«Պասիվ մնալ կնշանակի հանցակից լինել»․ ՄԱԿ ԱԽ նիստը՝ ԼՂ-ի վերջին դեպքերի շուրջ
ՄԱԿ ԱԽ նիստ Ֆրանսիայի նախաձեռնությամբ
«Ոչ ոք չի կարող հավատալ, որ գործողությունը կանխամտածված չի եղել»,- Լեռնային Ղարաբաղում վերջին օրերին տեղի ունեցած ռազմական գործողությունների մասին ասել է Ֆրանսիայի արտգործնախարարը։ Նրա խոսքով՝ դա տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից շաբաթներ շարունակ «մեծածավալ զորք և ռազմական տեխնիկա» կուտակելուց հետո։
Կատրին Կոլոննան նման հայտարարություն է արել ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստի ժամանակ, որը հրավիրվել էր Փարիզի նախաձեռնությամբ։ Իրենց ելույթներում Բաքվի ձեռնարկած քայլերը դատապարտել են նաև Գերմանիայի և Եվրամիության ներկայացուցիչները։ ԱՄՆ-ն նշել է, որ ԼՂ-ում միջազգային առաքելության անհրաժեշտություն է տեսնում, Ռուսաստանն իր հերթին հայտարարել է՝ «ռուսական խաղաղապահ առաքելությանն այլընտրանք գոյություն չունի»։
ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն իր խոսում կարևորել է Լաչինի միջանցքի լիարժեք բացումն ու ԼՂ-ի հայերի՝ իրենց տներում արժանապատվորեն ապրելու իրավունքի իրացումը։
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը կրկին ռազմական գործողությունները որակել է «հակաահաբեկչական գործողություն»՝ ամբողջ մեղքը բարդելով հայկական կողմի վրա։ Նա Հայաստանին մեղադրել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներն ականապատելու և Ադրբեջանի քաղաքացիների մահվան մեջ։ Եվ դա չնայած այն հանգամանքին, որ Արդարադատության միջազգային դատարանը դեռևս փետրվարին մերժել էր այդ հարցով Ադրբեջանի հայցն ընդդեմ Հայաստանի։
Նիստի ընթացքում միայն ելույթներ են եղել, հայտարարություն կամ բանաձև չի ընդունվել։ Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն ասում է՝ նիստը չպետք է քննարկել «երկրպագուի», այն է՝ լավ կամ վատ ելույթների տրամաբանության շրջանակներում։ Կարծում է՝ նույնիսկ լավ ելույթ ունեցողներն ունեն իրենց շահերը, որոնք ներկա պահին «չեն մոտիվացնում Ադրբեջանի դեմ գործողության»։
Հայաստանի արտգործնախարարի ելույթը, ՄԱԿ ԱԽ անդամների արձանագրումները, Եվրամիության կոչը Ադրբեջանին, փորձագիտական կարծիք
«Բաքվի նպատակը ԼՂ հայ բնակչության էթնիկ զտումներն ավարտին հասցնելն է»
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը նման եզրակացության է հանգել՝ հաշվի առնելով Ադրբեջանի վերջին հարձակման ինտենսիվությունն ու դաժանությունը։
Հիշեցրել է՝ հայկական կողմն ունի առնվազն 200 զոհ և 400 վիրավոր։ Ադրբեջանը հրթիռների, ծանր հրետանու, մարտական ԱԹՍ-ների և ավիացիայի, այդ թվում՝ արգելված կասետային զինամթերքի կիրառմամբ ռմբակոծել է ԼՂ-ի ամբողջ տարածքը։
Ռազմական գործողություններն, ըստ Միրզոյանի կանխատեսելի էին, կային հստակ նշաններ։ Ընդգծում է՝ հայկական կողմը բազմիցս է ահազանգել, սակայն միջազգային հանրությունը «հրաժարվել է բավարար լրջությամբ վերաբերվել» բոլոր նախազգուշացումներին․
«Ադրբեջանական ագրեսիան, որն իրականացվեց բացահայտ բարբարոսությամբ և խաղաղ բնակչության և ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորմամբ, ուղղված է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բռնի արտագաղթին»։
ԱԳ նախարարը դիմել է Անվտանգության խորհրդին՝ մի շարք հրատապ միջոցներ ձեռնարկելու խնդրանքով։ Դրանց շարքում է
- Լեռնային Ղարաբաղում ՄԱԿ-ի միջգերատեսչական առաքելություն անհապաղ տեղակայումը,
- ՄԱԿ-ի գործակալությունների և այլ միջազգային կառույցների անարգել մուտքի ապահովումը,
- ԼՂ «քաղաքական և ռազմական ներկայացուցիչների և անձնակազմի նկատմամբ պատժիչ գործողությունների բացառումը»։
«Ադրբեջանը պատասխանատվություն է կրում ԼՂ-ի բնակչության ճակատագրի համար»
Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննայի դիտարկմամբ՝ Բաքվի այդ հանձնառության մասին է վկայում Ալիևի հայտարարությունը, որով նա հաստատել է՝ ուզում են «խաղաղության մեջ ապրել Լեռնային Ղարաբաղի հայերի հետ և պահպանել նրանց իրավունքները»։
Կոլոննայի խոսքով, եթե Ադրբեջանն իսկապես ուզում է հասնել խաղաղ և բանակցված լուծման, ապա պարտավոր է՝
- չգործադրել ուժ կամ ուժի սպառնալիք,
- խաղաղ երկխոսություն սկսել բնակչության իրավունքների և երաշխիքների շուրջ՝ միջազգային հանրության աջակությամբ,
- համաներում ապահովել այն զինվորականների, ուժերի նկատմամբ, որոնք ընդունել են հրադադարը,
- անպայմանորեն և առանց ձգձգման ապահովել Լաչինի միջանցքով երթևեկությունը,
- ընդունել միջազգային մարդասիրական ներկայությունը ԼՂ-ում։
«Մենք չենք կարող պասիվ մնալ Լեռնային Ղարաբաղում ներկայիս իրադարձությունների նկատմամբ, քանի որ եթե մենք դա անենք, ապա հանցակից կլինենք բնակչության զանգվածային արտագաղթին»,- ընդգծել է նա։
Ֆրանսիայի ԱԳ նախարարի համոզմամբ՝ ՄԱԿ ԱԽ-ն պարտավոր է ակտիվորեն աջակցել «բանակցված լուծման պարամետրերի ձևակերպմանը Բաքվի և ԼՂ-ի միջև»։
«Կարևոր կլինի միջազգային առաքելությունը, որը վստահություն կներշնչի ԼՂ բնակիչներին»
ԱՄՆ ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդի խոսքով՝ անհրաժեշտ է վստահություն առ այն, որ բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը կպաշտպանվեն Ադրբեջանի հրապարակային հայտարարություններին համահունչ։
«Ճգնաժամի միակ լուծումը հնարավոր է բռնությանը վերջ տալու և տևական խաղաղության միջոցով, երբ կողմերն աշխատեն իրավիճակի լարվածության թոթափման ուղղությամբ»,- նշել է նա։
Շեշտել է՝ չնայած հրադադարի մասին հայտարարություններին՝ տեղում իրավիճակը մնում է ծանր, և ԱՄՆ-ն խորապես մտահոգված է քաղաքացիական անձանց նկատմամբ բռնության դեպքերի մասին ստացվող տեղեկություններով․
«Ադրբեջանը պատասխանատվություն է կրում ապահովելու իր զինված ուժերի գործողությունների ամբողջական համապատասխանությունը միջազգային իրավունքի նորմերին»։
Խոսելով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի մասին՝ ԱՄՆ ներկայացուցիչը կողմերին կոչ է արել ապահովել, որ մարդասիրական կազմակերպությունները կարողանան սնունդ, դեղորայք և այլ անհրաժեշտ պարագաներ հասցնել «առանց որևէ ճանապարհային պատնեշների»։
«Ռուսական խաղաղապահ առաքելությանն այլընտրանք գոյություն չունի»
ԱԽ նիստի ժամանակ նման հայտարարություն է արել Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։ Վստահեցրել է՝ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը կապի մեջ է եղել ԼՂ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, որպեսզի «արյունահեղությունը դադարի»։
«Ամենավտանգավոր շրջաններից մոտ 5000 քաղաքացիներ են տարհանվել, այդ թվում՝ մոտ 1000 քաղաքացիներ, մարդկանց կացարան է տրամադրվել և ճամբար»,- ասել է նա։
Պոլյանսկիի խոսքով՝ իրավիճակի հնարավորինս շուտ հանգուցալուծմամբ Ռուսաստանը շահագրգռված է «ավելի, քան որևէ մեկը»։
Հերթական անգամ ռուսական կողմը խոսել է ԵՄ միջնորդությամբ տեղի ունեցած բանակցությունների ժամանակ Հայաստանի՝ ԼՂ-ն Ադրբեջանի մաս ճանաչելու մասին։
Դմիտրի Պոլյանսկու խոսքով՝ Մոսկվան ակնկալում է, որ Բաքվի և Ստեփանակերտի միջև շփումների արդյունքում հնարավոր կլինի հնարավորինս արագ թեթևացնել մարդասիրական իրավիճակը տարածաշրջանում, ապահովել կայունություն ԼՂ բնակիչների առօրյա կյանքում:
«Էթնիկ հայերի տեղահանությունը և հարկադիր արտագաղթը ԼՂ-ից անընդունելի են»
Արձանագրել է Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը, որի ելույթն առավել խիստ էր և էմովիոնալ։ Ընդգծել է, որ ընդամենը երկու օրվա ընթացքում (սեպտեմբերի 19-20) Ղարաբաղում չափազանց շատ մարդիկ են սպանվել, հազարավորները ստիպած են եղել փախչել իրենց տներից․
«Ադրբեջանը ընտրել է ռազմական ուժով տեղում իրավիճակ փոխելու ճանապարհը։ Մենք հաստատակամորեն դատապարտում ենք Բաքվի ռազմական հարձակումը և կոչ անում վերջինիս մշտապես և վերջանականապես դադարեցնել իր ռազմական գործողությունները»։
Բերբոքն ասել է, որ Ադրբեջանն է կրում պատասխանատվությունը ամբողջովին և լիարժեքորեն պաշտպանելու տեղի քաղաքացիական բնակչությանը, հատկապես երեխաներին։
Նկատել է՝ Լաչինի միջանցքը բաց պահելը կենսական կարևորություն ունի, այն մշակութային և մարդասիրական կամուրջ է Ղարաբաղում ապրող հայերի համար։ ԼՂ-ի բնակչությունն, ըստ նրա, «արժանի է ապրել անվտանգության մեջ»։
«ԼՂ կանայք, տղամարդիկ և երեխաները և ընդանրապես տարածաշրջանի բնակիչները արժանի են ապրելու առանց բռնության վախի, առանց տներից հարկադրաբար հեռացվելու վախի, առանց իրենց իրավունքներից, լեզվից, կրոնից զրկվելու վախի։ Նրանք արժանի են ապրելու խաղաղության մեջ, ինչպես բոլորս»,- եզրափակել է Գերմանիայի ԱԳ նախարարը։
Ի՞նչ քայլեր է Ադրբեջանից ակնկալում ԵՄ-ն
ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն իր ելույթում հիշեցրել է, որ Եվրամիությունը դատապարտել է Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողության և մարդկային կորուստների համար: Բորելի փոխանցմամբ՝ կառույցն ակնկալում է, որ ռազմական գործողությունները կամ որևէ տեսակի բռնություն չի վերսկսվի:
Նրա խոսքով՝ Ղարաբաղի բնակչությանը հրատապ անհրաժեշտ են մարդասիրական օգնություն և երաշխիքներ, որ կհարգվեն նրանց իրավունքներն ու անվտանգությունը: Ասում է՝ Ադրբեջանը պետք է ձեռնարկի կոնկրետ քայլեր, մասնավորապես՝
- ապահովի մարդասիրական օգնության անխոչընդոտ հասանելիություն կարիքի մեջ գտնվող քաղաքացիական բնակչության համար, այդ թվում՝ լիարժեքորեն բացելով Լաչինի միջանցքը,
- համապարփակ և թափանցիկ երկխոսություն ծավալի Լեռնային Ղարաբաղի հայերի հետ՝ ապահովելու նրանց իրավունքներն ու անվտանգությունը, այդ թվում՝ իրենց տներում արժանապատվորեն ապրելու իրավունքը:
Մեկնաբանություն
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը կարծում է՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստին Հայաստանի քաղաքացիները «երկրպագուի» նման են արձագանքում՝ «սա ինչ լավ խոսեց, մյուսը՝ վատ»։
Ասում է՝ հրապարակային ելույթները դեռևս չեն վկայում այն մասին, որ այդ երկրները գործելու են Ադրբեջանի դեմ։
«Տեսնում ենք՝ որևէ լավ խոսողի մոտ չկա Ադրբեջանի համար որևէ վատ գործ։ Ինչու՞: Որովհետև մեզ համար լավ խոսողների խնդիրը ոչ թե Ադրբեջանի, այլ Ռուսաստանի հանդեպ վատ գործելն է»,- գրել է Բադալյանը։
Ստեղծված իրավիճակում, ըստ նրա, անհասկանալի է, որ «երկրպագուի» վարք են ցուցաբերում նաև պետական պաշտոնյաները։ Նկատում է՝ դա «քաղաքական անգրագիտության կամ անձնական ինչ-ինչ հաշվարկների վկայություն է»։
Վերլուծաբանի գնահատմամբ՝ այն երկրները, որոնք ունեն Հայաստանի համար «լավ գործելու հնարավորություն», դրա մոտիվը չունեն, քանի որ իրենց շահերը «չեն մոտիվացնում Ադրբեջանի դեմ գործողության»։
«Պետք է ինտենսիվ աշխատենք բոլորի հետ, բայց չլինենք լավ ու վատի՝ քաղաքականապես մանկամիտ ծուղակում, այլ լինենք առավելագույնս գետնի վրա»,- եզրափակել է Բադալյանը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
ՄԱԿ ԱԽ նիստ Ֆրանսիայի նախաձեռնությամբ