Մանկապարտեզները՝ շռայլություն Հայաստանի գյուղերի համար
Հայաստանի գյուղական համայնքներում նախադպրոցական կրթությունը հիմնականում անհասանելի է՝ մանկապարտեզներ գրեթե չկան: Եվ եթե մայրաքաղաք Երևանում վերջին տարիներին պետականների կողքին ավելանում են նաև մասնավոր նախակրթարանները, ապա մարզերում դրա մասին չեն էլ երազում:
Հայաստանում, խորհրդային մյուս երկրների պես, գոյություն ուներ նախադպրոցական կրթական հաստատությունների համակարգ: 1989 թվականի տվյալներով, գործել է 1300-ից ավելի մանկապարտեզ: Ըստ էության, միայն խորհրդային շրջանում են նախադպրոցական կրթության հնարավորությունից օգտվել հավասարապես բոլորը:
Այդ տարիներին ստեղծված մանկապարտեզների լայն ցանցը բարեհաջող կերպով տանուլ տվեց հետխորհրդային Հայաստանը: Երեխայի խնամքի հաստատությունները սեփականաշնորհվեցին, փակվեցին, քանդվեցին:
Մայրերը պահանջում են
«Գյուղին նախակրթարանն ու մանկապարտեզ է պետք, ծնողները չեն հասցնում երեխաներին ժամանակ հատկացնել: Երեխաներին զարգացնող խաղեր են պետք, կրթական ծրագրեր, միջոցառումներ, հետաքրքաշարժ ժամանց», — ասում է Գեղարքունիք գյուղի բնակիչ 25-ամյա Մարիամ Բաբայանը։
Նրա ամուսինը արտերկրում է աշխատում, և մեկ տարի առաջ Մարիամը երեխաների հետ Երևանից Գեղարքունիք է տեղափոխվել` ամուսնու ծնողների հետ ապրելու: Ասում է, եթե մանկապարտեզի հարցը չլուծվի, ամենայն հավանականությամբ, կհեռանա գյուղից:
Գեղարքունիքի բնակիչ Արևիկ Առաքելյանի խոսքով, արդեն գյուղերում գրեթե չկան ընտանիքներ, որ երկուսից ավելի երեխա ունենան․
«Երբ մտածում եմ երրորդ երեխայի մասին, հասկանում եմ, որ կուզենայի գոնե մանկապարտեզ լինի, որ երեխաներիս հնարավորություն լինի չտարբերվել մանկապարտեզ գնացած երեխաներից: Շատերն են էդպես ասում, որ եթե կարողանան երեխային մի բան տալ, կուզեն երրորդն էլ ունենալ»:
Այլ խնդիրներ
«Սեյվ դը չիլդրեն» (“Save the children”) կազմակերպության ծրագրերի համակարգող Մարիա Պողոսյանն ասում է, որ անցած տարվա ընթացքում աջակցող այցեր են կատարել Հայաստանի տարբեր համայնքներ: Եվ պարզել են, որ այստեղ կան խնդիրներ, որոնց մասին տեղացիները պատկերացում էլ չեն ունեցել։ Որոշ գյուղերում կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաներ են հայտնաբերվել:
«Նախադպրոցական տարիքի երեխաներից շատերի մոտ հանդիպել է խոսքի հապաղում։ Տնային պայմաններում չեն կարողացել զարգացնել երեխայի բառապաշարը: Շատ դեպքերում ըստ անհրաժեշտության լոգոպեդ է այցելել համայնքներ: Մասնագետը զննել է երեխաներին, ստուգել, թե ինչ խնդիրներ կան և խորհուրդներ է տվել, թե ինչպես աշխատեն երեխաների հետ», — պատմում է Մարիա Պողոսյանը:
Ոմանց բախտը բերել է
Արջուտ գյուղի քարքարոտ ու հողոտ ոլորվող փողոցներում ոչ մեծեր կան, ոչ՝ փոքրեր. գյուղի բոլոր երեխաները դպրոցում են, 5-6 տարեկանները՝ նախակրթարանում:
«Ես Տիգրանիկի մաման եմ»,- ներկայանում է Աստղիկ Խաչատրյանը։ Վստահ է, որ արդեն նկատել ենք որդուն`խմբի ամենաաշխույժ և անմիջական երեխային:
27-ամյա Աստղիկը գյուղի բուժքույրն է: Նա համատեղությամբ երկու տեղ է աշխատում`գյուղում և Վանաձոր քաղաքի պոլիկլինիկաներից մեկում: Նախքան նախակրթարանի բացվելը երեխային ամեն օր հետը տարել է մանկապարտեզ` Վանաձոր:
«Դժվար էր։ Պապիկներին էի խնդրում, որ տանեն մեզ, կամ կային երեխաներ, որ էլի այդ մանկապարտեզ էին հաճախում՝ նրանց ծնողներին էի խնդրում, երբեմն էլ տաքսիով էինք տանում-բերում։ Միայն թե երեխան տունը չնստեր, սովորեր ինչ-որ բան: Բայց երբ գյուղում բացվեց, ես հանեցի Վանաձորի մանկապարտեզից, բերեցի ստեղ», — ասում է Աստղիկը:
Նա երկու երեխա ունի։ Սկսել է աշխատել երկու տարի առաջ, երբ փոքրը վեց ամսական էր, իսկ Տիգրանիկը`երեք տարեկան: Այժմ երկուսուկես տարեկան փոքրին տան տատն ու պապն են խնամում, որպեսզի հարսը աշխատելու հնարավորություն ունենա:
«Տան միակ աշխատողն եմ։ Ամուսինս հիմա այստեղ չի՝ Ռուսաստան է մեկնել արտագնա աշխատանքի։ Ես օրվա ընթացքում ընդհանրապես տանը չեմ լինում, հինգից հետո եմ գալիս: Տատիկ, պապիկն էլ զբաղված են լինում փոքրիս հետ, այսինքն իրանք չեն հասցնի Տիգրանիս ինչ-որ բան սովորեցնել», — ասում է Աստղիկը:
Ինչպես գյուղում նախակրթարան հայտնվեց
Դպրոցահենք նախակրթարանն Արջուտում 2017 թվականին է բացվել՝ դպրոցում հատկացված սենյակում։
Դա տեղի է ունեցել «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության ծրագրով՝ ոչ միայն Արջուտում, այլ Լոռու և Գեղարքունիքի մարզերի հինգ համայնքում:
«Ծրագրի համար կարևոր էր համայնքում առկա նախադպրոցական երեխաների քանակը: Մի խմբասենյակի բացման համար 4-6 տարեկան գոնե 20 երեխա պետք է լիներ: Երկրորդ կարևոր հանգամանքը դպրոցում համապատասխան տարածքի առկայությունն էր: Օրինակ, Լոռվա մարզում երկրաշարժից հետո կառուցված տիպային շատ դպրոցներում պարզապես տեղ չկար: Երրորդ հանգամանքը համայնքի կողմից ծրագրում որոշակի ներդրում ունենալու պատրաստակամությունն էր», — բացատրում է «Save the children» կազմակերպության ծրագրի համակարգող Մարիա Պողոսյանը:
Այս նախակրթարանները գործում են համայնքի, տեղի դպրոցների և կազմակերպության միջև կնքված եռակողմ հուշագրով: Համայնքները մասնակցել են սենյակների վերանորոգմանը՝ 15 տոկոսով: Գործարկման առաջին տարվա ընթացքում նաև վճարել են դաստիարակի և նրա օգնականի աշխատավարձը: Երկրորդ տարում նախակրթարաններն անցել են Կրթության և գիտության նախարարությանը։ Այսպիսով, դրանք ֆինանսավորվելու են նախարարության կողմից՝ միջնաժամկետ ծախսերի ծրագրով:
Այստեղ երեխաներին սովորեցնում հաշվել ու նկարել, ծեփել և ոտանավորներ արտասանել: Սենյակի ծնողական անկյունում պարապմունքների գրաֆիկն է՝ երեխաներն ունեն 4-5 թեմատիկ խաղ-դասեր և ազատ ժամ:
Ինչո՞ւ է փակվել Արջուտի մանկապարտեզը
Տարիներ առաջ Արջուտում փակվել է միակ, դեռ խորհրդային տարիներին կառուցված մանկապարտեզը: Այն պատճառով, որ գյուղում ծնունդներն ու երեխաները քչացել են։
Աստղիկի համար ավելի հեշտ կլիներ, եթե գյուղում մանկապարտեզ լիներ, քանի որ նախակրթարանը կես օր է աշխատում: Օրվա մյուս կեսը Տիգրանին խնամում է Աստղիկի մայրը:
«Մենք դիմել ենք համայնքի ղեկավարին, ասաց՝ համ երեխաներն են քիչ, համ ֆինանսավորում չկա: Շենքը կա և հոյակապ վիճակում է։ Բայց ներսը՝ մահճակալները, սպիտակեղենը, ցեցը կերել է, կահույքն արդեն փչանում է՝ այսքան տարի չաշխատելով», — պատմում է Աստղիկը:
Նախակրթությունը՝ վերջում
1996թ. Հայաստանում ընդունվել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը, և վաղ մանկության զարգացման համար պատասխանատու դարձավ համայնքը: Այսինքն, մանկապարտեզները սկսեցին ֆինանսավորվել տեղական բյուջեի հաշվին՝ ծնողների կողմից վճարովի հիմունքներով:
Արդյունքում մանկապարտեզներում երեխաների ընդգրկվածությունը խիստ նվազել է: Տեղական իշխանությունները մանուկների զարգացումը չեն համարում սոցիալական ներդրումների համար հարմար ոլորտ։ Այն ավելի հաճախ դիտարկվում է որպես ծախսաշատ ու ավելորդ մարտահրավեր համայնքային բյուջեի համար։
«Համայնքի վաղվա օրով լավատես եմ, բայց գոնե ջրի հարցը լուծենք, հետո՝ աշխատատեղի։ Հիմա մանկապարտեզ բացելու արդյունավետությունը ո՞րն է: Ասենք, մի հինգ երեխա պիտի հաճախեն, նրանց համար մի քանի դաստիարակ ու հավաքարար պահելը մեզ ոչ ոք թույլ չի տա։ Դա շռայլություն կլինի մեզ համար», — ասում է Գեղասարի համայնքապետ Վարազդատ Գրիգորյանը:
Լոռու մարզի Գեղասար համայնքում մանկապարտեզ կամ նախակրթարան երբեք չի եղել: 1988-ի Սպիտակի երկրաշարժից գյուղը հիմնովին ավերվել է: Այժմ հազար բնակիչ ունեցող Գեղասարում նախադպրոցական տարիքի շուրջ երեսուն երեխա կա:
Բայց գյուղապետը կարծում է, որ այս պահին ավելի կարևոր խնդիրներ կան։ Դա խմելու և ոռոգման ջրի բացակայությունն է: Մարզային հիմնական ճանապարհներից կտրված գյուղում տրանսպորտ էլ չի գործում: Համայնքի ընդհանուր բյուջեն մոտ 20 միլիոն դրամ է: Հազիվ բավարարում է կոմունալ ծախսերին և աշխատավարձերին:
Ինչ ենք ստանում արդյունքում
Թեև երկրաշարժից հետո գյուղը վերականգնվել է, մարդիկ լքում են այն: Հեռանում են հատկապես երիտասարդները: Արտագաղթում են մենակ կամ ընտանիքներով՝ Ռուսաստան կամ թեկուզ Հայաստանի մոտակա քաղաքներ, որտեղ աշխատանքի և լուսավոր ապագայի հույս են տեսնում:
«Եթե լինի մանկապարտեզ ու նախակրթարան, առաջին հերթին կկանխվի արտագաղթը: Հիմա երիտասարդ ընտանիքները հատկապես ձգտում են քաղաք գնալ՝ հենց այդ մինիմալ պայմանների բացակայության պատճառով, ուզում են երեխան խմբակներ հաճախի, մանկապարտեզից օգտվի, ավելի զարգացած լինի», — կարծում է նույն Վարազդատ Գրիգորյանը, որը մանկապատեզը շռայլություն է համարում։
Հայաստանում նախադպրոցական կրթությունից զրկվում է 3-6 տարեկան երեխաների 32.7%-ը: Գյուղաբնակ երեխաներն ավելի շատ են տուժում, քան քաղաքաբնակները։ Հաճախ համայնքապետերը հրաժարվում են ծախսեր պլանավորել մանկապարտեզների համար՝ վստահ լինելով, որ երեխաների նախադպրոցական կրթության կարիքները կարող են հոգալ և ընտանիքում: