Ղարաբաղյան հակամարտություն. օլիմպիական երազանքի վերջը
Կորցնելով աշխարհի չեմպիոն դառնալու հնարավորությունը`ստենդային հրաձգության Ադրբեջանի ռեկորդակիր Սվետլանա Բալայանը հաշտվեց փախստականի կարգավիճակի հետ:Հաջողակ հրաձիգի երկար ու տքնաջան ուղի անցնելով` նա սեղանի թենիսի մարզիչ դարձավ ու այժմ ապրում և աշխատում է Ղարաբաղում:
Սվետլանան ծնվել ու մեծացել է Բաքվում: Նրա մանկությունն ու պատանեկությունն անցել են Վորովսկու անվան գյուղում: Թեև թաղամասը հայկական էր համարվում, նրանց բակը բազմազգ էր:
Հիշում եմ, թե ինչպես էին մեր ադրբեջանցի հարևանները միշտ տարբեր քաղցրեղեն բերում մեզ սկուտեղով Նովրուզ-Բայրամին: Ընդ որում, առաջին հերթին մեզ էին հյուրասիրում: Իսկ մենք, մեր հերթին, Զատիկին ներկված ձու և կուլիչ էինք տանում նրանց: Հարևանների հարցում մեր բախտը բերել էր, լավ մարդիկ էին: Երբ Հայաստանից եկած ադրբեջանցի փախստականները կոչ էին անում վտարել հայերին Ադրբեջանից, մեր հարևանները պաշտպանեում էին մեզ, թույլ չէին տալիս մեզ նեղացնել, ասում էին, երբ հարկ համարեն, այն ժամանակ էլ կգնան:
Ղարաբաղյան հակամարտության սկզբից ի վեր Ադրբեջանի ավելի քան կես միլիոն հայեր փախստական դարձան: Նրանցից մոտ 360 հազարը ապաստան գտան Հայաստանում: Վիճակագրական տվյալների համաձայն, 17 հազար փախստական բնակություն հաստատեց Լեռնային Ղարաբաղում:
Սվետլանան մանկուց սիրել է սպորտը և միշտ երազել է բարձունքների հասնել, նշանավոր մարզիկ դառնալ: Մինչև 7-րդ դասարանը նա զբաղվել է մարմնամարզությամբ, թեթև աթլետիկայով, բասկետբոլով, իսկ հետո մի օր հրաձգարանի կողքին բնակվող ընկերուհին նրան իր մարզումներին է հրավիրել:
Ես միանգամից սիրահարվեցի հրաձգությանը: Քաղաքային առաջին մրցումներին այսպիսի պայման կար. ով վատ է կրակում, վարժությունների այլ տեսակի է անցնում: Ընկերուհիս վատ արդյունք ցույց տվեց, ու նրան կլոր ստենդի վրա հրաձգության խումբ տեղափոխեցին, իսկ ես մնացի խրամատային հրաձգության խմբում, բայց բոլոր մրցումներին միասին էինք գնում:
Սվետլանան մարզվում էր «Դինամո» միությունում: Առաջին անգամ որպես մարզիկ մեկնել է Վիլնյուս`«Դինամո» կենտրոնական խորհրդի առաջնությանը մասնակցելու, որտեղ հավաքվել էին միութենական հանրապետությունների լավագույն մարզիկները:
1980թ., մարզումների երրորդ տարում Սվետլանան Ադրբեջանի առաջնության ժամանակ հաղթում է իր մարզիչին:
Նույն թվականին նա դառնում է Ադրբեջանի ՍԽՀ չեմպիոն և ռեկորդ սահմանում (185 դիպուկ կրակոց 200-ից): Ստենդային հրաձգության նախորդ ռեկորդը 25 տարի անգերազանցելի էր մնացել: Տարեցտարի Սվետլանան բարելավում էր իր արդյունքները, հասնելով 200 –ից 190 դիպուկ կրակոցի, մինչդեռ միջազգային դասի սպորտի վարպետների արդյունքն էր 200-ից 189-ը: Իր նոր ռեկորդը Սվետլանան սահմանեց Համամիութենական մրցումների ժամանակ:
Երբ Սվետլանան Ադրբեջանի ՍԽՀ բազմակի չեմպիոն դարձավ, մարզիչներն արգելեցին նրան կանանց մրցումների մասնակցել: Ասացին` մրցակցություն չկա, կկրակես տղամարդկանց հետ:
Ադրբեջանի գավաթի ընթացքում Սվետլանան հաղթանակ է տանում նաև տղամարդկանց շրջանում: 1983թ. Ադրբեջանի տղամարդկանց հավաքականի կազմում նա մասնակցում է ԽՍՀՄ ժողովուրդների Սպարտակիադային, որտեղ կանանց ծրագիր չկար, ու կրակելու համար պետք էր անդամակցել տղամարդկանց թիմին: Նա ամբողջ Սպարտակիադայի միակ կին մասնակիցն էր:
Բոլոր տեսախցիկներն ինձ էին հետևում: Ես հեռուստաէկրանի աստղ էի: Ճիշտ է, իմ արդյունքները լավագույնը չէին, քանի որ մրցում էի սպորտի լեգենդների ` աշխարհի չեմպիոնների, Օլիմպիական խաղերի դափնեկիրների հետ, ինչպիսիք են Ռուստամ Յաբուլատովը, Ալեքսանդր Ասանովը, Դմիտրի Մոնակովը, Ալեքսանդր Լավրինենկոն: Երբ Մոսկվայից Բաքու վերադարձա, իմ հետևից նկարահանող խումբ եկավ` ֆիլմ նկարելու: Ափսոս, որ ինքս չկարողացա այն տեսնել:
Սվետլանան շարունակում էր հաջողությունների հասնել սպորտում: 1980-ական թթ. վերջում նա արդեն ընդգրկված էր ԽՍՀՄ հավաքականի կազմում, դարձել էր Միության գավաթի արծաթե մեդալակիր, հաղթանակ էր տարել ԽՍՀՄ առաջնությունում: Որոշակի կայունություն կար, ու նա արդեն պատրաստվում էր միջազգային ասպարեզ դուրս գալ:
Ստենդային հրաձգության ԽՍՀՄ սպորտի վարպետ, Ադրբեջանի ԽՍՀ բազմակի չեմպիոն և ռեկորդակիր, «Դինամո» կամավորական սպորտային միության և միութենական մասշտաբի արհմիությունների չեմպիոն, ԽՍՀՄ հրաձգության` հրաձգություն մինչև ձախողում ծրագրի առաջնության գավաթակիր և արծաթե մեդալակիր, ԽՍՀՄ գավաթի արծաթե մեդալակիր, ԽՍՀՄ ուժեղագույն հրաձիգների մրցաշարի բրոնզե մեդալակիր, ԽՍՀՄ հավաքականի անդամ, 1987թ. Մոսկվայում անցկացված ստենդային հրաձգության Աշխարհի գավաթի մասնակից:
Սկսվեցին ղարաբաղյան իրադարձությունները, որոնք վերջ դրեցին նրա սպորտային երազանքներին: 1989թ. մայիսին Սվետլանան իր 6 ամսական երեխայի ու ընտանիքի հետ միասին տեղափոխվում է Ստեփանակերտ: Սկզբում կարծում էր, թե ժամանակավոր է: Հետո պարզվեց, որ ընդմիշտ:
1990-ական թթ. սկզբին սկսված Լեռնային Ղարաբաղի շուրջ պատերազմը մինչ օրս չհանգուցալուծված հակամարտություն է, որը խոչընդոտում է Հարավային Կովկասի զարգացմանը: Հրադադարի համաձայնագիրը կնքվել է 1994 թ.-ին, սակայն կոնֆլիկտը դեռևս շարունակում է մարդկային կյանքեր խլել:
Ճակատագիրը Սվետլանային բերում է Ղարաբաղ, որտեղ ստենդային հրաձգություն չկար, իսկ նրա ընկերուհուն` օլիմպիական պատվանդանին:ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Ադրբեջանին հասանելի դարձան Օլիմպիադաներն ու աշխարհի առաջնությունները:
Ընկերուհիս դարձավ Եվրոպայի չեմպիոն, աշխարհի չեմպիոն, օլիմպիական չեմպիոն: Ես միայն ուրախ եմ նրա համար: Դպրոցում չորս ընկերուհիներ էինք, բոլորս էլ տարբեր ազգության` հայ, ռուս, թաթար և ադրբեջանցի: Բայց Զեմֆիրայի հետ առավել ջերմ հարաբերություններ ունեի:
Սվետլանայի դպրոցական ընկերուհիները
Ղարաբաղ տեղափոխվելուց հետո սկզբնական շրջանում շփվում էին հեռախոսով: Ռազմական գործողությունների սկզբից հետո կապն ընդհատվեց:
— Միշտ հիշում եմ նրա մասին: Վստահ եմ` նա էլ է հիշում: Բայց ճակատագիրն այլ կերպ դասավորվեց:
Ստեփանակերտում նա աշխատանքի տեղավորվեց Մանկապատանեկան սպորտային դպրոցում, մեթոդական աշխատանք էր վարում: Հետագայում Սվետլանային այդ դպրոցի ղեկավար նշանակեցին, իսկ 10 տարի անց նա տեղափոխվեց Սպորտի վարչություն: Միաժամանակ ֆիզկուլտուրայի դասեր էր վարում համալսարանում:
Ստենդային հրաձգությունը նա փոխարինեց սեղանի թենիսով:
— Ստենդային հրաձգությունը ողջ կյանքիս սերն է, իսկ սեղանի թենիսն ու մյուս սպորտաձևերը, որոնցով զբաղվել եմ, պարզապես ժամանց ու առողջ ապրելակերպ են:Եթե ինչ-որ ժամանակաշրջան չեմ կարողանում մարզվել, սկսում եմ ինձ վատ զգալ: Այդ պատճառով մինչև հիմա և’ լողավազան եմ հաճախում, և’ սեղանի թենիս խաղում, չեմ մոռանում նաև ընտանիքիս մասին. արդեն թոռնիկ ունեմ, որ մեծանում է ու բոլորիս ուրախացնում:
Սվետլանային ուրախացնում են նաև իր երեխաների հաջողությունները: Ավագ որդին`Ալյոշան, որ ծնվել է Բաքվում, ավարտել է Արցախի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը և երկար ժամանակ վարում էր Արցախի հանրային հեռուստատեսության «Գոյամարտ» հաղորդումը:
Սվետլանայի կրտսեր որդին շարունակել է նրա ուղին: Արայիկը թենիս է խաղում ու հիմա արդեն իր սաներին է մարզում: Նա բազմիցս հանրապետական խաղերի դափնեկիր է է դարձել, նաև հաղթանակներ տարել Հայաստանի սեղանի թենիսի առաջնություններում և’ թիմային , և’ անհատական խաղերում:
Սվետլանայի բնակարային խնդիրը լուծված է: Պետությունը նրան սեփական տուն է հատկացրել Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասում, որտեղ բնակություն են հաստատել Ադրբեջանից եկած փախստականները:
«Ինձ մոտ ամեն ինչ լավ է: Պետք է գնահատես այն ամենն, ինչ ունես այսօր: Կյանքը շարունակվում է, ու եթե ստիպված ես վերհիշել անցյալը, ապա գերադասում եմ հիշել միայն լավը»: