Երևանն առաջարկում է համատեղ հետաքննել հրադադարի խախտումները, Բաքվից արձագանք չկա
Հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմ
Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմ։ Այդ մասին օրեր առաջ հայտարարել էր վարչապետ Փաշինյանի աշխատակազմը։ Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողներին հայտնել է, որ Բաքուն դեռ չի արձագանքել Երևանի առաջարկին։ Գրիգորյանը նաև փակագծեր է բացել՝ նկարագրելով, թե իրենից ինչ կարող է ներկայացնել այդ մեխանիզմը։
«Դա կարող է լինել քննչական կամ այլ մարմին, որը կհետաքննի դեպքերը և վերջնական եզրահանգման կգա։ Մենք ու միջազգային հանրությունը վստահելի տվյալներ կունենանք, կիմանանք՝ այդպիսի դեպքեր եղե՞լ են, թե՞ ոչ»,— հայտարարել է ԱԽ քարտուղարը։
Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի խոսքով՝ հետաքննության մեխանիզմի ստեղծման առաջարկն ավելի շատ ուղղված է միջազգային հանրությանը, քան Ադրբեջանին։ Շեշտում է՝ պարզ է, որ Ադրբեջանը հակված չէ գնալ այդ քայլին։
Ի՞նչ է հաղորդվել հետաքննության երկկողմ մեխանիզմի մասին, փորձագիտական կարծիք
«Հայաստանի կառավարության կամքն է՝ թույլ չտալ լարվածության առաջացում»
Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը տարածել էր հայտարարություններ, թե, իբր, Հայաստանի ԶՈՒ ստորաբաժանումները հունիսի 21-ին և 22-ին կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Պաշտոնական Երևանը հերքել էր դրանք։
Այդ ֆոնին հունիսի 22-ին վարչապետի աշխատակազմը հայտարարություն տարածեց․
«Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է բոլոր այդ մեղադրանքները, Ադրբեջանը շարունակում է այդօրինակ տեղեկատվության տարածումը։ Ելնելով նրանից, որ ՀՀ կառավարության կամքն է՝ թույլ չտալ լարվածության առաջացում, Հայաստանի վարչապետի աշխատակազմն Ադրբեջանի նախագահի աշխատակազմին դիվանագիտական խողովակներով առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ»։
Հայտարարությունում չկան մանրամասներ, թե ինչ է իրենից ներկայացնելու այդ մեխանիզմը, և որ գերատեսչությունն է համակարգելու այդ աշխատանքները։ Նշվում է միայն, որ Փաշինյանի աշխատակազմը Բաքվին առաջարկել է մեկնարկել մեխանիզմի «գործնականացման աշխատանքները»:
Հրադադարի խախտումների երկկողմ մեխանիզմ ստեղծելու Հայաստանի առաջարկը ողջունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
«Լարվածությունը նվազեցնելու նպատակով Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հրադադարի ենթադրյալ խախտումներ հասցեագրելու երկկողմ մեխանիզմ հաստատելու Հայաստանի առաջարկը պետք է ողջունել»,- X-ի իր էջում գրել է եվրոպացի դիվանագետը:
Կլաարի խոսքով՝ Եվրամիությունը Վրաստանում իր դիտորդական առաքելության միջոցով «15 տարի օգնել է նման հանդիպումներ կազմակերպել Վրաստանում և պատրաստ է կիսել իր փորձը»:
«ՀՀ-ն համոզված է՝ նման դեպքեր չեն եղել, պատրաստ է նաև հետաքննության»
Լրագրողների հետ ճեպազրույցում վերջին օրերին Ադրբեջանի ՊՆ կողմից հրապարակվող հաղորդագրություններին և երկկողմ մեխանիզմի գործարկման հնարավորությանն է անդրադարձել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը․
«Միանշանակ է, որ հայկական կողմից որևէ քայլ չի եղել էսկալացիայի ուղղությամբ, կրակոցներ չեն եղել։ Մեզ անհանգստացնում է, որ այդպիսի կեղծ լուրեր են տարածվում, բայց խնդրին լուծում տալու նպատակով Ադրբեջանին հրապարակային առաջարկել ենք, որպեսզի համատեղ հետաքննման մեխանիզմ ստեղծենք գերատեսչությունների միջև»։
Նա տեղեկացրել է լրագրողներին նաև, որ Երևանը դեռ արձագանք չի ստացել Բաքվից։ Հարցին՝ արդյո՞ք երկկողմ մեխանիզմի ստեղծումը հակասության մեջ չի լինի երկրում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության հետ, Գրիգորյանը պատասխանել է, որ որևէ հակասություն չկա․
«ԵՄ դիտորդները հետաքննման լիազորություն չունեն, նրանք մոնիթորինգ են անում և հրապարակային հանդես են գալիս հաղորդագրություններով, զեկույցներով կամ այլ ձևերով տեղեկացնում են»։
Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի մեկնաբանությունը
«Վերջին օրերին Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություններ էր տարածում և հայկական կողմին մեղադրում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ։ Բավական ակտիվ էին նաև ադրբեջանական պրոիշխանական ԶԼՄ-ները, որոնք նույնիսկ ուղղակիորեն սպառնում են Հայաստանին։ Պատճառն, իհարկե, ՀՀ կողմից ֆրանսիական «Սեզար» համակարգերի ձեռքբերման վերաբերյալ հայտարարությունն էր։
Ադրբեջանական ԶԼՄ-ներն ուղիղ տեքստով հայտարարում են, որ Բաքուն թույլ չի տալու, որ տարածաշրջանում խախտվի ուժերի բալանսը, կրկին սկսել են օգտագործել ռևանշիզմի մասին խոսակցությունները։ Մեխանիզմ ստեղծելու վերաբերյալ Հայաստանի առաջարկը ավելի շատ ուղղված է միջազգային հանրությանը, այլ ոչ թե Ադրբեջանին։ Պարզ է, որ Ադրբեջանը հակված չէ նման քայլի գնալ։ Հիշում ենք՝ նախկինում ևս նման առաջարկներ կային զորքերի հայելային հետքաշման, սպառազինությունների վերահսկողության վերաբերյալ։ Այդ բոլոր դեպքերում ևս ակնհայտ էր՝ Բաքուն չի գնալու նմանատիպ լուծումների։
Հայաստանի իշխանություններն, ամենայն հավանականությամբ, հասկանում են, որ խնդիրը ոչ թե մեխանիզմի բացակայությունն է, այլ այն, որ Ադրբեջանը շարունակում է օգտագործել էսկալացիաների սպառնալիքը ՀՀ վրա ճնշում գործադրելու համար։ Եվ իրենք փորձում են հավելյալ ջանքեր գործադրել՝ ցույց տալու համար, որ հայկական կողմը հավատարիմ է խաղաղությանը։
Կարծում եմ՝ այստեղ հետաքրքիր է նաև շեշտադրումը երկկողմ ձևաչափի վրա։ Տեսնում ենք, որ նախորդ տարվա սեպտեմբերից հետո բոլոր գործընթացներն ընթանում են հենց երկկողմ ձևաչափով։ Նույնիսկ նոր հարցերի ծագման պարագայում առաջարկությունն այն է, որ կողմերը համատեղ ուժերով փորձեն լուծումներ գտնել։
Եթե եվրոպական և ամերիկյան միջնորդության ակտիվ շրջանում Հայաստանի մոտեցումն այն էր, որ քանի որ կա ուժերի դիսբալանս, կողմերը միմյանց չեն վստահում, միջնորդների առկայությունը չափազանց կարևոր է, հիմա ոչ միայն ընդունել են Ադրբեջանի այդ պահանջը, այլև, կարծես թե, սկսել են մտածել, թե դա ավելի արդյունավետ ձևաչափ է։
Կա ինչ-որ գործընթաց, կողմերն ակտիվորեն քննարկում են տարբեր հարցեր, փորձում են լուծումներ գտնել։ Եվ դա, այո, ինչ-որ չափով երաշխիք է, որ լուրջ էսկալացիաներ տեղի չեն ունենա։ Չեմ կարծում, թե առնվազն մինչև COP-29-ը Ադրբեջանը կգնա շատ մեծ էսկալացիայի»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմ