեռնությունն է, որոնք դեմ են պատերազմին։ Այստեղ քննարկում են հիմնականում «համամարդկային» թեմաներ՝ չխորանալով քաղաքականության և պատմության մեջ, չընդհանրացնելով, տեղանունների վրա չկենտրոնանալով և ոչ ոքի չմեղադրելով։
Հաշվի առնելով հայկական և ադրբեջանական հասարակություններում փոխադարձ թշնամանքի մթնոլորտը՝ այս խմբում անհավանական բաներ են տեղի ունենում․ հայերն ու ադրբեջանցիները միմյանց շնորհավորում են տոների առթիվ, ցավակցում են, եթե որևէ մեկի հարազատը զոհվել է պատերազմում, և անգամ քննարկում են սահմանային իրավիճակը՝ միմյանց չմեղադրելով։
Խմբի համակարգողները, որոնց հետ խոսել ենք, Լալան ու Ռոզան են։ Իրականում, «Կովկասյան խաչմերուկի» թիմն ավելի մեծ է, չէ՞ որ մասնակիցներն էլ են շատ։
Լալան ու Ռոզան խոստովանում են, որ խմբում հարմարավետ միջավայր ապահովելը երբեմն մեծ ջանքեր է պահանջում, և դա հատկապես դժվար էր պատերազմից անմիջապես հետո։
Ռոզա․ «Սա դժվար աշխատանք է, այստեղ միշտ պետք է զգոն լինել։ Երբեմն ստիպված էինք լինում գրառումը գիշերը փակել, որպեսզի համակարգողները կարողանան հանգիստ քնել։ Առաջին ամիսներին կոնֆլիկտներ էին լինում, սակայն աստիճանաբար ամեն ինչ կարգավորվեց»։
Լալա․ «Խումբը կա հունվարից, այսինքն՝ ստեղծվել է արդեն պատերազմից հետո, բայց մենք իրոք նկատում ենք, որ ժամանակի ընթացքում աշխատանքը հեշտացել է, հույզերը մի փոքր հանդարտվել են։ Մենք հաճախ ենք թույլ տալիս գրառումներ անել հակամարտության թեմայով՝ չվախենալով, որ վեճեր կլինեն։
Խմբում գրառումները նախապես խմբագրվում են, սակայն մեկնաբանություններում տեղի ունեցող քննարկումներին, միևնույն է, պետք է հետևել։
Ռոզա․ «Ադրբեջանցի մի օգտատեր գրառում էր արել այն մասին, թե «արդյոք ձեզ ադրբեջանցի թուրք համարում եք»։ Մեկնաբանություններում վեճեր սկսվեցին ադրբեջանցիների միջև, և գրառման հեղինակը հեռացրեց այն։ Մենք եզրակացություն արեցինք, որ խմբագրման փուլում պետք է զգույշ լինել այս թեմաներից։
Այժմ երկու կողմերն էլ հոգնել են պատերազմից և չեն ուզում շարունակել (բացառությամբ մոլի ազգայնականների)։ Մարդիկ ուզում են շփման կետեր գտնել, հասկանալ, միմյանց ճանաչել։ Մտածում են երեխաների, նրանց ապագայի մասին։ Մենք նույնիսկ կարծրատիպերի մասին թեմա բացեցինք, որտեղ յուրաքանչյուրը կարող է պատմել հայերի կամ ադրբեջանցիների մասին իրեն հայտնի կարծրատիպերի մասին։ Շատ օգտակար բան է շփումը կարգավորելու համար։
Լալա․ «Այն գրառումներից, որ ստիպված եմ եղել ջնջել, զարմացրել է ահաբեկչության արդարացմամբ մեկնաբանությունը։ Այդպիսի բան էլ է լինում, բայց բավականին հազվադեպ։ Իսկ ամենահիշված գրառումներից մեկը վերաբերում էր ադրբեջաներենում և հայերենում նմանատիպ արտահայտություններ գտնելուն, այն հավաքել էր ավելի քան 500 մեկնաբանություն։ Խմբի մասնակիցները հաճելիորեն զարմացած էին, որ այդքան ընդհանրություններ են գտել»։
Բնականաբար, «Կովկասյան խաչմերուկի» համակարգողները ժամանակ առ ժամանակ ենթարկվում են ագրեսիվ տրամադրված հայրենասերների հարձակումներին, բայց արդեն սովոր են դրան։
Լալա․ «Ես նման բան ակնկալում էի, այդ պատճառով էլ դա ինձ մոտ ժպիտ է առաջացնում։ Մեզ անընդհատ մեղադրում են մերթ ադրբեջանական, մերթ հայկական քարոզչության համար։ Մենք կարծում ենք, որ շատ լավ ենք կարողանում պահպանել հավասարակշռությունը, եթե մեղադրանքները զուգահեռ են։ Մի անգամ, մասնակիցներից մեկն ասաց, որ ես պատրաստվում եմ «տարածաշրջանն Աֆղանստանի վերածել», սակայն այդպես էլ չկարողացավ բացատրել, թե ինչիս է դա պետք։
Ռոզա․ «Ինձ ընկերներս էլ էին քննադատում։ Ասում էին, թե այն, ինչ անում եմ, սխալ է։ Որ «նրանք մեզ սպանել են» և մնացած ստանդարտ արտահայտությունները։ Ծանոթներիցս մեկն ասում էր, որ երբեք թուրքերի հետ չի բարեկամանա։ Փոխարենը, երբ ես 8 ամսից գրառում հրապարակեցի գորգերի մասին, նա մեկնաբանություններում ադրբեջանցիներին սկսեց պատասխանել առանց ագրեսիայի նշանների։ Ժամանակն օգնում է։ Եվ մի րոպե անգամ չեմ ափսոսում, որ շարունակում եմ ընկերություն անել ադրբեջանցիների հետ, իմ օրինակով ես որոշ հայերի կարողացա ցույց տալ, որ բոլորս էլ մարդ ենք։
Որքան քննադատությունը շատ է, այնքան «Կովկասյան խաչմերուկի» թիմին ավելի հաճելի է հաղորդագրություններ ստանալը, որոնցում մարդիկ շնորհակալություն են հայտնում նրա համար, որ խումբն օգնել է իրենց ազատվել ատելությունից և կարծրատիպերից։
Լավատեսություն է ներշնչում այն փաստը, որ օգտատերերի մեծ մասն ապրում է հենց Հայաստանում և Ադրբեջանում, ալյ ոչ թե արտասահմանում։ Արդյո՞ք կարող են այս և նման հարթակներն ազդել երկու հասարակությունների տրամադրության վրա, որոնք այժմ հեռու են միմյանցից, ինչպես երբեք։
Լալա․ «Ես այդքան էլ լավատեսորեն չեմ տրամադրված խմբի ազդեցության առումով․ այժմ այն մոտ 1600 մասնակից ունի 2 երկրից, այնքան էլ շատ չէ։ Բացի այդ, խումբը ռուսալեզու է, երբեմն անգլալեզու օգտատերեր էլ են լինում, բայց ստացվում է, որ կորցնում ենք այն մարդկանց, ովքեր չեն խոսում այդ լեզուներով։ Մեր նպատակներն ավելի համեստ են․ խումբը հարթակ է, որտեղ ոմանք, հնարավոր է, կարող են կոտրել կարծրատիպերը, ոմանք էլ՝ առաջին անգամ շփվել «թշնամական կողմի» ներկայացուցիչների հետ»։
Ռոզա․ «Ես պարզապես ուզում եմ, որ հարևանները խաղաղ ապրեն։ Ես ուզում եմ Բաքու գնալու հնարավորություն ունենալ, երբ ուզում եմ։ Եվ որ ընկերներս էլ դա կարողանան անել։ Որ իմ երկիրը բարգավաճի։ Որպեսզի ծնողները երեխա չունենան՝ նրանց կորցնելու համար։ Ոչ ոք մեզնից լավը չէ։ Մյուս երկրները բարեկամություն են անում հարևանների հետ, իսկ մենք միայն պատերազմում ենք։ Այդ պատճառով օրս սկսվում է խմբի գործերով և ավարտվում դրանցով։ 24 ժամ, շաբաթը 7 օր»։
Այս պատմությունը «Հետագծեր» մեդիա նախագծի մասնիկն է: Այն պատմում է մարդկանց մասին, ում կյանքի վրա ազդեցություն են թողել Հարավային Կովկասի հակամարտությունները: Նախագծի մեջ ներգրավված են հեղինակներ և խմբագիրներ ողջ Հարավային Կովկասից, այն չի սատարում ոչ մի հակամարտության ոչ մի կողմի: Նախագիծն իրականացվում է GoGroup Media և International Alert կազմակերպությունների կողմից` Եվրամիության աջակցությամբ։