ՀՀ-ն հետաքննել է Ադրբեջանի հայտարարած խախտումները և հերքում է դրանք
ՀՀ-ն հետաքննել է Ադրբեջանի հայտարարած խախտումները
Հայաստանը դիվանագիտական ուղիներով տվյալներ է ստացել Ադրբեջանի հայտարարած հրադադարի խախտումների վերաբերյալ և իրականացրել հետաքննություն: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի փոխանցմամբ՝ պարզվել է, որ հայկական կողմից այդպիսի խախտումներ չեն արձանագրվել։
Գրիգորյանի փոխանցմամբ՝ Ադրբեջանի ներկայացրած միջադեպերի վերաբերյալ կատարված քննության արդյունքները Հայաստանը փոխանցել է ադրբեջանական կողմին։
Տևական ժամանակ է, ինչ Բաքվից հնչում են հայտարարություններ, թե հայկական կողմը խախտում է հրադադարի ռեժիմը: ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հերքում է դրանք: Այդ ֆոնին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացում Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ:
Օրերս՝ մայիսի 7-ին ադրբեջանական կողմը կրակել էր բացել Սյունիքի մարզի Խնածախ գյուղի ուղղությամբ, բնակելի տան տանիք էր վնասվել: Երկու շաբաթ առաջ ադրբեջանական ուժերը բնակելի տան ուղղությամբ կրակ էին բացել Սյունիքի մարզի մեկ այլ՝ Խոզնավար գյուղի ուղղությամբ: 73-ամյա բնակիչ Ռուբեն Խաչատրյանը հրաշքով էր ողջ մնացել: Այլ մանրամասներ ադրբեջանական կրակոցների մասին՝ ստորև։
- «Եթե Թրամփը պահանջի, Բաքուն կստորագրի ՀՀ հետ պայմանագիրը»․ կարծիք
- «Բաքուն վերաշարադրում է պատմությունն ու սպառնում ՀՀ-ին». «Արևմտյան Ադրբեջան» խոսույթի մասին
- «Բաքվի պահանջների տակ թաքնված ռումբ կա»․ կարծիք Երևանից
- Խաղաղության համաձայնագրի ստորագրումը ձգձգելու Բաքվի շարժառիթները՝ ըստ հայ քաղաքագետի
Երևանը տեղեկություններ է տրամադրել Բաքվին ադրբեջանական կողմից խախտումների մասին
«Երբ Հայաստանի կողմից են եղել հայտարարություններ ադրբեջանական խախտումների վերաբերյալ, մենք նույնպես տեղեկություններ ենք տրամադրել Բաքվին: Ակնկալում ենք, որ այդ տվյալները կդառնան մանրամասն հետաքննության հիմք»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ տեղեկություններ փոխանակելու մասին երկու օր առաջ հայտնել էր ՀՀ վարչապետի աշխատակազմը:
«Տեղեկությունները [Բաքվի փոխանցած] հայկական կողմը հետաքննել է և հետաքննության արդյունքերի մասին տեղեկանք է փոխանցել ադրբեջանական կողմին»,- Factor.am-ին հայտնել էին Փաշինյանի աշխատակազմից:
Նկատել էին՝ Երևանը Բաքվին է փոխանցել նաև ադրբեջանական կողմի՝ հրադադարի խախտումների վերաբերյալ տեղեկություններ։ Դրանց հետաքննության վերաբերյալ որևէ տեղեկություն Ադրբեջանը դեռևս չի հաղորդել:
ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչները հաղորդում են կրակոցների մասին
Ադրբեջանը սկսեց գրեթե ամենօրյա ռեժիմով հայկական կողմին մեղադրել հրադադարի ռեժիմի խախտումների մեջ այն բանից հետո, երբ Երևանն ու Բաքուն համաձայնեցրին խաղաղության պայմանագրի տեքստը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը մարտ ամսից մինչ օրս տասնյակ հերքումներ է հրապարակել և Բաքվին կոչ արել հետաքննել այդ փաստերն ու հանդես գալ հրապարակային պարզաբանումներով: Նման պարզաբանումներ, սակայն, չեն հրապարակվել:
Ադրբեջանական կողմի մեղադրանքների ֆոնին ՀՀ Սյունիքի, Գեղարքունիքի բնակավայրերից ահազանգում են՝ Ադրբեջանի ԶՈՒ-ն է կրակ բացում սահմանին:
Մեկ ամսից ավելի է, ինչ ադրբեջանական ստորաբաժանումներն ամենօրյա ռեժիմով կրակում են Սյունիքի մարզի Խնածախ և Խոզնավար գյուղերի ուղղությամբ:


Մայիսի 7-ին Խնածախ գյուղում վնասվել է բնակելի տան տանիք, լուսանկարները՝ ՊՆ-ի
Հայկական կողմի կրած վնասներն ու հրաշքով փրկված գյուղացին
Պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունների համաձայն՝ վերջին երկու ամիսների ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների արձակած կրակոցների հետևանքով՝
- Խնածախ գյուղում վնասվել է բնակելի տան տանիք,
- Խոզնավար գյուղում վնասվել է բնակելի տուն,
- վնասվել է Խոզնավար գյուղի բնակելի տներից մեկի տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչը,
- վնասվել է Խնածախ գյուղի մշակույթի տունը,
- Խնածախ գյուղում վնասվել է մեկ այլ բնակելի տուն:
«Հայաստան–Ադրբեջան սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը։ Նման դեպքերում Հայաստանի ՊՆ-ն հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ հաղորդագրություն չի տարածում»,- ավելի վաղ նկատել էին կառույցից:
Ապրիլի 23-ին Խոզնավար գյուղի ուղղությամբ արձակված կրակոցներից 73-ամյա բնակիչ Ռուբեն Խաչատրյանը հրաշքով էր փրկվել:
Լրագրողներին պատմել էր՝ եթե ոչ թե պառկած, այլ նստած կլիներ, փամփուշտը հաստատ կվնասեր իրեն: Խաչատրյանների տնից ադրբեջանական դիրքերը 1-2 կիլոմետր են հեռու:
Բաքուն անպատասխան է թողել Երևանի առաջարկը
Դեռևս 2024 թվականի հունիսին ՀՀ վարչապետի աշխատակազմը Ադրբեջանի նախագահի աշխատակազմին դիվանագիտական խողովակներով առաջարկել էր ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ՝ ելնելով նրանից, որ «ՀՀ կառավարության կամքն է թույլ չտալ լարվածության առաջացում»:
Բաքուն մինչ օրս չի արձագանքել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմ ձևավորելու Երևանի առաջարկին: Ինչպես Փաշինյանի աշխատակազմը, այնպես էլ ՀՀ ՊՆ-ն պարբերաբար վերահաստատում են՝ առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ:
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
ՀՀ-ն հետաքննել է Ադրբեջանի հայտարարած խախտումները