Ղարաբաղյան հակամարտությունը` Ադրբեջանի բեմում
Մեր հոդվածներից մեկում Պատերազմը նայում էր խաղարկային ֆիլմերի ու գրականության հայելուն: Այս անգամ այն թատերական բեմ է դուրս գալիս ու փորձում իր արտացոլանքը գտնել դահլիճում նստած հանդիսատեսի աչքերում:
Պարզվում է, որ ադբրեջանական թատրոնները շատ ավելի հազվադեպ են անդրադառնում ղարաբաղյան հակամարտության թեմային, քան կինեմատոգրաֆը: Պատերազմին ու հակամարտությանը նվիրված ներկայացումների թիվն անհամեմատ ավելի փոքր է, քան նման ֆիլմերինը:
«Ղարաբաղյան» պրեմիերաները ժամանակային առումով հաճախ այս կամ այն ողբերգական տարելիցներին են հարմարեցվում:
Այսպես, օրինակ, 2015թ. փետրվարի 25-ին Դրամայի թատրոնում կայացած «Ամոթ» ներկայացման պրեմիերան Խոջալուի դեպքերի տարելիցին էր կազմակերպված: Թեև տվյալ ներկայացումը պատմում է ոչ այնքան բուն պատերազմի, այլ ճակատում միասին կռված երկու ընկերների ճակատագրի մասին, ովքեր «քաղաքացիական» կյանքում կորցրել էին միմյանց ու հանդիպել միայն շատ տարիներ անց:
Նման հարցադրում է առաջարկում նաև Պատանի հանդիսատեսի թատրոնում ռեժիսոր Բահրամ Օսմանովի բեմադրած «Ոչ մի տեղ տանող գնացքը» ներկայացումն ըստ Ալի Ամիրլիի համանուն վեպի` ինչպիսին կլինի պատերազմին դեմ առ դեմ հանդիպած մարդկանց խաղաղ կյանքը:
Այն պատմում է Ղարաբաղից փախստականների, ավելի ճիշտ` այն երկար ուղու մասին, որ տանում է նրանց դեպի Բաքվում սպասող կատարյալ անորոշություն:
Լուսանկար` medeniyyet.az
Դասական ու երաշխավորված հաջողությամբ սխեմա` տարբեր կերպարների բազմություն, սահմանափակ տարածք ու ճգնաժամային իրավիճակ, որ ցույց է տալիս է նրանց իրական դեմքը ու բազում գաղտնիքներ բացահայտում: Գուցե ռեժիսորը հենց դա նկատի ուներ` իր բեմադրությունը որպես «ճշմարտությունների դրամա» բնութագրելով:
Երբեմն ռեժիսորներից ոմանք գերադասում են ներկա ղարաբաղյան հակամարտության մասին խոսել ոչ թե բացահայտ, այլ քողարկված` պատմական զուգահեռներ անցկացնելով:
Դժվար չէ կռահել, որ ադրբեջանցի նշանավոր դրամատուրգ Իլյաս Էֆենդիևի ստեղծագործության հիման վրա բեմադրված «Ղարաբաղնամե» ներկայացումը Դրամայի թատրոնի խաղացանկում զուտ հեղինակի ստեղծագործության նկատմամբ ակնածանքի հետևանքով չի հայտնվել:
Լուսանկար` azdrama.az
Թեև գործողությունները 18-րդ դարում են տեղի ունենում, գլխավոր հերոսը` այն ժամանակ Ղարաբաղի առաջնորդ Իբրահիմ խանը, իր հայ թշնամիների խարդավանքի զոհն է դառնում: Ու առհասարակ, ներկայացումը բավական պարզ ցույց է տալիս, որ նույնիսկ 200 տարի առաջ այս բազմաչարչար տարածաշրջանում ամեն ինչ կարգին չէր:
Ի դեպ, այս ստեղծագործությունը բավական մեծ ժողովրդականությունէ վայելում բեմադրիչների շրջանում: Դրա մոտիվներով է նկարահանվել նաև «Արքայի ճակատագիրը» գեղարվեստական ֆիլմը: Ու թեև Իլյաս Էֆենդիևը ադրբեջանցի լավագույն հեղինակներից է համարվում, ու նրա պիեսներն ու վեպերը հաճախակի են հայտնվում բեմում, հենց այս պիեսի պահանջվածությունը մեծապես պայմանավորված է հենց Ղարաբաղի պատմությանն անդրադարձով:
Պատմությունը մի կողմ, բայց 2016թ. ապրիլից հետո, ցավոք, դրամատուրգներն ու ռեժիսորները աշխատելու նոր նյութ ստացան:
Սա դրախտ չէ, ոչ էլ դժոխք, այլ մի (շատ տաղտկալի) վայր` ժամանակի ու տարածության սահմաններից դուրս, երկրային իրականությունից անդին: Մահից անմիջապես հետո այստեղ են ուղևորվում 2016թ. ապրիլին զոհված ադրբեջանցի զինվորների հոգիներն ու հանդիպում այնտեղ 90-ական թթ.-ին Ղարաբաղում զոհված այլ զինվորականների հոգիների հետ:
«Ընդհատված…» ներկայացման պրեմիերան տեղի ունեցավ Բաքվի Պատանի հանդիսատեսի թատրոնում 2017թ. ապրիլին: Այն հարմարեցված էր Քառօրյա պատերազմի տարելիցին: Այսօրվա դրությամբ սա ղարաբաղյան հակամարտության թեմայով ամենամեծ հնչեղությունն ունեցող ներկայացումն է: Այն բեմադրված է Լեյլա Բեգիմի և Եֆիմ Աբրամովի «Երազող տղաները» պիեսի հիման վրա և նվիրված է Լեռնային Ղարաբաղում զոհված բոլոր հերոսներին` ի դեմս ապրիլյան դեպքերի ժամանակ զոհված երիտասարդ քանդակագործ Սամիր Կաչաևի (մենք պատմել ենք նրա մասին մեր նախորդ հոդվածներից մեկում ):
Լուսանկար` trend.az
Ամեն ինչ սկսվեց Պրահայում բնակվող ադրբեջանցի բանաստեղծ ու դրամատուրգ Լեյլա Բեգիմի գրած բանաստեղծությունից: 2016թ. ապրիլին նա իր իսրայելցի համահեղինակ Եֆիմ Աբրամովի հետ միասին հերթական պիեսի վրա էր աշխատում, երբ Ղարաբաղում մարտական գործողություններ սկսվեցին:
«Երիտասարդ տաղանդավոր քանդակագործի մահվան լուրը շատ ազդեց ինձ վրա:
Ես բանաստեղծություն գրեցի, հրապարակեցի այն սոցիալական ցանցերում, բայց, միևնույն է, չէի կարողանում հանգստանալ:
Այդ ժամանակ ես զանգեցի Եֆիմին, ասացի, որ չեմ կարող այլ գործի վրա աշխատել ու առաջարկեցի նրան պիես գրել` նվիրելով այն Սամիրին ու Ղարաբաղում զոհված բոլոր հերոսներին: Սկզբում Եֆիմը հրաժարվեց, ասելով, թե հայրենասիրական թեման բոլորովին իրենը չէ: Դա մեր ընդհանուր գիծն է` երկուսս էլ պաթոս չենք սիրում: Ես ասացի, որ մենակ կգրեմ: Մի երկու ժամ հետո նա ինձ զանգահարեց ու համաձայնեց»:
Արդյունքում մյուս պիեսն այդպես էլ մնաց անավարտ, իսկ «Երազող տղաները» պատրաստ էին 10 օր հետո: Դրանից հետո Աբրամովն առաջարկեց այն բեմադրել իր լավ ծանոթին` Բաքվի Պատանի հանդիսատեսի թատրոնի ռեժիսոր Վագիֆ Ասադովին, ով նույնպես պաթոս չի սիրում:
«Հայրենասիրության թեման ընդհանրապես, և Ղարաբաղի թեման, մասնավորապես, նման են նեղլիկ, երերուն կամրջի վրայով քայլելուն: Մի քայլ այս կողմ` վայ-հայրենասիրական պաթոս է, մի քայլ այն կողմ` պրիմիտիվ հիստերիկ «լացուկոծ»: Ես ո’չ մեկն եմ սիրում, ո’չ` մյուսը:
Բայց պիեսը գրավեց ինձ, առաջին հերթին, իր յուրահատկությամբ: Կարդացի այն ու ամբողջ գիշեր չկարողացա քնել, շուռումուռ էի գալիս, կարծես ածուխների վրա պառկած լինեի: Իսկ առավոտյան գնացի Մշակույթի նախարարություն, որտեղ ինձ հարցրեցին. «Ի՞նչ է պատահել: Աչքերդ մի տեսակ տարօրինակ փայլում են»:»:
Ռեժիսորի նշած յուրահատկությունն այն է, որ պատմությունը ցուցադրվում է ոչ միայն կենդանի մարդկանց, այլև մահացածների աչքերով: Զոհված զինվորները հերթով վերհիշում են իրենց կյանքը, կարոտում կանանց ու ծնողներին, վիճում, կատակում: Ընդհանրապես, ոչ թե ոգիների պես են իրենց պահում, այլ կենդանի մարդկանց նման` այդպես էլ մինչև վերջ չհաշտվելով այն մտքի հետ, որ մեռած են: Այդպես նրանց հիշողություններից ծագում է սյուժեն, որն իր մեջ միանգամից մի քանի սիրային թեմա է պարունակում, ու բոլորն էլ ընդհատվում են պատերազմով:
«Ես որոշեցի փոխել պիեսի անվանումը, քանի որ, իմ կարծիքով, այն շատ ավելին է հաղորդում, քան պարզապես պատանի «երազկոտ տղաների» մահը: Չէ՞ որ այդ տղաների, ինչպես նաև 90-ական թթ.-ին Ղարաբաղում զոհված մյուս զինվորների մահը ոչ միայն նրանց սեփական կյանքն է ընդհատել, այլև շրջադարձային փուլ է հանդիսացել նրանց մտերիմների համար: «Սեպտեմբերին պետք է նրա հարսանիքը լիներ»,- ասում է գլխավոր հերոսն իր զոհված ընկերոջ մասին, իսկ դեռևս 90-ականներին զոհված մեկ այլ զինվոր պատասխանում է. «Բոլորի մոտ էլ ինչ-որ բան պետք է լիներ»: Հենց այս ռեպլիկն էլ ինձ դրդեց ներկայացումը «Ընդհատված…» վերանվանելու մտքին: Ընդհատված կյանք, ընդհատված սեր ու շատ այլ բաներ»:
Ե’վ ռեժիսորը, և’ ողջ դերասանական կազմը վերհիշում են ներկայացման նախապատրաստումը որպես դժոխային երեք ամիս: Բոլորը մեծ սթրես են ապրել` նորից ու նորից խաղալով մտերիմների կորստի կամ սեփական անդրշիրիմյան կյանքի դրվագները: «Պրեմիերայի օրը թատրոնի մոտ պետք է շտապ օգնության անձնակազմ հերթապահի, եթե մեզանից ինչ-որ մեկը վատանա»,- կատակում էին դերասանները:
Քննադատների ու հանդիսատեսների մեծամասնության կարծիքով, ներկայացումը անկեղծ ստացվեց ու բոլորովին պաթոսային ու վայ-հայրենասիրական չէր, այնպես որ դրամատուրգների ու ռեժիսորի մտահոգությունները չարդարացան: