«ՄԱԿ ԱԽ բանաձևն առանց ուժային աջակցության սովորական թուղթ է»․ կարծիք Բաքվից
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի մեկնաբանություն
«Առանց ուժային աջակցության՝ բանաձևը սովորական թուղթ է։ Ինչպես գիտենք, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի ընդունումից միայն 27 տարի անց Ադրբեջանը կարողացավ ուժով կյանքի կոչել դրանք»,- ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի հնարավոր արդյունքների մասին նման կարծիք է հայտնել քաղաքական մեկնաբան Հաջի Նամազովը։
«Հայաստանն այս պահին նման հնարավորություն չունի և դժվար թե տեսանելի ապագայում ունենա, քանի որ քիչ հավանական է, որ Հայաստանը ռազմական հզորությամբ երբևէ գերազանցի Ադրբեջանին՝ նույնիսկ առանց նրա հարևան և դաշնակից Թուրքիայի օգնության»,- հավելել է փորձագետը։
- Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ ԼՂ-ի հարցով․ ի՞նչ սպասել
- «ԼՂ-ում ցեղասպանություն է ընթանում»․ ՄՔԴ նախկին դատախազի եզրակացությունը
- «Հարգել, ոչ թե ճանաչել տարածքային ամբողջականությունը»․ կոչ Փաշինյանին
Օգոստոսի 16-ին Հայաստանի նախաձեռնությամբ տեղի կունենա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ։ Քննարկվելու է Ղարաբաղի հայաբնակ հատվածի, ինչպես նաև Լաչինի ճանապարհի շուրջ ստեղծված իրավիճակը։
Ադրբեջանցի քաղաքական մեկնաբան Հաջի Նամազովը JAMnews-ի համար մեկնաբանել է Նյու Յորքում կայանալիք հանդիպման հնարավոր արդյունքները։
Հարցի էթիկական կողմը
«Առաջին հերթին ինքներս մեզ համար պետք է հասկանանք՝ ինչ է իրենից ներկայացնում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր և ինչ որոշումներ կարող է կայացնել Ադրբեջանի ինքնիշխան տարածքի վերաբերյալ։
Անմիջապես նշեմ, որ նիստը նախաձեռնել է Հայաստանը, և պետք է դառնա քննարկման առարկա Ադրբեջանի տարածքը, որտեղ հայեր են ապրում։ Այսինքն՝ մեկ երկիր ամենաբարձր մակարդակով բարձրացնում է մեկ այլ երկրի տարածքի հարցը։ Ինձ թվում է՝ էթիկական տեսանկյունից այս դետալը շատ հակասական է միջազգային դերակատարների համար»։
90-ականների սկզբին և հիմա աշխարհում տիրող իրավիճակի մասին
«Ադրբեջանում վերջին օրերին միայն ծույլերը չեն հիշում անցյալ դարի 90-ականների սկզբին ընդունված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերը։ Դրանցում պարզ և հստակ ճանաչվում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և Հայաստանից պահանջվում էր անվերապահորեն լքել հարևան երկրի օկուպացված տարածքը։
Այդ տարիներին իրավիճակն աշխարհում նման էր ներկայիս պատկերին։ 90-ականների սկզբին Արևմուտքն ամբողջությամբ զբաղված էր հետխորհրդային տարածքի և Արևելյան Եվրոպայի «կլանմամբ», և միջազգային ասպարեզում գործող հիմնական դերակատարները ժամանակ չունեին «մանր» հակամարտությունների համար, ինչպիսին նրանց թվում էր Ղարաբաղի հարցը։
Այժմ Արևմուտքը զբաղված է Ուկրաինայում և տնտեսական ճակատում Ռուսաստանի դեմ համաշխարհային պատերազմով։ Եվ այստեղ օգտակար կլինի հիշեցնել, որ Ադրբեջանն Արևմուտքի գործընկերն է այս պայքարում թե՛ Կիևին համապարփակ աջակցության, թե՛ Եվրոպայի էներգետիկ անվտանգության տեսանկյունից»։
Ադրբեջանը չի անհանգստանում
«Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ Հայաստանը Անվտանգության խորհրդի նիստին մասնակցելու նպատակով ուղարկել է իր արտգործնախարար Արարատ Միրզոյանին։ Ըստ ամենայնի, հայկական կողմը Անվտանգության խորհրդի անդամներին իրավիճակի մասին ավելի մանրամասն զեկուցելու անհրաժեշտություն է տեսնում։
Առայժմ ադրբեջանական կողմից այս ուղղությամբ քայլեր չեն նկատվել։ Բաքուն սահմանափակվել է ԱԳՆ-ի հերթապահ հայտարարությամբ։
Սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանին հաջողվել է Անվտանգության խորհրդի իր գործընկերներին համոզել իր որոշումների արդիականության մեջ և անհանգստանալու ոչինչ չունի»։
Եռակողմ համաձայնագրի և Արդարադատության միջազգային դատարանի որոշման մասին
«Եթե խոսենք վաղվա քննարկումների էության մասին, ապա Հայաստանին դժվար թե հաջողվի 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը ներկայացնել որպես միջազգային փաստաթուղթ, որը ենթակա է պարտադիր կատարման։
Այդ փաստաթուղթը, ինչպես գիտենք, ավելի շատ նման է «ջենթլմենական համաձայնության» երեք պետությունների ղեկավարների, որոնք հետագայում հարկ չեն համարել այն տեղափոխել պաշտոնական մակարդակ։ Այդ երկրների խորհրդարաններից ոչ մեկը չի վավերացրել համաձայնագիրը. միջազգային իրավունքի համաձայն՝ չունի միջազգային նշանակություն։
Հայաստանն ինքը դեռ չի կատարել համաձայնագրի պայմանները՝ հայկական զորքերը չեն լքել Ղարաբաղը, Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ կապող ճանապարհները նույնիսկ չեն նախագծվել։
Ինչ վերաբերում է հայերի մեկ այլ փաստարկին՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը, ապա այն ամբողջությամբ իրականացվում է Ադրբեջանի կողմից։ Լաչինի ճանապարհը բաց է, իսկ Հայաստանի հետ սահմանի անցակետը համաշխարհային ընդհանուր պրակտիկա է բոլոր ինքնիշխան երկրների համար։
Պետք չէ խուճապի մատնվել տարբեր քաղաքագետների ելույթներից։ Արդարադատության միջազգային դատարանը երբեք չի նախազգուշացրել Բաքվին իր որոշման կատարման հետ կապված խնդիրների մասին։ Հետևաբար, այստեղ դժգոհելու ոչինչ չկա»։
Հավանական սցենարներ
«Ի՞նչ կարող է որոշել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը: Ինձ թվում է, որ նա կսահմանափակվի չպարտավորեցնող հայտարարությամբ, որը կոչ է անում կողմերին կնքել խաղաղության պայմանագիր և լուծել հումանիտար հարցերը։
Բայց եկեք դիտարկենք նաև այլ՝ տեսականորեն հնարավոր սցենարներ։
Եթե հանկարծ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրն ընդունի բանաձև, որն Ադրբեջանից կպահանջի բացել Լաչինի ճանապարհը Հայաստանից մարդասիրական օգնության համար, ապա դա դեռ բացարձակապես ոչինչ չի նշանակում։
Նախ, Ադրբեջանն ինքնիշխան երկիր է, որն ազատ է թույլ տալ կամ թույլ չտալ այլ երկրների ապրանքների մուտքն իր տարածք։ Առավել ևս այն դեպքում, որ Հայաստանը պաշտոնապես Բաքվից թույլտվություն չի խնդրել Ղարաբաղ հումանիտար բեռներ տեղափոխելու համար։
Երկրորդ՝ Ադրբեջանը մի քանի անգամ առաջարկել է իր տարածքով Խանքենդի հասցնել անհրաժեշտ ապրանքները, ինչը տրամաբանական է և համապատասխանում է ինչպես ադրբեջանական օրենսդրությանը, այնպես էլ միջազգային իրավունքի բոլոր պահանջներին։ Այսինքն՝ Բաքվին ինչ-որ շրջափակման և «ցեղասպանության» մեջ մեղադրելը ոչ այլ ինչ է, քան մանիպուլյացիա և սուտ։
Եվ ամենակարևորը՝ բանաձևը պետք է իրագործել, իսկ դրա համար անհրաժեշտ է ռազմական ուժ։
Ուղիղ ասենք՝ ՄԱԿ-ը չի կարողանա իր խաղաղապահներին ուղարկել Ղարաբաղ։ Դա կկանխի Ռուսաստանը, որը չի ցանկանում Ղարաբաղում տեսնել այլ ուժեր, բացառությամբ սեփական զինվորականների: Ներկայիս միջազգային իրավիճակի պայմաններում դա գործնականում նոնսենս է։
Այո, կարելի էր ենթադրել, որ ՄԱԿ-ն իր միջազգային մանդատը կտրամադրի Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահներին, բայց դա քիչ հավանական է նաև Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի վերաբերմունքի պատճառով։
Իսկ ուղղակի բանաձևն առանց ուժային աջակցության սովորական թուղթ է: Ինչպես արդեն գիտենք, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի ընդունումից միայն 27 տարի անց Ադրբեջանը կարողացավ ուժով կյանքի կոչել դրանք։
Հայաստանն այս պահին նման հնարավորություն չունի և դժվար թե տեսանելի ապագայում ունենա, քանի որ քիչ հավանական է, որ Հայաստանը ռազմական հզորությամբ երբևէ գերազանցի Ադրբեջանին՝ նույնիսկ առանց նրա հարևան և դաշնակից Թուրքիայի օգնության»։