Հրաձգություն Վրաստանի Պանկիսիի կիրճում՝ մեկ զոհ չորս վիրավոր
Մեկ զոհ և չորս վիրավոր․ այսպիսին է Վրաստանի արևելքում գտնվող Պանկիսիի կիրճում տեղի բնակիչների միջև կոնֆլիկտի հետևանքը։ Տեղի բնակիչներն ասում են, որ բախումը տեղի է ունեցել կիրճում էլեկտրակայանի շինարարության պատճառով։
Վիրավորները տեղափոխվել են Թելավիի հիվանդանոց։
Պանկիսիի կիրճում բնակվում են էթնիկ չեչեն-կիստինցիներ։
• Էներգետիկան՝ ցույցերի ֆոնին․ ինչո՞ւ են Վրաստանի շրջաններում դիմադրում ՀԷԿ-երի շինարարությանը
Կոնֆլիկտն առաջացել է տեղի երկու ընտանիքների՝ Մուտոշվիլիների և Քավթառաշվիլիների ներկայացուցիչների միջև, փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Կոնֆլիկտի մասնակիցների մեկը՝ Մալխազ Մուտոշվիլին, զոհվել է։
Վրացական «Մտավարի» հեռուստաալիքը կադրեր է հրապարակել, որոնց արվել են Թելավիի հիվանդանոցում, որի բակում հավաքվել էին Պանկիսիի բնակիչները։ Նրանց խոսքով՝ Քավթառաշվիլիների ընտանիքը Պանկիսիի կիրճում հիդրոէլեկտրակայանի շինարարության աջակցությանն ուղղված «արշավ է իրականացրել»։
«Հանգուցյալը քեռիս էր։ Այս պատմությունը սկսվել է էլեկտրակայանի պատճառով։ Այս ողջ տարվա ընթացքում ողջ հասարակությունն ականատես էր լինում այն գործընթացներին, որ կատարվում էին կիճում։ Տեղի խումբ կար, որը դրա (ՀԷԿ շինարարության) լոբբինգն էր անում։ Նրանք կապված էին կառավարության և պետական անվտանգության ծառայության հետ։ Չգիտեմ, թե որքանով է դա արդարացնում անգամ մեկ մարդու մահը», — հեռուստաալիքին ասել է Պանկիսիի քաղաքացիական ակտիվիստ Լուիզա Մուտոշվիլին։
Նա ասում է, որ իշխանությունները կիրճում ՀԷԿ-ի պատճառով ստեղծված իրավիճակին հարկ եղած գնահատական չեն տվել, և դա կարող է էլ ավելի վատթարացնել իրավիճակը Պանկիսիում․
«Կառավարությունը պետք է խոսեր տեղի բնակչության հետ, որպեսզի բացատրեր նախագծից ստացվող իրական շահույթը կամ կորուստները․․․ Սակայն այն ինքնահոսի է թողել գործընթացը, որն էլ հանգեցրել է այն հետևանքին, որ հիմա տեսնում ենք։ Մարդ է զոհվել, և մենք չգիտենք, թե էլ ինչ է մեզ սպասվում»։
ՀԷԿ-ի դեմ և կողմ պայքար
Պանկիսիում էլեկտրակայանի շինարարության շուրջ վեճը սկսվել է 2019թ-ի գարնանը։ Ապրիլի 21-ին Պանկիսիի կիրճում դրա պատճառով բախումներ են սկսվեկ տեղի բնակիչների և ոստիկանության միջև։
Տուժել է 55 մարդ՝ 17 տեղի բնակիչ և 38 ոստիկան։ Ոստիկանական մեքենաներն ու տեխնիկան, որը պատկանում էր շինարարական ընկերությանը, վնասվել էին։ Ոստիկանությունն արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ էր կիրառել, իսկ տեղացիները նրանց ուղղությամբ քարեր էին նետել։
5,4 ՄՎտ հզորությամբ Խադորի-3 ՀԷԿ-ը պլանավորվում է կառուցել Ահմեթ մունիցիպալիտետում՝ Ալազանի գետի վրա։ Նախագծի համաձայն՝ էլեկտրակայանի տարեկան արտադրանքը կկազմի 27,5 մլն Կվտ/ժ էլեկտրաէներգիա։
Խադորի-3-ն այս կիրճում «Ալազանի էներջի» ընկերության երրորդ էլեկտրակայանն է։ Ալազանի գետի վրա արդեն գործում են Խադորի-1-ն ու Խադորի-2-ը։
Նախագծի համաձայն՝ նոր ՀԷԿ-ը պետք է կառուցվի Բիրկիանի գյուղի մոտ։ 4,5 կմ երկայնքով Ալազանի գետի ջրի 90 տոկոսը պետք է անցնի կայանի տուրբինով։
Պանկիսիի բնակիչները մտավախություն ունեն, որ գետի սակավաջրությունը կազդի արոտավայրերի վրա, որոնք իրենց համար շատ կարևոր են․ բնակչության մեծ մասն ապրում է անասնապահությամբ։
Բացի այդ, մտավախություններ կան, որ դա կվատթարացնի գյուղերում խմելու ջրի առանց այդ էլ սուր խնդիրը։ Տեղացիների խոսքով՝ նոր էլեկտրակայանի շինարարությունը կխանգարի զբոսաշրջության զարգացմանը։
Ապրիլի 21-ին Պանկիսի ժամանելով, ներկայիս վարչապետ Գիորգի Գախարիան, որն այն ժամանակ ներքին գործերի նախարարի պաշտոնն էր զբաղեցնում, տեղի բնակիչների հետ բանակցություններից հետո հայտարարեց, որ էլեկտրակայանի շինարարությունը կկանգնեցվի, քանի դեռ դրան կողմ չի արտահայտվել բնակչության ոչ պակաս քան 90 տոկոսը։
Պանկիսիում նոյեմբերի 27-ին տեղի ունեցած կոնֆլիկտից հետո լրատվամիջոցներին տված մեկնաբանություններում տեղացիներն ասում են, որ կառավարությունը որոշել է խնդիրը կարգավորել ոչ թե բնակչության հետ բաց շփման ճանապարհով, այլ մարդկանց միջև կոնֆլիկտ հրահրելով։