Բռնի տեղահանված բոլոր արցախցիները բնակվարձի փոխհատուցում կստանան ևս 2 ամիս
ՀՀ-ում կշուրանակվի 40+10 ծրագիրը
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բոլոր անձինք ևս 2 ամիս կստանան 50 հազարական դրամ սոցիալական աջակցություն, որն ուղղված է բնակվարձի և կոմունալ ծախսերի փոխհատուցմանը։ Հայաստանի կառավարությունը նման որոշում է ընդունել ապրիլի 30-ի նիստում։
Ավելի վաղ գործադիրը նեղացրել էր աջակցության ծրագրի շահառուների շրջանակը, ինչն արցախցիների շրջանում դժգոհություն էր առաջացրել։ Պարբերաբար բողոքի ցույցեր և հանրահավաքներ էին անցկացնում։ Մեկ ամսից ավելի է, ինչ նստացույց էր հայտարարել Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը։ Կառավարությունը, սակայն, հայտարարում էր՝ նախկին պայմաններով ծրագրին վերադարձ չի լինելու։
Նախօրեին խորհուրդը հայտնել էր՝ գործադիրն ընդունել է իր ներկայացրած պահանջները, ուստի Ազատության հրապարակում տեղադրված վրանը կհանվի։
- Արցախցիները չեն դիմում ՀՀ քաղաքացիություն ստանալու․ նրանց մտավախություններն ու սպասելիքները
- «Նրանց միակ մեղքը հայ լինելն է»․ Եվրախորհրդարանը կոչ է անում ազատ արձակել հայ գերիներին
- «Ինչո՞ւ ԼՂ-ում հայեր չկան»․ միջազգային կազմակերպությունների փաստահավաք զեկույցը
Գործադիրը նախատեսում է բարձրացնել իրականացվող ծրագրերի արդյունավետությունը
Արցախցիների շրջանում ծրագիրը հայտնի է «40+10» անունով։ Այն նախատեսում է 40 հազար դրամ աջակցություն կեցավայրի և ևս 10 հազար դրամ՝ կոմունալ ծախսերի համար։
2025 թ. ապրիլի 1-ից աջակցության իրավունք ունեին ոչ թե բոլոր տեղահանվածները, այլ միայն առանձին թիրախ խմբեր.
- 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճան ունեցող,
- 63 և բարձր տարիքի,
- կերակրողին կորցրած անձինք,
- հանրակրթական և մասնագիտական հաստատություններում սովորողները,
- մինչև 18 տարեկան երեխաները։
Նախագծի համաձայն՝ ծրագրի նախկին պայմաններին վերադառնալու անհրաժեշտություն է առաջացել, քանի որ ստացվել են սոցիալական ծրագրերի լավարկման առաջարկներ․
«Փոփոխությունները պայմանավորված են ծրագրերի արդյունավետության բարձրացման նպատակով նախապատրաստվող բարեփոխումներով, որոնք պահանջում են հավելյալ գնահատականներ և ժամկետներ»։
«Եթե կարիք լինի, նոր հանրահավաք կիրականացնենք»․ խորհուրդ
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամներից Նժդեհ Իսկանդարյանը երեկ երեկոյան տեղեկացրել էր, որ Ազատության հրապարակում տեղադրված վրանը կհանվի։ Իրենց աշխատանքը կշարունակեն ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության շենքից։ Իսկանդարյանն ասել էր, որ շենքում խորհրդին տարածք տրամադրելու պատրաստակամություն է հայտնել Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը։
Խորհրդի անդամը նկատել էր՝ ՀՀ կառավարությունը ոչ միայն համաձայնել է ևս երկու ամիս բոլոր արցախցիների համար շարունակել «40+10» ծրագիրը, այլև ընդունել է իրենց ներկայացրած բոլոր պահանջները։
«Մենք ներկայացրել ենք բնակապահովության ծրագրի վերաբերյալ բոլոր կետերը, որոնք բարելավման կարիք ունեն։ Նրանք ընդունել են դրանք»,- նկատել էր Իսկանդարյանը՝ առանց մանրամասներ հայտնելու։
Նրա խոսքով՝ առաջիկա 10 օրվա ընթացքում խորհուրդը հանրությանը ներկայացնելու է կատարված աշխատանքը: Ասում է՝ եթե կարիք լինի երկրորդ հանրահավաքը իրականացնելու, կաշկանդված չեն դիմել այդ քայլին:
Սոցիալական աջակցությունից մինչև վերադարձի իրավունք․ ի՞նչ են պահանջում արցախցիները
Մարտի 29-ին արցախցիներն Ազատության հրապարակում հանրահավաք էին նախաձեռնել։ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը պահանջագիր էր ներկայացրել՝ նշելով, որ այն ուղղված է ՀՀ իշխանություններին և միջազգային հանրության տարբեր դերակատարների․
Բնակվարձի աջակցության ծրագրի շարունակությունից բացի խորհուրդը պահանջել էր նաև՝
- «իրականացնել իրավական, քաղաքական և դիվանագիտական բոլոր հնարավոր քայլերը՝ ապահովելու Արցախի ժողովրդի հավաքական վերադարձը հայրենի հող և այնտեղ անվտանգ, արժանապատիվ, կայուն ու ինքնորոշված կյանքը, Ադրբեջանի հետ բանակցություններում առաջ քաշել այդ իրավունքի պատշաճ իրացման հարցը,
- նոր, արդար և արդյունավետ բնակարանային ծրագրի մեկնարկ, որը հիմնված կլինի ընտանիքների կարիքների համապարփակ հաշվառման, համայնքային բնակության խթանման, բնակարանաշինության խրախուսման, արտագաղթի կանխման և այլ առանցքային սկզբունքների վրա,
- զբաղվածության արդյունավետ ծրագրերի իրականացում,
- կազմակերպել միջազգային դոնոր համաժողով,
- հրաժարվել ՀՀ քաղաքացիության հարկադրման արհեստական քաղաքականությունից և վերադարձնել արցախցիներին իրենց ՀՀ քաղաքացիությունը [հավանական է՝ նկատի ունեն իրենց նախկին՝ 070 կոդով անձնագրերը],
- արցախցիներին հնարավորություն տալ ինքնուրույն կերպով տնօրինել իրենց կուտակած կենսաթոշակային գումարները,
- զերծ մնալ հայ ժողովրդի ներսում և հատկապես արցախցիների հանդեպ նաև իշխանական շրջանակներից վարվող ատելության քարոզից և անխտիր կերպով պատժել բոլոր նման դրսևորումների հեղինակներին,
- առավելագույնը կատարել Ադրբեջանում պատանդառված ու խոշտանգվող հայերի պաշտպանության և հրատապ ազատ արձակման ուղղությամբ,
- ուշադրության կենտրոնում պահել անհետ կորած հայերի ճակատագրերի պարզման պարտավորության իրականացումը,
- բարձրացնել Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության և հանրային ու մասնավոր սեփականության պաշտպանության հարցը միջազգային ատյաններում,
- ապահովել Հայաստանի և/կամ գործընկեր պետությունների կողմից Միջազգային քրեական դատարան պետական դիմումների ներկայացումը՝ Արցախի ժողովրդի բռնի տեղահանման և այլ միջազգային հանցագործությունների հետաքննման ու պատժման խնդրանքով,
- զերծ մնալ միջազգային դատարաններում Ադրբեջանի դեմ ներկայացված գանգատներից հրաժարվելու խիստ վտանգավոր մոտեցումից,
- խուսափել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջազգային ճանաչված ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման որևէ քայլից, վերսկսել Մինսկի խմբի ձևաչափով բանակցությունները Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ու վերականգնման համար,
- Արցախի ժողովրդի վերաբերյալ ներպետական և արտաքին քաղաքական բոլոր որոշումների կայացման գործընթացներում ապահովել նրա լեգիտիմ ներկայացուցիչների պատշաճ ներգրավումը»։
Խորհրդի անդամները պահանջագիրը որակել էին որպես «արդարության կոչ» և նշել, որ դրանով արցախցիներն արտահայտում են ինչպես ՀՀ-ում, այնպես էլ միջազգային հարթակներում իրենց իրավունքները պաշտպանելու վճռականությունը։
Դեռևս պարզ չէ՝ արդյո՞ք գործադիրը կձեռնարկի նաև պահանջագրի մյուս կետերի հետ կապված քայլեր։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
ՀՀ-ում կշուրանակվի 40+10 ծրագիրը