Սուգ Հայաստանում պատերազմում զոհվածների հիշատակին․ քայլերթ, բողոք, հայտարարություններ
Դեկտեմբերի 19-ին Հայաստանում սկսվեց եռօրյա սուգ՝ ի հիշատակ ղարաբաղյան երկրորդ պատերազմում զոհվածների: Վարչապետը կառավարության անդամների և իր աջակիցների բավականին մարդաշատ շարասյան հետ դժվարությամբ կարողացավ մոտենալ զոհվածների շիրիմներին:
Զինվորական պանթեոնի մուտքը արգելափակել էին 90-ականների սկզբի ղարաբաղյան պատերազմին մասնակցած ազատամարտիկները և 2020-ի աշնանը ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների հարազատները:
Նրանք կարծում են, որ Նիկոլ Փաշինյանն է մեղավոր հազարավոր մարդկանց մահվան, Արցախում տարածքների կորստի և վերջին պատերազմում պարտության համար, որն ավարտվեց Ադրբեջանի հետ կապիտուլյացիոն համաձայնագրի ստորագրմամբ:
Սակայն ոստիկանությանը հաջողվեց հետ մղել ցուցարարներին, վարչապետը և նրա կողմնակիցները մտան պանթեոնի տարածք և հարգեցին զոհվածների հիշատակը:
Սգո առաջին օրվա լարված իրավիճակի ու դրա պատճառների մասին, ինչպես նաև հիշատակի օրվա առիթով Հայաստանի վարչապետի ուղերձի կարևոր մանրամասները:
Ինչի՞ց սկսվեց
Լարվածությունը սկսվեց դեռևս դեկտեմբերի 18-ի երեկոյան, երբ ընդդիմությունը կազմակերպեց քայլերթ դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Բանն այն է, որ վարչապետը նախապես հայտարարել էր իշխանության մտադրության մասին՝ սգո առաջին օրը «Հիշատակի երթ» կազմակերպել մայրաքաղաքի գլխավոր հրապարակից դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Եվ 17 ընդդիմադիր կուսակցությունները որոշեցին առանձնանալ իշխանություններից և հարգեցին զոհվածների հիշատակը հայտարարված սգո օրվա նախօրեին՝ իրենց աջակիցների հետ քայլերթ իրականացնելով դեպի զինվորական պանթեոն: Ընդ որում, այդ օր ընդդիմության առաջնորդները ելույթներ չունեցան, չհնչեցին նաև քաղաքական կարգախոսներ:
Բայց ընդդիմադիր կոալիցիան վարչապետին համարում է «դավաճան, որը Արցախի տարածքները ինքնակամ հանձնել է Ադրբեջանին», և պահանջում է նրա հրաժարականը նոյմբերի 10-ից, երբ ստորագրվեց ռազմական գործողությունները դադարեցնելու մասին եռակողմ համաձայնագիրը:
Կառավարական շարասյան քայլերթը
Դեկտեմբերի 19-ին՝ կեսօրից հետո, դեպի զոհված զինվորների պանթեոն շարժվեց վարչապետի և նրա աջակիցների մարդաշատ շարասյունը: Բայց մինչ այն տեղ կհասներ, պանթեոնի տարածք մուտքը արգելափակել էին ղարաբաղյան առաջին պատերազմի մասնակիցները և 2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների հարազատները:
Զոհված զինվորների վրդովված ծնողները հայտարարեցին, որ մտադիր չեն լռել և չեն թողնի, որ Փաշինյանը մոտենա իրենց երեխաների շիրիմներին: «Փաշինյան՝ դավաճան», — վանկարկում էին նրանք և զգուշացնում, որ վարչապետը ստիպված կլինի «Եռաբլուրի» տարածք մտնել իրենց դիակների վրայով:
Սակայն ոստիկաններին հաջողվեց հետ մղել նրանց և ապահովել վարչապետի անվտանգ մուտքը՝ չնայած ցուցարարների և տուժածների հետ բախումներին:
Վարչապետի ելույթը
Դեկտեմբերի 19-ին, մինչ երթի մեկնարկը, Նիկոլ Փաշինյանը տեսաուղերձով հանդես եկավ, որից կրկին պարզ դարձավ, որ նա մտադիր չէ հրաժարական տալ: Նա արդեն բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի քաղաքական ապագան պետք է որոշվի ընտրությունների միջոցով, այսինքն ժողովրդի կամարտահայտմամբ և ոչ թե «ըմբոստությամբ», որը կազմակերպում է ընդդիմությունը:
Ընդ որում, վարչապետը կրկին ընդունեց իր մեղքը կատարվածում.
«Ես ստանձնել եմ տեղի ունեցածի ամբողջական պատասխանատվությունը, որը կրում եմ ի պաշտոնե: Եվ ասել եմ, որ խոնարհությամբ կընդունեմ ցանկացած դատավճիռ, որը մեր ժողովուրդը կկայացնի: Բայց և չեմ կարող չասել՝ եթե «քավության նոխազի» ինստիտուտը լավ է սրտի հովության, զայրույթն ու ցասումը պարպելու համար, ամենևին օգտակար չէ տեղի ունեցածը իր խորության ու ամբողջության մեջ հասկանալու համար: Մի բան, որ անհրաժեշտ է ապագան կառուցելու և անցյալի ճանապարհը չկրկնելու տեսակետից»:
Նա խոսեց նաև վերջին օրերին ամենաշատը քննարկվող և Հայաստանի բնակիչներին անհանգստացնող հարցի՝ երկրի հարավային սահմանի, Սյունիքի մարզի մասին: Այստեղ Ադրբեջանի հետ սահմանի ճշգրտում է կատարվում:
Բանն այն է, որ Ղարաբաղում զինադադարի մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանին են անցել Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանները, ինչի հետևանքով էլ «նոր սահման» է առաջացել։
Այժմ Սյունիքի հատվածում, որը մինչ այս իրենց ուժերով պաշտպանում էին տեղի աշխարհազորայիններն ու կամավորները, Փաշինյանի խոսքով, տեղակայվում են սահմանապահներ, այդ թվում՝ ռուս: Նրանց դիրքերը, ըստ վարչապետի, տեղակայվում են Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններին, այսինքն՝ պատճառներ չկան համարելու, «թե տեղի ունեցողը Սյունիքի հանձնում է կամ սպառնում է Սյունիքի կորստով»:
Նախօրեին տեղի բնակիչները այստեղ բողոքի ակցիա էին անցկացնում և նույնիսկ փակել էին ճանապարհները՝ իշխանություններից բացատրություններ պահանջելով: Դա պայմանավորված էր Հայաստանի պաշտպանության նախարարության պահանջով՝ մինչև դեկտեմբերի 18-ի ժամը 17:00-ն ազատել Կապան քաղաքի բարձունքների դիրքերը, քանի որ դրանք պետք է անցնեն ադրբեջանական կողմին:
Սյունիքի բնակիչներին մտահոգում է այն, որ նրանք կորցնում են շահեկան դիրքերը բարձունքներում, իսկ ադրբեջանական ռազմական դիրքերը մոտենում են մեկ կիլոմետրից պակաս հեռավորության վրա: