«ՀՀ տնտեսական աճը ներուժից բարձր է»․ կարծիք Երևանից
ՀՀ տնտեսական աճը 2024 թ․-ի ավարտին
«2025 թվականի բյուջեով կանխատեսվում է 5,6 տոկոս տնտեսական աճ»,- Հայաստանի կառավարության այսօրվա նիստում հայտարարել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Ընթացիկ տարվա համար կառավարությունը որպես թիրախ էր սահմանել 7 տոկոս տնտեսական աճի ապահովումը։ Օգոստոսի վերջին, սակայն, նախարար Հովհաննիսյանը հայտնել էր, որ տարեվերջին տնտեսական աճը կլինի մոտ 6 տոկոսի շրջանակներում։
Տնտեսագետ Արմեն Քթոյանը դժվարանում է ասել՝ ինչ ցուցանիշով կամփոփվի տարին։ Ասում է՝ անորոշության բավականին մեծ դաշտ կա։
«Շոկային գործոնները ինչքան կտրուկ ի հայտ են գալիս, այդքան կտրուկ կարող են չեզոքանալ: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ տարվա կտրվածքով հնարավոր կլինի տնտեսական ակտիվությունը պահպանել 7-8 տոկոսի տիրույթում»,- «Արմենպրես»-ին տված հարցազրույցում նկատել է Քթոյանը։
Նա շոկային գործոն է դիտարկում ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով ՀՀ տնտեսության որոշ ուղղությունների զարգացումը, ինչպես նաև Հայաստանից իրականացվող վերաարտահանումը։
Տնտեսագետ Արմեն Քթոյանի մեկնաբանությունը
Առկա ներուժից բխում է 5-7 տոկոս տնտեսական աճը
«Այս պահին առկա ներուժից բխող կարող ենք համարել տնտեսական աճի 5-7 տոկոսի տիրույթը: Եթե գերազանցում է այդ մակարդակը, ուրեմն ավելի շատ շոկերի, մեր տնտեսության ներքին գործընթացներին ոչ բնորոշ իրողությունների արդյունք է, ինչը երկարաժամկետ բնույթ կրել չի կարող»,- նկատել է Քթոյանը։
Շեշտում է՝ այս պահին տնտեսական աճը մի փոքր ավելի բարձր է երկրի ներուժային հնարավորություններից։
Ասում է՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը, որպես կանոն, ավելի բարձր է լինում, քան տնտեսական աճը: Հայաստանի պարագայում այն 11 տոկոսից նվազել է՝ հասնելով 9 տոկոսի։ Այս փաստն, ըստ նրա, կարելի է համարել ոչ թե անկում, այլ «շոկային էֆեկտների թուլացում և մոտեցում բնականոն աճի մակարդակին»։
Դեռևս պահպանվում են արտաքին շոկերի դրական էֆեկտները
Արմեն Քթոյանի կարծիքն է։ Նկատի ունի այն, որ տնտեսական գործունեության որոշ ուղղություններ դեռևս կրում են ռուս-ուկրաինական պատերազմի ազդեցությունը: Ըստ նրա՝ այդ ուղղությունները մեծ դեր ունեն ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշի 9 տոկոս աճի մեջ։
«Մյուս կողմից չի կարելի ասել, թե առանց այդ գործոնների տնտեսությունը մնացած մասով անկում է ապրում կամ շատ վատ իրողություններ կան»,- նկատել է նա։
Ասում է՝ կան ոլորտներ, որոնք նշանակալի աճ են ապահովում: Օրինակ է բերում շինարարության ոլորտը, որտեղ մեծ դերակատարություն ունի պետական բյուջեի միջոցներով արվող շինարարությունը։ Այս տարվա 8 ամիսների ընթացքում այդ ոլորտում գրանցվել է 16․2 տոկոս աճ։
Արտաքին առևտրաշրջանառության ծավալն աճել է 70 տոկոսով
Արմեն Քթոյանի խոսքով՝ 8 ամսվա ընդհանուր մակրոտնտեսական ցուցանիշներում համեմատաբար բարձր են եղել արտահանման, ներմուծման և առևտրի շրջանառության ծավալները: Արտաքին առևտրաշրջանառության ծավալն այս տարվա հունվար-օգոստոսին 2023 թ․-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 70.9 տոկոսով։
«Ընդ որում՝ արտահանումն աճել է 2.1 անգամ, իսկ ներմուծումը՝ 86.8 տոկոսով: Իսկ առևտրի շրջանառությունում աճը կազմել է 20.4 տոկոս»,- մանրամասնել է նա և հավելել, որ դա «մի քանի տարվա իրողությունների արտացոլումն» է։
Տնտեսագետի գնահատմամբ՝ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է առաջանցիկ տեմպերով․
«Սա մեծամասամբ ռուսական ոսկու, թանկարժեք քարերի էֆեկտն է: Բնականոն երևույթ չէ: Իսկ առևտրի՝ շուրջ 20 տոկոս աճը գլխավորապես պայմանավորված է մեծածախ առևտրով»։
Բարդ է ասել՝ որքան բաց կմնա հնարավորությունների պատուհանը
Կարծում է՝ Հայաստանի տնտեսության վրա շոկային էֆեկտ է թողնում նաև վերաարտահանման գործոնը, ինչը ևս պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմով: Ըստ նրա՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները դեռ երկար կպահպանվեն, իսկ ՀՀ տնտեսության համար դա կլինի «հնարավորությունների պատուհան»։ Քթոյանի դիտարկմամբ՝ բարդ է ասել, թե որքան ժամանակ այդ պատուհանը բաց կմնա։
«Հայաստանի տնտեսությանը դա, առաջին հերթին, տալիս է ցուցանիշների ֆորմալ բարելավում: Բայց շատ մեծ ավելացված արժեք չի ձևավորում և հարկային մուտքերի վրա մեծ ազդեցություն չունի: Ունենք ներհոսք, արտահոսք, արտաքին առևտրաշրջանառության ու առևտրի տվյալների թռիչքային աճ, բայց ավելացված արժեքի կամ Հայաստանում մնացող արդյունքի տեսանկյունից ազդեցությունն այդքան էլ մեծ չէ»,- պարզաբանել է նա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
ՀՀ տնտեսական աճը 2024 թ․-ի ավարտին