ՊԵԿ-ին հասանելի են դարձել ՀՀ քաղաքացիների բանկային հաշիվները․ օգուտներն ու ռիսկերը
ՀՀ ՊԵԿ-ին հասանելի են քաղաքացիների հաշիվները
Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեն հասանելիություն է ստացել քաղաքացիների բանկային հաշիվներին: Դա տեղի է ունեցել ապրիլից, երբ ուժի մեջ է մտել Հարկային օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրենքը։ Եվ այս ընթացքում հարկ վճարողներն ու փորձագետները քննարկում են այս օրենսդրական փոփոխության հնարավոր հետևանքները:
Ի վերջո, ինչ դա կտա պետությանն ու երկրի տնտեսությանը, ինչ հետևանքներ ու ռիսկեր են կանխատեսում փորձագետները, ինչ բացատրություն են տալիս պետական մարմինները:
- Հարկային մուտքերը Հայաստանում կրճատվել են. ինչո՞ւ և ի՞նչ սպասել
- «Ոչ նպաստավոր պայմաններում ՀՀ տնտեսական աճը կլինի 3-4%-ի սահմանում». կարծիք
- Հայաստանի 2024 թ․-ի բյուջեն՝ «աննախադեպ՝ 94 մլրդ պահուստային ֆոնդով»
«Ոչ մի երաշխիք չկա, որ որևէ պահի տվյալների արտահոսք տեղի չի ունենա»
30-ամյա Աննա Ա.-ն հանդիսանում է հանրային ծառայող և այս տարվանից նաև հայտարարագիր ներկայացնող անձ: Սա նշանակում է, որ վերոնշյալ օրենքն այս տարի՝ ի թիվս հազարավոր այլ անձանց, տարածվում է նաև իր վրա: Օրենքի դրույթները քաղաքացիների վրա տարածվելու են աստիճանաբար՝ 2025 թ.-ից ներառելով ՀՀ ռեզիդենտ հանդիսացող բոլոր քաղաքացիներին:
Օրենքի ընդունումը Աննան ոչ միայն չի ողջունում, այլև բազմաթիվ ռիսկեր է տեսնում՝ իր անձնական բանկային տվյալներին հասանելության ու տեղեկատվական հնարավոր արտահոսքի հետ:
«Ոչ մի երաշխիք չկա, որ մեր տվյալները լիարժեք պաշտպանված կլինեն ու որևէ պահի տվյալների արտահոսք տեղի չի ունենա: Մենք դրա նախադեպն ունեցել ենք նախկինում, պետական տարբեր կառույցների պարագայում։ Օրենքն այսքան ռիկսային չէր թվա, եթե երկիրն ունենար թվայնացման համակարգերի պաշտպանվածության բարձր մակարդակ»,- ասում է նա։
Անընդունելի է համարում նաև պետության խիստ վերահսկողությունը՝ քաղաքացիների նկատմամբ։ Շեշտում է՝ այս մոտեցումը հավելյալ զգուշավորություն ու լարվածություն է առաջացնում քաղաքացու մոտ՝ երկրի, պետական կառավարման համակարգի նկատմամբ:
Տեղեկատվությունը հավաքագրվում է «ռիսկերի գնահատման նպատակով»
Ըստ օրենքի պարզաբանման՝ հարկային մարմինը քաղաքացու բանկային հաշվի քաղվածքի ու հաշվի ամփոփ տեղեկատվություն ստանալու իրավունք է ստանում: Ընդ որում, ամփոփ տեղեկությունները ներառում են «հարկ վճարողի բանկային հաշվի, արժույթի, հարկային տարվա հունվարի 1-ի և դեկտեմբերի 31-ի դրությամբ առկա մնացորդի, ինչպես նաև հարկային տարվա ընթացքում մուտքագրված և ելքագրված գումարների հանրագումարի վերաբերյալ տվյալները»:
Տեղեկատվության հավաքագրումը, ըստ օրենքի հիմնավորման, իրականացվում է «հարկային հսկողության շրջանակներում, ռիսկերի գնահատման նպատակով»:
ՊԵԿ-ը հարկ վճարողի յուրաքանչյուր բանկային հաշվի ամփոփ տեղեկությունները էլեկտրոնային համակարգի միջոցով ստանում է առևտրային բանկերից՝ Կենտրոնական բանկի միջոցով:
Ինչ վերաբերում է բանկային հաշվի քաղվածքին, այն ստանալու նպատակով հարկային մարմինը հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջի միջոցով հարցում է ուղարկում նրան։ Եվ հարկ վճարողը պարտավոր է պատասխանել հարցումը ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:
Բանկային հաշվի քաղվածքը սահմանված ժամկետներում չտրամադրելու դեպքում ՊԵԿ-ն այն ստանում է դատարանի որոշման հիման վրա:
«Պետությունը շարունակում է գնալ տոտալ վերահսկողության ճանապարհով»
Փորձագիտական շրջանակները մտահոգված են օրենսդրական փոփոխության հնարավոր ռիսկերով ու հետևանքներով:
Թեմային անդրադարձել է նաև տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Դրական գնահատելով օրենսդրական փոփոխության ներդրումը «ստվերային տնտեսության, չարաշահումների, կոռուպցիայի, ահաբեկիչների և այլ բացասական տարրերի դեմ պայքարելու» տեսանկյունից, նա նկատում է.
«Խնդիրն այն է, որ հակառակ բևեռում գտնվում են քաղաքացիական ազատությունները, անձնական կյանքը, խոսքի ազատությունը և հազար ու մի այլ պետական համակարգի համար անդուր երևույթներ։
Բոլոր խստացումները, որոնք տանում են դեպի քաղաքացիների կյանքի թափանցիկության, ընդունվում են առանց բալանսի մեխանիզմների, առանց հանրային վերահսկողության, ինչը թույլ կտար Հայաստանում չաճացնել անսահմանափակ հնարավորություններով սուպերկառույցներ։ Ինչը թույլ կտար վերահսկել՝ խուսափել չարաշահումներից, կոռումպացված չինովնիկների կողմից տեղեկատվության անձնական նպատակներով օգտագործելը, պետական կառույցների կողմից լծակները ընդդիմախոսների դեմ կիրառելը»։
Ընդունվել է նախագծի բարելավված տարբերակը
Անդրադառնալով Սամվել Մարտիրոսյանի այս տեսակետին, փաստաբան Արսեն Սարդարյանը նկատում է՝ նույն մտավախությունն ունեցել է ինքը, բայց օրինագծի նախնական տարբերակի քննարկման ժամանակ․
«Այդ մտավախությունը մեծ էր օրինագծի առաջին տարբերակի քննարկման փուլում, երբ հարկային մարմինը կարողանում էր տեսնել անձի կամ ընկերության բանկային բոլոր շարժերը: Այժմ, երբ ընդունվել է նախագծի բարելավված տարբերակն ու ներդրվել դատարանի որոշմամբ անձի/ընկերության բանկային քաղվածքը հասանելի դարձնելու գործոնը, մտավախությունս բավականին մեղմվել է»:
Արսեն Սարդարյանը ողջունելի է համարում այն, որ օրենքի ընդունմամբ պետությունն ավելի մեծ գործիքակազմ է ստանում հարկերից խուսափողների դեմ պայքարելու առումով։ «Այս պարագայում թաքնված գործունեություն իրականացնող սուբյեկտները խնդիր են ունենալու։ Եթե բանկային հաշիվների ու հայտարարագրված գումարների միջև էական տարբերություն լինի, անձը կամ պետք է համոզիչ բացատրություն տա, կամ դատարանում պայքարի՝ ապացուցելու համար իր հարկային օրինաչափ գործունեությունը: Արդյունքում՝ հարկերի հավաքագրման գործընթացն ավելի արդյունավետ կարող է աշխատել։ Դրա անհրաժեշտ նախապայմանն է՝ բոլոր կողմերը պետք է բարեխիղճ լինեն»:
Ռիսկեր կան․ օրենքը կարող է ազդել ներդրումների ներգրավման վրա
Փաստաբանը, սակայն, ռիսկեր էլ է տեսնում: Վստահ է՝ օրենքի ընդունումը կարող է էականորեն ազդել արտերկրից ներդրումներ ներգրավելու գործընթացի վրա․
«Գտնում եմ, որ վաղաժամ էր այս օրենքի ընդունումը, որովհետև մենք փորձում ենք ներդրումներ բերել մեր երկիր, իսկ այս փոփոխությամբ երկրի գրավչության գործակիցն ընկնելու է: Ներդրողը երկրին նայում է նաև բանկային գաղտնիքի տեսանկյունից։ Ու եթե տեսնում է, որ հարկային մարմնի վերահսկողության մեխանիզմները մեծ են, նրան անհանգստացնում է տոտալ վերահսկողության առկայությունը: Արդյունքում գործարարը ներդրումային երկիր ընտրելիս կարող է նախընտրել բանկային գաղտնիքի ավելի մեծ երաշխիքներ ունեցող երկիրը»:
Այս համատեքստում Արսեն Սարդարյանը նկատում է՝ պատահական չէ, որ բազմաթիվ երկրներ, այդ թվում եվրոպական, ավելի խիստ են մոտենում բանկային գաղտնիքի պահպանմանը․
«Այն միտքը, որ բանկային գործունեությունը լիովին փակ է, տնտեսվարողին որոշակի հանգստություն է տալիս: Եվ պարտադիր չէ, որ դա կապված լինի հարկերից խուսափելու հետ»:
Հայաստանի բանկերի միությունն էլ է ռիսկեր տեսնում
Օրենսդրական փոփոխության ներդրմանը դեմ է արտահայտվել նաև Հայաստանի բանկերի միությունը: Մեր գրավոր հարցմանն ի պատասխան միությունից տեղեկացրել են.
«Հայաստանի բանկերի միությունը դեռևս 2022թ․-ից, երբ ֆիզիկական անձանց հաշիվների մասին տեղեկատվությունը հարկային մարմիններին տրամադրելու վերաբերյալ նախագիծը դրվեց շրջանառության, մշտապես հայտնել է բացասական կարծիք: Չնայած վերջնական տարբերակը պարունակում է որոշակի մեղմացումներ շրջանառվող նախնական տարբերակի համեմատ, գտնում ենք, որ դրա օգտակարությունը և արդյունավետությունը չափազանց խնդրահարույց է, և լուրջ ռիսկեր է առաջացնելու հարկային մարմին-քաղաքացի հարաբերություններում:
Առանձին-առանձին բոլոր բանկերից բոլոր քաղաքացիների բոլոր արժույթներով բոլոր հաշիվների վերաբերյալ համատարած ամփոփ տեղեկության ստացումն օրենքի ամենախնդրահարույց կետն է»։
ՊԵԿ նախագահ. «Քաղաքացին պաշտպանած է հարկային գաղտնիքով»
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, սակայն, օրենսդրական փոփոխությունը դիտարկելով հարկային գաղտնիքի պահպանման համատեքստում ՝ վստահեցնում է՝ քաղաքացին պաշտպանված է հարկային գաղտնիքով։ Հարկային մարմինն իրավունք չունի հրապարակել նրա բանկային հաշիվների մասին ստացված տեղեկատվությունը:
Պնդում է՝ խոսքը գնում է ոչ թե մարդու բոլոր բանկային գործողություններին հասանելիություն ունենալու, այլ ելքի ու մուտքի մասին:
«Ես չեմ կարող տեսնել, թե, օրինակ, դուք այսօր ի՞նչ եք պատվիրել, որքա՞ն եք վճարել, բայց կարող եմ տեսնել, թե դուք որքա՞ն մուտք եք ունեցել, որքա՞ն ելք եք ունեցել»,- պարզաբանել է նա:
Ռուստամ Բադասյանի խոսքով՝ քաղաքացիների բանկային հաշիվների հասանելիությունը հարկային մարմնին թույլ կտա համադրել հաշիվների շարժն ու հայտարարագրված եկամուտներն, իսկ անհամապատասխանության դեպքեր արձանագրելու դեպքում համապատասխան քայլեր ձեռնարկել՝ պատճառները պարզելու համար․
«Հնարավոր է, անհամապատասխանությունը բացատրություն ունի, հնարավոր է՝ դա չհարկվող եկամուտ է։ Բայց հնարավոր է նաև պարզվի, որ դա հարկվող եկամուտ է և տվյալ անձը փոխի իր կարգապահությունը, հայտարարագրի իր եկամուտները»:
Թե ինչ ազդեցություն կունենա օրենսդրական փոփոխությունը երկրի տնտեսական ցուցանիշի վրա, փորձագետները դեռ դժվարանում են կանխատեսել։ Ասում են՝ եզրակացություններ հնարավոր կլինի անել օրենքի կիրառումից որոշ ժամանակ անց միայն:
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
ՀՀ ՊԵԿ-ին հասանելի են քաղաքացիների հաշիվները