ԵՄ-ն Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն կմեկնարկի․ ե՞րբ և ինչպե՞ս
ՀՀ-ԵՄ երկխոսություն վիզաների ազատականացման շուրջ
Եվրամիությունը անդամ բոլոր երկրների դեսպանների մակարդակով հավանություն է տվել Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ մեկնարկելու Եվրահանձնաժողովի առաջարկին։ Նախօրեին այդ մասին հայտնեց «Ազատություն» ռադիոկայանը՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին։
Հայաստանի Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի փոխանցմամբ՝ երկխոսություն սկսելու հարցը ներառված է ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի (նախարարների խորհրդի) հուլիսի 22-ի նիստի օրակարգում։
Խորհրդարանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները լիահույս են, որ երկխոսությունը կմեկնարկի, բայց նաև հիշեցնում են՝ գործընթացը միջինում տևում է 4-5 տարի։ Փորձագիտական շրջանակները վիզաների ազատականացման գործընթացի հաջողությունը կապում են քաղաքական իրավիճակի հետ, այդ թվում՝ նրա, թե Ռուսաստանն ինչպես դուրս կգա ուկրաինական ճգնաժամից և ինչպիսին կլինի Եվրամիության ազդեցությունը Հարավային Կովկասում։
Ներկայումս ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմ է գործում միության անդամ չհանդիսացող ավելի քան 60 երկրների քաղաքացիների համար: Բրյուսելը նաև սահմանել է այն հիմքերը, որոնց առկայության պարագայում երրորդ երկրների համար առանց վիզայի ռեժիմը կարող է չեղարկվել։ Այն երկրները, որոնք չեն համապատասխանում ԵՄ չափանիշներին կամ խախտում են դրանք, կարող են զրկվել այդ իրավունքից։
Այս պահին հայտնի բոլոր մանրամասները՝ հակիրճ
Ի՞նչ որոշումներ դեռ պետք է կայացվեն
ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդում հարցը դրվելու է հաստատման, այնուհետև փոխանցվելու է Եվրահանձնաժողովին։ Հանձնաժողովը պետք է հայտարարի՝ երբ են մեկնարկելու բանակցությունները և այդ ուղղությամբ ինչ գործողություններ պետք է ձեռնարկի պաշտոնական Երևանը։
«Ազատություն» ռադիոկայանի Եվրոպայի հարցերով խմբագիր Ռիկարդ Յոզվյակի խոսքով՝ պետք է նկատի ունենալ, որ Հայաստանին սպասվում է տևական՝ մի քանի տարի ձգվող գործընթաց։ Այդ տարիների ընթացքում երկիրը պետք է ներկայացնի նաև իրականացրած քայլերի մասին ամենամյա զեկույցներ։ Հիշեցնում է՝ Մոլդովայի դեպքում վիզաների ազատականացման համար պահանջվել է 3-4 տարի, Վրաստանի դեպքում՝ 5, Ուկրաինայի դեպքում՝ 9, իսկ Թուրքիայի հետ բանակցությունները շարունակվում են ավելի քան մեկ տասնամյակ․
«Ամեն երկիր տարբեր կերպ է անցնում այդ ճանապարհը։ Սա գործընթացի սկիզբն է, որն ավարտին հասցնելու համար ժամանակ կպահանջվի»։
Որո՞նք են լինելու Բրյուսելի պահանջները
Վիզաների պահանջը կչեղարկվի միայն այն պարագայում, երբ Հայաստանը լիարժեք համապատասխանի բոլոր չափանիշներին։ Բրյուսելի կողմից առաջադրվող պահանջները վերաբերում են մի շարք հարցերի, այդ թվում՝ սահմանների կառավարմանը, կազմակերպված հանցավորության ու կոռուպցիայի դեմ պայքարին։
Ռիկարդ Յոզվյակի փոխանցմամբ՝ խոսքը հարյուրավոր էջերից բաղկացած պահանջների ցանկի մասին է, պահանջներ, որոնց ՀՀ-ն պետք է բավարարի։
Մինչ այդ, սակայն, պետք է կազմվի և հայկական կողմին փոխանցվի կատարման ենթակա գործողությունների ծրագիրը։ Սովորաբար այն կազմվում է մոտ կես տարում, սակայն այս անգամ կարող է ավելի երկար ձգվել։ Պատճառն այն է, որ այս տարվա հունիսին տեղի են ունեցել Եվրախորհրդարանի ընտրություններ, նոր Եվրահանձնաժողովը դեռևս ձևավորված չէ։ Ուստի ՀՀ-ին ցանկը կներկայացվի 2024 թ․-ի տարեվերջին կամ հաջորդ տարեսկզբին։
«Ազատություն» ռադիոկայանի Եվրոպայի հարցերով խմբագրի խոսքով՝ պահանջների ծավալուն ցանկն իրագործելուց հետո միայն կկայացվի վիզաների ազատականացման մասին որոշում․
«Վերջնական որոշում կայացնելու իրավունք ունի երկու կառույց․ մեկը Եվրախորհդարանն է, որտեղ Հայաստանն անհրաժեշտ աջակցությունն ունի, երկրորդն՝ անդամ երկրները։ Բոլոր 27-ը պետք է միասին իրենց համաձայնությունը տան, ինչը միշտ չէ, որ հեշտ է, քանի որ հիմա Եվրոպայում շարժում է սկսվել ապօրինի ներգաղթի դեմ»։
Օրինակ է բերում հարևան Վրաստանն ու նշում, որ ազատականացումից հետո որոշ եվրոպական երկրներ բողոքում են, քանի որ որոշումից օգտվում են հանցավոր խմբեր։ Բացի այդ,Վրաստանի քաղաքացիները լքում են երկիրն ու փորձում ԵՄ երկրներում ստանալ փախստականի կարգավիճակ։ Ռիկարդ Յոզվյակն ասում է՝ հենց այդ պատճառով էլ մի շարք երկրներ, մասնավորապես՝ Շվեդիան, Նիդեռլանդները, Ավստրիան, «շատ զգուշավոր են հավելյալ երկրների վիզաներից ազատելու հարցում»։
Մեկնաբանություն
Քաղաքագետ Գարիկ Քեռյանի խոսքով՝ այժմ Եվրամիությունն ու առհասարակ հավաքական Արևմուտքն ունի շատ բարդ խնդիր, այն է՝ ամրապնդվել Հարավային Կովկասում և չեզոքացնել Ռուսաստանի ազդեցությունը։
«Նրանք գնում են նմանատիպ զիջումային քայլերի, որ իրենց ազդեցության տակ պահեն հարավկովկասյան պետությունները»,– MediaHub-ի հետ զրույցում նկատել է Քեռյանը։
Հիշեցնում է՝ վերջին տարիներին Հայաստանը բավականին հաստատակամ ընտրել է արևմտյան արտաքին քաղաքական վեկտորը և սառեցնում է հարաբերությունները եվրասիական ռազմաքաղաքական կառույցների հետ։
Այս տարի ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ են նախատեսված, Վրաստանում՝ խորհրդարանական, պարզ չէ՝ ինչպես է ուկրաինական ճգնաժամից դուրս գալու ՌԴ-ն։ Քեռյանի դիտարկմամբ՝ վիզաների ազատականացման երկխոսության հետագա ճակատագիրը պայմանավորված է նաև այդ իրադարձություններով․
«Հնարավոր է, որ սկսեն, բայց մի քանի տարի չտան [որոշում չկայացնեն], կարող է շուտ տան, նույնիսկ հնարավոր է ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ տան, եթե այս տարվա քաղաքական իրադարձությունները չփոխեն իրավիճակը տարածաշրջանում»։
Քաղաքագետի խոսքով՝ ԵՄ-ն կսպասի, որ վերոնշյալ քաղաքական իրադարձություններն ավարտվեն, և իր համար պարզ դառնա՝ ինչպիսի՞ն է իր ազդեցությունը Հարավային Կովկասում։
«Վիզաների ազատականացման գործընթացն այս տարի արդյունքներ չի տա, մինչև չպարզվի քաղաքական իրավիճակը, իսկ մյուս տարի՝ կախված է, թե ինչպիսի քաղաքական իրավիճակ կլինի»,- ամփոփել է Քեռյանը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
ՀՀ-ԵՄ երկխոսություն վիզաների ազատականացման շուրջ