Խորհրդային Միությունը վերածնվում է Հյուսիսային Օսիայում
Խորհրդային Միությունը վերածնվել է, համենայնդեպս՝ Ռուսաստանի կազմում գտնվող հյուսիսկովկասյան Հյուսիսային Օսիա հանրապետության մի խումբ բնակիչների համար։ «ԽՍՀՄ քաղաքացիներ» շարժումն իշխանական մարմիններ է ստեղծում, խորհրդային նմուշի փաստաթղթեր է տալիս մարդկանց և անգամ մասնակցում անկարգությունների։ Խորհրդային «աղանդավորներին» հետապնդում է ոստիկանությունը, սակայն ոչ թե պետական կարգի նկատմամբ ոտնձգության, այլ խարդախության համար։
Հյուսիսօսական Խորհրդային Ինքնավար Սոցիալիստական Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր․ այսպես է ներկայանում թոշակառու Անդրեյ Գասիևը Հյուսիսային Օսիայից։ Նա ասում է, որ չի ճանաչում Ռուսաստանի օրենքներն ու հերքում է 1992 թ-ին ընդունված սահմանադրությունը։
«Ամերիկացիները սահմանադրության տեքստ են բերել, մի գիշերում այն անգլերենից ռուսերեն են թարգմանել և հայտարարել Ռուսաստանի Դաշնության սահմանադրություն։ Մենք հարցումներ ենք ուղարկել և պարզել, որ այն ստորագրված չէ ոչ (նախագահ) Ելցինի, ոչ (խորհրդարանի խոսնակ) Խասբուլատովի կողմից։ Այն ապօրինի է», — փաստարկներ է բերում Գասիևը։
• Սեփական բնակարան՝ մանկատնից հետո․ Սարմատի, Ֆիլիպի և աղջկա մասին, որին երկու անգամ խաբել են
• Ստալինը կրկին կենդանի է Հարավային Օսիայում և Արևելյան Ուկրաինայում
Պարզվում է, որ նրա պես մարդիկ Հյուսիսային Օսիայում քիչ չեն։ «ԽՍՀՄ քաղաքացիներ» շարժումը հանրապետությունում գոյություն ունի մոտ երկու տարի, սակայն առաջին անգամ այն իր մասին բարձրաձայն հայտարարել է Վլադիկավկազում ապրիլի 20–ին կորոնավիրուսի համավարակի դեմ կարանտինային միջոցների դեմ բողոքի ցույի ժամանակ, որի ընթացքում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև։
Այն ժամանակ «ԽՍՀՄ քաղաքացիների» ներկայացուցիչները փողոց էին դուրս եկել՝ սատարելու իրենց առաջնորդներից մեկին՝ օպերային երգիչ Վադիմ Չելդիևին։ Վերջինս հայտնի է նրանով, որ հանրային կերպով հերքում էր կորոնավիրուսի գոյությունն ու մարդկանց կոչ անում չենթարկվել իշխանություներին։
Սա այն անձանց բողոքն է, ովքեր չեն հավատում կորոնավիրուսի համաճարակին։ Ղեկավարի պաշտոնում առաջարկում են պատգամավոր Կալոևի թեկնածությունը, որը հայտնի է նրանով, որ սպանել է շվեյցարացի ավիադիսպետչերին՝ վրեժ լուծելով իր կնոջ և երեխաների մահվան համար
Չելդիևը կալանավորվել էր խարդախության, էքստրեմիզմի կոչերի, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության կիրառման և «կանխավ կեղծ տեղեկությունների հանրային տարածման համար, որոնք քաղաքացիների կյանքին և անվտանգությանը սպառնալիք են ներկացնում»։ Կալանավորվածի փաստաբանը մեղադրանքներն անհիմն է համարում։
Նրանից բացի՝ ցույցին մասնակցելու համար ձերբակալվել է շարժման ևս մի քանի ակտիվիստ։
Այլընտրանքային երկիր
«ԽՍՀՄ քաղաքացիները» պնդում են, որ վերականգնել են Խորհրդային Միությունը․ ըստ Անդրեյ Գասիևի՝ Մոսկվայում այս տարվա փետրվարից իշխանությունը գլխավորում է ԽՍՀՄ Գերագույն Խորհուրդն, իսկ տեղերում ձևավորվում են իշխանության տեղական մարմիններ։
Այդ թվում՝ ֆինանսների, արդարադատության, առողջապահության, սոցապահովման, ՆԳՆ և անգամ ՊԱԿ նախարարություններ։ Հյուսիսային Օսիայի Գերագույն Խորհրդի նախագահի և Նախարարների խորհրդի ղեկավարի պաշտոնը համատեղում է Անատոլի Խուգաևը։
«ԽՍՀՄ քաղաքացիները» չեն ճանաչում Ռուսաստանի Դաշնությունը որպես պետություն՝ պնդելով, որ ներկայիս Ռուսաստանն Արևմուտքի գաղութ է, որ ԽՍՀՄ–ն ապօրինի է լուծարվել, քանի որ 1991 թ–ի հանրաքվեի ժամանակ քաղաքացիների 77 տոկոսը կողմ է արտահայտվել միության պահպանմանը։ Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինը պաշտոնեական հանցագործություն է կատարել՝ ստորագրելով Անկախ պետությունների համագործակության ստեղծման մասին «Բելովեժի համաձայնագրերը», որոնք էլ վերջ են տվել ԽՍՀՄ–ին։
Դրանից ելնելով՝ «քաղաքացիները» կոչ են անում տեղացիներին պետությանը հարկ չվճարել, ինչպես նաև չկատարել կոմունալ վճարները։
Հյուսիսային Օսիայի Նոգիր գյուղական բնակավայրի պատգամավոր Ռուսլան Լալիևը, որն անձամբ է ծանոթ շատ «քաղաքացիների», ասում է, որ մի խումբ ակտիվիստներ հայտնվել են «մի քանի տարի առաջ», իսկ որպես գրասենյակ, չգիտես ինչպես, նրանց տնօրինության տակ է հայտնվել մի ամբողջ հինգհարկանի շենք։
Լալիևը «քաղաքացիների» հավաքույթներն աղանդ է անվանում և պնդում է, որ նրանց շարքերում պառակտում է տեղի ունեցել․
«Աղանդի ներսում սրվել են հակասությունները, այդ պատճառով էլ նրանք բաժանվել են և դադարել միմյանց ճանաչել։ Օրինակ՝ Անատոլի Խուգաևը սկսել է իշխանության այլընտրանքային մարմիններ, հարկային մարմիններ, բանկեր, ընտրական հանձնաժողով ստեղծել»։
Աղանդավորնե՞ր, թե՞ խարդախներ
Իշխանություններն աղանդն այնքան էլ անմեղ չեն համարում։ Ապրիլի 20–ի անկարգությունների մասին գործից բացի Հյուսիսային Օսիայի ՆԳՆ–ն հայտարարել է, որ կասեցրել է մի խումբ խարդախների գործունեություն և գործ հարուցել․ այն վերաբերում է «ԽՍՀՄ անձնագրերին», որոնք կազմակերպությունը գումարի դիմաց վաճառել է քաղաքացիներին։
Ինչպես հաղորդում է ՆԳՆ–ն, «Հյուսիսային Օսիայի Գերագույն խորհրդի» անունից դրա ղեկավար Անատոլի Խուգաևն առաջարկում էր Խորհրդային Միության քաղաքացու ժամանակավոր փաստաթուղթ ձեռք բերել՝ 300 ռուբլի [մոտ $4,2] պետական տուրք վճարելով։ Կազմակերպության նախագահն ու անդամներն, ըստ իրավապահների, մարդկանց տրամադրել են նաև «հողի համասեփականատերերի կեղծ վկայականներ»։
«Կազմակերպության գոյության ողջ ընթացքում խարդախների խումբը կարողացել է խաբել մոտ հազար միամիտ քաղաքացու, իսկ ապօրինի եղանակով ձեռքբերված փողը՝ ծախսել անձնական կարիքների համար», — հայտարարել է ՆԳՆ–ն։
Սակայն, ինչպես ասում են տեղացիները, «քաղաքացիները», որոնք մարդկանց խորհրդային փաստաթղթեր են առաջարկել, ոչ միշտ են դրանց դիմաց գումար պահանջել։
«Այդ քաղաքացիները մեր տուն էին եկել։ Առաջարկում էին ԽՍՀՄ անձնագիր ձեռք բերել, — հիշում է քաղաքի բնակիչ Բեսլան Ացամազը։ — Տնետուն այցելում էին։ Տղամարդը ներկայացավ անձնագրային բաժնի պետ և պնդում էր, որ ինձ համար խորհրդային նմուշի անձնագիր կպատրաստի։ Ոչ, դրա համար փող չի խնդրել։ Ես ծիծաղեցի նրա վրա և դուռը փակեցի»։
Հետաքննության շրջանակում ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել Խուգաևի, ինչպես նաև «Հյուսիսային Օսիայի Գերագույն Խորհրդի» անդամների, այդ թվում՝ Անդրեյ Գասիևի տանը։
Գասիևը մեղադրանքներն ապօրինի է համարում և պնդում, որ խուզարկությունները խախտումներով են անցկացվել։
Նրա խոսքով՝ «ԽՍՀՄ անձնագրի կորստի մասին ժամանակավոր վկայականներ» կազմելով է զբաղվում «ՆԳՆ անձնագրային–վիզային ծառայությունը»։ Սակայն, ինչպես նշում է Գասիևը, մի քանի դեպքերում «աշխատակիցները» չափն անցել են և ավելին են վերցրել, քան պետք էր։
Խարդախության մասին գործով «աղանդավորներին» մինչև 6 տարվա ազատազրկում է սպառնում։
Ինչո՞ւ են մարդիկ ուզում վերադառնալ ԽՍՀՄ
Քաղաքագետ Ալա Մամիևն ասում է, որ Հյուսիսային Օսիայում իրոք ԽՍՀՄ նկատմամբ կարոտախտ կա, և դա իր պատճառներն ունի․
«Ավագ սերնդի որոշ քաղաքացիների մոտ նոստալգիա կա ԽՍՀՄ նկատմամբ։ Իսկ երիտասարդությունը, որն արդեն ծնվել է Ռուսաստանում 90-ականներին, ԽՍՀՄ մասին գիտի մեծերից և նույնպես ԽՍՀՄ կողմնակից է դառնում, եթե արդարություն չի գտնում ժամանակակից իրականությունում»։
Ըստ քաղաքագետի՝ «ԽՍՀՄ վերադառնալ ցանկացողների աղանդները նույնպիսին են, ինչպես Ռուսական կայսրություն վերադառնալ ցանկացողներինը։ Մարդիկ ցանկությունը որպես իրողություն են ներկայացնում»։
Նրա խոսքով՝ այդ մարդկանց մանիպուլյացիայի են ենթարկում, սակայն ակնհայտ փաստ է, որ Հյուսիսային Օսիայի շատ բնակիչներ կարոտում են խորհրդային ժամանակները։