Մադրիդյան սկզբունքներ. «հմայքն» ու «վտանգները»
Մադրիդյան սկզբունքները հակամարտող կողմերին առաջարկել է ԵԱՀԿ Մինսկի խումբը 2007թ. նոյեմբերին: Դրանք համարվում են «ամենակենսունակը», քանի որ, չնայած սկզբունքները ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի կողմից չեն ընդունվել ամբողջությամբ ու անվերապահորեն, այնուամենայնիվ դրանք ոչ ոք չի դադարել հաշվի առնել և դրանց շուրջ բանակցությունները շարունակվում են: Հայաստանի քաղաքական գործիչներն ու քաղաքագետները տարբեր կերպ են գնահատում այդ սկզբունքները, բայց նույնիսկ նրանք, ովքեր կարծում են, որ տվյալ փաստաթուղթը լրջորեն զիջում է նախկինում առաջ քաշված որևէ առաջարկի, ենթադրում են՝ մադրիդյան սկզբունքները կարող են բանակցությունները շարունակելու հիմք լինել: Ի դեպ, մինչ այժմ հրապարակվել են 13 կետ պարունակող փաստաթղթի միայն 6 կետերը:
Փաստաթղթի «հմայքների» ու վտանգների մասին իր տեսլականներով կիսվել են լրագրող, ղարաբաղյան հակամարտության հարցերով փորձագետ Թաթուլ Հակոբյանն ու Հայ ազգային կոնգրես կուսակցության Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը:
Գրավիչ կողմերը
1. Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեի անցկացում
Թաթուլ Հակոբյան. «Առաջին ու հիմնարար կետը հանրաքվեի միջոցով Լեռնային Ղարաբաղի (Արցախի) կարգավիճակի որոշումն է հենց բնակչության կողմից: Քվեարկության ցանկացած ելք անբեկանելի է լինելու»:
Վլադիմիր Կարապետյան. «Այդ փաստաթղթի միայն առաջինն կետն է, որ մեծապես բխում է Հայաստանի շահերից, դա փաստաթղթի առաջին կետն է, որը ենթադրում է ԼՂ կարգավիճակի հարցով պլեբիսցիտ: Ադրբեջանը, ստորագրելով այդ փաստաթուղթը, առաջին անգամ կասկածի տակ կդնի Ղարաբաղի՝ իրենց պատկանելության հարցը: Մնացած կետերը փաստաթղթում հայտնվել են Ադրբեջանի պնդմամբ»:
2. Խաղաղության ու առաջընթացի հեռանկար
Վլադիմիր Կարապետյան. «Փաստաթուղթի ստորագրումը կարող է մեծ պատմական նշանակություն ունենալ, որովհետև ի վերջո կարձանագրի 20 տարվա հակամարտության դադարից հետո ինչ որ մի առաջընթաց, իսկ առաջընթացը շատ լուրջ կլինի, և հիմք կստեղծի խաղաղության մեծ պայմանագրի ստորագրման համար»:
3. Ապաշրջափակում
Վլադիմիր Կարապետյան. «Մադրիդյան սկզբունքների ստորագրումը նաև կհանգեցնի Հայաստանի ապաշրջափակմանը, այդ թվում նաև կբացվի հայ-թուրքական սահմանը, որը փակվել է ղարաբաղյան հակամարտության պատճառով»:
4. Տնտեսական նոր հեռանկարներ
Թաթուլ Հակոբյան. «Միջազգային ճանաչումից հետո Լեռնային Ղարաբաղը կարող է դառնալ տնտեսական զարգացման գոտի՝ ներգրավելով բազմամիլիոն ներդրումներ»:
5. Լարվածության վերացում եւ ապառազմականացում
Թաթուլ Հակոբյան. «Երկու կողմերի համար քիչ թե շատ շահավետ համաձայնագրի ստորագրումից հետո սահմանային լարվածությունը գուգե և թուլանա»:
6. Անվտանգության միջազգային երաշխիքներ
Թաթուլ Հակոբյան. «Հակամարտության հնարավոր վերսկսման դեպքում միջնորդները ապահովում են բնակչության անվտանգությունը»:
Վտանգները
1. Նախկին ԼՂԻՄ տարածքին հարակից 6 շրջանների վերադարձ
Թաթուլ Հակոբյան. «Այս կետը Լեռնային Ղարաբաղի (Արցախի) ներկա իշխանությունները սվիններով են ընդունում ու համարում դիրքերի զիջում»:
Վլադիմիր Կարապետյան. «Մադրիդյան փաստաթղթի ստորագրումով Ադրբեջանը ստանում է ակնհայտ առավելություններ մեծ պայմանագրի շուրջ բանակցությունները ավելի լավ դիրքերից վարելու համար: Եթե մինչև 2005-2006թթ բանակցությունները Քելբաջարի և Լաչինի վերադարձման հարցը չէր քննարկվում, ապա այս փաստաթղթով ենթադրում է Քելբաջարի և Լաչինի վերադարձ»:
2. Բուֆերային գոտու վերացում
Թաթուլ Հակոբյան. «Նախկին ԼՂԻՄ տարածքին հարակից շրջանները քիչ բնակեցված են ու բուֆերային գոտի են ծառայում խաղաղ բնակչության համար: Դրանց վերադարձից հետո ուղղակիորեն վտանգի տակ կդրվի նաեւ բնակչության անվտանգությունը»:
3. Ադրբեջանցի փախստականների վերադարձ նախկին բնակավայրեր, ժողովրդագրական պատկերի կտրուկ փոփոխություն
Թաթուլ Հակոբյան. «Ոչ ոք չի հաշվարկել, թե որ շրջանից ու գյուղից քանի բնակիչ է թողել բնակության վայրը: Նրանց վերադարձը ինչ-որ տեղ իրատեսական չէ»:
Վլադիմիր Կարապետյան. «Փախստականների վերադարձը կհանգեցնի այդ տարածքների դեմոգրաֆիկ վիճակի կտրուկ փոփոխության և հետագայում Ադրբեջանը օգտագործելով դեմոգրաֆիկ գործոնը ավելի ամուր դիրքերից կմասնակցի հետագա բանակցություններին: Շուրջ 10 000 հայեր են ապրում այդ շրջակա տարածքներում, նրանց նկատմամբ կարող է խտրական վերաբերմունք դրսևորվել»:
4. Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում անհստակություն
Վլադիմիր Կարապետյան. «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է հստակեցվի պլեբիսցիտի միջոցով, բայց թե ինչ ձևով պետք է անցնի քվեարկությունը պետք է լրացուցիչ ավելի ուշ հստակեցվի: Անգամ Մադրիդյան սկզբունքների ստորագրումից հետո ԼՂՀ կարգավիճակի մասին խոսելը վաղաժամ է, այդ հարցը չի հստակեցվում հրապարակված փաստաթղթում»:
5. Լեռնային Ղարաբաղը չի մասնակցում սեփական ճակատագրի շուրջ բանակցություններին
Վլադիմիր Կարապետյան. «Ի տարբերություն նախորդ փաստաթղթերի, Մադրիդյան փաստաթուղթը չի նախատեսում ԼՂ մասնակցություն իր ճակատագրի որոշման հարցում, փաստաթուղթը ոչ թե եռակողմ է, ինչպես 1997-ին, այլ երկկողմանի: Փաստաթուղթը տևական ժամանակ բանակցվել է, և ԼՂ-ն չի մասնակցել բանակցություններին, չի հիշատակվում փաստաթղթում որպես կողմ այդ առումով կա որոշակի վտանգ, որ ԼՂ կենսական շահերին վերաբերող պայմանավորվածությունները կարող են ձեռք բերվել առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության»:
6. Հասարակական ընդվզում
Թաթուլ Հակոբյան. «Տարածքների հնարավոր վերադարձից հետո Հայաստանում ու սփյուռքում հասարակական մեծ ընդվզում կառաջանա: Ժողովուրդը իշխանություններին կարող է մեղադրել դավաճանության ու ոչ շահավետ պայմաններով փաստաթուղթ ստորագրելու մեջ: