Հանդիպում նախագահի հետ ու կարծիքներ սոցկայքերից․ իրավիճակի զարգացումը Հայաստանում
JAMnews-ը շարունակում է հետևել իրադարձությունների զարգացմանը Հայաստանում։ Արդեն մի քանի օր է՝ այստեղ համար մեկ թեման ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությունն է։ Այս առաջարկով հանդես է եկել վարչապետ Փաշինյանը ԳՇ ղեկավարության հայտարարությունից հետո, որում գեներալիտետը պահանջել էր նրա հրաժարականը։
ԳՇ հայտարարությունը հնչել է քաղաքական ճգնաժամի ֆոնին, որը երկրում սկսվել է Արցախում ռազմական գործողությունների ավարտից հետո։ Ընդդիմությունն ու նրա համախոհները 2020 թ-ի աշնանից պահանջում են վարչապետի հրաժարականը, որը ստորագրել է հայկական կողմի համար անբարենպաստ այդ փաստաթուղթը։
Զինվորակաների փետրվարի 25-ի հայտարարությունում ասվում է, որ «Հայաստանի վարչապետն ու կառավարությունն ի վիճակի չեն ադեկվատ որոշումներ կայացնել ճգնաժամային և օրհասական իրավիճակում»։
Նիկոլ Փաշինյանը ԳՇ գործողությունները գնահատել է որպես ռազմական հեղաշրջման փորձ և նախագահին ուղարկել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության մասին փաստաթղթերը։
- Դավադրությո՞ւն, թե՞ ճգնաժամ հարաբերություններում։ Ի՞նչ է կատարվում Հայաստանի նախագահի և վարչապետի միջև
- Զուգահեռ իրականություններ Երևանում․ ընդդիմությունն ու իշխանությունը կրկին միաժամանակ հանրահավաք են անցկացրել
Սակայն նախագահն արդեն երկու անգամ հրաժարվել է ստորագրել։ Առաջին անգամ նա ներկայացրել էր իր առարկությունները, մասնավորապես նշելով, որ նախագիծը չի համապատասխանում երկրի Սահմանադրությանը։
Երկրորդ անգամ ԳՇ պետի ազատման հրամանագիրը չստորագրելուն զուգահեռ՝ Արմեն Սարգսյան Սահմանադրական դատարան է դիմել՝ խնդրելով ուսումնասիրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում արված փոփոխությունների սահմանադրականությունը։ Այս օրենքը կարգավորում է, մասնավորապես, զինվորականների պաշտոնանկության համար հիմքերը։
Նախագահի որոշումը դուր չի եկել ընդդիմադիր «Հայրենիքի փրկության շարժմանը», որը փետրվարի 25-ից՝ ԳՇ հատարարությունից հետո, անհնազանդության ակցիաներ է անցկացնում։ Նրա կողմնակիցները փակել են Երևանի կենտրոնական Բաղրամյան պողոտան, որտեղ գտնվում են խորհրդարանի շենքն ու նախագահական նստավայրը։ Նրանք այդտեղ վրաններ են տեղադրել և մտադիր են գիշերել դրանցում այնքան ժամանակ, քանի դեռ վարչապետը հրաժարական չի տվել։
Մարտի 3-ի իրադարձությունները
Ընդդիմադիր շարժման ղեկավարները շտապ հանդիպում են պահանջել Արմեն Սարգսյանի հետ։
««Հայրենիքի փրկության շարժումը» խիստ մտահոգիչ է համարում նախագահ Արմեն Սարգսյանի՝ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու մասին այսօր հրապարակած դիրքորոշումը:
Տարածված հաղորդագրության բովանդակության մեջ երկրի ղեկավարը շրջանցում է Նիկոլ Փաշինյանի՝ համապատասխան որոշումը Սահմանադրական դատարանում վիճարկելու հարցը», — ասված է ընդդիմադիր շարժման հայտարարությունում, որը հրապարակվել է Ֆեյսբուքում։
Նախագահի հետ հանդիպումը կայացել է ընդդիմության հանրահավաքից մի քանի ժամ առաջ։ Սակայն երկխոսության վերաբերյալ տեղեկությունները չափազանց քիչ են։ Նախագահի մամուլի ծառայությունը սահմանափակվել է ավանդական դարձած հայտարարությամբ այն մասին, որ «զրուցակիցները կարծիքներ են փոխանակել երկրում ճգնաժամի հաղթահարման, վերջերս տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով առաջացած լարվածության նվազեցման ուղիների մասին»։
Երևանում ընդդիմության հանրահավաքը նշանակված է 16.00-ին։ Այս առնչությամբ ոստիկանությունն արդեն նախազգուշացում է տարածել․
«Ոստիկանությունը տեղեկություն է ստացել այն մասին, որ մարտի 3-ին ժամը 16:00-ին կայանալիք հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ։ Կոչ ենք անում զանգվածային միջոցառումներ անցկացնել բացառապես օրենքի շրջանակում, զերծ մնալ հակաօրինական գործողություններից և չտրվել սադրանքների»։
Մեկնաբանություններ իրավիճակի վերաբերյալ
Սոցցանցերում ակտիվորեն քննարկում են Հայաստանում կատարվող իրադարձությունները։
Ընդդիմության գործողությունների մասին արտահայտվել է «Կապույտ մորուք» Տելեգրամ-ալիքի հեղինակը․
«Ցանկացած երկրի ցանկացած ընդդիմություն երջանկությունից գլուխը կկորցներ, եթե նրան սատարեր երկրի բանակի Գլխավոր շտաբը։ Հազարավոր մարդիկ բառացիորեն հաշված օրերում ոստիկանությանը կստիպեին անցնել ժողովրդի կողմը։ «Ժողովուրդ + բանակ» հավասարումը հաղթանակի աքսիոմա է։
Ես շատ լավ եմ վերաբերվում Բաղրամյանում հավաքված մարդկանց, շատերին անձամբ եմ ճանաչում։ Նրանք արժանապատիվ մարդիկ են։ Սակայն խորը պաշտպանությունը կարող է ավարտվել խորը նոկաուտով։ Անհնար է հաղթել որևէ մրցամարտում՝ զուտ պաշտպանվելով։ Այն հնարավոր է միայն առավելության դեպքում։ Ընդդիմությունն առավելություն այս պահին չունի»։
Հայաստանում տիրող իրավիճակի և այն մասին, թե ինչ պետք է անի Հայաստանի վարչապետը Abbas Djuma Տելեգրամ-ալիքում արտահայտվել է երգիչ Աբրահամ Ռուսոն․
«Հայաստանում այսօր ստեղծված իրավիճակը սպասելի էր։ Ղարաբաղում անհասկանալի պատերազմ տեղի ունեցավ։ Մինչ օրս ոչ ոք չհասկացավ, թե որտեղից ամեն ինչ սկսվեց։ Ո՞րն էր այս ամենում Ռուսաստանի դերը։ Անհասկանալի է Փաշինյանի դիրքորոշումը։ Սակայն գլխավորն այն է, թե երբվանի՞ց է Թուրքիան սկսել խորհուրդներ տալ հայերին։ Ու Փաշինյանին է պաշտպանում։ Նրանց այդքան անհանգստացնում է Հայաստանի ժողովրդավարությո՞ւնը։
Ավելի լավ է, թող նայեն իրենց ժողովրդավարությանը։ Նրան, ինչ այժմ կատարվում է քրդերի հետ։ Պարտված առաջնորդն իշխանության չի վերադառնում։ Բոլորս ենք հասկանում, որ կյանքն է այդպիսին։ Հնարավոր չէ միշտ հաղթող լինել։ Այսօր հաղթեցիր, հաջորդ օրը պարտվեցիր։ Պետք է անկեղծ ասել․ «Ժողովուրդ, ես չկարողացա։ Ես հեռանում եմ, քանի որ արժանի չեմ ձեր առաջնորդը լինել»։ Եթե այդպես լինի, ապա ժողովուրդը ճակատագիրն իր ձեռքը կվերցնի, նոր առաջնորդ կգտնի և նրա հետ միասին առաջ կգնա»։