«Հայաստանը կարող է թուլացնել ագրեսոր ՌԴ-ին»․ կարծիք Երևանից
ՀՀ-ում ՌԴ ազդեցության թուլացման մասին
«Պատերազմի սպառնալիք անընդհատ կա։ Ենթադրենք՝ հիմա 70 տոկոս է այդ ռիսկը։ Իր տեսակարար կշիռը բարձրացնելով, հավասարարժեք քայլեր կատարելով՝ Հայաստանը կարող է այդ ռիսկը իջեցնել մինչև 10 տոկոս»,- ասում է քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ առաջին հերթին, պետք է գործիքակազմից զրկել այն պետություններին, որոնք ունեն ՀՀ գործերին միջամտելու լայն հնարավորություններ։ Սիմոնյանը նկատի ունի, մասնավորապես՝ Ռուսաստանը։
Factor TV-ի եթերում քաղաքագետը թվարկել է այն քայլերը, որոնք հայկական կողմը պետք է ձեռնարկի երկրի հզորացման «օրհասական խնդիրը» լուծելու համար։
«Լքել ռուսական դաշինքները, աֆիլացվել ԵՄ-ին, ՆԱՏՕ-ին»
Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանի խոսքով՝ ՌԴ հովանու ներքո գործող ռազմաքաղաքական և տնտեսական դաշինքներում Հայաստանը զարգանալու հնարավորություն չի ունենալու, քանի որ երկիրը «խեղդամահ են անելու»։
Շեշտում է՝ Հայաստանը պետք է ՀԱՊԿ-ը լքեր դեռևս 2022 թ․-ի սեպտեմբերի ադրբեջանական հարձակումից հետո։ Այժմ, ըստ նրա, քայլն ուշացած է, բայց անհրաժեշտ։ Ասում է՝ դրված է երկրի դիմադրողականությունը բարձրացնելու խնդիր, իսկ «պատերազմը չի ավարտվել»։
«Պետք է աֆիլացվել և ասոցացվել զարգացած հանրույթներին՝ ԵՄ-ին, հյուսիսատլանտյան անվտանգային համակարգին, միջպետական հարաբերություններ հաստատել եվրոպական երկրների, մասնավորապես՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի հետ»,- նկատել է նա։
Քաղաքագետի գնահատմամբ՝ Երևանն ունի շանս՝ մինչև ԱՄՆ-ում ընտրական եռուզեռի ակտիվ փուլի մեկնարկը ստորագրել ՀՀ-ԱՄՆ որևէ փաստաթուղթ կոնգրեսի կամ նախագահի մակարդակով․
«Լոյալության թուղթ, որ նախագահն էլ փոխվի, չկարողանա դրա վրայով անցնել»։
«ՌԴ-ն ջախջախել չենք կարող, բայց կարող ենք թուլացնել»
Սիմոնյանը նկատել է՝ երբ գիտես, որ ագրեսորն ամբողջ թափով քեզ հարվածելու է, անհրաժեշտ է հնարավորինս թուլացնել նրան։
«Մենք չենք կարող հարձակվել, ՌԴ-ն գրավել, ոչ էլ կարող ենք ռուսական բանակը ջախջախել, չէ՞։ Բայց կարող ենք մեր երկրի մասով թուլացնել Ռուսաստանը»,- պարզաբանել է նա։
ՀՀ-ում ռուսական ազդեցությունը թուլացնելու համար, ըստ նրա, անհրաժեշտ է՝
- արգելել ռուսական պրոպագանդիստական ալիքների մուտքը հանրային մուլտիպլեքս,
- լրտեսաթափ անել Հայաստանը,
- գնալ տնտեսական դիվերսիֆիկացիայի և առնչվել ավելի զարգացած երկրների հետ՝ Լարսի գործոնը՝ «մուրճը» ՌԴ ձեռքին անպիտան խաղալիք դարձնելով,
- ռուս սահմանապահներին հեռացնել երկրի պետական սահմաններից։
Կարծում է՝ այս գործիքները չունենալու պարագայում Մոսկվան կունենա Երևանի վրա ներազդելու սակավ հնարավորություններ, կփորձի հարցեր լուծել Բաքվի միջոցով։ Սիմոնյանի խոսքով՝ այդ դեպքում ևս Հայաստանը պետք է «իր խաղը տանի կոնֆլիկտի համատեքստում», այն է՝ ԱՄՆ միջոցով չեզոքացնի Ադրբեջանի հարձարկման հնարավորությունը, եվրոպական երկրների օգնությամբ էլ չեզոքացնի Թուրքիայի ազդեցությունը։
«Կան երաշխիքներ, որոնք արդեն աշխատում են»
Անդրադառնալով Արևմուտքի կողմից ՀՀ-ին տրամադրվելիք երաշխիքներին՝ քաղաքագետն ասել է, որ Երևանն արդեն իսկ ստացել է դրանք։ Օրինակ է բերել հայ-ադրբեջանական սահմանին տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությունը, մատնանշել դիտորդների թվաքանակի ավելացման հանգամանքը։
Խոսել է նաև սպառազինությունների մատակարարման, մասնավորապես՝ Փարիզի հետ գործակցության մասին․
«Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն ասել է, որ Ֆրանսիան ունի սպառազինություն, որ այլ երկրներ կերազեին գնել, բայց մենք տրամադրում ենք ՀՀ-ին։ Դրանից ավել ի՞նչ երաշխիք եք ուզում, որ իրենք գան, այդ զենքը կիրառե՞ն»։
Քաղաքագետի գնահատմամբ՝ պետք է ոչ թե տերեր փնտրել, այլ գործընկերներ և դաշնակիցներ։ Կարծում է՝ հայկական կողմը փնտրել և գտել է նրանց, մնում է միայն կապիտալիզացիայի ենթարկել ձեռք բերածը, այն է՝ կնքել միջպետական երկկողմ փաստաթղթեր այդ երկրների հետ։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
ՀՀ-ում ՌԴ ազդեցության թուլացման մասին