Ճգնաժամ՝ ճգնաժամից հետո
Հուլիսի 31-ին Հայաստանում հանգուցալուծվեց արդեն երկու շաբաթ շարունակվող ներքաղաքական ճգնաժամը: “Սասնա ծռեր զինված խումբը, որը հուլիսի 17-ից վերահսկում էր Էրեբունիի ՊՊԾ գունդը, զենքերը վայր դրեց՝ հայտարարելով, որ “ռազմագերու կարգավիճակում” կշարունակի պայքարը:
Ի՞նչ փոխվեց Հայաստանում երկու շաբաթվա ընթացքում: Հոգեբաններն ու սոցիոլոգները նշում են ատելության ու ցասման աստիճանի կտրուկ աճը, որը պայմանավորված էր տնտեսությունում և քաղաքականությունում իշխանության ամենաթողությամբ, ոստիկանության դաժանությամբ, որը հուլիսի 29-ին անմարդկային վարք դրսևորեց: Այդ օրը բողոքի ակցիայի մասնակիցներին առաջնորդեցին դեպի երևանյան Սարի թաղ, որտեղ իսկական ջարդ կազմակերպվեց. ծեծվեցին լրագրողներ, քաղաքական ակտիվիստներ, ակցիայի առաջնորդներին ձերբակալեցին առանձնահատուկ դաժանությամբ:
Տարբեր եզրակացություններ են արվում Հայաստանում հոգեբանական բևեռացման աստիճանի հետ կապված. կարծիք կա, որ ոստիկանությանը դիտավորյալ հակադրեցին հասարակությանը, որ այն չկարողանա միանալ ժողովրդին անհնազանդության ակցիաների դեպքում: Կարծիք կա նաև, որ իշխանությունները հատուկ հանեցին իրենց “ժողովրդավարական դիմակը հասարակությանը վախեցնելու և ապագայի համար զգուշացնելու նպատակով:
Սակայն եթե բարոյահոգեբանական հարթությունից վերադառնանք դեպի հասարակական-քաղաքական, կարելի է արձանագրել, որ Հայաստանում աննկատ նախընտրական պայքար է սկսվել, որը խոստանում է բուռն լինել: Չնայած որ հուլիսի դեպքերը ցույց տվեցին, որ նախագահ Սերժ Սարգսյանը վերահսկում է իրավիճակը, դրանք նաև ցույց տվեցին, որ ֆորս-մաժոր հնարավոր է ցանկացած պահի:
Հայաստանում խորհրդարանական ընտրությունները պետք է կայանան 2017թ-ի գարնանը: Դա 2015թ-ի դեկտեմբերին Սահմանադրությունը փոխելուց ի վեր առաջին ընտրություններն են, երբ Հայաստանը նախագահական հանրապետությունից դարձավ խորհրդարանական: Գարնանը փոփոխվեց նաև ընտրական օրենսգիրքը, և այդ նոր կանոնների համաձայն երկրում պետք է կոալիցիոն կառավարություն ձևավորվի, որի կազմում կընդգրկվեն խորհրդարան անցած ուժերի ներկայացուցիչները:
Տարիներ շարունակ Հայաստանում իշխանությունները ձևավորվել են այսպես կոչված “նախագահական եռանկյունու շրջանակում, որտեղ տարբեր համադրություններ են եղել. Ռոբերտ Քոչարյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը ընդդեմ Սերժ Սարգսյանի, հետո Սարգսյանն ու Քոչարյանը դուրս եկան Տեր-Պետրոսյանի դեմ: Այժմ, ինչպես նշում են վերլուծաբանները, Սարգսյան-Տեր-Պետրոսյան դաշինք է կազմվում՝ ըննդեմ Քոչարյանի:
Չնայած հավաստի տեղեկություններ չկան այն մասին, որ «Սասնա ծռեր» խմբավորումը Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցն է, սակայն ապստամբներին պաշտոնապես աջակցություն է հայտնել նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի կուսակցությունը, որը քոչարյանամետ է համարվում: Բացի այդ, ներկա իշխանությունների դեմ ամենաակտիվ պրոպագանդա են տանում Օսկանյանի հիմնած լրատվամիջոցները, մասնավորապես՝ “Սիվիլնեթը:
Չի կարելի միանշանակ պնդել, որ «Սասնա ծռերի» ապստամբությունը կապված է ազգային համաձայնության կառավարության ձևավորման արդեն սկսված գործընթացների հետ: Սակայն պատահական չէ, որ Սերժ Սարգսյանը հայտարարեց. այս կառավարությունում տեղ չեն գտնի այն ուժերը, որոնք սատարում են հարցերը ուժով լուծողներին և “դեպի աթոռ սողոսկողներին:
Հատկանշական է, որ հուլիսի 31-ին բանտում գտնվող Ժիրայր Սեֆիլյանը հայտարարությամբ հանդես եկավ, որում խոսում էր հիմնականում ազգային համաձայնության կառավարության ստեղծման մասին: Ժիրայր Սեֆիլյանը “Սասնա ծռերի” ոչ պաշտոնական առաջնորդն է, որի հրամաններին նրանք պատրաստ էին ենթարկվել, այդ թվում նաև՝ վայր դնել զենքը: Սեֆիլյանի հայտարարությունից հետո, որտեղ նա շարադրել էր իր պահանջներն ու ցանկությունները, “Սասնա ծռերը” վայր դրեցին զենքը:
Եվ նրանք որևէ այլ պահանջ չառաջադրեցին, քան թույլ չտալ, որ Հայաստանը դառնա ռուսական «նահանգ»: Ինքը Սեֆիլյանն իր հայտարարությունում ասում էր, որ պահանջում է Հայաստանից դուրս բերել ռուս սահմանապահներին, ովքեր այժմ պահպանում են Իրանի և Թուրքիայի հետ Հայաստանի սահմանը: Նա հայտարարեց, որ Հայաստանի սահմանները պետք է պահպանեն հայ սահմանապահները: Իսկ դրանից մեկ օր առաջ «Սասնա ծռերի» առաջնորդներից մեկը՝ Վարուժան Ավետիսյանը հարցազրույց տվեց, որում ապստամբությունն անվանեց ռուսական գաղութացման դեմ պայքար:
Օգոստոսի 1-ին՝ արդեն հանգուցալուծումից հետո, որը բարեբախտաբար առանց արյունահեղության տեղի ունեցավ, ելույթ ունեցավ Սերժ Սարգսյանը, ով իր գնահատականը տվեց տեղի ունեցածին: Նա ապստամբությունը ոչ հեղաշրջման փորձ, ոչ էլ ահաբեկչություն որակեց, բայց քննադատեց հարցերը ուժով լուծելու փորձերը: Միաժամանակ նա ընդունեց, որ երկրին բարեփոխումներ և ազգային համաձայնության կառավարություն է պետք: Սարգսյանը կարծես պատասխանեց Սեֆիլյանի հայտարարությանը և ասաց, որ նման կառավարություն կկազմվի, սակայն մի քանի ամսից՝ հավանաբար նկատի ունենալով գարնանը կայանալիք ընտրությունները:
Սերժ Սարգսյանն իր ելույթում չխոսեց հայ-ռուսական հարաբերությունների և ապագաղութացման մասին, ինչի մասին խոսում էին «Սասնա ծռերը»: Փոխարենը հայտնի դարձավ, որ օգոստոսի 10-ին Սերժ Սարգսյանը կմեկնի Մոսկվա, որտեղ կհանդիպի Վլադիմիր Պուտինին: Հայաստանի նախագահի աշխատակազմին մոտ գտնվող աղբյուրների փոխանցմամբ՝ հանդիպումը կկայանա Երևանի նախաձեռնությամբ: Հավանաբար, հայ-ռուսական հարաբերություններում իրոք մի իրավիճակ է ստեղծվել, որն անհապաղ հանգուցալուծման կարիք ունի:
Հրապարակվել է 07.08.2016