«Հի՞ն, թե՞ նոր օրակարգ»․ ԵՄ պատվիրակության այցը Երևան
ՀՀ-ԵՄ հարաբերությունների հստակեցում
Հայաստանում է Եվրամիության արտաքին գործողությունների ծառայության և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների պատվիրակությունը։ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ զրույցներում պատվիրակության անդամները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ գործակցության հեռանկարներն անվտանգության ոլորտում։
Քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանը կարծում է՝ այցի նպատակն է հստակեցնել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների «կարգավիճակը»։ Քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի համոզմամբ՝ ՀՀ-ԵՄ օրակարգը «հստակ է և կենտրոնացած է անվտանգային հարցերի վրա»։
Եվրամիության պաշտոնական կայքն ավելի վաղ հայտնել էր, որ սպասվելիք այցի ընթացքում «քննարկվելու են տարբեր հարթություններում ԵՄ-Հայաստան հարաբերությունները՝ նպատակ ունենալով դիտարկել կապերի խորացման և ամրապնդման հնարավոր ուղղությունները, նաև ինչպես կարող է Հայաստանն օգտագործել ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ողջ ներուժը»։ Նշվում էր նաև, որ ազդարարվելու է միության և Հայաստանի միջև «ներդրումների համակարգման հարթակի մեկնարկը»։ Այդ մասին, սակայն, որևէ բան դեռևս չի հաղորդվել։
Պատվիրակության այցի մանրամասները, մեկնաբանություններ
Օրակարգում էր նաև ավտանգության ոլորտում գործակցելու թեման
Եվրամիության արտաքին գործողությունների եվրոպական ծառայության և Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով, միգրացիայի և ներքին գործերի, հետազոտությունների և նորարարության, միջազգային գործընկերության գլխավոր տնօրինությունների համատեղ պատվիրակությունը Երևանում էր նոյեմբերի 27-29-ը։
Հաղորդվել է, որ այս օրերին պատվիրակության անդամներին հանդիպել են Հայաստանի փոխարտգործնախարարն ու Անվտանգության խորհրդի քարտուղարը։ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի հետ ԵՄ պաշտոնյաները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝
- ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացումը,
- փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցությունն ընդլայնելու հեռանկարները,
- առկա ներուժի իրացման հնարավորությունները։
«Կողմերը քննարկել են անվտանգության ոլորտում ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցության հեռանկարներն ու ուղիները»,- հայտնել է ԱԽ գրասենյակը։
Հայկական կողմը հանդիպումների ընթացքում կարևորել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեությունը։ Որպես համագործակցության հեռանկարային ուղղություն մատնանշվել է Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում ՀՀ-ԵՄ փոխգործակցությունը։
Խաղաղության եվրոպական հիմնադրամը մեխանիզմ է, որի միջոցով Բրյուսելը միջոցներ է տրամադրում ԵՄ անդամ չհանդիսացող երկրներին՝ բարելավելու նրանց պաշտպանունակությունը, կանխելու հակամարտությունները և նպաստելու խաղաղությանը: Այս մեխանիզմի միջոցով ԵՄ-ն աջակցել է Ուկրաինային, Վրաստանին և Մոլդովային։
Մեկնաբանություններ
Քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանն ասում է՝ տեղի է ունենում ԵՄ հետ Հայաստանի հարաբերությունների կարգավիճակի հստակեցման գործընթաց։ Նրա խոսքով՝ կա երեք հիմնական հնարավորություն կամ երեք մակարդակ։ Դրանք են՝
- գործընկերությունը,
- եվրաինտեգրումը,
- անդամությունը ԵՄ-ին։
Factor TV-ի եթերում Նավասարդյանը նշել է, որ գործընկերությունն այն է, ինչ առկա է՝ սկսած 1999 թ․-ից։ Հիշեցնում է՝ այն խորացավ 2017 թ․-ին, երբ կողմերը ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։
«Մենք մնալո՞ւ ենք այդ մակարդակի վրա, թե՞ ուզում ենք առաջ գնալ։ ԵՄ-ում ուզում են քիչ, թե շատ հստակ պատկերացումներ ունենալ, թե ինչ մակարդակի վրա են մեր հարաբերությունները և ինչ խորությամբ կարող են շարունակվել»,- ասում է նա։
Նկատում է՝ եվրաինտեգրման տարրեր է պարունակում նաև Արևելյան գործընկերության շրջանակներում միության հետ գործակցությունը։ Ըստ նրա, սակայն, Հայաստանը կարող էր եվրաինտեգրման մակարդակի վրա դուրս գալ՝ դեռևս 2013 թ․-ին ստորագրելով ասոցացման համաձայնագիրը։
Ասում է՝ ասոցացման հետ կապված երկու սխալ մոտեցում կար։ Մեկն այն էր, թե դա է ԵՄ անդամության ճանապարհը։ Մյուսն էլ այն էր, թե «ասոցացման դեպքում երբեք անդամության չենք կարող հավակնել»։ Փորձագետի խոսքով՝ իրականում ասոցացման հարաբերություններն այդ մասին չեն։
«Քեզ առաջարկվում է որոշակի զարգացման, բարեփոխումների ծրագիր, որն իրականացնելուց հետո նոր արդիական կդառնա հարցը՝ արդյոք շարունակու՞մ ես խորացնել հարաբերությունները ԵՄ հետ, թե՞ ոչ»,- պարզաբանել է նա։
Քաղաքական վերլուծաբանի գնահատմամբ՝ այն անորոշությունը, որն այսօր պահպանվում է ՀՀ-ԵՄ հարաբերություններում, դժվար թե կարող է արդյունավետ լինել։
«Ասոցացման օրակարգը հանված է։ Այն չկա և այն չի լինելու, քանի դեռ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է։ Եթե մենք հավակնում ենք հասնել եվրաինտեգրման մակարդակի, ուրեմն պետք է ունենանք հստակ պլան՝ ինչ և երբ ենք անում ԵԱՏՄ հետ կապված»,- նշել է Նավասարդյանը։
Այդ պարագայում, ըստ նրա, հեռանկար կբացվի նաև երրորդ մակարդակի՝ ԵՄ անդամության թեկնածության համար։
Սակայն նախ անհրաժեշտ է կարգավորել ԵԱՏՄ-ի հետ ունեցած կապերը։ Շեշտում է՝ մոտենում է պահը, երբ այդ հարցը «դառնալու է առաջնային»։
«Հայաստանը պետք է ունենա քայլերի շատ հստակ ծրագիր, որպեսզի մենք ստիպված չլինենք աժիոտաժի կամ ցայտնոտի պայմաններում հարաբերություններ փոփոխել այլ գործընկերների, այլ երկրների հետ»,- ամփոփել է նա։
Քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի գնահատմամբ՝ այժմ Երևանը Բրյուսելի համար ավելի մեծ ռազմավարական նշանակություն ունի, քան երբևէ, համարվում է «ավելի կարևոր գործընկեր»․
«Եվրամիությունը ցանկանում է արագացնել Երևանի հետ հարաբերությունները զարգացնելու տեմպը՝ ոչ միայն դիտորդներ ուղարկելով, այլև Հայաստանի համար աննախադեպ՝ անվտանգային առումով։ Բրյուսելում մեծ է նաև Բաքվի հանդեպ զայրույթն ու հիասթափությունը»։
«Ազատության» հետ զրույցում նա ընդգծել է՝ թեև Հայաստանն իր արտաքին քաղաքական վեկտորը չի փոխել, բայց ԵՄ-ն սկսել է ավելի լավ ըմբռնել ՀՀ լեգիտիմությունն ու դիմադրողականությունը, հատկապես մյուս բոլոր հարևանների հետ համեմատությամբ։ Բացի այդ, ըստ նրա, արևմտյան գործընկերները նվաճում են համարում նաև Հայաստանի ժողովրդավարական ձեռքբերումները։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
ՀՀ-ԵՄ հարաբերությունների հստակեցում