Ձախողվել է Ընտրական օրենսգրքում Հայաստանի «հեղափոխական» կառավարության առաջարկած փոփոխությունների ընդունումը
Հայաստանի խորհրդարանի պատգամավորներն արտահերթ նիստին չեն ընդունել երկրի Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու փաթեթը: Փոփոխությունների օգտին քվեարկել է 62 պատգամավոր անհրաժեշտ 63-ի փոխարեն:
Փորձ երկրորդ
Սա Ընտրական օրենսգրքում փոփոխություններ մտցնելու երկրորդ փորձն էր: Առաջին անգամ փոփոխությունների օգտին քվեարկել էր 56 պատգամավոր: Փոփոխությունների ընդունմանը խանգարել է նախկին իշխող Հանրապետական կուսակցությունը: Հանրապետականները հայտարարում են, որ օրինագիծը հապշտապ է մշակվել, և քաղաքական կուսակցություններն ընտրությունների անցկացման նոր սկզբունքներին հարմարվելու ժամանակ չեն ունենա:
• Մանրամասն՝ առաջին փորձի ձախողման և Հայաստանում քաղաքական ճգնաժամի մասին
• Նիկոլ Փաշինյան. ընդդիմադիր, որը Հայաստանի վարչապետ դարձավ
• Ինչպես առանձնացնել բիզնեսն իշխանությունից՝ Հայաստանի նոր կառավարության առաջին 100 օրը
Հանրապետական կուսակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն այսօր նշել է, որ Ազգային ժողովը կարողացավ ճնշմանը դիմանալ և դեմ արտահայտվեց փոփոխություններին.
«Նիկոլ Փաշինյանը պետք է շատ շնորհակալ լինի ՀՀԿ-ին, որ ցուցաբերեց սկզբունքայնություն և թույլ չտվեց, որ Հայաստանը՝ լինելով Եվրոպայի խորհրդի անդամ, նման վայրագ կերպով վերաբերվի Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին: Ընտրություններից 42 օր շուտ արմատական փոփոխություններ անելը Հայաստանին հետ կգցեր ժողովրդավարական զարգացումների տեսակետից մինչև ԵԽ անդամ դառնալու ժամանակահատված»:
Ի՞նչ էին առաջարկում փոփոխությունները
Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախաձեռնողը «Ելք» խմբակցությունն է, որը հեղափոխությունից առաջ գլխավորում էր Նիկոլ Փաշինյանը: Փոփոխություններն առաջարկում էին հրաժարում ռեյտինգային համակարգից և անցում դեպի պարզ համամասնական համակարգ: Հայկական լրատվամիջոցները գրում էին, որ հենց այդ փոփոխությունն է, որ ամենից շատ դուր չի գալիս նախկին իշխող կուսակցության պատգամավորներին և նրանց կողմնակիցներին:
Բանն այն է, որ այդ ռեյտինգային, տարածքային ցուցակներով ներկայիս գումարման խորհրդարանում են հայտնվել շրջանների անցանկալի դեմքերը: Իրենց ազդեցության և փողի շնորհիվ նրանք կարողացել են իրենց կուսակցության համար հազարավոր ձայներ հավաքել և մանդատ ստանալ: Այդ համակարգը համարվում էր օլիգարխների և «հեղինակությունների»՝ խորհրդարան անցնելու միջոց:
Նիկոլ Փաշինյանն ու «Ելք» խմբակցության անդամները կարծում են, որ Հայաստանում մարդիկ ավանդաբար քվեարկում են «ծանոթ» կամ իրենց «օգնած» մարդու օգտին: Այդ պատճառով էլ նրանք առաջարկում էին ազատվել ընտրություններին նման մոտեցման հնարավորությունից:
Ընդհանուր առմամբ, Ընտրական օրենսգրքի փոփոխություններն ուղղված էին նրան, որ ապագայում խորհրդարանում հավասարակշռություն ապահովվի:
Ըստ գործող օրենսգրքի՝ ընտրողները քվեարկելու են ոչ միայն կուսակցությունների, այլ ընտրատարածքներում ներկայացված առանձին պատգամավորների օգտին:
Փոփոխությունները նաև հանում էին կոալիցիաներ ձևավորելու սահմանափակումներն ու ավելացնում էին դրանց ձևավորման ժամկետը 6-ից մինչև 10 օր:
• Բոլոր մանրամասներն այն փոփոխությունների մասին, որոնք առաջարկվում էր կատարել Ընտրական օրենսգրքում
Կարևոր փոփոխություն պետք է դառնար անցողիկ շեմը կուսակցությունների համար հինգից չորս տոկոս, իսկ դաշինքների համար՝ յոթից վեց տոկոս իջեցնելը:
Առաջարկվում էր նաև ավելացնել խորհրդարանում կին պատգամավորների թիվը՝ 30 տոկոս, ներկայիս 20-ի փոխարեն:
Ի՞նչ է նշանակում նոր Ընտրական օրենսգրքի ընդունման ձախողումը
Դա նշանակում է, որ դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն խառը ընտրական համակարգով: «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն արդեն հայտարարել է, որ անիմաստ է համարում Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու երրորդ փորձը: Ընդ որում, նա խիստ քննադատության է արժանացրել այն պատգամավորներին, որոնք արգելափակել են ընդունումը.
«Ես չեմ ուզում մեղադրել խմբակցություններին, բայց սա սաբոտաժ է: Նրանք արեցին հնարավոր ամեն ինչ, որպեսզի օրենսգիրքը չանցնի, սակայն մենք ընտրությունների կգնանք հին Ընտրական օրենսգրքով և կտեսնենք, թե որքան այն նրանց կօգնի»: