Որքա՞ն են դեռ տևելու ռազմական գործողություններն ու ի՞նչ գնով։ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների պատասխանները Euronews-ին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատասխանել են Euronews-ի անգլալեզու ծառայության հարցերին։
• Որո՞նք են հետագա քայլերը երկու երկրների համար
• Որքա՞ն են դեռ տևելու ռազմական գործողությունները և ի՞նչ գնով
• Ի՞նչ է պետք խաղաղություն հաստատելու համար և արդյո՞ք դա հնարավոր է հիմա
Հայկական և ադրբեջանական բանակների միջև դաժան մարտերը Լեռնային Ղարաբաղում շարունակվում են սեպտեմբերի 27-ից։ Պաշտոնապես զոհվել է մինչև 400 զինվորական և խաղաղ բնակիչ երկու կողմից։ Ոչ պաշտոնապես՝ ավելի շատ։ Միջազգային կազմակերպություններն, Արևմուտքն ու Ռուսաստանը կոչ են անում դադարեցնել բռնությունն առանց նախապայմանների։ Սակայն կողմերը միմյանց մեղադրում են մարտական գործողությունների մեկնարկի համար և պայմաններ առաջ քաշում, որոնք անհրաժեշտ են հաշտության գնալու համար։
•Մարտեր Արցախում, թարմացվում է։ Ռեպորտաժներ, տեսանյութեր/լուսանկարներ
2019 թ-ին Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են «հստակ միջոցներ ձեռնարկել բնակչությանը խաղաղության նախապատրաստելու համար»։ Սակայն այժմ տարածաշրջանում տեղի են ունենում 30 տարվա մեջ ամենաերկար և մասշտաբային բախումները 1988-1994 թթ-ի ղարաբաղյան պատերազմի հրադադարից ի վեր։ Հակամարտության մեջ են ներքաշվում այլ երկրներ՝ ավելացնելով դրա տարածաշրջանային մասշտաբի վերաճելու վտանգը։
Ի՞նչ են ասել Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև
• Հրադադար չի կարող կնքվել միակողմանիորեն։ Դա պետք է երկկողմանի որոշում լինի, և այն պետք է կատարվի տեղում։
• Սեպտեմբերի 27-ին Հայաստանը հարձակվել է մեզ, մեր ռազմական դիրքերի, քաղաքացիական անձանց վրա, վնաս հասցրել ենթակառուցվածքներին։ Հայաստանի գրոհների, այդ թվում՝ բալիստիկ հրթիռների և կասետային ռումբերի օգտագոնրծման հետևանքով արդեն 30 խաղաղ բնակիչ է զոհվել։
• Մեր հակահարձակումը հաջող էր։ Մեզ հաջողվել է ազատագրել օկուպացված տարածքների մի մասը։ Մեր հիմնական նպատակն Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումն է։
• Հայաստանը պետք է օկուպացված տարածքներից իր զորքերը դուրս բերելու գրաֆիկ ներկայացնի մեզ, որը կհաստատվի Մինսկի խմբի համանախագահների կողմից [միջնորդ երկրներ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում]։ Այնուհետև պետք է հրադադար հաստատելու փորձ ձեռնարկվի։
• Այժմ, երբ Հայաստանը բախվել է դառը պարտության, նրանք աղաչում են հրադադարի մասին։ Այդ նրանք են խախտել հրադադարն, անտեսում են ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերը, որոնք պահանջում են անհապաղ և անվերապահորեն դուրս բերել հայկական զորքերը։ Նրանք ուզում են պահպանել ստատուս քվոն։
• Մինսկի խմբի համանախագահներն՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Ֆրանսիան, այդ երկրների նախագահները բազմիցս հայտարարել են ստատուս քվոյի անընդունելիության մասին։ Հայաստանն անտեսել է սա, իսկ հիմա Ադրբեջանն ինքն է փոխում ստատուս քվոն, և, կարծում եմ, սա կարևոր քայլ կլինի հակամարտության շուտափույթ կարգավորման ուղղությամբ։
• Իհարկե, մենք ցավում ենք, որ քաղաքացիական անձինք են զոհվում։ Սակայն, անկասկած, մենք չենք իրականացրել այս հարձակումը, դրա աղբյուրը մենք չենք եղել։ Սեպտեմբերի 27-ի առավոտյան նրանք հարձակվել են մեր քաղաքների և գյուղերի վրա, և մենք ստիպված ենք եղել պատասխանել։ Սակայն պատասխանը հիմնականում և առաջին հերթին ուղղված է եղել նրանց ռազմական դիրքերին, տանկերին, սպառազինությանը։
• Մենք պատերազմ սկսելու համար պատասխանատվություն չենք կրում։
• Ուղիղ մեկ տարի առաջ Հայաստանի վարչապետն Ադրբեջանի օկուպացված տարածքում անցկացված ակցիային հայտարարեց, որ «Ղարաբաղը Հայաստան է»։ Այս հայտարարությունը փաստացի ոչնչացրեց բանակցային գործընթացը, քանի որ բանակցությունների սեղանին գտնվող սկզբունքները, որոնք հակամարտության կարգավորման հիմքն են, պահանջում են օկուպացված տարածքներն Ադրբեջանին վերադարձնել։
• Մենք ուզում ենք կանգ առնել, սակայն մենք ուզում ենք օկուպացիայի կասեցում։ Այս պատճառով էլ Հայաստանին հասցեագրված հիմնական մեսիջը հետևյալն է․ մենք ոչ թե հայկական, այլ սեփական հողի վրա ենք։
• Թուրքիան մեզ համար ուժեղ դաշնակից է, գործընկեր և եղբայրական երկիր։ Իհարկե, նրանց հայտարարություններն արտահայտում են իրենց դիրքորոշումը, և մենք շնորհակալ ենք այդ աջակցության համար։ Սակայն Թուրքիան որևէ այլ կերպով ներգրավված չէ այս հակամարտությունում։
• Այո, մենք սպառազինություն ենք ձեռք բերում Թուրքիայից, սակայն ոչ միայն նրանից։ Սպառազինության մեր հիմնական մատակարարը Թուրքիան չէ[…] Իսկ Հայաստանը սպառազինություն է ստանում անվճար։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան
• Մենք ողջունում ենք միջազգային հանրության և Մինսկի խմբի համանախագահների հայտարությունները, որոնք ճանաչում են այն, ինչ կատարվում է։
• Թուրքիան հայտարարել է, որ Ադրբեջանը չպետք է դադարեցնի ագրեսիան։ Եվ Ադրբեջանը շարունակում է [Թուրքիայի] առաջարկած այդ գործողությունները։
• Ահաբեկչական խմբավորումներ են կռվում Ադրբեջանի կողմից։ Նրանց վարձել և հակամարտության գոտի է տեղափոխել Թուրքիան։ Այս փաստն ընդունել են տարածաշրջանի որոշ երկրներ և մի քանի եվրոպական երկրներ։
• Լեռնային Ղարաբաղի հայկական բնակչության կյանքը սպառնալիքի տակ է։ [Ադրբեջանը] մշտապես հրետակոծում է քաղաքներն ու գյուղերը։
• Եթե միջազգային հանրությունն ուզում է կանգնեցնել հումանիտար աղետը, կանխել հակամարտության վերաճելը տարածաշրջանայինի, այն պետք է արձագանքի արագ և պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը։
• Մենք հակված ենք խաղաղության։ Ղարաբաղի պաշտպանության նախարարը բազմիցս հայտարարել է, որ [Ադրբեջանի տարածքի] ուղղությամբ կրակում է միայն որպես պատասխան միջոց, Ղարաբաղի պաշտպանության համար։
• Խաղաղությունը միշտ մեր գլխավոր և վերջնական նպատակն է եղել։ Այն պահից, երբ ես դարձա վարչապետ, փնտրում եմ որոշում, որն ընդունելի կլինի Հայաստանում, Ղարաբաղում և Ադրբեջանում ապրող մարդկանց համար։
• Ես ներգրավված եմ բանակցություններում, որոնց հստակ նպատակը նաև մյուս կողմի համար ընդունելի լուծում գտնելն է։
• Խնդիրն այն է, որ Ադրբեջանը չի ընդունում այդ մոտեցումը։ Նրանց համար միակ լուծումն էթնիկ զտումն է Լեռնային Ղարաբաղում։ Սա Ղարաբաղում հայերի ցեղասպանության սպառնալիք է։
• Այսօր միջազգային լրատվամիջոցներում և միջազգային հանրության շրջանում բավականաչափ տեղեկություններ կան այն մասին, որ Հայաստանն ու Ղարաբաղը չէին կարող սկսել այս պատերազմն այն պարզ պատճառով, որ մենք չունեինք ռազմական խնդիր, որն այստեղ պետք էր լուծել։
• Խնդիրը, որը մենք պետք է լուծենք, քաղաքական բնույթ է կրում։ Մեր նպատակը հայ ժողովրդին նոր ցեղասպանությունից պաշտպանելն է։ Սա ինքնապաշտպանություն է։
• Ղարաբաղյան խնդրի բռնի լուծում, դրա նախապատրաստում․ այսպիսի քաղաքականություն էր վարում Ադրբեջանը։
• Մենք ոչ ոքի վրա չենք հարձակվել։ Մենք պաշտպանում ենք ինքներս մեզ։ Մենք միշտ պատրաստ ենք եղել փոխզիջման․ այդ Ադրբեջանը չի ուզում փոխզիջում։
• Սակայն Ղարաբաղի հայերը չեն կարող լքել հողերը, որտեղ ապրել են հազարավոր տարիներ միայն նրա համար, որ Ադրբեջանը դա է պահանջում։
• Մեր դիրքորոշումը եղել է և կա․ Ղարաբաղի հարցը չի կարող լուծվել բռնության օգնությամբ։ Ոչ մի լուծման հնարավոր չէ հասնել բռնության ճանապարհով։
Հարցազրույցի ամբողջական տարբերակն անգլերենով․