Լեռնային Ղարաբաղում նոր նախագահ ընտրվեց։ Ի՞նչ սպասել նրանից
Նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը Լեռնային Ղարաբաղի նախագահ է ընտրվել նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, որոնք անցկացվել են 2020 թ–ի ապրիլի 14–ին՝ չնայած կորոնավիրուսի տարածման վտանգին։
Փաստացի այս ընտրությունների արդյունքը Ղարաբաղում իշխանության որոշակի համախմբումն է դարձել, քանի որ նորընտիր նախագահի «Ազատ հայրենիք» կուսակցությունը խորհրդարանում մարտի 31–ին կայացած ընտրությունների հետևանքով ամենամեծ խմբակցությունն է՝ 33 մանդատներից 16–ը։
Փորձագետները կարծում են, որ Ղարաբաղի այս նոր ղեկավարությունը Երևանի ներկայիս իշխանության դեմ է տրամադրված։
Նախագահի երկրորդ թեկնածուն՝ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն, առաջին փուլից անմիջապես հետո կոչ էր արել իր կողմնակիցներին բոյկոտել ընտրությունները համաճարակի պայմաններում, և ինքն էլ չէր գնացել քվեարկության։
Երկրորդ փուլի անցկացման պահին Ղարաբաղում հաստատվել էր վարակման վեց դեպք, իսկ ապրիլի 12–ից արտակարգ իրավիճակի ռեժիմ էր մտցվել։
Սակայն ընտրությունների երկրորդ փուլն, այնուամենայնիվ, չչեղարկվեց, իշխանությունը հայտարարեց, որ ընտրատեղամասերում կապահովի սանիտարական նորմերի պահպանումը։
Այս ընտրություններն առանձնահատուկ նշանակություն ունեին։ 2017 թ–ին Ղարաբաղում նոր սահմանադրություն էր ընդունվել, որի համաձայն՝ չճանաչված հանրապետությունը կառավարման կիսանախագահական համակարգից անցում է կատարում նախագահականի։ Այնպես որ, նոր նախագահը զգալիորեն ավելի շատ լիազորություններ է ունենալու, քան նախորդները։
- Կորոնավիրուսն ու քաղաքականությունը Ղարաբաղում։ Ընտրությունները կայացան։ Ի՞նչ է լինելու հետո
- Կորոնավիրուսը Կովկասում։ Թարմացվում է
Ցույցեր դեռ չեն լինելու
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով հայտարարված արտակարգ իրավիճակի ռեժիմից բացի Արցախում 1991 թ–ից նաև ռազմական դրություն է գործում։
1997 թ–ից այն գործում է սղված ձևով, այսինքն՝ առանց ժողովրդավարական իրավունքների և ազատությունների սահմանափակման։ Սակայն պատերազմի մշտական սպառնալիքը ղարաբաղցիների համար միշտ քաղաքական ակտիվության գլխավոր չափորոշիչ է եղել։
Հավանաբար, ելնելով այս դրույթից, քաղաքական ուժերը որոշել են բողոքի ակցիաներ չկազմակերպել և երկրորդ փուլից հետո չապակայունացնել իրավիճակը։
Մինչդեռ բողոքի ներուժ այստեղ կա։ Այդ մասին կարելի է դատել ընտրությունների առաջին և երկրորդ փուլի մասնակցությունից և քվեների քանակից։
Ըստ ԿԸՀ տվյալների՝ երկրորդ փուլում քվեարկել է 47,165 մարդ՝ ընտրողների ընդհանուր թվի 44,9%–ը։ Առաջինում՝ 76,712 մարդ, կամ ընտրողների 73,5 տոկոսը։ Թեկնածուները 14–ն էին։
Երկրորդ փուլում Արայիկ Հարությունյանի օգտին է քվեարկել 39,860 մարդ, Մասիս Մայիլյանի օգտին՝ 5,428 մարդ։ Առաջին փուլում ձայները բաշխվել են համապատասխանաբար 36,076 (49.26%) և 19,360 (26.4% ձայն)։
Երկրորդ փուլում ընտրողների մասնակցության ցածր տոկոսը, այն դեպքում, որ 14 թեկնածուներից մնացել էին միայն երկուսը, խոսում է այն մասին, որ առաջին փուլում այլ թեկնածուների օգտին քվեարկած քաղաքացիները երկրորդ փուլում բոյկոտել են ընտրություններն, այլ ոչ թե իրենց ձայնը տվել Արայիկ Հարությունյանին։
Եվ սա է հենց պոտենցիալ բողոքի կոնտինգենտը։
Առաջին և երկրորդ փուլերի միջև երկու հանրահավաք է տեղի ունեցել, որոնք կազմակերպել էին «Արցախի հեղափոխական կուսակցությունն» ու Մասիս Մայիլյանին սատարող «Նոր Արցախ» դաշինքը։
«Կարանտինի ավարտից հետո մենք անպայման կշարունակենք մեր պայքարը կոռումպացված ռեժիմի դեմ։ Մեր երկրում համակարգը կոռումպացված էր և քրեաօլիգարխիկ, իսկ անցած ընտրությունները նպաստեցին դրա ամրապնդմանը։ Մենք պայքարելու ենք այնքան ժամանակ, մինչև որ այս ռեժիմը չտապալվի», — ասել է «Նոր Արցախ» դաշինքին անդամակցող ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Տիգրան Պետրոսյանը։
«Արցախի հեղափոխական կուսակցության» նախագահ Արթուր Օսիպյանն էլ ընդգծել է, որ, չնայած փողոցային ակցիաների և ակտիվ գործողությունների դադարեցմանը, բողոքի շարժման ներկայացուցիչները պահանջում են իշխանությունների հրաժարականը, և նրանք դեռ պետք է օրենքի առաջ պատասխան տան։
Ընտրություն ֆինանսիստի, դիվանագետի և զինվորականի միջև
Տեղացի բլոգեր Դավիթ Սիմոնյանն ասում է, որ Ղարաբաղում ընտրությունը ֆինանսիստի (Արայիկ Հարությունյան), դիվանագետի (Մասիս Մայիլյան) և զինվորականի (գեներալ Վիտալի Բալասանյան) միջև էր։ Մարդիկ ընտրեցին փողը, գրում է նա։
Անվտանգության հարցերի փորձագետ Հրաչյա Արզումանյանը կարծում է, որ Ղարաբաղում խորհրդարանական և նախագահական ընտրությունների արդյունքոմ ձևավորվել է իշխանություն, որը Հայաստանի ներկայիս իշխանության դեմ է տրամադրված, և այն կարող է օգտագործվել պրակտիկ գործողությունների համար։
«Արցախում լծակ է ձևավորվել, որը կարող է թույլ տալ տակնուվրա անել Հայաստանը, այն վերադարձնել հետխորհրդային փուլ, որից նա հաջողացրել էր դուրս պրծնել»,— կարծում է Արզումանյանը։
Միջազգային արձագանքն ընտրություններին
Համաշխարհային հանրությունն «ընտրություններն ի գիտություն է ընդունել», սակայն չի համարում, որ դրանք անդրադառնալու են Ղարաբաղի կարգավիճակի վրա։
Այսպիսի գնահատականով հանդես են եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, Եվրամիությունը, Ռուսաստանն, Իրանն ու մի շարք այլ երկրներ մարտի 31–ին Ղարաբաղում կայացած նախագահական և խորհրդարանական ընտրություններից հետո։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ապրիլի 14–ին ջախջախիչ ելույթով հանդես եկավ Եվրախորհրդի հասցեին, որը չէր դատապարտել ղարաբաղյան ընտրությունները։
Թե երբ են վերսկսվելու ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունները, դեռ պարզ չէ։ Ըստ ամենայնի, կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված իրավիճակի բարելավումից ոչ շուտ։
Հայկական կողմը պնդում է, որ բանակցություններին պետք է մասնակցեն նաև Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներն, Ադրբեջանը կտրականապես դեմ է։
Հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դե ֆակտո անկախ պետություն է, սակայն չի ճանաչվել աշխարհի ոչ մի պետության կողմից, այդ թվում նաև՝ Հայաստանի:
Ադրբեջանը Ղարաբաղն ու պատերազմի ընթացքում գրավված հարակից տարածքները համարում է օկուպացված և պահանջում է վերադարձնել դրանք: Հակամարտության կողմերը պարբերաբար հաղորդում են շփման գծում բախումների մասին և միմյանց մեղադրում սադրանքների համար:
Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի է ունեցել 1991–1994 թթ.: Այն ավարտվել է զինադադարի ստորագրմամբ, սակայն փոխհրաձգությունը ժամանակ առ ժամանակ շարունակվում է։ Հակամարտության ռազմական փուլից հետո էթնիկ ադրբեջանցիները լքեցին Ղարաբաղը։ Ադրբեջանը Ղարաբաղն ու պատերազմի ընթացքում գրավված հարակից տարածքները համարում է «օկուպացված» և պահանջում է վերադարձնել դրանք:
Հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները միջազգային միջնորդությամբ մինչև հիմա արդյունք չեն տվել։ Լայնամասշտաբ մարտական գործողությունների վերջին բռնկումը՝ այսպես կոչված «ապրիլյան պատերազմը» կամ քառօրյա պատերազմը, տեղի է ունեցել 2016–ի ապրիլին։ Դրա հետևանքով երկու կողմից տասնյակ մարդիկ են զոհվել։