«ՀՀ-ն արձագանքողի դերում էր, Արցախը կարծում էր՝ անելիք չունի»․ կարծիք
ՀՀ և Արցախի սխալները
Երեք տարի առաջ այս օրը՝ նոյեմբերի 9-ին, Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները ստորագրեցին եռակողմ հայտարարություն, որով վերջ դրվեց Ղարաբաղյան երկրորդ պատերազմին։ 2023 թ․-ի սեպտեմբերին, սակայն, Բաքուն հայկական կողմի վերահսկողության տակ մնացած տարածքների վրա նոր հարձակում նախաձեռնեց, ինչի արդյունքում Լեռնային Ղարաբաղը հայաթափվեց։
Ի՞նչ էր պետք անել 2020 թ․-ի փաստաթուղթը ստորագրելուց հետո, Հայաստանի և ԼՂ-ի իշխանությունների ո՞ր սխալները հանգեցրին ներկայիս իրավիճակին։ Civilnet-ի եթերում այս հարցերին անդրադարձել է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։
JAMnews-ը ներկայացնում է հարցազրույցի ամենակարևոր դրվագները։
«Բաքուն պատրաստվում էր պատերազմի, ՀՀ-ն արագացրեց այն»
Քաղաքագետը շեշտում է՝ դեռևս 2018 թ․-ին ակնհայտ էր՝ իրավիճակը բավականին բարդ է, Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի։ Ասում է՝ Ալիևի մոտ մեծ գայթակղություն կար հարցը ռազմական ճանապարհով լուծելու, քանի որ ռազմական բալանսը շատ էր խախտվել և հնարավոր էր հասնել ավելի մեծ արդյունքների, քան բանակցություններով․
«Այս [Փաշինյանի] կառավարությունը որևէ փորձ չուներ արտաքին քաղաքական, անվտանգության ոլորտներում, չէր տիրապետում ղարաբաղյան հիմնահարցին, այս բոլոր հանգամանքները, իհարկե, նպաստել են առնվազն գործընթացների արագացմանը»։
Ասում է՝ պատերազմը հետաձգելու, ժամանակ շահելու, Հայաստանի ռազմական և դիվանագիտական կարողություններն ավելացնելու փոխարեն «ամեն ինչ արեցին, որ գրգռեն Ադրբեջանին»։ Հիշեցնում է Փաշինյանի հայտարարությունները Ադրբեջանում՝ Հայաստանի օրինակով հեղափոխություն իրականացնելու, բանակցությունները զրոյական կետից սկսելու և այն մասին, որ «Արցախը Հայաստան է, և վերջ»։
«Լեգիտիմացրին Ալիևի բոլոր փաստարկները, որ հակառակորդը ապակառուցողական է, անհնար է նրա հետ բանակցություններ վարել։ Իհարկե, նաև միջազգային կոնյուկտուրան էր շատ հարմար Ադրբեջանի համար՝ համավարակ, ընտրություններ ԱՄՆ-ում»,- ասում է Գրիգորյանը։
Մեծագույն սխալ է համարում նաև պատերազմից առաջ Տավուշում տեղի ունեցած հուլիսյան մարտերը, որից հետո որոշում կայացնողների մոտ ստեղծվել էր ընկալում, թե «հայկական բանակն արդեն գործոն է դարձել տարածաշրջանում»։
«Հրաժարականը կարող էր նպաստել իրավիճակի բարելավմանը»
Քաղաքագետը կարծում է՝ եթե նոյեմբերի 9-ից հետո Հայաստանում և Արցախում առաջին դեմքերի փոփոխություն լիներ, հնարավոր կլիներ ավելի արդյունավետ դուրս գալ իրավիճակից։ Հիշեցնում է՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պարագայում փաստարկն այն էր, թե «նոր ընտրությունների անցկացման հավանականությունը շատ ցածր կլինի»։ Նաև հավելում է՝ այս տարի մտցված փոփոխությունը, որով խորհրդարանին հնարավորություն տրվեց նոր նախագահ ընտրել, պետք էր ավելի շուտ անել։
«Եթե այն ժամանակ այդ փոփոխությունը տեղի ունենար և ավելի արդյունավետ թիմ գար իշխանության, այլ հարց է՝ արդյոք կար Արցախում այդպիսի թիմ, միգուցե հնարավոր էր ամեն ինչ ավելի արդյունավետ կազմակերպել»,- նկատել է նա։
Իսկ ձգձգված և 2023 թ․-ի սեպտեմբերին տեղի ունեցած իշխանափոխությունը «ոչ թե նպաստեց ինչ-որ գործընթացների հաջողությանը, այլ հակառակը՝ արագացրեց Արցախի կործանումը»։
Կարծում է՝ Արցախի նախկին նախագահ Հարությունյանը «բավականին խնդրահարույց» կադրային քաղաքականություն էր վարում, կային նաև որոշումների կայացման հետ կապված խնդիրներ։
«Երկիրը կանգնած էր կործանման եզրին, բայց բոլոր ուժերը զբաղված էին ինչ-որ ներքաղաքական խնդիրներով»,- շեշտել է նա։
Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանի պարագայում իրավիճակի բարելավմանը կարող էր նպաստել վարչապետի հրաժարականը։
«Փաշինյանի համար դժվար էր ու դժվար է բանակցել Ալիևի հետ»
Խոսքը, մասնավորապես՝ 44-օրյա պատերազմում կրած պարտությունից հետո ընկած ժամանակահատվածի մասին է։ Քաղաքագետն ասում է՝ տեսականորեն նոյեմբերի 9-ից հետո երկրի առաջին դեմք կարող էր դառնալ նաև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության որևէ ներկայացուցիչ, ինչը նույնպես որոշակիորեն կնպաստեր Հայաստանի «բանակցային դիրքերի բարելավմանը»։ Մյուս կողմից նկատում է՝ իրականության մեջ ՔՊ-ն չի կարող գոյատևել առանց Փաշինյանի։
Կարծում է՝ ՀՀ-ում ձևավորվել էր այնպիսի քաղաքական կոնյուկտուրա, որն անհնարին դարձրեց իշխանափոխությունն ու ինչ-որ առողջ ուժերի՝ իշխանության գալը։
«Մի կողմից ունես պարտված իշխանություն, որը ոչ կոմպետենտ է բանակցությւոնների, արտաքին քաղաքական և անվտանգության հարցերում, մյուս կողմից ունես նախկին իշխանությունների ներկայացուցիչներ, որոնք ևս նպաստել են այդ աղետին։ Արդյունքում՝ ունենում ես 2021 թ․ -ի արտահերթ ընտրություններ, երբ պարտված իշխանությունը վերընտրվում է»,- պարզաբանել է նա։
Քաղաքագետի գնահատմամբ՝ դա միջազգային հանրության մոտ ստեղծեց ընկալում, թե հայ հասարակությունը «համակերպվել է պարտության արդյունքների հետ, համաձայն է կառավարության կողմից վարվող քաղաքականության հետ»։ Հիշեցնում է նաև, որ իշխող ուժն ընտրություններին մասնակցել էր այլ օրակարգով, այնուհետև փոփոխել այն։
«ԼՂ-ում զբաղված էին ռուսներին հաճոյանալով»
Ըստ Գրիգորյանի՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում որևէ ռազմավարական մոտեցում չկար։ Ընդգծում է՝ ՀՀ կառավարությունն անընդհատ փոխում էր արցախյան հիմնահարցի և երկրի անվտանգության հետ կապված իր դիրքորոշումները․
«Չի եղել մի պահ, երբ ՀՀ կառավարությունը գոնե պատկերացներ՝ հաջորդ քայլը որն է լինելու, անընդհատ Ադրբեջանի նախաձեռնած գործընթացներին արձագանքողի դերում էր»։
Շեշտում է՝ Արցախում որոշում կայացնողների մոտ ստեղծվել էր տպավորություն, թե իրենք «մեծ հաշվով անելիք չունեն»․
«Առաջին փուլում այդ էր մտայնությունը՝ գետնի վրա ռուսներն են անվտանգության երաշխավորը, պետք է ամեն ինչ անենք, որ հաճոյանանք ռուսներին»։
Հաճոյանալուն ուղղված քայլերի շարքում Գրիգորյանը թվարկել է Արցախում ռուսաց լեզվին պաշտոնական կարգավիճակ տալու մասին որոշումը, ինչպես նաև նախագահ Արայիկ Հարությունյանի՝ ՌԴ կողմից Դոնեցկի ու Լուգանսկի հանրապետությունների ճանաչումը ողջունելը։ Ասում է՝ Արցախն այդ խնդիրների հետ կապելը «մեծագույն սխալ» էր։
Տեղեկացրել է՝ օտարերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչների համար դեպի Արցախ մուտքի արգելք սահմանելու հարցում ներդրում է ունեցել նաև Ստեփանակերտը․
«Տեղեկություններ ունեմ, որ արցախյան կողմը ևս մասնակցել է այդ որոշման կայացմանը, այսինքն՝ մասնակցել է Արցախի գետոյացման, գորշ գոտի դարձնելու գործընթացին»։
Ասում է՝ քանի որ Արցախի համար իր անելիքը պարզ չէր, ուստի չի եղել նաև «անվտանգության համակարգի բարեփոխման որևէ լուրջ փորձ»։
«Արցախի ճակատագրի համար վճռական նշանակություն ունեցավ ռուս-ուկրաինական պատերազմը»
Քաղաքագետի դիտարկմամբ՝ Ուկրաինայում պատերազմի մեկնարկով Հարավային Կովկասում ստեղծվեց «ուժային վակուում», ինչն էլ Ադրբեջանը սկսեց օգտագործել։ Կարծում է՝ բացի այն, որ Ռուսաստանն իր ռեսուրսներն ամբողջովին կենտրոնացրել էր ուկրաինական ուղղությամբ, փոխվել էին նաև տարածաշրջանում ՌԴ շահերը․
«Ինչ-որ փուլում ՌԴ-ն, պարզապես չկարողանալով համոզել կամ պարտադրել իր մոտեցումներն Ադրբեջանին, ընդունեց Բաքվի մոտեցումները՝ ստեղծված իրավիճակի ողջ պատասխանատվությունը դնելով ՀՀ իշխանությունների վրա»։
Վստահ է՝ եթե չլիներ ռուս-ուկրաինական պատերազմը, Ադրբեջանը շատ ավելի զուսպ ու զգուշավոր կլիներ իր որոշումներում։ Գրիգորյանի խոսքով՝ նախքան 2023 թ․-ի սեպտեմբերին Արցախում ռազմական գործողություն իրականացնելը Բաքուն պարբերաբար շոշափել է Մոսկվայի կարմիր գծերը, հասկացել, որ նույնիսկ ուժի կիրառման դեպքում որևէ հակազդեցության չի հանդիպելու։
«Կարելի է ասել՝ ինչ-որ չափով նույնիսկ ՌԴ հետ համաձայնության եկան այդ հարցում»,- նշել է Գրիգորյանն ու հիշեցրել Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրությունն այն մասին, թե «ռուս խաղաղապահներն Արցախի անվտանգության երաշխավորը չեն»։
«Նոյեմբերի 9-ի աշխարհագրությունը կանխորոշիչ էր»
Անդրադառնալով 2023 թ․-ի սեպտեմբերին Արցախի էթնիկ զտմանն ու հայաթափմանը՝ Գրիգորյանը նկատել է․
«Նոյեմբերի 9-ի աշխարհագրությունը կանխորոշիչ էր։ Երբ ամեն կողմից շրջափակված ես, երբ ամեն պահի կարելի է փակել Լաչինի նեղ միջանցքն ու ամբողջովին պաշարման մեջ վերցնել Արցախը, պարզ էր, որ եթե Ադրբեջանը որոշում կայացնի ռազմական ճանապարհով հարցը լուծել, հայկական կողմը լուրջ շանսեր չի ունենա»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
ՀՀ և Արցախի սխալները