Ընտրակաշա՞ռք, թե՞ տնտեսական աճի արդյունք․ ՀՀ-ում կենսաթոշակները կբարձրանան
ՀՀ-ում 10 հազար դրամով կբարձրանան կենսաթոշակները
2026 թ․-ի ապրիլի 1-ից Հայաստանում 10 հազար դրամով կբարձրանան կենսաթոշակները, ծերության և հաշմանդամության նպաստները։ Որոշման մասին առաջինը հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նշել է, որ կառավարությունը կատարում է «նվազագույն թոշակը պարենային նվազագույն զամբյուղին համապատասխանեցնելու և միջին թոշակը սպառողական զամբյուղին համապատասխանեցնելու» իր հանձնառությունը։
Վարչապետը նաև պարզաբանել է, թե ինչու է կառավարությունը հենց հիմա նման քայլի գնում։
«2025 թ․-ին Հայաստանի տնտեսական աճը եղել է կանխատեսվածից ավելի բարձր։ Սա մեզ համար լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում։ Եվ Հայաստանի քաղաքացիներն այդ աճի արդյունքը պետք է տեսնեն իրենց կյանքում»,- ընդգծել է Փաշինյանը։
Կայացված որոշումը տնտեսական աճով է պայմանավորել նաև Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Իշխանության ներկայացուցիչների հիմնավորումները, սակայն, խորհրդարանական ընդդիմության համար համոզիչ չեն։ Ընդդիմադիրները ընտրություններից երեք ամիս առաջ թոշակների բարձրացումը որակում են որպես «ընտրակաշառք»։
Երկու ամիս առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել էր, որ թոշակառուները ամենաշատը ծախսում են առողջապահության վրա, իսկ կառավարությունը ներդնում է առողջության պարտադիր ապահովագրության համակարգ։ Փաշինյանն ասել էր, որ թոշակները 10 հազար դրամով բարձրացնելու կարիք չկա․ «Մենք էդ 10 հազար դրամը դնում ենք առողջապահության ապահովագրության մեջ»:
Որոշման մանրամասները, իշխող ուժի և ընդդիմության հեռակա բանավեճը, մեկնաբանություններ սոցցանցերից
- Փաշինյանը փոխո՞ւմ է իր կերպարը ընտրությունների նախաշեմին. BBC-ի հոդվածը
- Ամանորից առաջ ՀՀ 107 պատգամավորներին շուրջ 300 միլիոն դրամ է վճարվել
- Դրամական խրախուսում՝ ըստ գրանցած արդյունքի․ փորձնական ծրագիր ՀՀ պետական մարմիններում
Փաշինյան․ «Որոշման մեջ դեր ունեն նաև իրենք՝ թոշակառուները»
ՀՀ վարչապետի գնահատմամբ՝ կառավարությունը կենսաթոշակների բարձրացման որոշում է կայացրել, առաջին հերթին, Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող և օրենքով սահմանված հարկերը վճարող քաղաքացիների ու տնտեսվարողների շնորհիվ։
«Սա շատ կարևոր տրամաբանական շղթա է՝ աշխատանք-վճարված հարկեր-կենսաթոշակներ [դրանց բարձրացում]»,- ընդգծել է նա։
Փաշինյանը կարևորել է այն հանգամանքը, որ քաղաքացիներն ու տնտեսվարողները չեն մոռանում ՀԴՄ կտրոնների և հարկերը վճարելու անհրաժեշտության մասին։
«Հարկերը վճարելով նրանք, առաջին հերթին, ներդրում են անում իրենց բարեկեցության մեջ։ Երկրորդը, որ պակաս կարևոր չէ, ուժեղացնում են իրենց պետությունը, իրենց պետության անկախությունը, ինքնիշխանությունը»,- ասել է նա և հավելել, որ դա տալիս է նաև երկրի հետագա զարգացումն ապահովելու հնարավորություն։
Վարչապետի խոսքով՝ որոշման մեջ որոշակի դեր ունեն նաև հենց կենսաթոշակառուները։
«Հատկապես հետվճարի համակարգից հետո նրանք ավելի ու ավելի շատ են անկանխիկ առևտուր անում՝ այդպիսով նպաստելով, որ ստվերային շրջանառությունը ՀՀ-ում կրճատվի»,- նկատել է նա։
Կենսաթոշակ և նպաստ ստացող քաղաքացիների համար ՀՀ-ում գործում է հետվճարի համակարգ։ Անկանխիկ առևտրի դեպքում նրանք 20 տոկոսի՝ առավելագույնը 10 հազար դրամի չափով հետվճար են ստանում իրենց բանկային քարտերին։ Կառավարությունն այդ համակարգը նույնպես դիտարկում է կենսաթոշակի և նպաստի բարձրացման համատեքստում։
Ապրիլի 1-ից՝ 10 հազար դրամով կենսաթոշակների և նպաստների բարձրացումից հետո հետվճարի համակարգը շարունակելու է գործել։
Նվազագույն կենսաթոշակը կդառնա 46 հազար դրամ
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը մանրամասներ է ներկայացրել ապրիլի 1-ից ուժի մեջ մտնող փոփոխությունների վերաբերյալ։ Նրա փոխանցմամբ՝ Հայաստանում կենսաթոշակները հաշվարկվում են տարբեր բանաձևերով, որտեղ էական դեր ունի հիմնական կենսաթոշակը։ Ներկա պահին այն 24 հազար դրամ է, ապրիլի 1-ից կդառնա 34 հազար դրամ։
«Բոլոր կենսաթոշակները, որոնք հաշվարկվում են 24 հազար դրամը ներառյալ, այսուհետ հաշվարկվելու են 34 հազար դրամը ներառյալ։ Հետևաբար, բոլորի կենսաթոշակները, որոնք այդ հիմքով են հաշվարկվում, բարձրանալու են 10 հազար դրամով»։
Նախարարի խոսքով՝ բարձրանալու է նվազագույն կենսաթոշակը՝ 36 հազարի փոխարեն դառնալով 46 հազար դրամ։
Շեշտել է՝ փոփոխությունների արդյունքում բարձրանալու է ոչ միայն կենսաթոշակը, այլև՝
- ծերության նպաստը (այն կենսաթոշակն է, որը վճարվում է բավարար աշխատանքային ստաժ չունեցողներին),
- հաշմանդամության նպաստը,
- կերակրողին կորցնելու նպաստը,
- զինվորական երկարամյա ծառայության կենսաթոշակը։
Վերջինի դեպքում, սակայն, բարձրացումը կլինի տարբեր չափերով, քանի որ հաշվարկման բանաձևն այլ է։
«Միջին բարձրացումը [զինվորական երկարամյա ծառայության կենսաթոշակի] կլինի մոտավորապես 8000-8500 դրամի շրջանակներում, բայց որոշ դեպքերում բարձրացումը կլինի 10 հազար դրամից ավել՝ ընդհուպ մինչև 15 հազար դրամ, որոշ դեպքերում էլ՝ մի փոքր ավելի ցածր»,- նկատել է նա։
Կհատկացվի տարեկան շուրջ 75 մլրդ դրամ
«Կենսաթոշակները և ծերության ու հաշմանդամության նպաստները մինչև 10 հազար դրամով բարձրացնելու համար լրացուցիչ տարեկան կհատկացնենք շուրջ 75 մլրդ դրամ»,- ֆեյսբուքյան էջում գրել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նա տեղեկացրել է, որ որոշումը տարածվելու է ավելի քան 660 հազար քաղաքացու վրա։
Այս նպատակի համար միջոցներ, սակայն, «Պետական բյուջեի» հաստատված նախագծում ներառված չեն։ Նախարարի խոսքով՝ դրանք կհատկացվեն պահուստային միջոցներից։
«Ազատության» հետ զրույցում Պապոյանն ասել է՝ 2025 թ․-ին ՀՀ տնտեսությունը 7.2 տոկոսով աճել է, ինչով էլ պայմանավորված է կենսաթոշակների բարձրացումը։ Ըստ նրա՝ տարեվերջին կանխատեսվում էր 6 տոկոս աճ, ուստի այն ժամանակ նման որոշում կայացնել չէին կարող։
«Մենք պետք է փաստերի հետ առնչվեինք, ըստ այդմ որոշում կայացնեինք»,- ընդգծել է նախարարը։
Տեղեկացրել է, որ Վիճակագրական կոմիտեն այս տարվա փետրվարի 20-ին է հրապարակել տնտեսական աճի ցուցանիշը, ինչն էլ վստահություն է ներշնչել, որ կարող են բարձրացնել թոշակները:
«Ընտրակաշառք է»․ ընդդիմադիր պատգամավոր
Խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հարցնում է՝ եթե հնարավոր էր թոշակները բարձրացնել, ինչո՞ւ դա չնախատեսվեց պետական բյուջեով։
«Ընդհանրապես հարց է առաջանում՝ ամեն լավ բաները լինելու են միայն նախընտրական վեց ամիսների՞ն»,- «Ազատության» հետ զրույցում նշել է Վարդանյանը։
Պատգամավորի դիտարկմամբ՝ ընտրությունների նախաշեմին կենսաթոշակների բարձրացումը «ուղիղ ընտրակաշառք» է։
«Ավելին՝ սա վերածվում է պետական բյուջեով ընտրարշավ անցկացնելուն»,- պնդել է նա։
Ո՞վ «ստիպեց» բարձրացնել թոշակները․ հեռակա բանավեճ
Կենսաթոշակների բարձրացման որոշման հանրայնացումից հետո ընդդիմության մի շարք ներկայացուցիչներ հանդես եկան հայտարարություններով՝ պնդելով, թե այն ընդունվել է հենց իրենց «ճնշումների» արդյունքում է։ Դրանց թվում էին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունն ու «Հայաքվե» նախաձեռնությունը։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդը ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանն է, որը այժմ տնային կալանքի տակ է իշխանազավթման կոչ հնչեցնելու համար։ Նա հավակնում է ՀՀ վարչապետի պաշտոնին, թեև կա սահմանադրական արգելք․ Կարապետյանը ոչ միայն Հայաստանի, այլև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է։
«Եթե Սամվել Կարապետյանը ստիպեց ընտրությունից առաջ բարձրացնել թոշակները, պատկերացնու՞մ եք, ինչ կանի նա, եթե լինի վարչապետ: Կարապետյանը տնտեսությունը կուժեղացնի, միշտ հոգ կտանի թոշակառուների համար, ոչ թե Փաշինյանի նման մենակ ընտրություններից առաջ` սեփական աթոռը պահելու համար»,- գրել է «Ուժեղ Հայաստանի» քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
Նարեկ Կարապետյանը, ով Սամվել Կարապետյանի եղբորորդին է, պնդել է, թե իշխանությունն 8 տարի ժամանակ է ունեցել թոշակները բարձրացնելու համար, սակայն չի արել դա։ Նրա խոսքով՝ այս որոշումն առաջին անգամ է կառավարությունը կայացրել՝ «խուճապահար», քանի որ հայտնվել է «մի ուժ, որից վտանգ է տեսել»։
Տեղական ԶԼՄ-ներն արդեն հրապարակումներ են արել՝ ցույց տալով, որ Նարեկ Կարապետյանի պնդումները կեղծ են։ Factor TV-ի փոխանցմամբ՝ վերջին 8 տարիների ընթացքում առաջին անգամը չէ, որ կենսաթոշակները բարձրացվում են, մինչ այս բարձրացում է տեղի ունեցել 2019 թ․-ին, 2020 թ․-ին, և 2023 թ․-ին։
«Մի հատ հավաքվեք, որոշեք՝ հիմա ո՞ր մեկդ ա ստիպել, որ թոշակները բարձրացնենք, էդ տարբերակն առաջ տանենք»,- ընդդիմադիրների պնդումներին այսպես է արձագանքել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
Մեկնաբանություններ սոցցանցերից
«Ընտրություններից առա՞ջ։ Այդ թոշակները պահեք ձեզ համար, իսկ ձեր պարգևավճարները տվեք թոշակառուներին»։
«Նախընտրական ֆարս է: Ընտրություններից հետո առաջին անհրաժեշտության ապրանքների գները թանկացնելու են և փողը ժողովրդից քերեն»։
«Հանուն իրենց իշխանության պահպանման ընտրակաշառք է բաժանում ՀՀ բյուջեից»։
«Շնորհակալ եմ, կեցցե՛ք, յուրաքանչյուր քայլ ուղղված է ի շահ բնակչության»։
«Հստակ քայլերով գնում ենք առաջ»։
«Մի ծիծաղեցրեք։ Հիմա ամեն ինչն էլ կթանկացնեք 10 անգամ»։
«Շատ ուրախ եմ, պարոն Փաշինյան։ Բարձրացրեք նաև ուսուցիչների աշխատավարձը»։
«Գոնե նվազագույն թոշակը դարձրեք 50․000 դրամ, կարողանան դեղորայքի և կոմունալի գումար տալ»։
ՀՀ-ում 10 հազար դրամով կբարձրանան կենսաթոշակները