Ղարաբաղն ադրբեջանցիների առօրյա կյանքում
Շուրջ 30 տարի առաջ Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Հայաստանի հետ զինված հակամարտության պատճառով: Ղարաբաղից հարյուր հազարավոր փախստականներ, հարկադրաբար տեղահանված անձինք և անգամ ամբողջ կազմակերպություններ ու արհեստանոցներ հաստատվեցին Բաքվում և Ադրբեջանի այլ քաղաքներում: Այստեղ տեղափոխվեցին դպրոցները, թատրոնները, ձիաբուծարանը և անգամ գորգագործական հաստատությունները: Եվ չնայած այս ամենը դարձել է ադրբեջանցիների առօրյայի մասը, այն միաժամանակ մեկ այլ գործառույթ ունի՝ հիշեցնելով, որ հակամարտությունը լուծված չէ, պատերազմը շարունակվում է:
Այս «հիշեցումների» մի մասը հենց պետությունն է ստեղծել «տեղեկատվական պատերազմի» շրջանակներում, մյուսները՝ մարդիկ սեփական ձեռքերով:
Իսայի աղբյուրի լեգենդը
«Շուշիում մի ծերունի էր ապրում՝ Մուրսալ անունով: Նա սիրում էր զվարճացնել հայտնի «Իսա բուլաղի» աղբյուրի մոտ եկող հյուրերին: Ծերունին երգում էր, իսկ նրա ընկերը՝ Շիրինը, քամանչա էր նվագում: Ընկերներից յուրաքանչյուրը հարյուր տարին բոլորել էր, և ասում են, որ նրանցից մեկը հայ էր, բայց թե ով՝ չգիտեմ»:
20 տարի առաջ շուշեցի Գաֆարը «Իսա բուլաղի» սրճարանը բացեց Բաքվում: Այստեղ հաճախ են հավաքվում շուշեցիները: Ճիշտ է, ամեն օր երգ ու նվագ սրճարանում չես լսի, բայց շատերը հատուկ գալիս են Շուշիի ավանդական հնդկամոլախոտով (խմբ.՝ դեղաբույս) փլավ ուտելու:
«Բոլոր ճանապարհները տանում են Ղարաբաղ»
Բաքվի նոր ավտոբուսներում փակցված կարգախոսն է: Այս գրառումները հայտնվեցին 2016 թվականի ապրիլին զինված ուժերի շփման գծում ռազմական էսկալացիայի ֆոնին և այդպես էլ պահպանվեցին:
”Defend Karabakh”
«Պաշտպանենք Ղարաբաղը». այս տպագիր կարգախոսը կրող շապիկները, թեև ոչ զանգվածային, սակայն բավականաչափ պահանջարկ են վայելում: Հայաստանում ևս կարելի է հանդիպել «Defend Artsakh» (խմբ.՝ «Արցախ» Ղարաբաղի հայկական անվանումն է) գրառումով շապիկներ:
Ինքնաթիռ «Խոջալու»
Ադրբեջանի ազգային ավիափոխադրողն իր ինթնաթիռներն անվանակոչել է ի պատիվ ղարաբաղյան մի շարք քաղաքների՝ Խոջալու, Ֆիզուլի, Խոջավենդ և այլն:
«Ղարաբաղի հաց» և «Երևանյան դովղա»
Եթե «Ղարաբաղի հացը» վաղուց է տեղ գտել ադրբեջանցիների առօրյա կյանքում, ապա «Երևանյան դովղան» բոլորովին վերջերս է տարածում գտել, երբ Իլհամ Ալիևը հայտարարեց, թե Երևանը պատմական ադրբեջանական տարածք է: Դովղան ավանդական ադրբեջանական ճաշատեսակ է, որը պատրաստվում է մածունով, կանաչիով և բրնձով:
Փողոցները
Խոջալուի պողոտայում խոշոր բիզնես-կենտրոն է տեղակայված, ինչպես նաև մի շարք ռեստորաններ և մետրոյի կայարան է գործում: Ղարաբաղյան փողոց կա ոչ միայն Բաքվում, այլ նաեւ Մասալի քաղաքում:
Ֆուտբոլային ակումբ
«Ղարաբաղ» անվանումը կրող ֆուտբոլային ակումբն առանձնանում է այս ցանկում, քանի որ հատուկ հպարտության առարկա է հանդիսանում: 2017 թվականին այն միակն էր հարավկովկասյան ֆուտբոլային ակումբներից, որը կարողացավ դուրս գալ Չեմպիոնների լիգայի խմբային փուլ՝ երկու անգամ ոչ-ոքի խաղալով Եվրոպայի լիգայի ապագա հաղթողի՝ Մադրիդի «Ատլետիկոյի» հետ: