Ուղիղ չվերթներ ու երկակի ստանդարտներ. Վրաստանի վարչապետի ելույթը Կատարում
Ղարիբաշվիլին Կատարում
Կատարի տնտեսական ֆորումի պանելային քննարկման ժամանակ ունեցած ելույթում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կրկնել է, որ Ուկրաինայի տարածքի 20 տոկոսն արդեն օկուպացված է Ռուսաստանի կողմից, և «ոչ ոք չգիտի, թե երբ» կավարտվի այս պատերազմը։ Նրա խոսքով՝ բոլորը զարմացած են, որ Ուկրաինան «այսքան երկար» է դիմացել։ Վարչապետն անդրադարձել է նաև Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ օդային հաղորդակցության վերականգնմանը՝ ասելով, որ դա «սովորական» պատմություն է։
Էլ ի՞նչ է ասել Ղարիբաշվիլին Կատարում՝
● «2008 թ․-ին մենք պատերազմ ունեցանք, դուք դա լավ եք հիշում, բայց հիշու՞մ եք որևէ մեկին, ով պատժամիջոցներ սահմաներ Ռուսաստանի դեմ։ Աշխարհում ոչ ոք ճիշտ, համարժեք չարձագանքեց։ Այսպիսով, իմ հարցն այն է, թե որտեղ է տրամաբանությունը: Մեր պատերազմը պատերազմ չէ, իսկ Ուկրաինայի պատերազմը պատերա՞զմ է»:
● «Մենք շատ հիասթափված էինք, որ 2008 թվականին Ռուսաստանի հետ մեր պատերազմից հետո համաշխարհային բիզնեսն իր հունով էր ընթանում: Այդ կործանարար պատերազմից հետո մեր տարածքների 20 տոկոսը դեռևս օկուպացված է, Ռուսաստանը մեր պատմական հողի վրա երկու ռազմակայան է կառուցել, ճանաչել է մեր պատմական շրջանների, այսպես կոչված, անկախությունը, և այդ օկուպացիան մինչ օրս շարունակվում է»։
● «Ես կցանկանայի ձեզ հարցնել՝ ուրիշ ի՞նչ կարող է անել Վրաստանը Ուկրաինային և ուկրաինացի ժողովրդին աջակցելու համար: Ուկրաինացի ընկերները կարող են այլ ակնկալիքներ ունենալ։ Նրանք հրապարակային հայտարարել են, որ ուզում են երկրորդ ճակատ տեսնել Վրաստանում։ Մեզ արդեն հերիք են պատերազմները»:
● «Իմ հարցը եվրոպացի և ամերիկացի ընկերներին հետևյալն է՝ իմ սիրելի ընկերներ, դուք շարունակեցիք բիզնես վարել Ռուսաստանի հետ, դուք պատժամիջոցներ չկիրառեցիք, ԵՄ-ն Ռուսաստանին վճարեց 2,3 տրիլիոն դոլար մինչև 2022 թվականը, ոչ ոք չդադարեց բիզնես անել Ռուսաստանի հետ։ Այս իրավիճակում ես ուզում եմ վերահաստատել, որ մենք աջակցում ենք Ուկրաինային և ուկրաինացի ժողովրդին, ուզում ենք, որ այս պատերազմը հնարավորինս շուտ ավարտվի»։
● «Մենք միացել ենք ավելի քան 500 բանաձևերի, ամբողջովին հետևում ենք միջազգային պատժամիջոցներին, Պետդեպարտամենտը հայտարարեց, որ Վրաստանի ֆինանսական կառույցները և Ազգային բանկը լիովին հետևում են ֆինանսական պատժամիջոցներին, իսկ ինչ վերաբերում է տնտեսական պատժամիջոցներին, ապա ես կցանկանայի հստակեցնել, որ Ռուսաստանի հետ Վրաստանի առևտրաշրջանառությունը մեկ միլիարդ դոլարից պակաս է։ ԵՄ-ն չորս օրում է առևտուր անում այն գումարի չափով, որը մենք անում ենք մեկ տարվա ընթացքում։ Զվարճալի է»։
● «Մեկ միլիոն էթնիկ վրացիներ ապրում են Ռուսաստանում՝ որպես սփյուռք, և ես կարծում եմ, որ ուղիղ չվերթները դեպի Ռուսաստան սովորական պատմություն են: Սա չի նշանակում, որ մենք ինչ-որ քաղաքական խորհրդակցություններ ենք անում Ռուսաստանի հետ։ Ինչպես արդեն ասացի, սա մեր տնտեսական և առևտրային հարաբերությունների մի մասն է այնպես, ինչպես ԵՄ-ն ու ԱՄՆ-ն են հարաբերվում Ռուսաստանի հետ»։
● «Մենք շատ լավ հարաբերություններ ունենք Չինաստանի հետ։ Կա ազատ առևտրի պայմանագիր, մենք ընդլայնում ենք առևտրատնտեսական հարաբերությունները Չինաստանի հետ։ Գիտե՞ք ինչ է անում Չինաստանը։ Կարծում եմ՝ Չինաստանն այս ճգնաժամի ընթացքում շատ խելացի մոտեցում է ցուցաբերում՝ փորձում է միջնորդ լինել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև։ Ես ողջունում եմ ցանկացած երկրի ցանկացած ջանք, որն ուղղված է երկրներին դեպի խաղաղություն և բանակցություններ մղելուն: Ընդհանրապես խաղաղ մարդ եմ, հավատում եմ կայունությանն ու բանակցություններին»։
- «Ձեր կեղտոտ ձեռքերը հեռու տարեք Georgian Airways-ից»․ սկանդալ Վրաստան-ՌԴ չվերթների շուրջ
- «Ռուսաստանը Վրաստանին առաջարկում է գործարք սատանայի հետ». Ուկրաինայի ԱԳՆ
Մայիսի 23-ին «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան»-ը (TI) հրապարակեց ուսումնասիրություն վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարություններում առկա մանիպուլյացիաների մասին, որոնց օգնությամբ նա արդարացնում է Ռուսաստանի հետ ուղիղ օդային հաղորդակցության վերականգնումը։
Կազմակերպության գնահատմամբ՝ թռիչքների վերսկսման դեմ բողոքի ակցիաներին վարչապետը պատասխանել է հակաարևմտյան հռետորաբանությամբ և մանիպուլյատիվ հայտարարություններով։ Ըստ TI-ի՝ Ղարիբաշվիլիի հայտարարության հիմնական պաթոսն այն էր, որ քանի դեռ ԵՄ-ն առևտուր է անում Ռուսաստանի հետ, անարդար է Վրաստանին կոչ անել դադարեցնել ՌԴ հետ տնտեսական հարաբերությունները։
«Ճշմարտությունն այս տեսքն ունի՝ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո ԵՄ-ի առևտրային կախվածությունը Ռուսաստանից կրճատվել է երեք անգամ, իսկ Վրաստանի առևտրային կախվածությունը Ռուսաստանից աճել է մեկուկես անգամ։
Ընդգծումը, թե ԵՄ-ն շատ ավելի մեծ առևտրաշրջանառություն ունի Ռուսաստանի հետ, քան Վրաստանը, մանիպուլյացիա է, քանի որ ԵՄ տնտեսությունը կազմում է մինչև 20 տրիլիոն դոլար, և դրանում առևտրի նույնիսկ չնչին մասնաբաժինը մեծ թիվ է»,— ասված է ուսումնասիրության մեջ։
Մայիսի 12-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ Ռուսաստանի կողմից Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղարկումը դրական փաստ է։ Նրա խոսքով՝ «ընկերները պետք է բարի լինեն» (նկատի ունի Արևմուտքը – խմբ.) և հասկանան, որ Ռուսաստանի հետ առևտուրը բխում է Վրաստանի շահերից։
Ղարիբաշվիլին Կատարում